Օգոստոսի 7-ին՝ անասնապահի օրը, Իշխանասարի փեշին հյուրընկալվել էինք ֆերմեր Արման Ադամյանին

09.08.2016 17:02
2327

(Մի՞թե հանրապետության գյուղնախարարությունը՝ իր անասնաբուժական ծառայությունով, անզոր է պայքարելու դաբաղ եւ ծաղիկ հիվանդությունների դեմ)


Առավոտ-առավոտ գնում ենք Պինջարուտ: Այն մեծ Իշխանասարի ստորոտում է: Ճանապարհը, որ խորդուբորդ է, երկու կողմից պատսպարվել է մարդաբոյ կանաչի մեջ: Իսկ լորերը մեկը մյուսին հերթ չտալով` ասես մեզ «ուղեկցում» են Պինջարուտ: Ահա եւ այն: Իսկապես որ Պինջարուտ: Լիքը-լիքը եղինջ կա այստեղ` արդեն ծաղկած ու մարդաբոյ: Եղինջի բուրմունքը խառնվելով կանաչ խոտի բույրին` առավոտ-առավոտ խուտուտ է տալիս մեր քիմքը: Սարվորների համար սա արդեն սովորական է դարձել: Արման Ադամյանն ասում է` սա իմ պապենական յայլաղն է: Անասունների խմելու ջրի հարցը լուծելու համար 2.5 կմ խողովակ է շարել:

Արմանը երիտասարդ ֆերմեր է: Ամուսնացած է: Ունի երկու տղա եւ երկու աղջիկ: Սկզբից զբաղվել է ոչխարաբուծությամբ: 3000 գլուխ ոչխար է ունեցել: Բուրդը խուզում էր, բայց...

- Բուրդ ուզող էլ չկար, նույնիսկ անվճար: Չորս տոննա բուրդ թափել եմ սիլոսի հորերը, - ցավով ասում է Արմանը: Բացի դրանից, ոչխար պահելն էլ իր դժվարությունն ունի: Որտեղ ոչխար, այնտեղ գայլն անպակաս է: Սա աքսիոմա է: Գելխեղդ շուն-մուն սուտ է: Շները միայն զգուշացնում են գայլերի հայտնվելու մասին, դու պիտի դրանց հախից գաս: Գայլերը շներից չեն վախենում, շների հաչոցից ուղղակի դրանց զահլան գնում է: Մի անգամ գայլերը «ցունամի» արեցին եւ հոտիս հերն անիծեցին: Խոշոր եղջերավոր անասուն պահելն էլ իր դժվարությունն ունի: Ամռանը մեր` Գորիսի սարերում եմ պահում անասունները, աշնանն էլ քշում եմ Արցախ: Աշուն էր, եւ մենք Արցախում էինք: Խոտ չկար, որ անասուններն ուտեն: Ստիպված մոշենու տերեւներն էին ուտում: Մեկ էլ հայտնվեցին ոստիկանները: Այ քեզ զարմանք. մի՞թե մոշենու տերեւների համար միլիցիա է գալիս վրադ:

- Յայլաղային շրջանում երեւի հե՞շտ է անասուն պահելը, - հարցնում եմ Արմանին:

- Հեշտ է, եթե հիվանդություն չլինի: Հիմա երկու անուն հիվանդություն՝ մեկը մյուսին չզիջելով, վրա են տվել անասուններին: Մեկը ծաղիկ է կոչվում, մյուսը` դաբաղ: Հա, բան չունեմ ասելու, դաբաղ հիվանդության դեմ պետպատվերով պատվաստում է կատարվել: Բայց դա էլ չի օգնում: Դաբաղն անասունի մեջքը կոտրում է: Անասնաբույժին հարցնում եմ` էլ պատվաստման արդյունքը ո՞րն է, որ դաբաղը պիտի չոքացնի անասունին, համ էլ՝ մեզ: Գիտե՞ս ինչ, ասում է անասնաբույժը, ինը տեսակի դաբաղ կա, ամեն մի դաբաղն էլ քսանմեկ ենթատեսակ ունի: Խեղճ անասուն, խեղճ անասնապահ… Արի ու դրանցից գլուխ հանի: Դաբաղը քիչ է, ծաղիկ հիվանդությունն էլ ավելացել է: Ծաղիկ հիվանդության դեմ վակցինա կա, բայց տուփի վրա գրված է, որ այն այծերի եւ ոչխարների համար է նախատեսված, իսկ մենք սրսկում ենք կովերին: Դրա համար էլ արդյունք չենք ստանում: Անասնաբույժը զանգել է թե` մի բշտիկ բեր ծաղիկով հիվանդացած անասունից, ուսումնասիրենք: Այ տնաշեններ, մինչեւ հիմա ի՞նչ գործի եք, որ նոր եք բշտիկ ուզում: Մինչեւ ուսումնասիրեք, մենք էլ, անասունն էլ կվերջանանք… Դեռ բախտներս բերել է, որ հիմա է անասունը ծաղիկ հիվանդությամբ տառապում, որովհետեւ հիմա խոտը փափուկ է, չոր չէ, խեղճ անասունը գոնե կարողանում է մի քիչ որոճալ:

Մինչ Արմանը խոսում է, մի փոքրիկ, գեղեցիկ հորթուկ գետնին ընկած մաքառում է իրեն պատուհասած հիվանդությունների դեմ: Հորթուկին ե՛ւ դաբաղն է խեղճացրել, ե՛ւ ծաղիկ հիվանդությունը: Իսկ հորթուկն ընդամենը 1.5 ամսական է: Թե ինչքան կձգի, հայտնի չէ:

Անասնապահական մթերքների իրացման հարցով եմ հետաքրքրվում:

- Բոլորիս ցավոտ տեղին կպար, - ասում է Արմանը, - ի՞նչ մթերում: Թե եղունգ ունես, գլուխդ քորի: Մասիսում մթերման գրասենյակ են բացել: Գորիսից անասունները հասցնում ենք Մասիս: Մթերողներից մեկը տեսար ասում է` անասունի լյարդը հիվանդ է, կամ ասում է` երիկամը վնասված է: Բա որ այդ անասունը հիվանդ է, ինչպե՞ս է գիրացել, քաշ հավաքել: Այնպիսի բաներ են մոգոնում եւ 50 կիլոգրամանոց անասունդ դարձնում են մի հնդկահավի քաշ: Կամ ասում են՝ անասունդ թոքերի կպում ունի: Դե եկ վարդապետ ու մի խելագարվիր: Յամեր ունե՞մ, որ անասունին յամերով անցկացնեմ, որ իմանամ, թե ինչ կպում ունի: Ամեն հնարքի այդ անաստվածները դիմում են, որ անասունիդ քաշը, մսի որակն իջեցնեն, որ դու չնչին կոպեկներով տուն վերադառնաս: Իսկ այդպես նրանք ոչ միայն անասունի վիզն են կտրում, այլեւ՝ անասուն պահողի…

- Թեւ ու թիկունք չունե՞ք` հանձինս պետության, - հարցնում եմ Արմանին:

- Պետության արածը չի երեւում, տեսանելի չէ` կոնկրետ գործերով: Խոտ գյուղի մոտ անասնաշուկա են բացել: Թող մեկն ասի` մի ոչխար կամ մի կով է վաճառել այդտեղ: Ո՞րն է այդ կառույցի իմաստը, չեմ հասկանում:

Եվ առավոտ-առավոտ իր մոտ կուտակված մտահոգություններն արտահայտում է Արմանը: Դա միայն իր դժգոհությունը չէ, բոլոր անասնապահների ցավն է: Այդ պահին Արմանը դարձել էր բոլոր անասնապահների հավաքական կերպարը:

- Մարդն աշխատում է, բարիք ստեղծում, բայց իր ստեղծածի ձեռքին կրակն է ընկնում: Մթերող չկա: Այս ու այն կողմից եկողներն էլ կշեռքից են խուսափում…

Եվ թաշկինակը հանելով` սրբում է ճակատը: Այսինքն՝ տաք է: Հենց այդ պահին Ռեդիկ Հայրապետյանը, ով հիմա ժուռնալիստիկայով է զբաղվում եւ մեր թիմի անդամն է, թե` մրսում եմ, մի շոր տվեք հագնեմ: Արմանը ժպտում է ու դառնալով Ռեդիկին ասում` «Տկլորը գնաց սար, սարի անունը խայտառակ արեց»: Բոլորս լարվածությունից թոթափված` ծիծաղում ենք: Ռեդիկն էլ թե` ես չեմ մրսում, թոքերս են մրսում: Էլի ծիծաղում ենք: Չգիտենք՝ կատակո՞ւմ է, թե՞... Բայց եւ այնպես, Ռեդիկին տաք շոր տվին: Հագավ ու թե` էս տղամարդուն մի կինը քիչ է, երկուսն է պետք: Արմանը չի պատասխանում, ոչ դժգոհում է, ոչ էլ... Մինչ մենք կհասկանայինք Արմանի մոտեցումն այդ հարցում, կինը` Էմման, վրա է տալիս` մի կինը բավական է, երկրորդին ես չեմ հանդուրժի:

- Դու առաջին կնոջ տիտղոսը կունենաս, - ասում եմ նրան:

- Տիտղոս-միտղոս ինձ պետք չէ: Դեմ եմ ու վերջ:

Եվ որպես մոր պաշտպան ու մոր հետ համաձայնության նշան` երեխաները գալիս են ու շուլալվում նրան: Էմման Գորիսի Շալունց ազգի աղջիկ է, Արմանն էլ Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից: Մեկ-մեկու հանդիպել են սարերում: Հիշում եմ հանրահայտ երգի տողերը` ես չգիտեմ թե ինչպես, դու չգիտես թե ինչու, հանդիպեցինք մեկմեկու... Եվ նրանց սերը ծնվեց սարում: Յասամանի ծառի տակ չեն նստել կամ ժամադրվել: Այլ` երփներանգ ծաղիկների ծով սարում, եւ զեփյուռն է եղել նրանց սիրո վկան ու չասված խոսքերի թարգմանը: Գոհ է Էմման, որ Արմանի նման աշխատասեր ամուսին ունի, ամուսին, ով ընտանիքի հարգը լավ գիտի, ով կնոջ համար երկնքից աստղեր էլ ցած կբերի: Ու ես կարծես թե հասկանում եմ Էմմայի պոռթկման իմաստը` 2-րդ կնոջ հարցում. նա իր բաժին աստղերից ուրիշին բաժին չի ուզում հանել:

- Հիասթափվում եմ երբեմն, - ասում է Արմանը, - իմ ընտրած ճանապարհը դժվար է, ամեն քայլափոխի դժվարություններ, նահանջներ, տհաճ անակնկալներ…

Տղաները գալիս ու կանգնում են կողքին, ասես ասելով` մի վհատվիր հանուն մեզ: Արմանը շոյում է զավակների գլուխը, ասես ուզում է ասել, որ հանուն նրանց` ամեն ինչի կդիմակայի:

- Բռնածս ճանապարհը քարքարոտ է, - շարունակում է նա, - եւ չգիտես այդ ճանապարհը քեզ ուր է հասցնելու: Մշուշոտ է ամեն ինչ: Բայց եւ չես հանդուրժում, որ վատ մտքերդ պաշարեն քեզ, սթափվում ես եւ ինքդ քեզ հույս տալիս` ամեն ինչ լավ է լինելու: Կարեւորն այն է, որ երեխադ սոված չէ, երեխադ ուրիշից կոնֆետ չի խնդրում, ես ուրիշից ծխախոտ չեմ խնդրում, կինս ուրիշից հաց չի խնդրում պարտքով կամ մի աման ալյուր կամ մի պտղունց աղ: Փառք աստծո: Ընտրածս ճանապարհն անգործությունից լավն է, պատերի տակ նստելուց ու բողոքելուց ոչինչ չի ստացվի: Համեստ մարդ եմ, եղածով բավարարվող: Էլիտար շենքերում ապրել չեմ ուզում, դուբայներում չեմ ուզում ապրել կամ հանգիստս անցկացնել, երեխաներս կարուսել չեն ուզում, Ֆելոյի բարը չեն ուզում, նրանք սարի շնկշնկան հովն են ուզում, գառների մայունով, հորթերի բառաչով բացվող լուսաբացն են ուզում: Միայն ուզում եմ, որ պետությունը մեզ թիկունք կանգնի, նորմալ մթերվի մեր արտադրանքը` իրական գներով: Թե չէ մի շիշ ջերմուկն արժե 220 դրամ, 1 կգ կաթը գործարանները վերցնում են 110 դրամով: Թե լուսին էլ թռչես, լուսնի վրա էլ տուն կառուցես, մեկ է, մարդու իրական տեղը երկիր մոլորակում է, այս երկրագնդում: Եվ թող հանուն մարդկային գոյի` պատկան մարմինները, իշխանության վերին էշելոններում նստած պաշտոնյաները կաբինետային որոշումներ չկայացնեն: Կանգնեն մեր կողքին ու լսեն մեր խոսքը, որ գյուղատնտեսությունը զարգանա:

Արման Ադամյանը միայն իր ու ընտանիքի մասին չէ, որ մտածում է: Նա տեղային մտածողության տեր մարդ չէ: Նա մտածում է հող հայրենին շենացնելու մասին, որովհետեւ աշխարհի հիմքը ցորեն հացն է եւ ցորեն հացին չեն կարող փոխարինել արհեստական ճանապարհով ստացված միսը, հացը, մյուս մթերքները: Բնական միջավայրն այն հենքն է, որ հնարավորություն է տալիս արտադրելու էկոլոգիապես մաքուր սնունդ: Իսկ դրա համար պետք է ընդամենը լուծել գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրը: Իսկ դա նշանակում է նաեւ, որ հայոց ազգն առողջ սնունդ կունենա, հայոց բանակն առողջ տղաներով կհամալրվի: Թե չէ, այլ երկրներից բերված գոմեշի միսը...

Արմանի հայացքը թափառում է ինչ-որ տեղ: Ինչ-որ բան է նա փնտրում: Գտավ: Իր հորթերն են, ու դառնալով մեզ ասում է` կխտարի ձագեր են, կխտարի…

Հպարտություն զգացի նրա ձայնի մեջ: Գորովանք` իր կխտարի ձագերի հանդեպ: Գորովանք ու հպարտություն: Այսինքն, արարման իմաստ, արարման արդյունք: Այդպիսին է հարժիսցի Արման Ադամյանը, մարդ, ով մտածում է մարդկային գոյի մասին եւ ուզում է, որ մարդկային գոյն առողջ արմատներ ունենա....

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25