Մի քանի բախտախնդիրների քմահաճույքին հանձնված ԿԳՄՍ նախարարությունը վերջին ամիսներին գրոհ է սկսել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի դեմ, որը հրատարակվում էր նախարարության փոքրիկ աջակցությամբ։ Ըստ էության դրված է հստակ խնդիր՝ կասեցնել հինգ տարի շարունակ բեղմնավոր գործունեություն ծավալած ու մեծ ճանաչում ձեռք բերած հանդեսի հրատարակումը, ինչպես և թույլ չտալ Սյունյաց աշխարհի հոգևոր–մշակութային բազմադարյա հարուստ ժառանգության վերհանումն ու հանրայնացումը։
***
«Սյունյաց երկիր․ մշակութային» հանդես հիմնադրելու մտադրությունը մեզանում վերջնականապես հղացավ Արցախյան 3-րդ կամ 44-օրյա պատերազմից հետո, երբ ազգովի հուսալքության մեջ էինք, երբ Սյունիքը հայտնվել էր բազմաթիվ ու վերահաս սպառնալիքների դեմ հանդիման։
Մեզ առաջնորդում էին գաղափարը և համոզմունքը, որ ստեղծված վիճակից դուրս գալու, մեր ճանապարհը նորից հուսավառելու համար օգտակար կլիներ Սյունյաց աշխարհի հոգևոր–մշակութային արժեքներին ապավինելը՝ քաջ գիտակցելով ու տեղյակ լինելով, որ դարերի ընթացքում Սյունիքում մշակույթն ու հոգևորը զինական ուժին հավասար դեր են ունեցել։
Եվ 2021-ին կյանքի ուղեգիր ստացավ «Սյունյաց երկիր․ մշակութային» եռամսյա հանդեսը։
Հանդեսի ծնունդը ողջունեց նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մեր մշակույթի այդ օրերի ղեկավար, հայ ժողովրդի արժանավոր դուստր Նարինե Թուխիկյանը՝ պատրաստակամություն հայտնելով՝ հնարավորության սահմաններում աջակցել հանդեսի կայացմանը։
Փոխնախարարի պաշտոնում նրան հաջորդած Արա Խզմալյանը նույնպես կարևորեց հանդեսի առաքելությունը՝ քանիցս նշելով, որ այն բացառիկ գործունեություն է իրականացնում հարավային Հայաստանում։
Նախարարության հետ գործընկերության կայուն ընթացքն ու հանդեսի ստեղծագործական պատշաճ ռիթմն ապահովելու հարցում գնահատելի ներդրում ունեցավ ԿԳՄՍՆ–ի գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուքիասյանը։
Ու այդպես աշխատեցինք հինգ տարի՝ հրատարակելով հանդեսի 20 համար, որոնցից յուրաքանչյուրը, ոլորտի մասնագետների ու փորձագետների կարծիքով, սկզբնաղբյուրային կամ հանրագիտարանային նշանակություն ունի։
Դրանց pdf տարբերակին կարող եք ծանոթանալ syuniacyerkir.am կայքի «Սյունյաց երկիր․ մշակութային» բաժնում՝ https://syuniacyerkir.am/cultural։
Ճիշտ է, նախարարությունը (լավագույն դեպքում) հոգում էր հանդեսի տարեկան ծախսերի մոտ 30 տոկոսը, բայց կար ստեղծագործական համագործակցություն․․․ Իսկ նախարարության ներդրումն իրականացվում էր ԿԳՄՍՆ–ի դրամաշնորհային մրցույթներին մեր մասնակցության շնորհիվ։
***
Հերթական մրցույթի մասին նախարարությունը հայտարարություն տարածեց 2025 թ․ հունիսի 30-ին՝ ««1124․ Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11003․ Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառման 2026 թ․ դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար անցկացվող մրցույթի մասին»։
Ըստ մրցութային հայտարարության (ինչպես նախորդ տարիներին)՝ դրամաշնորհ տրվելու էր նաև մշակութային տպագիր պարբերականներին։
«Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը, որ մշակութային հանդեսի հիմնադիրն է, հայտարարված մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հայտը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով, ԿԳՄՍ նախարարություն ներկայացրեց 2025 թ․ հուլիսի 9-ին։
***
Անցավ երկու ամիս և ավելի ժամանակ․․․
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որի ընթացքում ակնհայտ դարձավ՝ «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսն անցանկալի լրատվամիջոց է ԿԳՄՍ նախարար Ժաննայի ու նրա տեղակալ Դանիելի համար․․․
2025 թ․ հոկտեմբերի 4-ին Կապանում կազմակերպվեց գրքի ցուցահանդես–վաճառք։
Տաղավարներից մեկը (մեր նախաձեռնությամբ) տրամադրվել էր «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսին՝ անցած հինգ տարում հրատարակված համարները ցուցադրելու համար։
Խմբագրությունն ակտիվ մասնակցություն ունեցավ, և կազմակերպիչներից շատերի գնահատմամբ՝ մեր տաղավարը լավագույններից էր ու հետաքրքրականներից, ինչն արտահայտվեց նաև այցելուների քանակով ու նրանց դրվատելի կարծիքով։
Մենք տաղավար հրավիրեցինք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին, ով ժամանել էր Կապան՝ մասնակցելու ցուցահանդես–վաճառքին։
Փոխնախարարը, դեռ չհասած մեր տաղավար, ասաց՝ «Պարոն Ալեքսանյան, մի զբաղվեք քաղաքականությամբ»։
– Հիմա կներկայացնեմ հանդեսի բոլոր համարները, իսկ Դուք կասեք՝ ո՞րն է քաղաքականությունն այդ ամենի մեջ։ – Պատասխանեց Սամվել Ալեքսանյանը և շարունակեց՝ «Ճիշտ է, մշակույթն ինքնին և մեծ իմաստով քաղաքականություն է, արժեհամակարգի հիմնաքար, բայց Դուք կասեք՝ ո՞րն է Ձեր ընկալած–պատկերացրած քաղաքականությունը հանդեսի համարներում»։
Խոսակցությունն այնուհետև տեղի ունեցավ մեր տաղավարում՝ խմբագրակազմի անդամների ներկայությամբ։
Փոխնախարարին համար առ համար ներկայացրինք հանդեսը՝ զուգահեռաբար քանիցս հարցնելով՝ ո՞րն է տվյալ համարում քաղաքականությունը։
– Արդյո՞ք քաղաքականություն է, երբ ներկայացնում ենք Կոմիտաս ու Արամ Խաչատրյան, երբ ներկայացնում ենք Բղենո Նորավանքի պատկերաքանդակներն ու այդտեղ ստեղծված–գրված «Էջմիածնի ավետարանը», երբ ներկայացնում ենք Մեղրու Փոքր թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու «Ահեղ դատաստան» որմնանկարի պատկերագրական առանձնահատկությունները, երբ ներկայացնում ենք Սյունիքի մանրանկարչությունը, գեղանկարչությունը, քանդակագործությունը, երաժշտությունը, թատրոնը․․․ Մի՞թե Շինուհայրի կուսանաց անապատի գրչուհի Երինեին՝ 17-րդ դարից, ներկայացնելով` քաղաքականություն ենք քարոզում, մի՞թե Համո Սահյանին, Ակսել Բակունցին, Գուսան Աշոտին, Նիկողայոս Ադոնցին, Մորուս Հասրաթյանին, Սուրբ Գրիգոր Տաթևացուն ներկայացնելով՝ քաղաքականություն ենք քարոզում․․․
– Չէ, պարոն Ալեքսանյան, արձագանքեց Դանիել Դանիելյանը, – ես չէ, որ այդպես եմ ասում, չար լեզուներն են Սյունիքից այդպես ասում։
– Պարոն Դանիելյան, համարենք՝ Սյունիքի մարմնին ժամանակավորապես պատվաստված մի օսմանցի չարախոսել է, բայց մի՞թե ԿԳՄՍ նախարարությունը և Դուք, իբրև փոխնախարար, չար լեզուների ասածով եք առաջնորդվում։ Դուք կարող եք փորձագետներ հրավիրել կամ ուսումնասիրել անձամբ՝ պարզելու՝ հրատարակված համարներում կա՞ Ձեր պատկերացրած քաղաքականությունը, թե՞․․․
– Պարոն Ալեքսանյան, հոգուդ հետ էի խաղում, բայց խորհուրդս է՝ քաղաքականությամբ մի զբաղվեք․․․
Այդ երկխոսությունից հետո դժվար չէր եզրակացնել՝ փոխնախարարը թեև նայում էր մեր աչքերին ու երբեմն–երբեմն խոսում, չէր հասկանում–ընկալում ասվածը։ Կարծեք, որևէ պատկերացում չուներ էլ մշակույթ ասվածի և հատկապես Սյունիքի հոգևոր–մշակութային արժեքների մասին։
Մի բան էր սերտել՝ «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսը քաղաքականություն է քարոզում։
Տպավորություն ստացանք նաև, որ հանրապետության մշակույթը ղեկավարող անձնավորությունը կարդալու հետ առանձնապես սեր չունի և ծանոթ չէ հայ մշակույթին․․․
Տպավորություն ստացանք նաև, որ մրցութային մեր հայտն անպայման մերժվելու է․․․
***
2025 թ․ նոյեմբերի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 20-ին նախարար Ժաննան ստորագրել է N 2476–Ա/2 հրամանը՝ «2026 թվականի «1124. Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11003․ Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառման շրջանակում դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը հաստատելու մասին»։
Հրամանին կցված էր իրավաբանական անձանց ցանկը, որում, ինչպես և սպասում էինք, ընդգրկված չէր «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը՝ «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի հիմնադիրը։
Ցանկում ընդգրկվել էր ինը կազմակերպություն՝ ընդհանուր 32.1 մլն դրամ հատկացումներով։
Ընդգրկվել էին 2025-ի ցանկի բոլոր կազմակերպությունները՝ բացի «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունից։
Ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպություններին էր 2026-ին ուղղվում «Սյունյաց աշխարհին» նախորդ տարում տրամադրված 3.7 մլն դրամը։
Ահա այդ կազմակերպությունները՝ «Եռանկյուն» մշակութային հկ, «Արթնախագիծ» կրթամշակութային հկ, «Արդի» գիտամշակութային հկ, «Մշակութային հասարակություն» հկ, «Մշակութային նախագծերի կենտրոն» հկ, «Էյ Էն Էմ» ՓԲԸ։
***
Տեղի ունեցածը կարելի էր և համարել որևէ արտառոցություն չներկայացնող երևույթ․ հայտարարվել է մրցույթ, հայտատուներից մի քանիսը հաղթող են ճանաչվել և ընդգրկվել դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցուցակում, մյուսները՝ ոչ, սակայն․․․
Նախարարությունը (մեր մի քանի դիմումներից հետո անգամ) համառորեն թաքցնում է մրցույթի մասնագիտական խորհրդի անդամների կողմից լրացված գնահատման թերթիկները՝ ինչ–որ անհոդաբաշխ և իրավական հիմքերից զուրկ պատճառաբանությամբ։
Չի էլ ներկայացվում գնահատման թերթիկի նմուշը, չի էլ ասվում՝ նախարարի ո՞ր հրամանով և ե՞րբ է հաստատվել գնահատման թերթիկի նմուշը։
Նախարարությունը համառորեն թաքցնում է նաև հաղթող ճանաչված կազմակերպությունների մրցութային փաթեթը և հատկապես հաղթող ճանաչված կազմակերպությունների հայեցակարգն ու տեսլականը (առանց ֆինանսական նախահաշվի, որը կարող էր և բանկային գաղտնիք համարվել)։
Անշուշտ, նրանց հայեցակարգերին ծանոթանալուց հետո միայն հնարավոր կլինի պարզել՝ ինչո՞ւ բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքի մշակութային հանդեսը, որ նախադեպը չունի, դուրս է մղվել, իսկ գումարները տրամադրվել են մայրաքաղաքային հկ–ներին, որոնց հիմնադիրները, ինչպես նաև առաքելությունը ներկայացված չեն մասնագիտական խորհրդի արձանագրություններում։
Միևնույն ժամանակ՝ լրագրողական մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ մրցույթի արդյունքները (հակառակ կարգի) ամփոփել են երկուսով՝ նախարարն ու տեղակալը, որից հետո հանձնարարվել է՝ համապատասխան հիմքեր մոգոնել՝ մասնագիտական խորհրդի անդամների ստորագրությամբ։
Ի դեպ, մրցույթի կարգով սահմանված չէ հայտերի գնահատման սկզբունքը, պարզաբանված չէ՝ մասնագիտական խորհրդի անդամն ամեն մի հայտին քանի՞ միավորով գնահատելու իրավունք ունի, արդյո՞ք հայտերը գնահատելը մասնագիտական խորհրդի անդամի հայեցողական իրավունքն է, թե՞ ստույգ սահմանումներ կամ սկզբունքներ գոյություն ունեն․․․
Մասնագիտական խորհրդի 2025 թ․ հոկտեմբերի 13-ի նիստը, որտեղ իբր ամփոփվել են մրցույթի արդյունքները, չի արձանագրվել այնպես, որ հասկանալի լինեն ու պատճառաբանված՝ ո՞ր կազմակերպությունը որքան միավոր է ստացել, իսկ մերժում ստացած կազմակերպություններն ինչո՞ւ են մերժվել։
Մասնագիտական խորհրդի վերոնշյալ նիստի արձանագրության մեջ չափազանց տարօրինակ մի պարբերություն նկատեցինք՝ «Նիստի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, քննարկում․ մասնագիտական խորհրդի նախագահ Դանիել Դանիելյանը խոսեց ծրագրի կարևորության, լուծելիք խնդիրների, առաջնահերթությունների մասին՝ պետական քաղաքականության տեսանկյունից»։
Ի՞նչ է ստացվում․ մրցույթի արդյունքներն ամփոփվել են (եթե, իհարկե, ամփոփվել են կոլեգիալ կարգով) ոչ թե մրցութային կարգի համաձայն, ոչ թե մասնագիտական խորհրդի անդամների գնահատումներով, այլ «պետական քաղաքականության տեսանկյունից»։
Իսկ թե որքանո՞վ է Դանիել Դանիելյանն ընկալում պետական քաղաքականությունը կամ արդյո՞ք ընկալում է և արդյո՞ք գոյություն ունի պետականորեն սահմանված ու հաստատված ռազմավարություն՝ մշակութային քաղաքականության ոլորտում, պարզաբանված չէ։ Եթե նույնիսկ գոյություն ունի նման ռազմավարություն, ապա որքանո՞վ է «Սյունյաց աշխարհի» հայեցակարգն անհամապատասխանում այդ ռազմավարությանը։
Այսինքն՝ մրցույթի արդյունքներն ամփոփվել են նախարար Ժաննայի ու նրա տեղակալ Դանիելի պատկերացումներով, որոնց համար (դատելով մի քանի փաստերով) պետական քաղաքականություն ասվածն անձնական քմահաճույքներն են, անձնական կապերը, անձնական շահը, բայց ոչ մշակույթը։
Սույն հրապարակումից առաջ կարևոր համարեցինք իմանալ մասնագիտական խորհրդի անդամների դիրքորոշումը ներկայացված հայտերի, ինչպես և մրցույթի իրական արդյունքները գողանալու հանգամանքի վերաբերյալ, բայց․․․ Դա էլ մեզ չզարմացրեց, քանզի խորհրդի անդամները Ժաննայի ենթականերն են՝
1. Դանիել Դանիելյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ,
2. Սվետլանա Սահակյան, ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, խորհրդի անդամ,
3. Տաթևիկ Սուքիասյան, ԿԳՄՍ նախարարության արվեստի և գրահրատարակչության ոլորտի ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ, խորհրդի անդամ,
4. Արմեն Սարգսյան, ԿԳՄՍ նախարարության արվեստի և գրահրատարակչության ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ, խորհրդի անդամ,
5. Լալա Բադոյան, ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ, խորհրդի անդամ,
6. Մարինե Թեմիրյան, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ–ի գրականության հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ, խորհրդի քարտուղար։
Իհարկե, կփորձենք նրանցից յուրաքանչյուրի հետ առերեսվել դատարանում՝ սույն գործով մեր դատական հայցի քննության ընթացքում։
Բայց քանի դեռ դատական քննությունը չի մեկնարկել, շարունակում ենք մնալ կարծիքին, որ մրցույթի արդյունքները կեղծվել են Ժաննայի ու Դանիելի կողմից։
Շարունակում ենք մնալ կարծիքին, որ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է կասեցնել սյունիքյան հանրահայտ լրատվամիջոցի գործունեությունը։
Շարունակում ենք մնալ կարծիքին, որ Ժաննան ու Դանիելը վտանգավոր են համարում Սյունիքի հոգևոր–մշակութային արժեքների վերհանումն ու հանրայնացումը։
Եվ, այդքանով հանդերձ, կուզենայինք հիշեցնել նախարարին ու նրա տեղակալին՝ դուք՝ ոգու խեղճության սերմնացաններ չնչին, չեք կարող կասեցնել «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի գործունեությունը։ Նախ՝ դուք (միասին վերցրած) այդքան գրագիտություն և հեղինակություն չունեք։ Եվ երկրորդ, դարեր շարունակ՝ սելջուկների օրերից սկսած, բազմաթիվ օտարականներ փորձել են ոչնչացնել Սյունիքի հոգևոր–մշակութային արժեքները, բայց չեն հաջողել։ Դուք նույնպես չեք հաջողի։ Հանդեսը կշարունակի ապրել, իսկ դուք շուտով օտարված կլինեք հայոց մշակութային կյանքը տնօրինելու խիստ ժամանակավոր կարգավիճակից։