Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան. «Մեր զինվորների ոգին իսկապես շատ բարձր է, արիական…»

10.01.2018 11:40
1666

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ 2017թ. դեկտեմբերի 26-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն Արցախի Հանրապետությունում էր: Հագեցած օրվա ավարտին հյուրընկալվեցինք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Ստեփանակերտի նստավայրում, հարցազրույց ունեցանք նրա հետ, որը ներկայացնում ենք ստորեւ: 

- Սրբազան, միշտ հպարտանում ենք, որ Ձեզ նման հոգեւոր առաջնորդ ունենք Արցախ աշխարհում: Բայց այս անգամ մեր զրույցը սկսենք ոչ հոգեւոր թեմայով: Շատ տպավորված ենք եկել Արցախի պաշտպանության առաջնագծից: Վերջին անգամ ամռանն էինք եղել առաջնագծում՝ դիրքապահ մարտիկների մոտ: Այսօր տեսանք զինվորների բարձր տրամադրություն, խրամատների բարվոք վիճակ, նոր սարքավորումներ, եւ այն զգացողությունն ունենք, որ սահմանն ավելի պաշտպանված է դարձել, նրա պահպանությունը հուսալի ձեռքերում է: Կուզենայինք լսել Ձեր խոսքը դիրքապահ մարտիկների, վերջին շրջանում առաջնագծում կատարված փոփոխությունների մասին: Ձեր խոսքը կլրացներ մեր տպավորությունը եւ ոգեւորությունը:

- Նախ՝ ճիշտ նկատեցիք, մեր խրամատները հագեցվել են տեխնիկայով՝ տեսախցիկներով, գիշերային եւ ցերեկային դիտարկման սարքերով, ջերմատեսիլներ են դրվել, այլ սարքավորումներ, որոնք ավելի են ամրապնդում առաջնագիծը, դիրքերը դարձնում նվազ խոցելի: Երկրորդ՝ մի քիչ ավելի են կահավորվել խրամատները, պայմաններն են մի քիչ լավացրել, որքան կարողություն ունեն մեր իշխանությունը, մեր բանակը: Երրորդը, որ կուզեի նշել, այն է, որ մեր զինվորների ոգին իսկապես շատ բարձր է, արիական, խիզախությունը տեղն է, կարեւորը՝ գիտակցությունն է տեղը: Որքան նրանց հետ շփվում եմ, խոսում, երեւում է՝ շատ բարձր գիտակցություն ունեն եւ լրջության պահը շատ լավ հասկանում են: Պիտի ասեմ, որ լավ սերունդ ունենք, արժանի սերունդ: Ահա այս ամենը կասեի մեր առաջնագծի եւ զինվորների մասին:

- Պարգեւ սրբազան, սա, եթե չենք սխալվում, չորրորդ հարցազրույցն է, որ տալիս եք մեր թերթին եւ որոնցում միշտ շոշափվել են եկեղեցական-դավանաբանական հարցեր, միշտ էլ բավարարված գնացել եւ նյութը ներկայացրել ենք ընթերցողին: Երկու տարի առաջ մի հարց քննարկվեց հանրության մեջ եւ այսօր էլ քննարկվում է, նկատի ունենք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի սրբադասման մասին մեր հոգեւոր իշխանության որոշումը: Եթե անկեղծ լինենք, դա ոչ միանշանակ ընդունվեց, ու եթե կարելի է մի հետադարձ հայացք ձգենք այդ իրողության վրա:

- Եկեղեցու մեջ կա հստակ ընդունված մի հասկացություն: Մենք ի՞նչու ենք ասում՝ Սուրբ Վարդան, Սուրբ Վարդանանք: 1036 զինվոր նահատակվեց Սուրբ Վարդանի գլխավորությամբ: Նահատակվեցին վասն հայրենյաց եւ վասն Հիսուսի: Բոլորն էլ սրբադասվեցին: Հիմա ձեզ հարց տամ՝ նահատակված այդ զինվորներից որեւէ մեկը, ի՞նչ է, սխալ ու մեղք չի՞ գործել: Անշուշտ, բայց իրենց նահատակությամբ, արյամբ սրբացվեցին: Մեղքերը քավվեցին, դա պիտի գիտակցենք: Մենք չենք ասում, որ ցեղասպանության տարիներին նահատակված երկու միլիոն հայերից յուրաքանչյուրն ամբողջ կյանքում սրբի պես է ապրել: Բայց իրենք գիտակցաբար չեն ուրացել հավատքը, ազգությունը եւ հայրենիքը, գնացել են դեպի ստույգ նահատակության, ինչը քավել է իրենց բոլոր մեղքերը: Դա եկեղեցու դրվածքն է: Դա քրիստոնեական վարդապետություն է: Ոչ միայն մեզանում, այլ նույնն է օրթոդոքսների ու կաթոլիկների դեպքում, հայերը չէ, որ դա մոգոնում են: Եթե մարդիկ դիմում են ամենաթանկը՝ կյանքը զոհաբերելու քայլին, դրանով՝ իրենց նահատակությամբ մինչ այդ գործած բոլոր մեղքերը ներվում են Աստծո կողմից: Դա պիտի գիտակցենք: Խմբակային սրբադասում գոյություն ունի: Եթե մահվան չգնային, կգնային իսլամ կընդունեին, ազգություն կփոխեին: Եվ կային այդպիսիք: Բացի այդ նահատակներից, ասենք, կան չէ՞ իսլամացած հայեր: Ազգությունն էլ են փոխել, հավատն էլ, մենք նրանց հո չե՞նք սրբացնում: Չենք էլ սրբացնի, բնական է: Եվ ճիշտ հակառակը: Այնպես որ՝ ամեն ինչ պարզ ու հստակ է: Ուղղակի եկեղեցական այդ վարդապետությունը, այդ հասկացությունը պիտի հասկանանք ու իմանանք:

- Նախկինում մի քանի անգամ մեզ ասում էին՝ սրբադասման կարգը, որ եղել է դարեր առաջ, իբր չի պահպանվել, ուղղակի կուզենայինք իմանալ՝ սրբադասումը նոր սկզբունքո՞վ կատարվեց, թե՞, այնուամենայնիվ, հին կարգը գտնվեց:

- Չէ, կատարվեց նախկինի հիման վրա: Երբ եկեղեցին սրբադասում է, սրբին պիտի դնես կանոնի մեջ, համապատասխան հոգեւոր երգեր ու շարականներ պիտի հորինվեն եւ ընդունվեն հանձնաժողովի կողմից, որ այս շարականը, հոգեւոր երգը համապատասխանում են տվյալ սրբին կամ սրբերին: Մենք ունենք առաքյալներին նվիրված շարականներ: Սուրբ Ղեւոնդյանց տոնին, Աստվածածնին, Սուրբ Գեւորգին եւ ամեն մի սրբի կամ սրբերի տոնին այդ շարականներն են հնչում: Գրվում է հատուկ կանոն, որ կա մեր ծիսակատարությունների, ժամերգությունների ժամանակ: Այս ամենը պահվել է, պիտի լինի սրբապատկեր, որը պիտի օծվի: Կանոնական մի սրբապատկեր, որն էլ ընդունվել է: Եվ սրբադասումը կատարվում է սուրբ պատարագի ժամանակ, ինչն էլ կատարվել է մեր սուրբ պատարագի ընթացքում: Այո, կարող է մեր հին Մաշտոցի մեջ մեկ-երկու նրբություններ չլինեն, մեր ձեռագրերի մի մասը չի պահպանվել, բայց ընդհանուր սկզբունքը եւ գաղափարն ունենք: Եվ այդ սկզբունքները՝ քիչ թե շատ, մանրամասնորեն պահպանվել են. հիմնականում ինը կետ կա, նաեւ  օրթոդոքս ու կաթոլիկ եկեղեցում է պահպանվել: Մեզ մոտ մանրամասները չեն պահպանվել: Բայց ընդհանուր դրույթները պահպանվել են: Եվ պահպանվածի հիման վրա սրբադասումը կարող ենք անել: Հիմա վերցնենք Մաշտոցի տարբեր հրատարակություններ՝ Շուշիի, Թեհրանի, Ջուղայի, Կալկաթայի, Երուսաղեմի, Պոլսո, Էջմիածնի, նույնը մկրտության դեպքում կտեսնենք, որ տարբեր՝ 19-րդ դարի, 20-րդ դարի Մաշտոցների մեջ մի շարական ավելի է, մեկը՝ պակաս, մի սաղմոս ավելի է, մի երկուսը՝ պակաս, բայց էությունը պահպանվում է: Բուն էությունը, կորիզը, այսպես ասած՝ սխեման պահպանվում է: Մի երկու բան ավելի են ճոխացրել, մի երկու բան՝ պակասեցրել՝ էականը մատուցելու համար, բայց կարեւորն այն է, որ էականն ենք պահել սրբադասման կանոնների ժամանակ: Եվ սա չպիտի դառնա ընդունելու, չընդունելու, վեճի առարկա: Եթե եկեղեցին սրբացրել է՝ վերջ: Եվ առանց Աստծո օրհնության, առանց Աստծո թույլտվության երբեւիցե սրբադասում չի կարող տեղի ունենալ: Դա բացառված է: Եթե սխալ բան աներ եկեղեցին, դա տեղի չէր ունենա, կձախողվեր: Այդ ամենը շատ հստակ պիտի գիտակցենք:

- 2015-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ հիմնավոր փոփոխություններ կատարվեցին, տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությունից բխող օրենք է մշակվում՝ խղճի ազատության մասին, նաեւ մեզ հասած տեղեկություններով՝ ստեղծվել է ինչ-որ հանձնաժողով, որ աշխարհիկ իշխանությունների հետ զբաղվում է այդ օրենքի նախագծի մշակմամբ: Իսկապե՞ս նման օրենք է մշակվում, եւ դրանից բխող հաջորդ հարցը՝ ի՞նչ ուղղությամբ է կառուցվելու այդ օրենքը:

- Գիտե՞ք, ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել հանձնաժողովի անդամներին, նրանք են մանրամասներին տիրապետում: Ես նրբություններին չեմ տիրապետում: Կան հանձնաժողովի անդամներ, ովքեր հստակ գիտեն, սպասենք ավարտեն աշխատանքը, որ հասկանանք՝ ինչն ինչոց է: Կարծում եմ՝ աշխատանքն ավարտելուց հետո վերջնական փաթեթը հանժնաժողովը պիտի ներկայացնի Գերագույն հոգեւոր խորհրդին, որտեղ բոլոր անդամներս պիտի ծանոթանանք, եւ մեր հավանությունը պիտի տանք կամ՝ հակառակը: Կամ էլ դիտողություններ պիտի անենք: 

- Պարգեւ սրբազան, ուզում ենք մի փոքր դուրս գալ Արցախի թեմի հոգսերի շրջանակից եւ մեզ՝ սյունեցիներիս, մտահոգող մեկ-երկու հարց քննարկել: Երկու տարի առաջ թողարկեցինք «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար՝ ամսագրի տեսքով, նվիրված Մովսես Խոտանանցուն (Տաթեւացուն)՝ հայ ազգային-եկեղեցական վերջին սրբին: Այդ համարի պատրաստման ժամանակ շատ փնտրեցինք նրա գերեզմանը, ինչը մայրաքաղաքի Կոզեռն թաղամասի մի տան մեջ գտանք՝ կեսը՝ պատի մեջ: Եվ խնդրո առարկայի վերաբերյալ մի նամակ հղեցինք հանրապետության նախագահին ու Ամենայն հայոց կաթողիկոսին: Սուրբ Էջմիածնից պատասխան ստացանք՝ եթե դուք որեւէ բան ձեռնարկելու եք՝ ձեռնարկեք, մենք խնդիրը լուծելու հնարավորություն չունենք:

- Ո՞ր խնդրի մասին է խոսքը:

- Գերեզմանն ամոթալի այդ վիճակից փրկելու խնդիր էինք դրել: Մի տարբերակն այն էր, որ այդ սեփական տունը պետության կողմից վերցնեն, տարածքը մաքրեն, գերեզմանը բարեկարգեն: Երկրորդ տարբերակն այն էր, որ շիրիմն այդտեղից հանվի եւ վերաթաղվի… Ամենայն հայոց կաթողիկոսի գերեզմանն ինչ-որ սեփական տան տարածքում հանդուրժելն անպատվություն է: Մեր երեւելիների շիրիմներն արտասահմաններից բերում, մայր հայրենիքում վերաթաղում ենք, բայց հայոց եկեղեցու վերջին սրբի գերեզմանը թողնում ենք մեկի տանը… Մեր խնդրանքն է՝ այդ հարցը բարձրացնել Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդում:

- Խնդրում եմ ինձ նամակ գրեք՝ փաստարկված, որ կարողանամ հիմնավոր խոսքով հանդես գալ Գերագույն հոգեւոր խորհրդում, պատշաճ ձեւով ներկայացնել խնդիրը: Ճիշտը դա է: Այդ հիմնավորումները պիտի լինեն ձեռքիս տակ:

- Հայ հոգեւոր կյանքի առանցքային թեմերից մեկը եղել է Սյունիքի թեմը: Բազմաթիվ փորձությունների միջով է անցել Սյունյաց թեմը, բայց իր միասնությունը չի կորցրել՝ չհաշված ժամանակավոր որոշ բացառություններ՝ պայմանավորված պատմական իրավիճակով: Հիմա մեր անկախ պետության պայմաններում նախ՝ թեմը բաժանեցին երկու մասի, եւ ոչ ոք բացատրություն չտվեց, թե՞ ինչու: Եվ երկրորդ…

- Ներող կլինեք ընդհատելու համար: Նույն կերպ Շիրակի թեմը բաժանվեց երկու մասի՝ Արթիկի թեմ եւ Շիրակի թեմ, Գուգարքի թեմը կիսվեց՝ Գուգարքի թեմ եւ Տավուշի թեմ: Ինչո՞ւ է դա կատարվում: Ռուսաստանի թեմն էլ երկու մասի բաժանվեց, եւ չի բացառվում, որ մի անգամ էլ պիտի կիսվի, թեեւ պատմականորեն Ռուսաստանը մի թեմ է ունեցել: Հիմա կա հարավային Ռուսաստանի թեմ, կա Նոր Նախիջեւանի, որ կարող է նա էլ անջատվի՝ Ուրալի, Սիբիրի թեմ դառնա՝ տարածքից, այսօրվա պայմաններից ելնելով: Դա արվում է, որ փոքրիկ թեմերն ավելի աշխուժանան, ավելի դինամիկ լինի նրանց գործունեությունը: Ինչո՞ւ: Դժվար է մի մարդու համար 50-60 եկեղեցի պահել, ապահովել, հսկել, սպասարկել: Երբ ես հսկում եմ 30 եկեղեցի եւ մի այդքանն էլ հանձնում եմ ուրիշի, ավելի դյուրին է դառնում կառավարումը: Երբ մարդը մի փոքր թեմ է կառավարում, նա ձգտում է հին եկեղեցիները նորոգել, նորերը կառուցել: Դրանով արագանում է նոր եկեղեցիների առաջ գալը: Սա է նպատակը: Հիմա Մոսկվայից թեմի առաջնորդը՝ Եզրաս սրբազանն ամբողջ Մերձբալթիկան, Բելառուսը, Մոլդովան եւ մինչեւ Վլադիվոստոկ պիտի հսկի: Գիտեք  հե՞շտ է նրա համար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տաժանակիր աշխատանք է: Լավ է, որ ստեղծվեց Նոր Նախիջեւանի թեմը: Գոնե մի ահագին բեռ ընկավ մարդու ուսերից: 

- Դուք մեզնից լավ գիտեք, թե պատմականորեն ինչ դեր է խաղացել Սյունյաց թեմը հայ հոգեւոր-եկեղեցական կյանքում, ով էր Սյունյաց թեմի առաջնորդը հայ եկեղեցական հիերարխիայի մեջ: Մենք հարգում ենք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահին՝ նվիրված, ամենահաս անձնավորություն է Մակար վարդապետ Հակոբյանը, բայց այսօր որերորդ տարին է, որ թեմն առաջնորդ չունի, առաջնորդական տեղապահ է, եւ եպիսկոպոս չկա թեմում, ընդ որում՝ պատմական թեմում, որ միտրոպոլիտության կարգավիճակ է ունեցել դարեր շարունակ:

Ինչպե՞ս հասկանալ:

- Արցախում էլ եղել է Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսություն, այսօր չկա, ի՞նչ անենք: Կաթողիկոսը պիտի որոշի՝ ում է եպիսկոպոս ձեռնադրում, երբ է ձեռնադրում: Դա կաթողիկոսի իրավասության շրջանակում է՝ եպիսկոպոսի աստիճան շնորհելը, թեմի առաջնորդ նշանակելը եւ այլն:

- Կուզենայինք ծանոթանալ, թե ի՞նչ փոփոխություններ կան Արցախի թեմում՝ եկեղեցի հիմնադրելու, վերաբացելու, նորոգելու առումով: Եվ առհասարակ Արցախի թեմի առօրյայի մասին կուզենայինք իմանալ:

- 2018-ին ինը եկեղեցի պիտի օծենք. երկուսը նորակառույց են, յոթը՝ վերանորոգված: Երկհարկանի շենք ենք կառուցել Մարտունիում՝ եկեղեցու դիմաց, որ պիտի լինի երիցատուն եւ կիրակնօրյա դպրոց: Դրա բացումն էլ կլինի: Վերանորոգեցինք եւ օծեցինք սուրբ Աստվածածին եկեղեցին Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում: Վերանորոգչական բավականին մեծ աշխատանք է կատարվում Դադիվանքի համալիրում: Այս տարի (2017-ին, խմբ., հարցազրույցը կայացել է դեկտեմբերի 26-ին) նշեցինք Գանձասարի 770-ամյակը, այդ առիթով մի քանի գիրք հրատարակեցինք եւ Գանձասարի վանքի տարածքում էլ վերանորոգչական մեծ աշխատանքներ կատարեցինք, քանզի դրա անհրաժեշտությունը կար: Այդ ամենին զուգահեռ նորոգում էինք մեր հին վանքերը ու նորերն էինք կառուցում: Բացի նշվածից՝ Շեխեր գյուղում կառուցվում է սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվում է Ծաղկաշենի Աստվածածինը, Հաթերքի՝ սուրբ Պետրոսի շինարարությունը կանգ առավ. բարերարը Կիեւից է, երեւի գործերը լավ չեն, Գիշի գյուղում էլ ենք կառուցում սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, շինարարությունը դանդաղել է, երբ բարերարների գործերը լավանան՝ դրանց շինարարությունն ավարտին կհասնի: 2018-ին Արցախի թեմում կունենաք 67 գործող եկեղեցի ու վանք եւ 19 մատուռ՝ կառուցված ու վերանորոգված: Եկեղեցիների թվով կդառնանք առաջինը բոլոր թեմերի մեջ:

- Իսկ կրոնական սպասավորները հերիքո՞ւմ են:

- Ցավոք սրտի, ոչ: Որտեղի՞ց հերիքի: Տասներկու-տասներեք հոգեւորական ունենք, որ շատ քիչ է: Յուրաքանչյուր քահանա չորս-հինգ եկեղեցում պատարագ է մատուցում: Շատ դժվար է երթեւեկել համայնքից համայնք: Ֆիզիկապես այդ բեռը տանելը շատ ծանր է: Այսօր նվազագույնը 25-30 քահանայի կարիք ունենք, որպեսզի փոքրիշատե, ժողովրդական լեզվով ասած, յոլա տանենք:

- Սրբազան, որքանով տեղյակ ենք, Դուք նաեւ եկեղեցական, կրոնական թեմաներով գրքեր եք հեղինակում: Ի՞նչ կասեք այդ առումով:

- Վերջերս երկու գիրք հրատարակեցի՝ «Հայերը եւ վախճանաբանությունը»՝ երեք լեզվով, մյուս գիրքն էլ կոչվում է «Անեծքից դեպի օրհնություն», որտեղ ներկայացված է Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատի կյանքը, գործունեությունը, բայց՝ ֆիլմի սյուժեի ձեւով, նույնպես երեք լեզվով՝ ամբողջապես պատմական փաստերի հիման վրա:

- Կարծեք մեր կենցաղի մեջ տարածում է գտնում Աստծո տաճարին կից,  եկեղեցու հարեւանությամբ ննջեցյալների տան կառուցումը. հանգուցյալի դին պահում են այդտեղ, քաղաքացիական հոգեհանգիստ, թաղման կարգ կատարում… Վայոց ձորում, օրինակ, նման բան են նախաձեռնել: 

- Վեհափառ հայրապետն էլ արտոնել է թաղման կարգ կատարել Քանաքեռի սուրբ Հակոբ, Կոնդի սուրբ Հովհաննես, Նորագավթի սուրբ Գեւորգ, Փարաքարի սուրբ Հարություն եկեղեցիներում: Հավատացյալների մի մասը չի այցելում այդ եկեղեցիներ, մարդիկ նրբազգաց են, նրանց դուր չի գալիս, որ եկեղեցի հանգուցյալ են բերում: Նախընտրում են ուրիշ եկեղեցիներ գնալ: Արդ, ինչպե՞ս այդ հարցը լուծել:

Հնում գերեզմանոցների մոտ մի մատուռ կար՝ փոքրիկ եկեղեցի, որտեղ դնում էին հանգուցյալի դին, հոգեհանգստի կարգ էին կատարում, երբեմն հանգուցյալի դիակը թողնում այնտեղ՝ հարազատների, հոգեւորականի հսկողության տակ: Բայց եթե եկեղեցում հանգուցյալի դիակ է դրված, կես ժամ հետո պսակի արարողություն պիտի լինի, գիտե՞ք, մարդիկ նեղանում են, խռովում: Այդ առումով Ձեր նշածը վատ գաղափար չէ. եկեղեցու տարածքում փոքրիկ մատուռ կառուցել, որտեղ կարելի է դնել հանգուցյալի դին, որ չխափանվեն ամենօրյա ժամերգությունը, այլ արարողություններ: Հարցի լուծման ձեւերից մեկն է դա:

- Եվս մի հարց, որի շուրջ Ձեզ հետ էլի ենք խոսել. եկեղեցական արարողությունների լեզուն գրաբար է, որը հասկանալի չէ հանրության մեծ մասին: 

- Գիտեմ, ժողովուրդը չի հասկանում, բայց հաճախ հոգեւորակաները կնունքի, պսակի եւ թաղման կարգերի ժամանակ գլխավոր աղոթքն աշխարհաբար են կարդում: Դա կանոնով ընդունված չէ, որովհետեւ սրբացված, կանոնացված մեր ծեսի լեզուն գրաբարն է: Բայց երբեմն աշխարհաբարով են կարդում գլխավոր աղոթքը, նաեւ իրենց խոսքի մեջ որոշակի բացատրություն են տալիս աշխարհաբար: Նույն հարցը նաեւ հարազատ եղբայրս է տալիս, ասում է՝ պատարագի կեսը հասկանում եմ, կեսը չեմ հասկանում: Ես էլ ասում եմ՝ պատարագի աշխարհաբար թարգմանությունը հետդ վերցրու, պատարագի ժամանակ գրաբարը լսելով՝ աշխարհաբարի հետ համեմատելով՝ հետո հիշելու ես, թե ամեն բառն ինչ է նշանակում:

- Սրբազան, Ձեր բարեմաղթանքի խոսքն Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

- Ի սրտե ուզում եմ հայ ժողովրդին շնորհավորել Ամանորի ու Սուրբ ծննդի տոների առիթով, մեր ժողովրդին ու մեր հայրենիքին մաղթել խաղաղություն, բարգավաճում, զորեղ հավատք եւ միասնականություն, ու թող այս գալիք տարին  եւ Սուրբ ծննդյան լուսաբեր շնորհները զորավիգ լինեն մեզ, մեր բանակին, մեր իշխանությանը, մեր ժողովրդին, մեր պստիկներին ու մեր ավագներին, որպեսզի հայավարի, բարի ձեւով անցկացնենք գալիք տարին, եւ թող Աստված բոլորիս օրհնի ու իսկապես բարեբեր, պտղաբեր տարի շնորհի բոլորիս: Ամեն:

Հարցազրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եւ ՎԱՀՐԱՄ  ՕՐԲԵԼՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25