Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ կարևոր է պահել հիմնարար բարոյական սկզբունքները և աճող աշխարհաքաղաքական լարվածության և դիմակայության պայմաններում պահպանել մարդկային հարաբերությունները: Պետք է հիշել պատմության դասերը և խուսափել անցյալի սխալները կրկնելուց։
Չնայած բարդ փուլին և արտաքին ներգործությանը՝ հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց էությունը։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան TIME» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ամփոփելով 2025 թվականը` Մոսկվայի և Երևանի հարաբերությունների համատեքստում։
«Մեր հարաբերություններում բարդ փուլ է։ Դրանք չեն կարող մեկուսացված լինել տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներից, և մենք զգում ենք այդ ներգործությունը։ Կարևոր է, որ պահպանվի այն առանցքայինը, որը մեր հարաբերությունների հիմքն է։ Կցանկանայի ակնկալել, որ չնայած բոլոր խնդիրներին ու դժվարություններին՝ մենք կպաշտպանենք այդ հարաբերություններն արտաքին գործոնների անբարենպաստ ներգործությունից։ Ամբողջ տարվա ընթացքում երկու կողմից էլ քաղաքական կամք է դրսևորվել հարաբերությունները պահպանելու համար», - նշել է դիվանագետը։
Նա նաև հավելեց, որ այդ հարաբերությունների երկուստեք կարևորության ըմբռնման մասին է վկայում քաղաքական երկխոսության բավական ակտիվ դինամիկան. տարվա ընթացքում եղել են փոխադարձ այցեր, բարձր մակարդակի շփումներ: Մասնավորապես, փոխայցելություններ են իրականացրել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները, Երևանում է եղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, օրերս Հայաստանի վարչապետը եղել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի են ունեցել ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով հանդիպումներ, կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը:
Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց՝ ռուսաստանյան կողմը միշտ հստակ հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանը դիտարկել և դիտարկում է որպես դաշնակից երկիր, իսկ հայերին՝ որպես եղբայրական ժողովուրդ:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության գրեթե 50 տոկոսով նվազմանը (ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրը 2025 թվականին կարող է կազմել 6 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը 2024 թվականի համեմատ կրկնակի քիչ է), ապա, դեսպանի կարծիքով, դա մտահոգության տեղիք չի տալիս, քանի որ 2024 թվականին հակառուսական պատժամիջոցների պատճառով վերաարտահանման հաշվին վիճակագրությունը կտրուկ աճել է (2021 թվականին ՌԴ - ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմում էր մոտ 2.5 մլրդ դոլար, իսկ ռազմական հատուկ գործողությունը սկսվելուց ի վեր այն գրեթե ամեն տարի կրկնապատկվում էր-խմբ.):
Կոպիրկինի խոսքով` չնայած երկրների միջև ապրանքաշրջանառության նվազմանը, այնուամենայնիվ, այն ունի բարձր դինամիկա (Հայաստանի առևտրի 35%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին)։
«Ըստ վիճակագրության՝ ապրանքաշրջանառության ծավալների էական նվազում կա։ Բայց փորձագետներն ասում են, որ խուճապի կարիք չկա, իհարկե ուշադրություն դարձնել պետք է, բայց մտահոգվելու կարիք չկա, քանի որ զգալի չափով նվազումը տեղի է ունեցել իրավիճակային այն գործոնների հաշվին, որոնք նախորդ տարիներին ապրանքաշրջանառության աճ են բերել։ Եվ որ շատ կարևոր է, գործարար շրջանակները շահագրգռված են այդ հարաբերությունների զարգացմամբ»,- հայտարարել Է դեսպանը:
Ընդհանուր առմամբ, Կոպիրկինի խոսքով, Մոսկվա-Երևան հարաբերություններն անցնում են հասունացման և վերափոխման փուլ:
Ռուսաստանը ֆիզիկապես չի կարող հեռանալ Հարավային Կովկասից և պատրաստ է աջակցել կոմունիկացիոն նախագծերին:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն» (TRIPP), Մոսկվայի դիրքորոշումը բավական հստակ է։ Ամենասկզբից էլ Ռուսաստանը գտնում էր, որ տարածաշրջանի երկրների միջև բոլոր զգայուն հարցերը պետք է ունենան կայուն, երկարաժամկետ կարգավորում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասը լիովին կարողանա իրացնել իր տարանցիկ և մնացած ներուժը։
«Այս ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Ռուսաստանն ակտիվորեն աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ», - նշեց Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն ապահովում են եռակողմ ձևաչափով փաստաթղթերը, ինչպես նաև բարձր մակարդակի հայտարարությունները, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։
«Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, և մենք հիմա հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այն ձևով ու չափով, որը պետք է կողմերին։ Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում»,- «Աբովյան TIME»-ի եթերում ասաց Կոպիրկինը։
Խոսելով 2026 թվականի ծրագրերի մասին՝ դեսպան Կոպիրկինը կարծիք հայտնեց, որ երկու երկրների հարաբերություններում առկա մեխանիզմները կշարունակեն գործել նաև հաջորդ տարի, աշխատանքային ռեժիմով դիվանագիտական խողովակներով կմշակվեն փոխայցելությունները։
«Բնականաբար, մենք մեր մշակութային-հումանիտար հարաբերությունները միշտ դիտարկել և դիտարկում ենք որպես առանցքային բաղադրիչներից մեկը։ Տարվա ընթացքում բավական հագեցած օրակարգ ունեինք, որը վերաբերում էր բնակչության բոլոր շերտերին։ Մեզ միավորում է մշակութային, հոգևոր ընդհանրությունը, և դա իր արտացոլումն է գտել անցկացվող միջոցառումների, մշակութային և մարդասիրական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մեջ: Սա մեր հարաբերությունների շատ դրական կողմն է, և կան բավական լուրջ ծրագրեր նաև 2026 թվականի համար»,- ամփոփեց դիվանագետը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով ռուսերեն բանավեճերի Հայաստանի միջբուհական առաջին առաջնության մասնակիցների համար, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ հատկապես նորագույն շրջանի պատմությունն այսօր դարձել է լուրջ գաղափարական, քաղաքական և աշխարհաքաղաքական վեճերի առարկա: