Ոսկեղենիկ զրույց մեր պատմության, Հին Խնձորեսկի, մշակութային գերկենտրոնացած Երեւանի, աղաղակող թռչունների մասին

25.07.2017 08:44
2398

Ծննդով խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի մասին առաջին անգամ եմ գրում եւ զարմանում եմ, որ լրագրական գործունեության ընթացքում առիթ չեմ ունեցել նրան հանդիպելու: Ինչպես ասում են՝ ճրագը տակը լույս չի տալիս: Նաեւ ասում են՝ լավ է ուշ, քան՝ երբեք:

Մյուս կողմից էլ՝ նրան արդեն այնքան լավ գիտեն հանրապետությունում, այնքան շատ են գրել խնձորեսկցի Ժորայի եւ նրա նախագծով ու նախաձեռնությամբ կառուցված, 160 մետր երկարություն, 63 մետր բարձրություն ունեցող եւ 20 տոննա կշռող կամրջի մասին, որ, թվում է, նոր բան ասելն այնքան էլ հեշտ չէ:

Շատերն են տեղյակ նաեւ Մխիթար Սպարապետի գերեզման տանող 160 մետր երկարությամբ ձգվող նոր ճանապահի եւ 120 մետր անդունդաբաժան ցանկապատի մասին եւ, խոստովանենք, եթե ոչ վաղ անցյալում մագլցելով, դժվարություններ հաղթահարելով էինք այցելում Սպարապետի գերեզման, հիմա արդեն՝ հեշտ ու անվտանգ է դարձել այն:

Բարեբախտաբար, կյանքը հոսում է, եւ ամեն ակնթարթն է նորություն, չասեմ՝ մարտահրավեր, բայց այդպիսի մի բան՝ մշակութային մարտահրավեր:

Ինչպե՞ս եմ ճանաչել Ժորա Ալեքսանյանին. նախ՝ որպես մանկության թաղամասի ու շենքի փեսա, այստեղից էլ՝ վախենամ, որ նրա մասին զրույցս ընդունված լրագրական չափանիշներից դուրս ստացվի, ինչից Ժորա Ալեքսանյանը չի նեղվի, նա շատ բան է տեսել իր կյանքում, շատերի հետ  շփվել, լավն ու վատը չափել եւ էլի պատրաստ է ամենքից ու ամեն տեսակի վերուվարների: Միայն թե արդյունքում՝ վարուվերներ լինեն…

Նա կռիվ է տվել քար ու հողի հետ՝ ծննդավայրի մեռած տների, իրեն կանչող հարազատ թաղի կենդանության համար, իսկ դա տեսակի մեջ ցավի ու հույսի սեպագրություն է, եւ միայն առաջին հայացքից է շինարարարություն կոչվում:

Ժորա Ալեքսանյանը մեծ ցատկ է կատարել բիզնեսի ոլորտից՝ հոգեւոր-մշակութային աշխարհ, ինչն ինձ համար էլ անսպասելի էր, եւ միայն տեսնելով, մանավանդ, մեղքս չթաքցնեմ, առաջին անգամ տեսնելով՝ կարելի է պատկերացնել:

Դառնամ սկզբին. Ժորան մեր թաղի ու շենքի փեսա է, ում ի վերուստ հենց այդպես էլ ճանաչում էի: Կարեւոր բաղադրիչ, քանի որ մանկության պատկերացումներն ամենահստակն ու ճշգրիտն են: Ահա, շենքիս այս պատվավոր, հին ու բարի հարեւաններն իրենց դստերը վստահել են նրան: Մանկության հիշողության մեջ շենքիդ առաջին հարսանիքը, սպիտակ քողերի մեջ հազիվ երեւացող հարս ու փեսայի ուրվագիծն անջնջելի եւ պարզորոշ մնում է իբրեւ թանկ պահուստ:

Հետո արդեն Ժորային տեսնում-լսում էի տարբեր գործերում՝ մինչեւ շրջանի հաց ու հացահատկի արտադրության ոլորտի գործարար:

Այսքանը: Վերջին տարիներին էլ լսելով ու կարդալով՝ Ժորան հարություն է տվել Հին Խնձորեսկին, նրա քարանձավ-բուրգերին, Հին Խնձորեսկի երկու ափը միացնող՝ տեսակի մեջ բացառիկ կամուրջ է կառուցել: Ժորան Մխիթար Սպարապետի գերեզման տանող ճանապարհն է վերջերս կառուցել, եւ այստեղ ամենեւին կարեւոր չէ՝ գտնվե՞լ է բարեսիրտ հովանավոր, թե՞ ոչ: Նա չի ահազանգել, չի փնտրել, եկել ու փարիզեցի պապիկն ու մոսկվայաբնակ ախալքալաքցի Էդգար Արամյանը նրան գտել են: Կարեւորը՝ շնորհակալությամբ է նրանց հիշում, նույնիսկ անուններն է ցուցանակել եւ փակցրել թանգարան-քարանձավի տարածքում:

Ժորան շնորհակալ լինող մարդ է, նա իր ու իր պապի համար չի կառուցել այս կամուրջն ու ճանապարհը, մաքրել ու պայծառացրել Մխիթար Սպարապետի պանթեոնի մերձակայքի ավերված եկեղեցու ու դպրոցի, քարանձավ-տների ներսն ու շրջակայքը, կենցաղ ու մշակույթ, ճարտարապետություն վեր հանել:

Հիմա էլ իր ստեղծածով հասել է նրան, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այստեղ այցելելով՝ ցնցվել, միանգամից սահմանել է Սպարապետի հիշատակի ոգեկոչման ամենամյա օգոստոսյան փառատոն, որն ավելի կնպաստի ամրագրելու մեր երկրամասի այս փոքրիկ լեռնային զանգվածի փառքն ու պատմական նշանակությունը:

Ժորան իրոք ազգային նշանակության գործ է արել. ահա առաջին տպավորությունս, որով էլ սկսվեց մեր զրույցը՝ նրան մեր թաղի պատվավոր փեսայի կոչում շնորհելու լրջախառն հումորով:
Անկեղծ լինելու համար ասեմ, որ այսպես խորությամբ չեմ մտաբերել ու մտածել Ժորայի ու նրա կատարածի շուրջ: Գուցե մասնագիտական այլ բնագավառն էր պատճառը, որն ամենակուլ է եւ պահանջում է կատարյալ զոհաբերում: Բայց ահա, կյանքը բերում, նորից առերես է անում քո բնաշխարհի ու նրա արարող մարդկանց հետ, ինչից իրականում չես էլ հեռացել, հուշում, որ միայն զենքով ու զինվորով չենք ապրում, որ մեր ուժի երաշխիքը միայն մետաղից, խստականոն հրամանատարից եւ կռվող մարտիկից չէ ձուլված՝ պարտադիր սահմաններ հսկող:

Սահման ասվածն էլ հարաբերական է. եթե սահմանից այսդին ապրող հայը, թեկուզ հենց Ժորան, Հին Խնձորեսկի քահանայի տան փայտե դուռն ու պեղված իրերն ու կարպետը շալակած չբերի, չհասցնի իր քարանձավ-թանգարանի մուտքը՝ մարդկանց ի տես, աշխարհին ի տես եւ չասի՝ սա էլ մենք ու մեր դարերը, սահմանն էլ կկորցնի իր իմաստը, կդառնա ծիծաղելի եւ վասն ոչնչի գիծ:

Մեր պահած սահմանը, ողջ բանակի պահած սահմանը սնվում եւ կարեւորվում է, ավելին՝ ամրապնդվում է թիկունքի զորությամբ, գոյությամբ եւ ոչ բացակա ներկայությամբ:

Գիտենք այս ամենը, չի խանգարում նորից իմանալը: Թե չէ՝ հպանցիկ, խառնակ ժամանակի մեջ հոսելով մտածում ես՝ մարդ է, կառուցել է, լավ է արել, ապրի ինքը եւ անցնում առաջ՝ քո գործին: Գուցե նաեւ հետին պլանով մտածես՝ գործարար աշխարհի մարդ է, գործարար շահեր կհետապնդի… Փույթ չէ, թող հետապնդի՝ ազգանպաստ կառուցելով:

Իսկ Ժորան հաստատ բացակա ներկայություն չէ, օրական հարյուր անգամ բարձրանում-իջնում է գլխիվայր ճանապահներով, քանի որ բոլոր այստեղ այցելողներին էլ ասելիք ունի, բոլորն էլ հարազատ, ծանոթ մարդիկ են, նորեկներին էլ մեր պատմությանը ծանոթացնել է պետք՝ թեկուզ երկու բառով, որպեսզի ողջ կյանքում չմոռանա, որ Լեռնահայաստանի հայը՝ բնիկ եւ մի քանի հազար տարեկան է, մշակույթատեր է…

Այս ամենը Ժորան գիտի եւ ուզում է ամեն անցնող-դարձողի պատմել: Ավելին, գիտի մեր տարածքում Դավիթ-Բեկին օգնության հասած Սպարապետի ու նրա մղած կռիվների մասին, Հին Խնձորեսկում Սպարապետի զորակայան դարձած բերդի ամեն քարի, գյուղ եկած Աբրահամ Կրետացի կաթողիկոսի՝ ծննդավայրի մասին գրառումների, հին խնձորեսկցու պատմամշակութային արժեքներ- վերջին բահի եւ օրորոցի, հացի սեղանի, նրա կոտրված ոտքի տեղն էլ գիտե:

Նա նույնիսկ գիտի, թե ինչպես են երկու հսկա՝ Մխիթար եւ Դավիթ Բեկ զորապետները մի օր վիճել ու կռվել ազգի խնդրահարույց հարցի շուրջ: Շատ բան գիտե Ժորան, եւ զարմանալի էլ չէ՝ կառուցելով կամուրջը՝ նա արդեն իսկ նպատակ ուներ գյուղի անցյալն ու պատմությունը ներկայացնել, որն էլ դարերի կարեւոր խաչմերուկում առնչվում էր տարածքում Սպարապետի ու նրա շուրջը ծավալված պատմական դեպքերին, ինչուներին եւ ինչպեսներին:

Այսպես ասենք, Ժորան քաշել է առասպելական Արիադնայի թելը, եւ այնտեղից դուրս է եկել մի ողջ հին ու հերոսական աշխարհ, եւ ահա այդ աշխարհն իր պատմաբան ընկերների պատմածով եւ օգնությամբ ուսումնասիրել եւ ուզում է ներկայացնել միջազգային հանրությանը:

Չմոռանանք, Ժորան նաեւ գործարար է, այն էլ՝ երդվյալ գործարար, նա չի կարող հոգ տանելով պատմության մասին, մոռանալ նրա մյուս կողմը՝ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումը, տարեկան շուրջ 150 հազար զբոսաշրջիկի սնվելու, հանգստանալու, քնելու հարցերը:

Եվ Ժորան պարզ հաշվարկ է կատարում՝ տարեկան մեզ այցելող այդքան զբոսաշրջիկից 100-120 հազար հոգին գնում եւ մնում են Գորիսի հյուրատներում: Խնձորեսկ զբոսավայրն ու հանգստի գոտին, փաստորեն, պատճառ են դառնում, որպեսզի Գորիս քաղաք մուտք գործի տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ:

Այսինքն՝ կարելի է ասել, Խնձորեսկ հնավայր-զբոսավայրը ոչ միայն իր պատմական նշանակությամբ է հսկայական, նաեւ՝ իր բերած եկամուտով:

Պարզից էլ պարզ է՝ Ժորան մնացել է իր իսկ ստեղծած ազգային մեծության արժեքի բեռան հետ մեն-մենակ եւ նրա տակ՝ ճկած: Իրոք, մի՞թե մի ողջ լեռնային գոտու հնավայրն ու պատմությունը պահպանելը, դրանից բխող զբոսաշրջության հոգսերը մեկ մարդու գործ են. ահա հարցերի հարցը:
Լսենք Ժորա Ալեքսանյանին.

- Կամուրջի շինարարությունն իրականացվել է տեղացի մասնագետների ուժերով: Շնորհակալ եմ բոլորից:

Այն ավարտուն տեսքի բերելու համար ներդրվել է 13 միլիոն դրամ: Շինարարության համար օգտագործվել է 15 տ մետաղյա կառուցվածքներ, 2200 մ տարբեր տրամաչափի պողպատե ճոպաններ:

Ճոճվող կամուրջը, համոզված եմ, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարներ կբացի: Կամրջի հմայքը ոչ միայն իմ ծննդավայրին հարություն տալն էր, Հին Խնձորեսկի Ներքին թաղը հանդիպակաց ափի հետ կապելը, նաեւ՝ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս հիանալ բնության գեղեցկությամբ, հին խնձորեսկցիների կացարան-քարայրներով, 15-17-րդ դարերում կառուցված, ձորերի մեջ գտնվող 4 եկեղեցիով:

Հին խնձորեսկցիներս գիտենք, որ նախկինում թաղամասից թաղամաս գնալու համար մարդիկ անցել են ձորերով ու նեղ արահետներով, կտրել առնվազն 6 կիլոմետր ճանապարհ: Հիմա դա կարող են անցնել րոպեների մեջ՝ դիտելով հնավայրի ողջ տեսարանը, ծանոթանալով նրան:

Յոթ ամիս է, ինչ Հին Խնձորեսկի պահպանման հիմնադրամ եմ ստեղծել զբոսավայրի տարածքում, ահա այն, տեսնում եք: Զբոսաշրջիկը կամ այցելուն կարող է իր կամքով, իր նախատեսած չափով այնտեղ դրամ թողնել: Սա աշխարհում ընդունված քաղաքակիրթ կարգ է, որով մենք մինչեւ հիմա կարողացել ենք վճարել երկու բանվորի՝ շրջակայքը մաքրելու, հողային որոշ աշխատանքներ կատարելու համար:

Այստեղ ամեն ինչ անվճար է՝ չհաշված այս փոքրիկ, ճանապարհականգառ բացօթյա սրճարանը, որտեղ կարող են ճաշակել նաեւ գյուղի որոշ բարիքներ:

Այս պահին էլ պատրաստ եմ մեծ սիրով այս ողջ հնավայր-համալիրի հետագա պահպանությունն ու խնամքը հանձնել որեւէ սրտացավ, շահագրգիռ գործարարի, ով հիմնադրամին ներ կդնի 500.000 դոլար եւ ավելի մեծ ու հեռանկարային աշխատանքներ կտանի պատմական զբոսավայրի պահպանման, զարգացման ուղղությամբ:

Ափսոս չէ՞, որ այսքան կատարվածը մի օր կորչի, ի չիք դառնան մեր ծրագրերն ու երազանքները: Ոչ մեկս էլ հավերժ չենք, բոլորս էլ մի օր լքելու ենք այս աշխարհը, որքանո՞վ եմ վստահ, որ իմ զավակներն այս նույն ոգեւորությամբ կշարունակեն գործը: Չէ՞ որ բացի ազգային նշանակության լինելուց՝ այն նաեւ չափազանց ծախսատար է, պահանջում է հետեւողական, ամենօրյա հոգածություն:

Կնվիրեմ ամբողջությամբ, կօրհնեմ այդ գործարարին, ծրագրերս ու փորձս էլ կփոխանցեմ, միայն թող նա հայտնվի: Կարծում եմ, սկզբի համար քիչ գործ չէ կատարված. շուրջ 13 միլիոն դրամ է ներդրվել, 4 միլիոն դրամ էլ մոսկվայաբնակ բարերար է տրամադրել ճանապարահակառուցմանը, հիմքն ամուր է դրված, պահպանված են կամուրջի կառուցման բոլոր միջազգային չափանիշները, այն իր տեսակի մեջ, ասեմ, կամուրջների մետիս եմ համարում:

Իսկ Սպարապետի պանթեոն տանող ճանապարհը ոչ միայն գեղագիտորեն է կառուցված, նաեւ՝ ճիշտ շինարարությամբ, պատմականորեն պահպանված է բնական վիճակը. բետոնից չի արվել, հնություններին ձեռք չեմ տվել՝ դրանք թողնելով մշակույթի նախարարության հետագա ուսումնասիրությանը:

Այնպես որ, ոչ մի լումա ինձ պետք չէ, միայն՝ բարի շարունակություն եւ՝ զբոսավայրում աշխատատեղերի բացում: Իսկ ես այս գոտում շուրջ 200 աշխատատեղի կարիքն ու հնարավորությունը տեսնում եմ:

Ի դեպ, կուզեի ի լուր անտեղյակների ասել. սա երբեք էլ բիզնես չի եղել ինձ համար, հետեւապես՝ այն մաքուր գործ է, չարժե վատ խոսք ասել լավ գործին: Մինչեւ այս պահն իմ միջոցներով, այսպես ասած, յոլա եմ տարել ու եւ էլի յոլա եմ տանում կառուցված գոտին, երբեք չեմ գովազդել ինձ ու կատարածս, որեւէ մեկին չեմ պարտադրել այս կամ այն գործը, որքան կարողացել եմ, որքան հնարավորությունս ներել է, այդքանն էլ արել եմ, գուցե հնարավորություններից՝ մի բան էլ ավելի:

Քարանձավ-թանգարանում նստած Ժորան մի սրտառուչ պատմություն էլ է պատմում.

- Վերջերս այստեղ եկավ մի տարեց կին՝ ութսունն անց տատիկ: Ուշադիր զննում էր քարանձավը, կարծես թե՝ արտասվում: Մոտեցա, նա ինձ անմիջապես ճանաչեց: Կինն ինձ հիշում էր իմ մանկությունից: Պարզվեց՝ նա ապրել է այս քարանձավում՝ ամուսնու քսանվեց հոգանոց գերդաստանի հետ, եւ ինքը չորս եղբայրներից ամենափոքրի կինն է եղել: Նա հուզված ցույց տվեց այն առանձնացված տեղը, որտեղ ինքն ու ամուսինը քնում էին. օջախին մոտ, խոհանոց կոչվող տարածքում:

Տատիկը շնորհակալություն հայտնեց իրենց քարանձավ-բնակարանը մաքրելու, կարգի բերելու, վերակենդանացնելու համար եւ պատերը համբուրելով՝ գնաց:

Ահա այսպիսի տասնյակ գեղեցիկ պատմություններ կան մարդկանց հիշողությունների մեջ, ինչո՞ւ կորչեն, եւ սերունդները տեղյակ չլինեն իրենց պապերի պատմությանը:

Զրույցին միջամտում եւ իր կարծիքն է հայտնում «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր, տարածաշրջանի ամեն քար ու թփին, մեր պատմության հին ու նոր անցքերին, դեմքերին եւ ճակատագրերին քաջածանոթ Սամվել Ալեքսանյանը: Ի դեպ, լրագրող եւ խմբագիր լինելուց առաջ, նա անառարկելի պատմաբան է, պատմության, մեր պատմագիր-վիպագիրների ամենակուլ իմաստասեր-ուսումնասիրող, ում հզոր փաստարկներին, մեկ անգամ չեմ համոզվել, հնարավոր չէ ուղղակի ընդդիմանալ:

Նրա կարծիքն այս հարցում էլ համոզիչ է հնչում.

- Կգա պատմական մի հանգրվան, հիշեք, երբ այս տարածքը կառնվի պետական հովանու ներքո, եւ դա ամենեւին Ժորայի, կամրջի կամ Հին Խնձորեսկի քարանձավի խնդիրը չէ: Սա այլեւս դուրս է մասնավոր հետաքրքրությունների տիրույթից եւ իր հսկա նշանակությամբ՝ պետական ու ազգային, մշակութային գործ է:

Կարեւոր չէ՝ ինչ կկոչվի այն. Խնձորեսկի հնավա՞յր, թե՞ մեկ այլ անվամբ, կարեւորը նրա էությունն ի նպաստ երկրամասի ու երկրի ծառայեցնելն է:

Տաթեւի ճոպանուղին այս առումով ապահովվագրված է, վերահսկող եւ պատասխանատու կազմակերպություն կա, իսկ այստե՞ղ:

Համոզված եմ, վաղ թե ուշ կգիտակցվի, որ այս վայրը Լեռնահայաստանի մի շատ կարեւոր պատմական գոտի է, սրբատեղի, որտեղ դեռ 90-ականներին մեր կամավորական ջոկատներն են մարտի գնալուց առաջ եկել ու երդում տվել, հենց մեկը՝ «Քոլատակ» ջոկատի տղաները՝ Սուրեն Բաղդասարյանի հրամանատարությամբ, ուժ ստացել…

Պատեհ-անպատեհ առիթներով մշակույթի նախարարությունը բաց թանգարանի, տուն-թանգարանի կոչումներ է շռայլում, մշակութային քաղաքականությունը գերկենտրոնացած է Երեւանում, մինչդեռ՝ ազգի պատմությունը, նրա պատմամշակութային արժեքները, ճարտարապետությունը մարզերում է առավելապես:

Ահա պատճառներից մեկն էլ, որ մեր հակառակորդն այդ ոլորտում հաղթանակներ է գրանցում՝ մեկ հզոր եւ, այսպես ասած, ազգասեր հովանավորով մի հասարակ գորգի մասին տեսաերիզ է թողարկում եւ դրանով ողողում աշխարհը: Որքան էլ այն շինծու լինի…

Կարծիքս մեկն է՝ Խնձորեսկ հնավայրը ոչնչով չի զիջում մեր հանրապետության որեւէ հնավայրի, նրան պետք է պետական կարգավիճակ տալ, առնել պետության հոգածության ներքո: Ժորա Ալեքսանյանը շատ լավ առիթ է ստեղծել մեր երկրամասը աշխարհին ներկայացնելու համար:

- Ենթադրել, որ երբեւէ պետական մակարդակով մշակույթի նախարարությունն ինքնակամ քայլեր կձեռնարկի, մշակութային գերկենտրոնացած Երեւանից հայացքը կթեքի դեպի մեր կողմերը, կարծում եմ, այնքան էլ հուսալի չէ... Երեւի Սյունիքի թերթն էլ՝ «Սյունյաց երկիրն» էլ այստեղ անելիք կունենա…

Մտահոգությունս դեռ չարտահայտած՝ Սամվել Ալեքսանյանի պատասխանը չի ուշանում.

- Ճիշտ եք, թերթը մեծ անելիք ունի, դեպքերի բարի դասավորության դեպքում առաջին իսկ գործս երկրի բարձր իշխանություններին նամակ գրելը կլինի, կառաջարկեմ հնավայրը պետական հոգածությամբ գոտի հայտարարել, իսկ նրա նվիրյալին՝ Ժորա Ալեքսանյանին, ներկայացնել պետական պարգեւի: Մարդը մշակութային բացառիկ գործ է արել, մշակութային գործին մշակութային գնահատական պետք է տրվի: Մինչեւ հիմա նրա կատարած գործն արժանի մակարդակով չի գնահատել: Վաղուց ժամանակն է…

………………………………………………………………………..

Կա՞ մեկը, որ կասկածում է այս ճշմարտությանը, կարծում եմ՝ ոչ:

Մեր զրույցն էլ կարծես մոտեցավ բնականոն ավարտին. ամենակաեւորն ասվեց, զրույցի մեջ հնչած նորությունն էլ մարտահրավերի պես մշակույթային եւ օրախնդիր էր. Ժորա Ալեքսանյանի կատարածի հետագա շարունակությունը մենք բոլորս տեսնում ենք միայն պետական խնամքի ներքո, զարգացման մեջ:

…Չգիտեմ ինչու, նյութը պատրաստելուց հետո, առաջին անգամ ձայնագրիչիս մեջ ձայնագրված մեր զրույցը չեմ ուզում ջնջել, հատկապես՝ Զորապետ Մխիթարի, թույլ տվեք ասել, պանթեոնում զրուցածը:

Մեզ միացել էին հիասքանչ տարածքի թռչունների ձայներն ու թռչնային երգ-աղաղակները… Ավելի բարձր էի խոսում, սրբագրում, ոսկեղենիկ դարձնում մեր զրույցը…

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ.Գ.

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «Հրապարակ» թերթի հուլիսի 22-ի համարում կարդացինք այս նյութը.

«Հայ ազգը դարեր շարունակ պայքարել է անկախ հայրենիք ունենալու եւ հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար: Մենք ցեղասպանություն ենք վերապրել, բայց կանք եւ մեր կատարած գործերով ներկայանում ենք աշխարհին: Հին Խնձորեսկի երկու «ափերն» իրար կապող կամրջի կառուցման հեղինակ եւ հովանավոր Ժորա Ալեքսանյանն այն հայերից է, ում կատարած գործերն արժանի են բարձր գնահատականի: «Ճոճվող կամուրջն» այսօր անտարբեր չի թողնում ոչ մի զբոսաշրջիկի: Նրանք զարմանքով եւ միեւնույն ժամանակ հիացմունքով են խոսում իր տեսակի մեջ եզակի կախովի ճոճվող կամրջի մասին: Կամրջի կառուցումն սկսելուց առաջ Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Խնձորեսկում խաչքարեր են տեղադրվել` նվիրված Արցախյան զոհերի հիշատակին, կառուցվել է հանգստյան գոտի, վերանորոգվել է Մխիթար Սպարապետի գերեզմանը եւ այլն: Նա մշտապես եղել է ժողովրդի կողքին, աջակցել բոլոր կարիքավորներին, զոհվածների ընտանիքներին եւ երբեք չի մտածել անձնական միջոցներ կուտակելու մասին:

Արցախյան պատերազմի ժամանակ եղել է հացի կոմբինատի տնօրեն եւ հանապազօրյա հացով ապահովել բազմաթիվ ընտանիքների:

«1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպությունը գնահատում եւ պարգեւատրում է մարդկանց, ովքեր նպաստում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պատմական արդարության վերականգնմանը եւ մեր ձայնը լսելի են դարձնում աշխարհին: Այս կապակցությամբ «1․500․000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ համահայկական խորհրդի որոշմամբ «Ավետիս Ահարոնյան» հուշամեդալով պարգեւատրվեց հայորդի բարերար, ժողովրդի վստահությունն ու հարգանքը վայելող, բոլորի կողմից սիրված Ժորա Հայկի Ալեքսանյանը»:

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

01.11.2024 22:26

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է. Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է

01.11.2024 22:23

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք

01.11.2024 22:06

1967 թվականի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

01.11.2024 21:39

Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր. Սուրենյան

01.11.2024 19:57

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 1-ին

01.11.2024 19:50