«Սեր-սեր ասելով՝ ատելություն քարոզելն ի՞նչ կապ ունի սիրո ու համերաշխության հետ». Արմեն Ռուստամյան

21.09.2018 19:38
1218

Այս աստիճանի խառնաշփոթ, բոլորովին այլ տեղ տեղափոխող շեշտադրումներով և հայհոյախոսություններով լեցուն քարոզարշավ ես վաղուց չէի տեսել:  Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը:

«Շատ լավ է, որ բացախոսություն է, բայց բացախոսությունը չափ ու սահման ունի: Եթե տեսակետների, մոտեցումների, մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների հետ կապված բանավեճերի փոխարեն հնչում է պարզ հայհոյախոսություն, սա իսկապես հիասթափեցնող է: Սա առաջին գնահատականն է, որ մարդ կարող է տալ՝ հետևելով այս գործընթացներին»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ, բնականաբար, այս գործընթացի մեջ Դաշնակցությունը չպետք է մտներ և ճիշտ է արել, որ չի մտել: «Այդ ոճը մերը չէ: Մենք եկել ենք կոնկրետ խնդիրներ լուծելու` գիտակցելով, թե ինչպիսի նոր իրավիճակ է Հայաստանում և դրա հետ կապված ինչպիսի նոր մարտահրավերներ են ծագել թե′ երկրի, թե′, մասնավորապես, մայրաքաղաքի համար: Մեր թիմը կոնկրետ այս խնդրով է ընտրարշավին մասնակցում: Թե չէ փոխվել է ընտրությունների բնույթը, ստացվել է, որ սա ոչ թե ավագանու ընտրություն է, այլ նախապատրաստում է ԱԺ ընտրություններին: Եթե այսպես պետք է նախապատրաստվենք ԱԺ ընտրություններին, շատ մեծ հարց է` այս որակով իմաստ ունի՞, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե նորից պետք է սևի ու սպիտակի բաժանվի, եթե պետք է ասվի` ով մեզ ձայն չի տալիս, սև է։ Այդ ձևով արտահերթ համապետական ընտրությունների գնալն ուղղակի ոչ միայն անտրամաբանական է, այլև անընդունելի է»,- ասաց Ռուստամյանը և շեշտեց, որ լուրջ հետևություններ անելու խնդիրներ են առաջացել այս հարցերի հետ կապված:

«Երբ այս ընտրությունները ավարտվեն, պետք է լրջորեն մտածել `մեր երկրում ստեղծված այս անտրամաբանական, անիմաստ, մեկը մյուսի դեմ դուրս գալու, լարվելու, ատելության մթնոլորտից դուրս գալու ճանապարհը որն է լինելու»,- հայտարարեց նա:

Մեր դիտարկմանը, որ արդեն սպառնալիքներ կան ԱԺ որոշ ուժերի կողմից, թե կողմ չեն քվեարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններում,և  հարցին` ՀՅԴ-ն ի՞նչ դիրքորոշում ունի, Ռուստամյանն արձագանքեց. «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Դաշնակցությունը շատ հստակ իր տեսակետն արտահայտել է, իսկ մենք կողմ ենք արտահայտվել դրան, բայց նաև հստակ ասել ենք, թե դա որ ճանապարհով է ճիշտ իրականացնել: Մենք արտահերթ ընտրությունները միշտ տեսել ենք բոլոր քաղաքական ուժերի համախոհությամբ, և այդ հնարավորությունը կար, բայց եթե հարցը կտրուկ տեղափոխվում է  ուրիշ դաշտ` խորհրդարանի ինքնալուծարման, նոր սահմանադրական փոփոխությունների, ապա սա ոչ միայն մեր ներսում չի ընդունվի, այլև ամբողջ աշխարհն էլ նորմալ չի վերաբերվի: Արդեն իսկ Եվրոպայի խորհրդում այդպիսի քննարկումներ սկսվել են, սպասվում է զեկուցողների այց՝ այս հարցերի հետ կապված: Այնպես որ՝ կարծում եմ, որ մենք պետք է սթափվենք և վերադառնանք կառուցողական, համախոհության դաշտ: Համաձայնության մասին խոսելով չէ, որ այդ համաձայնությունն ու համախոհությունը կատարվում է, պետք է զերծ մնալ դա խաթարող ցանկացած քայլից, հակառակ պարագայում` ճիշտ հակառակ էֆեկտը կարելի է տեսնել»:

Մեր այն հարցին, որ վերջերս լուր շրջանառվեց, թե ՀՅԴ-ն հնարավոր է դուրս գա կառավարությունից, կա՞ նման մտադրություն, նա պատասխանեց, որ իրենք կառավարություն են մտել միայն այն պատճառով, որ կար ժողովրդի հստակ պահանջ` երկրում ստեղծված իրավիճակը փոխել: «Մենք ընդունել ենք, որ անցյալում կային լուրջ բացեր, որոնք պետք է մերժվեն, բայց մերժումից կառուցման անցնելը դեռ չի երևում: Մեր խնդիրը այդ էր, որ, այո, մերժումը` մերժում, բայց պետք է նաև մտածել կառուցելու մասին, այդ կառուցման պրոցեսում չի կարելի միմյանց դեմ լարել առանց այն էլ փոքր ժողովրդին, որի առջև կանգնած են թե՛ արտաքին, թե՛ ներքին հսկայածավալ մարտահրավերներ»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ անընդհատ խոսվում է, թե երկրում հիմա տիրում է սիրո ու համերաշխության մթնոլորտ, նա արձագանքեց. «Սեր-սեր ասելով՝ ատելություն քարոզելը, մարդկանց սև ու սպիւտակի բաժանելն ի՞նչ կապ ունի սիրո ու համերաշխության հետ: Ի վերջո, պետք է իսկապես սթափվեն բոլորը և վերջ տան իրար բզկտող, բոլորի դեմ լարող այս քաղաքականությանը: Թե′ մեր ներսում, թե′ դրսում առկա խնդիրներն ու հրամայականները չտեսնելով՝ որևէ լուրջ բանի չենք հասնի»:

Իսկ թե ինչպե՞ս են գնահատում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իրենց շանսերը,  Ռուստամյանը նշեց, որ, հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը, մայրաքաղաքում առաջացած լուրջ խնդիրները, երևանցիներն այն գիտակից ընտրողներն են, որ շատ լավ հասկանում են, որ միայն լուրջ քաղաքական ուժն է, որ կարող է այս բոլորի հետ կապված ադեկվատ լուծումներ բերել: «Դաշնակցությունը միակ կառույցն է, որ 128 տարի գործում է՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի, ցանկացած քայլ կատարելիս ձևավորում է համապատասխան թիմ, որ կարող է խնդիրներ լուծել, ունի համապատասխան բազա թե′  երկրի ներսում, թե′  երկրից դուրս: Դաշնակցության հաջողությունն իսկապես կդառնա Երևանի համար շատ մեծ առաջընթացի հնարավորություն, և ամեն երևանցի կզգա դրա տարբերությունը. թող մեկ անգամ, Դաշնակցությանը լիովին վստահելով, ձայն տան և կտեսնեն դրա բարերար ազդեցությունն իրենց կյանքում»,- եզրափակեց նա:

yerkirmedia.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34