Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնված «Պարզաբանում» անվանյալ թղթակտորը՝ խզբզված ծպտյալ գրիչի ձեռամբ

02.06.2018 13:19
4322

Ս.թ. մայիսի 25-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվել է մեր հերթական խմբագրականը՝ «Եթե մեկ ամսում Վահե ավազակապետն ու իր գործակիցները չեն ձերբակալվել, ուրեմն հեղափոխությունը տեղապտույտ է տալիս կամ շեղվել է իր սկզբնական ուղուց կամ Սյունիքի հետ կապ չունի. ահազանգում են քաջարանցիները Նիկոլ Փաշինյանին» վերնագրով:

Մեկ օր անց Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնվել է մի «Պարզաբանում»՝ մեր խմբագրականի մեջ արծարծված հարցերի վերաբերյալ:

«Պարզաբանմանը» հաջորդել են բազում «քոմենթներ», որոնց հեղինակները մեծամասամբ համաձայն չէին արտահայտված դիրքորոշմանը, ինչի համար էլ անհաճո «քոմենթները» ջնջվել են անմիջապես:

Որոշ ժամանակ, սակայն, պահպանվել է Անուշ Օրբելյան-Պետրոսյանի արձագանքը. «Պարզաբանման» հեղինակը տվյալ դեպքում առաջնորդվել է, կարծում ենք, պարզ տրամաբանությամբ՝ եթե նրա «քոմենթը» եւս ջնջվի, ապա հաջողությամբ կհայտնվի լրատվական մեկ այլ հարթակում, քանզի Անուշ Օրբելյանի ծանրակշիռ խոսքը միշտ էլ սպասված է Սյունիքում:

Քաջարանի համայնքապետարանի կայքում հայտնված «Պարզաբանմանը» չենք կարող չանդրադառնալ: Բայց որպեսզի ընթերցողին հասկանալի լինի արծարծվող հարցերի ամբողջական պատկերը, այս անգամ եւս առաջնորդվում ենք լիակատար բացախոսության եւ հրապարակախոսության սկզբունքով ու նախեւառաջ ներկայացնում «Պարզաբանումն» ու Անուշ Օրբելյանի արձագանքը (առանց միջամտությունների):

Պարզաբանում

Հարկ ենք համարում անդրադառնալ «Սյունյաց երկիր» թերթի էլեկտրոնային կայքում 2018թվականի մայիսի 25-ին հրապարակված «Եթե մեկ ամսում Վահե ավազակապետն ու իր գործակիցները չեն ձերբակալվել, ուրեմն հեղափոխությունը տեղապտույտ է տալիս կամ շեղվել է իր սկզբնական ուղուց կամ Սյունիքի հետ կապ չունի. ահազանգում են քաջարանցիները Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հոդվածին: Հիշյալ լրատվամիջոցը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ որպես վարագույր օգտագործելով «Մի խումբ քաջարանցիներ, բազմաթիվ սյունեցիներ, բազմաթիվ սյունեցիների պահանջով, հնարավոր է, ասում են, հավանաբար, ենթադրաբար» եւ նման արտահայտություններ: Իրականում բազմաթիվ քաջարանցիներ դիմել են համայնքապետարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Քաջարան համայնքի անունը անարգաբար շահարկող, ապատեղեկատվություն տարածող, երկպառակություն սերմանող, չգիտես ինչու, տարիներ շարունակ պետական կառույցների բյուջեից սնվող լրատվամիջոցի դեմ, ինչի համար կամովին ստորագրահավաք կազմակերպելու ցանկություն են հայտնել:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի համայնքապետարան կատարած այցին՝

1.Պարոն Պոլոսկովը համայնքի ղեկավարի հրավերով է եկել համայնքապետարան:

2.Համայնքի ղեկավարը պարբերաբար քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում, լուծումներ տալիս համայնքի բնակիչների խնդիրներին:

3.Քաղաքացիները համայնքապետարան են դիմում հիմնականում աշխատանքի ընդունման եւ սոցիալական հարցերով, եւ տրամաբանական է, որ համայնքի ղեկավարը քաղաքացիների ընդունելությանը հրավիրի համայնքի խոշորագույն տնտեսվարող կազմակերպության ղեկավարին՝ արդյունավետ համագործակցության նպատակով:

4.Վերջին ընդունելության ընթացքում բավարարվել են շուրջ 70 քաղաքացիների աշխատանքի ընդունման եւ 30 քաղաքացիների նյութական աջակցության դիմումները:

5.Մհեր Պոլոսկովի եւ համայնքի ղեկավարության միջեւ երբեւէ չի քննարկվել ստորագրահավաք նախաձեռնելու հարց. դա բացարձակ հերյուրանք է:

«Լեռնագործներին վերջին երկու օրը ստորագրության են քշել ստիպողաբար, գրեթե այնպես, ինչպես ժամանակին քվեարկության են քշել համայնքապետի ընտրության, խորհրդարանական ընտրության, սահմանադրական հանրաքվեի համար»: Իսկ այս զրպարտության եւ լեռնագործներին գռեհկաբար նախիրի տեղ դնելու համար հարյուրավոր արժանապատիվ քաջարանցիներ պատիվ են պահանջում տողերի հեղինակից:

Անուշ Օրբելյանի արձագանքը «Պարզաբանումին»

Ես Անուշ Ֆրունզիկի Պետրոսյանն եմ եւ սրանով շատ բան է ասված, Քաջարանի պարոնհամայնքապետ: Ամոթ ու խայտառակություն, ուրիշ ոչինչ՝ քաջարանցիներին այս վիճակին հասցրած ՀՀԿ-ի դրածոյի ջաղացին ջուր լցնելու համար: Իմ ականջներով եմ լսել, թե ինչպես է ցինիկաբար հայտարարում, որ ինքը եւ իր ընկերներն իրենց հարստությունը, միջոցները բերել են սյունեցիներին ծառայեցնելու համար, իսկ մենք լավ չենք դիմավորում:

Երեւի լավ չեք ըմբռնել արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին վերջին ամսվա տեղեկատվական շարքը: Ժողովուրդը, նաեւ քաջարանցիները գտնում են, որ ՀՀԿ-ն ու իրենք՝ բոլոր-բոլորով, թալանչիներ են, անբարո, ստոր, մարդկանց ցավն ու հոգսը բանի տեղ չդնող, իրենց անձնական գրպանները լցնելուց բացի այլ հոգսեր չունեցող: Չէ, այս մի հարցում մեր «հերոսը» մի փոքր այլ է, նա այլ գործեր էլ ունի՝ բավականաչափ հաջողած (պետք է խոստովանել). գտնել ու իր շուրջը համախմբել մարդկային տականքներին՝ շրջապատում վախ ու սարսափ տարածելու, շանտաժի ու գործ տալու համար: Դե ուրիշ ինչպե՞ս կարող էր որպես ղեկավար հաստատվել՝ մարդկանց, աշխատակիցների նկատմամբ հոգատարությա՞մբ, նրանց պրոբլեմներին ականջալուր լինելու եւ օգնելու պատրաստակամությա՞մբ, ինտելեկտո՞վ, ընդհանուր լայն աշխարհայացքո՞վ, մասնագիտական նոր գիտելիքներո՞վ, բարձր մարդկային հատկանիշներո՞վ, կենցաղավարության համեստությա՞մբ, բարոյականությա՞մբ:

Այո, ցավալիորեն այդ բոլորից ոչնչով:

Այդ մի հոգին վերջացած է… Հաստատ եմ ասում, վստահեք ինձ: Աշխատեք պահել քաջարանցու անունը բարձր, գոնե հիմա…

Հպարտությամբ՝

քաջարանցի Անուշ Ֆրունզիկի Օրբելյան (Պետրոսյան)

Հ.Գ. Երկու ազգանունս էլ հպարտությամբ եմ կրում:

Հիմա՝ «Սյունյաց երկրի» արձագանքը «Պարզաբանումին»

Նախ՝ մեր զարմանքը:

Վերջին երկու ամսում բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել «Սյունյաց երկիր» թերթում եւ syuniacyerkir.am կայքում, որոնք լուսաբանել են Քաջարանի առօրյան, նաեւ քաջարանցիների մտահոգությունը, համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները:

Եվ այդ հրապարակումներում հնչել են բազմաթիվ ոչ քաղցր խոսքեր (մեղմ ասած), բայց դրանց վերաբերյալ որեւէ պատասխան խոսք, պաշտոնական արձագանք չեն եղել:

Իսկ բարձրացված հարցերը, իրոք, բազմաթիվ են եղել ու բազմաբնույթ:

Օրինակ, հարցրել ենք՝ այդ ի՞նչ «Քաջարան» մեդալ է հորինվել ու տրվել ավազակապետ Վահե Հակոբյանին, մի՞թե մեր սուրբ հողը պղծողին կարելի էր մեդալ տալ աշխատանքային փառքի քաղաքի անունից:

Այնուհետեւ՝ իրենք՝ քաջարանցիները (հանրահավաքում) նախատինք տվեցին սալյարկա գողացողների շայկային՝ ասելով՝ «Քաջարանում չպետք է լինեն շուն Ֆրանգյուլի հետեւորդներ. հիշեցեք՝ գալիք սերունդները թքելու են ձեր գերեզմանին»:

Ասացինք՝ Զարուհի Տոնապետյան գաղութարարի թիկնապահը սալյարկա գողացողների շայկային, ինչպես եւ մի քանի վարձկանների քշել է Կապան՝ ցուցարարներին ահաբեկելու համար:

Ասացինք՝ Օմսկից մի քանի խուրջին բուհական դիպլոմներ են բերել Քաջարան եւ վաճառել տեղացիներին:

Ասացինք՝ սալյարկա գողացողների շայկան, Վահեի գլխավորությամբ, կապված է Օմսկի հանցավոր խմբերից մեկի հետ եւ նրան (հարկ եղած դեպքում) պատվերներ է տալիս:

Ասացինք՝ Քաջարանում օրինական չեն եղել ո՛չ համայնքապետի, ո՛չ ԱԺ ընտրությունները:

Ասացինք՝ համայնքապետարանի թողտվությամբ Քաջարան գյուղը փորձում են տեղահանել՝ այնտեղ նոր հանք շահագործելու համար:

Ասացինք՝ Պոլոսկովը գժվել է ու համայնքապետարանի լուռ հայացքի ներքո սկսել է միջամտել Ողջի գետի հունին:

Ասացինք՝ …

Եվ նման շատ դիտարկումներ ու հարցադրումներ, բայց ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան խոսք:

Ու հանկարծ, խիստ մտահոգող ու առանցքային այդ հարցերը մոռացած եւ անտես արած, անդրադառնում են վերջին հոդվածին եւ ուզում հանրությանը համոզել, որ՝

ա)Մհեր Պոլոսկովը համայնքապետի հրավերով է այցելել համայնքապետարան,

բ)տրամանաբանական է, որ համայնքապետն իր մոտ հրավիրի կոմբինատի տնօրենին,

գ)հօգուտ Վահեի ստորագրահավաք կազմակերպելու հարց չի քննարկվել համայնքապետարանում:

Կարելի էր եւ առանց վերապահումի համաձայնվել «Պարզաբանումի» այդ պնդումներին, որովհետեւ դրանք, ի վերջո, չնչին հարցեր են վերը թվարկած հիմնախնդիրների կողքին:

Բայց… Պարզվում է՝ Քաջարանի իշխանության համար դրանք սկզբունքային հարցեր են, ինչի համար էլ որոշեցինք հավելյալ լույս սփռել ասվածի վրա:

Սկսենք ստորագրահավաքից. այո, այն բանից հետո, երբ բարձրաձայնեցինք այդ մասին, երբ Վահեի միջնորդները նոր իշխանություններից հավաստիացում չստացան նրա հետագա պաշտոնավարումը մարզում երկարաձգելու համար, ստորագրահավաքը դարձավ անիմաստ: Հիմա էլ, չնայած դրան, կարող են ստորագրություններ հավաքել (եւ ոչ միայն Քաջարանում), կարող են ֆեյսբուքյան կեղծված էջերով ու թաքնված հեղինակներով Վահեին փառաբանել կամ նրա ընդդիմախոսներին հայհոյել, բայց ամեն ինչ, հավատացեք, ավարտված է՝ Վահեն ոչ միայն չկա այլեւս (որքան էլ ձգձգվում է նրա հեռացումը), այլ պետք է կանգնի պատասխանատվության առաջ:

Ինչ վերաբերում է Մհեր Պոլոսկովին համայնքապետի կողմից համայնքապետարան հրավիրելուն…  ծիծաղելի է:

Գաղտնիք չէ, որ գործող համայնքապետը նշանակվել է Վահե ավազակապետի կողմից:

Գաղտնիք չէ նաեւ, որ գործող համայնքապետը գործնականում իրավունք չունի Քաջարանում որեւէ սկզբունքային հարց լուծել՝ առանց գաղութարարների թույլտվության:

Հիմա, պարզվում է, համայնքապետն է կոմբինատի տնօրենին կանչում իր մոտ:

Իրականում դա կարող էր եւ նորմալ երեւույթ դիտվել ու զարմանքի տեղիք չտալ, սակայն… Քաջարանում գործ ունենք բոլորովին այլ իրողությունների հետ:

Այնպես որ՝ «Պարզաբանումի» այդ հատվածն ավելի շատ զավեշտի է նման:

Բայց «Պարզաբանումի» հեղինակը, երեւի անգիտակցաբար կամ թյուրիմացաբար, վերահաստատել է մեր խմբագրականում մատնանշված փաստերի իսկությունը:

Այսպես՝ Պոլոսկովն իրոք աշխատանքի ընդունելու համար դիմումներ է հավաքել:

Լիճքի բանվորների ճակատագիրն անորոշության մատնած, քաջարանցի-աֆրիկացիների աշխատավարձի խնդիրը չկարգավորած, հանքագործների աշխատավարձերի բարձրացումը դեռ չկարգավորած, իր 20 մլն դրամ անվաստակ «աշխատավարձից» չհրաժարված, Պոլոսկովը խոստանում է նոր մարդկանց աշխատանքի ընդունել:

Դա շատ լավ է եւ նույնիսկ ողջունելի, մնում է մարդկանց ընդունել աշխատանքի…

«Պարզաբանման» հեղինակը դիմել  է նաեւ զրպարտության՝ մեղադրելով մեզ, թե իբր քաջարանցիներին անվանել ենք «նախիր»:

Ընթերցեք կրկին մեր հրապարակումը եւ կտեսնեք, որ այդ բառն ընդհանրապես չի գործածվել խմբագրականում:

«Պարզաբանումի» հեղինակը մեզ մեղադրում է ինչ-որ բառակապակցություններ օգտագործելու անպատշաճության մեջ՝ «մի խումբ քաջարանցիներ», «բազմաթիվ սյունեցիներ» եւ այլն:

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս արտահայտել երեւույթը, որ վեց քաջարանցի, օրինակ,  համարձակվում են ճեղքել «քաջարանյան պատնեշը» եւ հասնել թերթի խմբագրություն ու իրենց խնդիրները ներկայացնել:

Անուննե՞ր եք ուզում իմանալ:

Այդ մենք չենք ուզում նրանց անունները հրապարակել, քանի որ ավազակախումբն ընդունակ է նրանց դեմ ձեռնարկելու ամենաստոր քայլերը:

Տես, նույնիսկ ինքդ՝ ով դու՝ ծպտված գրիչ, վախենում ես անունդ նշել քո իսկ խզբզոց «Պարզաբանումի» տակ, բայց ուզում ես, որ ուրիշները ներկայանան անուն-ազգանունով:

«Պարզաբանման» հեղինակը մեզ մեղադրում է, որ Քաջարանի վերաբերյալ ապատեղեկատվություն ենք տարածում:

Այդ դեպքում ինչո՞ւ գոնե մեկ անգամ մեր մատնանշած փաստերից որեւէ մեկը պաշտոնապես չի հերքվել:

«Պարզաբանման» հեղինակը մեր լրատվամիջոցի հասցեին այսպիսի խոսքեր է ծամում՝ «տարիներ շարունակ պետական կառույցների բյուջեից սնվող լրատվամիջոց»:

Մի՞թե վատ է, երբ պետական կառույցը տասը հազար դրամ է վճարում եւ մեկ տարի շարունակ «Սյունյաց երկիր» ստանում՝ մարզի անցուդարձին տեղյակ լինելու համար: Վա՞տ է, որ պետական կառույցն իր հայտարարությունները հրապարակում է մեր թերթում կամ կայքում:

Պետական բյուջեի ինքնակոչ պահապանին ինչո՞ւ չի զարմացնում, օրինակ, որ իրեն պետական բյուջեից փող են տալիս բացառապես ամբողջ մարմնով եւ անընդհատ ծռմռվելու, կոտրատվելու, սեթեւեթելու ու բանսարկությամբ զբաղվելու, նաեւ Քաջարանի համայնքապետարանի անունից նյութեր (բազում եւ ծիծաղելի սխալներով) շաղ տալու համար:

Ո՞րն է ավելի բարոյական. թերթ-ապրանք վաճառե՞լը պետական կառույցներին, թե՞ պետական բյուջեից հարճության դիմաց փող կորզելը:

Վերջում «Պարզաբանումի» հեղինակը մատ է թափ տալիս՝ «հարյուրավոր արժանապատիվ քաջարանցիներ պատիվ են պահանջում տողերի հեղինակից»:

Հետաքրքիր է՝ որտե՞ղից գիտի կապանյան լեգենդար մատնիչ-բանսարկուն, որ արժանապատիվ քաջարանցիները պատիվ են պահանջում:

Մեզ համար արժանապատիվ քաջարանցիները հազարավոր լեռնագործներն են, համայնքի մտավորականները, ովքեր մեր թերթի հետ գրեթե ամենօրյա կապի մեջ են, որոնցից շատերի համար մեր թերթը հույսի դուռ է:

Իսկ ո՞վ է արժանապատիվ քաջարանցին ըստ «Պարզաբանումի» ծպտված հեղինակի. մի՞թե նկատի ունի սալյարկա գողացողների շայկայի կարկառուն ներկայացուցիչներին եւ մարզպետի քաջարանյան շներին:

Վերջաբանի փոխարեն

Ցանկացած նորմալ մարդ կամ կազմակերպություն, եթե որեւէ խոսք է ներկայացնում հանրությանը, անպայման վերջում դնում է իր ստորագրությունը: Իսկ եթե շեղում է կատարվում համընդհանուր-համամարդկային այդ կանոնից, ապա դա արդեն վկայում է, որ գործ ունենք ոչ լուրջ հրապարակման հետ, գործ ունենք ոչ բարեկիրթ ու ծպտված մեկի հետ, ով վստահ չէ իր գրվածքի լրջության մեջ, ով ամաչում է իր իսկ անվամբ հանրությանը ներկայանալուց:

Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի վերոնշյալ «Պարզաբանումը» եւս անստորագիր է, ասել է թե՝ անոնիմկա է:

Անշուշտ, կարող էինք այդ «Պարզաբանումն» ընկալել իբրեւ համայնքի ղեկավար Մանվելի պաշտոնական արձագանք կամ պատասխան խոսք, բայց համայնքապետը, որքանով ճանաչում ենք, գրելու գործում (մեղմ ասած) անվարժ է:

Հետեւաբար՝ «Պարզաբանման» հեղինակը, որ այս դեպքում թաքնված է մնացել, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ կապանյան հանրության մեջ վերջին մեկուկես տարում ծփացող բանսարկուներից մեկն է:

Եվ ուրեմն պիտի ցավակցենք նրան. «Պարզաբանումը» չի ստացվել: Ավելին, թղթակտորն առավել ակնհայտ է դարձրել հեղինակի պրիմիտիվությունն ու անպետքությունն առնվազն գրավոր խոսքում:

Ասել եւ ասում ենք՝ տիկին պչրուհի, փորձեցիր դառնալ լրագրող՝ չստացվեց, փորձեցիր սադրանքի մեջ ներքաշել խմբագրությանը՝ ձախողվեցիր, փորձեցիր կենդանի «ժուչոկ» դնել խմբագրությունում՝ բացահայտվեց… Քեզ մոտ առայժմ բանսարկությունն ու մատնությունն են միայն ստացվում:

Եվ անկեղծ մի խորհուրդ՝ ամաչիր ավազակախմբի կեղտոտ ներքնաշորերը լվանալու առաքելությունիցդ, մի՛ ընկիր ոտնատակ՝ մանավանդ որ որեւէ լուրջ մարդ քո կարիքը չունի, գետինը մտիր, որ ավազակախումբն իր ցեխոտ տրեխները քո շպարված երեսով է մաքրում…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34