Պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ. Կաթողիկոսը կոնդակ է հղել

28.05.2018 21:12
1210

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակ է հղել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կոնդակում ասվում է.

«Եւ այս է յաղթութիւնն` որ յաղթէ աշխարհի, հաւատքն մեր»

(Ա Հովհ. Ե 4):

Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ Հայաստանում և Արցախում վերականգնված պետականությամբ և ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի ձեռքբերումներով է մեր ժողովուրդը դիմավորում 100-ամյակը Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի: Նշանակալի այս իրադարձությունների մեկդարյա հոբելյանի առիթով Հայրապետական Մեր խոսքն ենք ուղղում սիրեցյալ մեր ժողովրդին՝ բարձրաձայնելով առաքելավանդ պատգամը. «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը»:

Մեկ դար առաջ մեր ժողովուրդը հայտնվել էր կյանքի և մահվան սահմանագծին: Օսմանյան Թուրքիան՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթ իրավիճակից, իրագործում էր ցեղասպանության իր հայաջինջ ծրագիրը: Արևմտյան Հայաստանը և հայկական բնակավայրերը Թուրքիայում ավերակվել ու հայաթափվել էին, թուրքական զորքերը ներխուժել էին նաև Արևելյան Հայաստան՝ սպառնալով մեր ժողովրդի գոյությանը:

Այդ օրհասական պահին հույսն առ Աստված՝ միահամուռ կամքով մեր ժողովուրդը Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում ճակատ կազմեց թշնամու դեմ: Համախմբվելու խրախույս ու քաջալերություն դարձավ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ ժողովրդի սրտում առաջ բերելով հաղթանակելու ոգի և փակելով խուճապի ու նահանջի ուղին: Ետևում մեր հայրենիքի փոքրիկ մի մասունքն էր, ետևում Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածինն էր՝ մեր հավատքի օրրանն ու ինքնության պատվարը: Հայոց Հայրապետը մերժեց հեռանալ Սուրբ Էջմիածնից և քաջաշունչ պատգամով մարտի կոչեց ժողովրդին՝ ասելով. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:

Մեկ ամբողջություն, մեկ կամք ու հոգի դարձած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց փրկելու հայրենիքը, իր կյանքը, իր սրբությունները, պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը: Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց օրինակով Ավարայրի ոգին բոցավառվեց մայիսյան մարտերում: Հաղթանակը ձեռք բերվեց արիության ու հերոսության շնորհիվ հայկական փոքրաթիվ զորամիավորումների ու զորահրամանատարների և նրանց շարքերը լրացրած հոգևորականների ու աշխարհազորայինների: Թուրքական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց և ետ մղվեց: Ավերումից ու կոտորածից փրկվեց Արևելյան Հայաստանը, և հինգ և կես դարերի երկարատև դադարից հետո վերականգնվեց հայկական պետականությունը: Եղեռնահար մեր ժողովուրդը վկայեց վեր հառնելու իր զորությունը, իր հոգու կենսունակությունը և ուժը հավատքի՝ նեղությունների, ցավ ու տառապանքի մեջ հաղթանակ կերտելով: Առ Աստված հավատքի, հայրենասիրության ու նվիրումի հերոսական ոգին միավորեց ու պաշտպանեց մեր ժողովրդին, որ գերագույն ճիգով հայոց պետականության հովանու ներքո հայրենիքում ու սփյուռքում բարձրացրեց իր կյանքը և քայլեց վերելքի ուղիով:

Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, 100-ամյա հոբելյանը հրավեր է մեզ՝ նվիրված մնալու ազգային զարթոնքի մեր իղձերին, հրավեր՝ մեր հայրենի պետականությունը ամուր պահելու և հայրենիքով համախմբված մնալու: Նշանակալի այս հոբելյանը նաև մի նոր հանգրվան է հավատավոր ոգով ու նվիրյալ գործերով շենացնելու, զորացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը, շարունակելու հետևողական ջանքերը հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման, մեր բանակի հզորացման, որպեսզի խաղաղությունը անվրդով լինի մեր հայրենյաց սահմաններում: 100-ամյա հոբելյանը պատգամն է բերում համազգային միասնության, հայրենիք-սփյուռք կապերի արդյունավորման, մեր Եկեղեցու անդաստանում ևս միասնականության վերահաստատման:

Սիրեցյալ հավատավոր ժողովուրդ Մեր, յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ, մեր կյանքի ընթացքներում միշտ առաջնորդվելով քրիստոնեական մեր հավատքին, ազգին ու հայրենիքին զինվորագրության գիտակցությամբ՝ պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ: Պետականությունը ազգի կազմակերպման հիմքն է, առաջընթացի ուղի, իր արժեքներով ապրելու, իր հոգևոր ներուժը դրսևորելու հենարան, իր ձգտումները իրագործելու և իրավունքները պաշտպանելու պատվար ու ազգի հարատևության գրավական: Չմոռանանք մեր կրած զոհողություններն ու տառապանքները և միմյանց աջակից՝ կառուցենք բարօրությամբ և խնդությամբ լեցուն վաղվա մեր օրը: Հիշենք մեր Եկեղեցուն ու հայրենիքին իրենց կյանքը նվիրած մեր հայրերին և հավատքի ու հայրենյաց սիրո մեջ ինքներս մեզ գերազանցենք, որպեսզի այսօր նույնպես մեր ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններին ու խնդիրներին տրվող մեր վճիռները և մեր երկրի խաղաղությանը սպառնացող վտանգներին տրվող մեր պատասխանները լինեն հաղթական: Անվարան մեր հավատքն ու հայրենյաց սերը թող մեզ առաջնորդեն իրականություն դարձնելու Արարատի փեշերին միասնական մեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային զարթոնքի տեսիլքները: «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է…, մեր հավատքը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ համայն հայության նվիրական սրբօրրանից Հայրապետական Մեր պատգամն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, մեր Եկեղեցու թեմական, համայնքային մարմիններին, ազգային, գիտական, կրթական, մշակութային կառույցներին՝ զանազան միջոցառումներով տոնախմբելու հոբելյանական տարեդարձը՝ դարձնելով հայրենասիրության ոգու, քաղաքացիական գիտակցության ու պարտքի արթնության, ազգի ու Եկեղեցու միասնականության ուժ ու զորություն, նորոգություն հավատքի և քաջալերություն հայրենաշեն ու ազգաշեն գործերի:

Աղոթում ենք, որ Քրիստոս մեր Տերը պահպանի մեր ժողովրդին մաքուր հավատքով և օրհնի ազգիս ջանքերը ի սեր մեր նվիրական հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր բարօր, լուսավոր ու երջանիկ գալիքի: Թող Բարձրյալի օրհնության և շնորհների ներքո մեր երկիրը և ժողովուրդը, աշխարհը համայն ապրեն խաղաղության մեջ՝ այսօր և միշտ. ամեն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40