Պետք չէ վախենալ քննություններից. նախարարի հորդորը՝ 9-րդ դասարանցիներին

25.01.2019 19:15
1168

2019 թվականի հունվարից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հայտարարել է մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Այդ նպատակով այսօր ԿԳ նախարարն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ, որի ընթացքում քննարկվել են մարզի կրթական խնդիրները:

Անդրադառնալով հաճախումների հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր այցելած դպրոցների մեծ մասում բացակայությունների թիվը շատ փոքր է եղել, և միայն մեկ դպրոցում է այն տատանվել 15 տոկոսի սահմաններում:

«Բացակայությունները հիմնականում պայմանավորված էին շնչառական հիվանդություններով. հնարավոր է նաև կարգապահական խնդիրներ լինեն: Ջերմաստիճանը դպրոցներում, ընդհանուր առմամբ, պատշաճ մակարդակի էր. որտեղ նկատելի էին որոշակի խնդիրներ, հրահանգվեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխաները չմրսեն: Իհարկե, դպրոցների շենքային պայմաններն այնքան էլ բարվոք չէին, դրանք վերանորոգման կարիք ունեն»-,նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ դպրոցների մի մասը հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված չէ. «Սա անընդունելի է, և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն տեղաշարժվել և ամեն անգամ դպրոցի ճանապարհն անցնելիս չհիշի, որ ինքն օգնության կարիք ունի: Մեր գլխավոր առաքելությունն է լինելու՝ հարմարեցնել դպրոցները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, հաշմանդամություն ունեցող երեխաներին»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով 9-րդ դասարանի ավարտական քննությունների կենտրոնացված համակարգով կազմակերպման խնդրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ անհանգստանալու անհրաժեշտություն չկա. «Նկատել եմ, որ ուսուցիչներն ու ծնողներն աշակերտներին վախեցնում են կենտրոնացված քննություններով: Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ սիրելի՛ աշակերտներ, սա սովորական քննություն է. որքան ձեզ վախեցնեն, դուք այնքան կաշկանդված եք գնալու քննության և խնդիրներ եք ունենալու: Այնպես որ, լավ պատրաստվեք և մասնակցելով քննությանը՝ կհավաստիանաք, որ վախենալու որևէ առիթ չկա»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նախարարն անդրադարձել է նաև դպրոցական գրադարանների խնդրին՝ նշելով, որ դրանք վաղուց նոր գրականություն չեն ստացել, ուստի կկատարվի համապատասխան գույքագրում և տարվա ընթացքում կտրամադրվեն գեղարվեստական գրքեր:

«Մենք թե՛ Երևանում, և թե՛ մարզերում ունենք փայլուն, պայծառ աչքերով շատ լավ աշակերտներ, որոնց մի մասն այս տարի պատրաստվում է բուհեր ընդունվել, և պետք է անենք հնարավորը՝ նրանց աջակցելու համար: Ունենք նաև իրենց գործին նվիրված շատ լավ ուսուցիչներ, որոնց հետ միասին պետք է լուծենք կրթության համակարգի խնդիրները»,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունյանը:

zham.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12