Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետը՝ Խաղաղության համաժողովում

12.11.2019 20:31
733

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը: «Սա մի շատ արտասովոր ճանապարհ է։ Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էլանգերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ այն կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու անվտանգության ժամանակակից մարտահրավերները և մշակելու համատեղ բանաձևեր` այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

«Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են։ Ինչո՞ւ կիսափակ, որովհետև հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, և ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է և լարված հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի բացասական ազդեցություն են ունենում։

Բայց իհարկե մեզ համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Եվ, անկեղծ ասած, դառնալով Հայաստանի վարչապետ և ընդգրկվելով միջազգային հարաբերություններում՝ ես անակնալի եկա, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։

Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա. ով շահագրգռված է ԼՂ հարցով, պետք է իմանա, թե ինչո՞ւ է այս կոնֆլիկտն առաջացել։ Առաջին հերթին, պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել  նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին։ Երբ 1986-ին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային միության ղեկավար, նա սկսեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց և հայտարարեց ժողովրդավարություն, պերեստրոյկա։ Ղարաբաղի բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որ եղել և մնում են հայեր, և նրանք ունեին ինքնավար մարզի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանում, որոշեցին օգտագործել այս հնարավորությունը և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից։

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ճնշել այս շարժումը օգտագործելով ուժային լծակներ՝ ոստիկանություն և այլ։ Այս կոնֆլիկտի ամենասկզբնական փուլն այսպես է ձևավորվել։ Այնուհետև, երբ սկսվել է ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը, ինչպես շատ այլ խորհրդային պետություններ, որոշեց դառնալ անկախ պետություն։ Իսկ ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ եթե որևէ անդամ հանրապետություն որոշում է անկախանալ, ապա նրա կազմում գտնվող ինքնավար մարզն ինքն է որոշում իր ապագան։

Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը ևս սկսեց անկախացման գործընթաց։ Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով և ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց։ Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, և արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85 %-ը, սկսեցին ինքնապաշտպանություն։ Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել։ Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ։

1995 թ-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Դրանից հետո, և նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձևաչափ։ Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։

Բանակցային գործընթացը սկսել է նույնիսկ 1992-ից։ Շատ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր բանակցային գործընթացում՝ որպես կողմ։ Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների, նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի  և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։ Դժբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը դեռ լուծված չէ։

Մի քանի պատճառ կա դրա համար։ Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Արդյունքում (ոչ միայն այս գործոնի բերումով, բայց նաև դրա)` այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ։ Մերժում է անգամ բանակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, ուր ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները։ Մինչդեռ համաձայն այս ձևաչափի՝ կան բանակցային երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ։ Տարօրինակ չէ՞։ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի:

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում: Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Որևէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժիշտի, ութ տարեկան երեխայի և ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում:

Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում մեքենայում:

Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, և դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում:

Հաջորդը ի՞նչ է լինելու։

Ակնհայտ է, որ պետք է իրական ջանքեր գործադրել խնդիրը լուծելու համար։ Մենք ունենք, այսպես ասած, հավասար հնարավորություններ Ադրբեջանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ խնդիրը լուծելու համար։

Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի։ Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։

Իմ պատասխանը շատ պարզ է. որովետև ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը։ Ես այդ հայտարարությունն արեցի՝ հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից։ Եթե համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիևի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում։ Ես ուզում եմ այս շատ կարևոր հարթակից, շատ կարևոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար։ Իհարկե սա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նշանակում է նաև տարածաշրջանի ապագայի, ինչը նշանակում է մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է քննարկմանը մասնակից, Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգերի` Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևերի, Արցախին Ադրբեջանի կազմում բարձրագույն ինքնավարություն տրամադրելու, հայկական ազգանուններով քաղաքացիների` Ադրբեջան մուտք գործելու մասին հարցին:

«Նախևառաջ Վարդենիսի մասով. եկեք հիշենք ժամանակները, երբ հայերն ապրում էին Ադրբեջանում, և երբ ադրբեջանցիներն ապրում էին Հայաստանում։ Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակները։ Ադրբեջանի հայերն սպանվեցին Սումգայիթում, հետո սպանդը շարունակվեց Բաքվում, դա տարածվեց նաև Ղարաբաղում և այլն։ Հայ չմնաց Ադրբեջանում, նրանք հաճախ առանց հագուստ վերցնելու էին փախուստի դիմում։

Իսկ Հայաստանի ադրբեջանցիների հետ ի՞նչ եղավ։ Հայկական կառավարության որոշմամբ՝ հատուկ ավտոբուսներ տրամադրվեցին նրանց, ոստիկանությունն էր ուղեկցում, և որևէ ադրբեջանցի չվիրավորվեց այս ողջ գործընթացքում։ Այս նկարագրությունները շատ ցայտուն վկայությունն են կոնֆլիկտի ողջ պատկերի։  

Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում։ Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է։ Դա տարօրինակ չէ՞։

Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, և մեկ տարի է՝  սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից։  Անձնապես խնդրել եմ պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում։ Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են։ Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»,- ասել է վարչապետը:   

armenpress.am

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19