Սամվել Ալեքսանյան. յոթ տասնամյակ՝ խոսքի և սկզբունքի մեջ

26.01.2026 11:47
598

Սամվել Ալեքսանյանի ծննդյան յոթանասունամյակը պարզապես հոբելյանական տարեթիվ չէ։ Այն առիթ է՝ ջերմորեն շնորհավորելու մի մարդու, որի անցած ճանապարհը վաղուց վերածվել է ծառայության՝ Սյունիքի, նրա պատմության, մշակույթի և հոգևոր ինքնության հանդեպ։

Յոթ տասնամյակ, որոնց մեջ խտացած է ոչ միայն անձնական կենսագրություն, այլև մի ամբողջ երկրամասի ժամանակագրություն։

Կան մարդիկ, որոնց կենսագրությունը հնարավոր չէ շարադրել միայն թվականներով ու պաշտոնական տվյալներով։ Նրանց կենսագրությունը գրվում է գործով, արժեքային ընտրությամբ, դիմակայությամբ և պատասխանատվությամբ։ Սամվել Ալեքսանյանն այդպիսի մարդկանցից է։ Նրա կյանքի ու գործունեության առանցքը տարիներ շարունակ եղել է «Սյունյաց երկիր» թերթը, սակայն ոչ որպես աշխատանք, այլ որպես գործ՝ գիտակցված, շարունակական և ինքնաբավ առաքելություն։

Ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, տարիներ առաջ հստակ ձևակերպել է իր խմբագրական հավատամքը. «Լինել ժամանակի ճշմարիտ վավերագրողը. ահա «Սյունյաց երկրի» գլխավոր առաքելությունը»։

Այս միտքը կարգախոս չէ, այլ կենսական սկզբունք, որը մշտապես առաջնորդել է թե՛ խմբագրին, թե՛ նրա ղեկավարած պարբերականը։

Որպես գրի ու գրչի մարդ մշտապես կապված լինելով «Սյունյաց երկրի» հետ՝ այս պարբերականը միշտ դիտել եմ ոչ միայն որպես լրատվամիջոց, այլև որպես մշակութային ինստիտուտ։ Այն ունի իր հաստատուն դեմքը, իր լեզուն, իր մտածողությունը, որոնք ձևավորվել են Սամվել Ալեքսանյանի խմբագրական խստապահանջության, սկզբունքայնության և արժեքային հստակության շնորհիվ։

«Սյունյաց երկիրը» վաղուց է դուրս եկել մարզային սովորական լրատվամիջոցի սահմաններից։ Տասնամյակներ շարունակ այն մնացել է Սյունիքի կյանքի ամենահետևողական ու ամենաերկարակյաց վավերագիրը՝ լուսաբանելով մարզի անցուդարձը ո՛չ դրվագաբար, այլ ամբողջական տեսլականով։ Սոցիալական խնդիրներից մինչև հոգևոր արժեքներ, առօրյա իրադարձություններից մինչև պատմական հիշողություն. թերթի էջերում Սյունիքը ներկայանում է իր ամբողջականությամբ։

Սամվել Ալեքսանյանի խմբագրական գործունեության առանձնահատուկ և, կարելի է ասել, եզակի էջերն են «Սյունյաց երկրի» թեմատիկ կամ բացառիկ համարները։ Դրանք տարիների ընթացքում ձևավորել են մի ամբողջ մշակութային տարեգրություն՝ նվիրված հայ մտքի, պատմության և մշակույթի մեծերին, Սյունիքի քաղաքներին ու համայնքներին, սրբավայրերին, ինչպես նաև մեր ժամանակի ցավալի ու հերոսական իրադարձություններին։ Այդ համարները՝ նյութերի ընտրությամբ, կառուցվածքային ամբողջականությամբ և նպատակային մտածվածությամբ վաղուց դուրս են եկել սովորական լրագրության շրջանակներից։

Դրանք արժեքավոր են ոչ միայն ծավալով կամ ձևաչափով, այլև բովանդակային խորությամբ։ Յուրաքանչյուր հատուկ համար կառուցված է գիտական, պատմական, հուշագրական, գրական և արվեստաբանական նյութերի համադրությամբ՝ ապահովելով ամբողջական դիտանկյուն։ Այս համարները վաղուց արդեն գործածվում են որպես ճանաչողական ու աղբյուրագիտական նյութ՝ ուսուցիչների, ուսանողների, հետազոտողների համար՝ դառնալով գրադարանային ու անձնական հավաքածուների մշտական մաս։ Շատ դեպքերում «Սյունյաց երկրի» էջերում է առաջին անգամ ամբողջական կերպով ներկայացվել այն, ինչ տարիներով դուրս էր մնացել հանրային ուշադրությունից։ Այս աշխատանքը լրագրությունից դուրս է գալիս և դառնում գիտական ծառայություն հայագիտությանը։ Այդպիսի նախաձեռնությունները պատահական չեն։ Դրանք ծնվում են խմբագրի գիտակցությունից, որ թերթը պետք է ծառայի ոչ միայն օրվա տեղեկատվությանը, այլ նաև պատմական հիշողությանը։

Սամվել Ալեքսանյանի խմբագրական ձեռագիրը միշտ ճանաչելի է։ Նա երբեք չի ընտրել հեշտ ճանապարհը։ Նրա համար «ասելն առավելը» եղել է սկզբունք, նույնիսկ այն դեպքում, երբ դա բերում է ճնշումների, հակամարտությունների, փորձությունների։ Բայց հենց այդ անշեղությունն է, որ «Սյունյաց երկիրը» դարձրել է վստահելի, սպասված, հեղինակավոր։ Այս թերթը չի շեղվել իր առաքելությունից, որովհետև խմբագիրն ինքը երբեք չի շեղվել։

Սամվել Ալեքսանյանի լրագրությունը երբեք չի եղել պատեհապաշտ։ Այն եղել է դիրքորոշում։ Իսկ դիրքորոշումը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություն, այլև բարոյական խիզախություն։ Այդ խիզախությունն է, որ տարիների ընթացքում «Սյունյաց երկիր»-ը պահել է որպես ազատ խոսքի ամբիոն Սյունիքում։ Այս անշեղությունը ոչ միայն խմբագրական ռազմավարություն է, այլև Սամվել Ալեքսանյանի բնավորության արտահայտությունը։

Նրա մարդկային նկարագիրն է, որ այս ամենին հաղորդում է ներքին ուժ ու շարունակականություն։ Նրա հետ յուրաքանչյուր շփում հարստացնում է՝ մտածողությամբ, վերաբերմունքով, աշխատանքի հանդեպ պատասխանատվությամբ։

Դժվարությունները նրա ճանապարհին չեն դառնում արգելք, այլ վերածվում են ստեղծման նոր հանգրվանների, խոչընդոտների առաջ նա որոնում նոր լուծումներ ու ձևաչափեր, իսկ լռեցնելու փորձերի պայմաններում աշխատում է առավել խորքային ու որակյալ։ Սամվել Ալեքսանյանն այն մարդկանցից է, ովքեր հաղթում են ստեղծելով։ Նրա օրինակն ուսանելի է հենց այս իմաստով՝ արժեքները պաշտպանվում են ոչ միայն խոսքով, այլև ամենօրյա հետևողական աշխատանքով։ Այդ է պատճառը, որ նրա շուրջ միշտ ձևավորվել է մտավոր, ստեղծագործ մարդկանց միջավայր, իսկ «Սյունյաց երկիրը» դարձել է հավաքման վայր նրանց համար, ովքեր հավատում են գործին և արժեքին։

Այս յոթ տասնամյակի ճանապարհը վկայում է մի պարզ ճշմարտություն Սամվել Ալեքսանյանը պատկանում է այն հազվագյուտ մտավորականների շարքին, որոնց գործը ժամանակի հետ չի մաշվում։ Նրա թողած ժառանգությունը չի սահմանափակվում տեսանելի արդյունքներով։ Այն ներառում է սերունդների կրթություն, մշակութային գիտակցության ձևավորում, արժեքների փոխանցում։

Նրա համար խոսքն արժեք է, իսկ սկզբունքը՝ պարտավորություն։ Պատահական չէ նրա ձևակերպումը. «Իշխանավորները կգան ու կգնան, իսկ ճշմարիտ խոսքը կմնա ու կփոխանցվի գալիք սերունդներին»։ Այս համոզմունքն է տարիներ շարունակ ձևավորել «Սյունյաց երկրի» դիմագիծը՝ զերծ պահելով այն ժամանակավոր շահերից ու իրավիճակային ճնշումներից։

Այսօր հետադարձ հայացք ձգելով Սամվել Ալեքսանյանի յոթ տասնամյակին՝ կարելի է վստահ ասել՝ նրա գործը վաղուց անցել է անհատական նվաճումների սահմանը։ Նրա խմբագրական ուղին դարձել է ծառայություն Սյունիքին, իսկ «Սյունյաց երկիրը»՝ այդ ծառայության կենդանի վկայությունը։

Սամվել Ալեքսանյանի հոբելյանը առիթ է ոչ միայն շնորհավորանքի, այլև խորին արժևորումի։ Նրա գործն արդեն իսկ խոսում է իր փոխարեն։ Եվ այդ գործը կմնա՝ որպես խոսքի, սկզբունքի և գործով հաղթելու օրինակ։

Այս հոբելյանը պարզապես տարեթիվ չէ այն սահմանագիծ է, որտեղ անձնական կենսագրությունը միաձուլվում է հանրային հիշողության հետ։

Սամվել Ալեքսանյանի անցած ճանապարհը հաստատում է մի պարզ ճշմարտություն ժամանակները փոխվում են, պայմանները՝ նույնպես, սակայն արժեքները մնում են, երբ դրանց տեր են կանգնում լուռ, համառ և ստեղծող մարդիկ։ Նրա ուղին արդեն իսկ պատկանում է Սյունիքի ժամանակագրությանը՝ որպես սկզբունքային խոսքի, մշակութային հիշողության պահպանման և արժանապատիվ ծառայության օրինակ։

Իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում Սամվել Ալեքսանյանին՝ արած գործի, անցած ուղու և չդավաճանած առաքելության համար։

Թող առաջիկա տարիներն իրենց բնական ընթացքով բացեն նոր հնարավորություններ՝ առավել ամրացնելով այն ստեղծագործական ազատությունն ու ներքին ամբողջականությունը, որոնց վրա կերտված է նրա ամբողջ ճանապարհը։

Նրա յոթ տասնամյակն արդեն իսկ արժեք է, իսկ գործը՝ վկայություն։

 

 

Թեհմինա Մարության

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00