Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից. Գրիգոր աբեղա Մինասյան

27.12.2025 20:01
578

Վեհափառ Հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։
Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։
Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։ Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։

Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք։

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09