Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածել

07.09.2026 11:34
258

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձ են հղել։

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Մենք՝ որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) և Վանի առևտրաարդյունաբերական պալատի (Van TSO) ներկայացուցիչներ, 2026 թվականի սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումները համարում ենք կարևոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով։

Երևանում կազմակերպված ծրագրի շրջանակներում Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող 80 գործարար հանդիպումներ են ունեցել հայ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, քննարկվել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները, գնահատվել երկու երկրների գործարար համայնքների միջև համատեղ աշխատանքի ու առկա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Մենք հավատում ենք, որ գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության և ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից և քաղաքական տարաձայնություններից։

Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացումը զգալի ներդրում կունենա ոչ միայն երկու երկրների գործարար համայնքների, այլև սահմանամերձ շրջանների, ինչպես նաև Վանի ու Երևանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։

Այս համատեքստում կարևորվում են․

-  Երկու երկրների միջև առևտրի ծավալների աճը։

-  Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը։

-  Տրանսպորտային կապերի բարելավումը և առկա հաղորդակցային ուղիների ավելի արդյունավետ օգտագործումը։

-  Գործարարների միջև փոխադարձ այցելությունները և երկկողմ ձևաչափով (B2B) հանդիպումների ավելացումը։

-  Համատեղ ներդրումների և արտադրությունների հնարավորությունների գնահատումը։

-  Համագործակցության ամրապնդումը զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, արդյունաբերության ալ ճյուղերում և ծառայությունների ոլորտներում։

-  Գործարար աշխարհում կորպորատիվ հաղորդակցության կայուն հաստատումը։

Կարծում ենք․

Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առևտրի խթանում, այլև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջև շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Սահմանների բացումն առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Վանը կարող է դառնալ Թուրքիայի և Կովկասի միջև առևտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ, և Վանի ու Երևանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանն ու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։

Երևանում հաստատված կապերը չպետք է մնան միայն գործնական հանդիպումներ. դրանք պետք է շարունակվեն փոխադարձ այցելություններով, առևտրային կապերով ու կոնկրետ համագործակցությամբ: Մենք ընդգծում ենք, որ այս գործընթացը մշտական և կայուն դարձնելու ամենակարևոր քայլերից մեկը սահմանային անցակետերի բացումն ու կանոնավոր առևտրային ուղիների ստեղծումն է:

Գործարար համայնքների միջև այս շփումները դիտարկում ենք որպես կառուցողական նախաձեռնություն, որը սոցիալ-տնտեսական առումով նպաստում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Հարավային Կովկասի հեռանկարին, և մեր վճռականությունն ենք հայտնում շարունակել ջանքերը փոխադարձ վստահության ամրապնդման, առևտրային հարաբերությունների զարգացման, սահմանային անցակետերի բացման և տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը համակարծիք են, որ առևտուրը փոխադարձ վստահության ամրապնդման ամենահզոր գործիքներից մեկն է. սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները, իսկ տնտեսական համագործակցությունը նպաստում է երկարատև հարաբերությունների հաստատմանը։

Այս ըմբռնմամբ հանրությանը հարգանքով տեղեկացնում ենք, որ շարունակելու ենք մեր ջանքերը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը բարելավելու, առևտրի ծավալները մեծացնելու և սահմանային անցակետերի բացման գործընթացին աջակցելու ուղղությամբ»։

Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11