ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

17.01.2020 14:40
1011

 

 ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծմանը նպատակաուղղված համազգային շարժման ծավալման գործում անուրանալի դերակատարություն է ունեցել հայ մեծանուն արձակագիր, պատմավիպասան Սերո Խանզադյանը, որ առաջին իսկ օրերից ժողովրդի կողքին էր՝ որպես պայքարի գաղափարակիր ու կազմակերպիչ:

Նա ոչ միայն պատմության մեջ էր՝ իր գրական նախատիպերի ու հերոսների հետ, այլև պատմություն կերտող անհատականություն էր: Որպես ազգային-հայրենասիրական բացառիկ գիտակցություն ունեցող գրող՝ Խանզադյանը երբևէ անմասն չի մնացել հայ ժողովրդի համար դժվարին, օրհասական ու բախտավճիռ տարիների հիմնախնդիրներից: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մեկնելով ռազմաճակատ՝ անցավ պատերազմական իրադարձությունների բովով և համամարդկային տագնապների մղումով էլ գրիչ վերցրեց՝ խոստովանելով, թե «պատերազմն ինձ գրող դարձրեց»: Այդպես էլ 1980-ական թվականների վերջին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ժամանակ Խանզադյանը բարձր քաղաքացիություն դրսևորեց՝ իր գրական ու հրապարակախոսական հարուստ պաշարն ի սպաս դրելով պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին:

Թե՛ որպես գրող, թե՛ որպես գործիչ նա միշտ հայրենիքի ոգին վառ էր պահում: Խանզադյանի գլխավոր ու մնայուն մտասևեռումներից մեկը Արցախի հարցն էր, հայությանը պարտադրված գոյավիճակի բացահայտումն ու դրդապատճառների դատապարտումը: 1988-ի շարժումը պայմանավորված էր նաև խորհրդային ժամանակաշրջանի՝ հայրենասիրական զորընդեղ երակը հունավորած գրական ժառանգությամբ՝ Չարենցից ու Բակունցից մինչեւ Շիրազ, Սահյան, Սևակ ու Խանզադյան:

Խանզադյանի ավանդը դրսևորվել է Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման մի քանի հարթություններում: Ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, նամակներ էր գրում, ելույթներ ունենում հեղինակավոր ամբիոններից, դիմում ԽՍՀՄ բարձր ղեկավարությանը, առաջարկներ ու պահանջներ ներկայացնում՝ ներքին ու արտաքին պատասխանատվություններին համարձակորեն վերապահելով իրենց բաժինը: Անզիջում բանավիճում էր խորհրդային իշխանության այնօրյա ազդեցիկ դեմքերի հետ, մանավանդ երբ հարցը վերաբերում էր պատմական արդարությանն ու դրա վերականգմանը: Եթե Հայաստանը մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ, ապա կառավարական բարձրագույն մարմինները իրավունք չունեին անտեսելու հայ ժողովրդի պատմական անցյալը, կոնկրետ դեպքում Արցախի՝ որպես Հայաստանի մաս կազմելու անառարկելի փաստը. «Տիեզերական հարց, որ ահա վաթսուն տարի է՝ երկնային կրակի պես փլվում է հայի վրա» (Ս.Խանզադյան): 1

Առհասարակ, խորհրդային ժամանակներում գրականությունը վիթխարի դեր ուներ հայ հանրային կյանքում: Գրողի ձայնը լսելի էր պետական բարձր օղակներում, նրա քաղաքացիական դիրքորոշումը կարող էր վճռորոշ լինել ազգային նշանակության հարցերում: Որպես խորհրդային գաղափարախոսության կրող՝ Խանզադյանը, լինելով նաև ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ, բազմիցս ԽՍՀՄ գրողների պլենումներում, համագումարներում քննադատել է ազգամիջյան հարաբերությունների թնջուկները՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի՝ պատմական հայրենիքին միավորվելու արդար պահանջը:

Հայաստանի ազգային արխիվում պահպանվող Սերո Խանզադյանի անձնական արխիվի նյութերը, արխիվային տարբեր ֆոնդերում գտնվող նրա վերաբերյալ փաստաթղթերը, մամուլում հրապարակված հոդվածները, նամակներն ու հարցազրույցները բնորոշում են ոչ միայն նշանավոր գրողին, այլև ժողովրդի արժանավոր քաղաքացուն:

Կյանքի մայրամուտին ապրելով Արցախի ազատագրության երազով՝ Խանզադյանը շարահյուսեց «Ղարաբաղը կրակների մեջ» գեղարվեստավավերագրական երկը՝ հանրագումարի բերելով Արցախյան ազատագրական պայքարին նվիրված իր հասարակական, հրապարակագրական գործունեությունը: Այն պատմաճանաչողական մեծ արժեք ներկայացնող երկ է, որ հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու Արցախյան շարժման տարիներին Խանզադյանի ծավալած օգտաշատ գործունեությանը, նրա քաղաքացիական համարձակ դիրքորոշումներին, այլև պատմաքաղաքական մի շարք կարևոր իրադարձությունների վերաբերյալ ստանալու ուշագրավ տեղեկատվություն, ինչը երկը դարձնում է առավել արժեքավոր: Փաստագրական ու արխիվային բազմաթիվ վավերագրերի, վիճակագրական տվյալների, պատմագիտական նյութերի, նամակների, ելույթների, տարբեր մարդկանց հետ հանդիպումների ու զրույցների վերաքաղությունները Ղարաբաղյան շարժման ընդհանուր հիմնապատկերում առանձնակի նշանակություն են ստանում, դառնում ժամանակաշրջանի հայելին:

Հայաստանի ազգային արխիվում պահվող 1991 թվական, փետրվարի 7 թվակիրն ունեցող մի նամակում2 դիմելով Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին՝ Խանզադյանը գրում է, որ տպագրության է պատրաստել երեք ձեռագիր, որից մեկը «Ու՞ր ես գալիս, այ գարուն. Ղարաբաղը կրակների մեջ» գիրքն է: Համառոտ ծանոթացնելով գրքի բովանդակությանը՝ նա խնդրում է կոմիտեին նյութական միջոցներ տրամադրել և գիրքը տպագրել արտասահմանում: Նամակում Խանզադյանը վկայում է նաև երկու այլ, ընթերցողին անծանոթ, անտիպ գործերի մասին՝ «Հայոց Նոյատունը կործանված» խորագրով, որն «ընդգրկում է Նախիջևանի հայության ոչնչացման արյունոտ պատկերը՝ 1918-1983 թվականներին: 20-22 հեղինակային մամուլ», ինչպես նաև «Բեկոր-բեկոր Հայաստան», որն ընդգրկում է Խանզադյանի ուղեգրությունները՝ Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում ու Սիրիայում:

1992 թվականի հոկտեմբերի 18-ին Վարդան Հակոբջանյանին հասցեագրած մի նամակում3 դարձյալ խոսելով ««Ու՞ր ես գալիս, այ գարուն. Ղարաբաղը կրակների մեջ» «հզորությամբ անչափելի» գրքի հնարավոր տպագրության մասին, պարզում է բոլորովին այլ կառուցվածք՝ «Եռահատոր է՝ Ա.Բ.Գ. գրքեր – 1988, 1989, 1990: Պատրաստի»: Ավելին՝ գրում է, որ չորրորդ ու հինգերորդ գրքերը «հիմա է հյուսում», «այսինքն՝ 1991 և 1992: Նույն ոգով»: Գիրքը, սակայն, լույս տեսավ հետմահու՝ 2006 թվականին՝ հեղինակի ակնարկած վերնագրային կառույցի երկրորդ մասով՝ «Ղարաբաղը կրակների մեջ»՝ բաղկացած երեք ասքից: Թոռան հետ օրապահանջ հարցուպատասխանի խորհդանշական պատկերով սկսվող «մատյանն» ընդգրկում է 1987-ի դեկտեմբերից մինչև 1988-ի դեկտեմբեր Խանզադյանի գրառումները, ուստի ենթադրելի է, որ այն հեղինակի ակնարկած եռահատորի Ա գիրքն է միայն: Բ, Գ, հետևաբար և 1991, 1992 թվականները լուսաբանող չորրորդ, հինգերորդ գրքերի ճակատագրերը մնում են անհայտ: Գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանին հասցեագրած նամակներից4 մեկում (27 հունվարի, 1993թ.) Խանզադյանը ակնարկում է դարձյալ մեզ անհայտ «Արցախյան կանչեր» խորագրով վեպի մասին, որի վրա «աշխատում է տարուց ավել», և նշում նաև, որ «վերնագիրը պայմանական է, գուցե այլ անուն տա»:

Ընթերցողին Խանզադյանի գրչով Արցախի պատմության գեղարվեստական պատկերման մի փառահեղ գործ է միայն հայտնի՝ «Շուշի»-ն՝ գրված Արցախյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ Շուշիի ազատագրության նախաշեմին՝ 1991 թվականին, իսկ հետմահու հրատարակված «Ղարաբաղը կրակների մեջ»-ը վավերագրություն է, որը, ինչպես ինքն է նշել, ամբողջացված չէ:

Գեղարվեստական վավերագրությունը հաճախ անվանում են մեմուարային գրականություն, որի մեջ մտնում են հուշագրությունը, ուղեգրությունը, փաստագրությունը, օրագրությունը և էսսեն: Խանզադյանի երկում համադրվում են և՛ հուշագրությունը, և՛ օրագրությունը, և՛ փաստագրությունը, մասամբ նաև՝ էսսեն՝ հեղինակի ոճի անհատականությամբ: Թեև վավերագրությունը հատկանշվում է պատմաճանաչողական որոշակի արժեքով, սակայն հեռու է կատարելությունից: Հեղինակն ինքն էլ խիստ է արտահայտվել իր գրքի մասին, մատնանշել արագագրության պատճառները: «Թող ներեն ինձ նրանք, ում այս գործը կատարյալ չթվա: Որքան կարողացա, այն արի»:5 «Մի տարում այնքան, որքան արել եմ վաթսուն տարում՝ նույն Լեռնային Ղարաբաղի ցավի, Հայոց դատի այս մի ճյուղի արդար պահանջին վերաբերող: Եվ որպեսզի կարողանամ շատից-քչից բավարարել Անդրանիկիս անզիջում պահանջը, որ պահանջն է ողջ հայ ժողովրդի, ես արտակարգ գործս սկսեցի՝ քայլ առ քայլ տալով Հայոց Արցախ-Ղարաբաղի կործանման և նրա դյուցազնական պայքարի նշխարները՝ հանուն գոյության, հանուն թուրքի ստրկությունից նրա փրկության»6: Խանզադյանը Ղարաբաղի մասին պատմող «արյունոտ» գիրքը ժառանգում է թոռանը. «Քեզ ասեմ, ժառանգ իմ, և դու կասես աշխարհին: Իմացիր, ճշմարտությունը չի սպանվում»7: Դարերի խորքերը չէ, որ պատրաստվում է տանել նրան. «Ես այստեղ միայն քեզ կներկայացնեմ Հայոց Ղարաբաղի անգութ կեղեքման պատմությունը՝ 1920 թվականից սկսած, այն էլ՝ համառոտ ու պարզեցրած, որ քեզ համար մարսելի լինի, որ դու երբեք չմոռանաս մեր ցավը ու ավանդես քո թոռներին»8:

Իրապես, «Ղարաբաղը կրակների մեջ»-ը հրապարակագրական երկ է՝ մատուցված որոշակի գեղարվեստական հանդերձանքով: Ամեն դեպքում, Խանզադյանի վավերագրումները դուրս են գալիս անձուկ տեղեկատվության, օրագրության շրջանակներից՝ հաճախ գեղարվեստականանում են՝ դառնալով ֆելիետոն, ակնարկ, էսսե, պամֆլետ և այլն:

«Կործանման սկիզբը» խորագրով առաջին ասքում 1920-ական թվականների պատմական եղելությունները զուգահեռելով 1970-80-ականների անցուդարձի հետ՝ Խանզադյանը խորհրդածում է, բանավիճում, հեգնում, նկարագրում «եղբայրական» ժողովրդի՝ Ղարաբաղի հայության շրջանում իրականացրած սպանդի սահմռկեցուցիչ տեսարաններ, անխնայորեն քննադատում ազգամիջյան հարաբերությունների հոռի երևույթները, ազգային ինքնորոշման իրավունքի շարունակական ոտնահարումն ու անտեսումը, ցույց տալիս պատմական երևույթների պատճառահետևանքային կապերը, որոնց վկայակոչման նպատակը մեկն է՝ ընդգծել Արցախյան հարցի լուծման միակ ուղին՝ ինչ գնով ուզում է լինի՝ թոթափել տասնամյակների անպատիվ ստրկությունը և միավորվել մայր հայրենիքին:

Ամբողջ շարադրանքում պատկերավոր բացատրություններով Խանզադյանն ընդգծում է ԽՍՀՄ ղեկավարների անտարբերությունը, մեղկությունը, նաև մեղսակցությունը Ղարաբաղին պարտադրված ճակատագրի նկատմամբ:

«Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու հարցը Անդրերկրկոմը 1921 թվականի հունիս-հուլիս ամիսներին քննարկել է ութ անգամ: Ութ անգամ էլ որոշվել է երկրամասը վերադարձնել Հայաստանին: Սակայն… Սակայն չի վերադարձվել հենց իր՝ շատ բաներ խոստացող, քիչ բան կատարող Լենինի չարակամությամբ»9: Քանիցս շեշտվում է, որ ճակատագրական հարցում Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորն ու ՀԿԿ Կենտկոմի բյուրոն ոչ միայն շահագրգիռ չէին, այլև կատարյալ անզորություն ցուցաբերեցին՝ զուրկ պետական ըմբռնողությունից: «Երևանում մեր ղեկավարները,-գրում է Խանզադյանը,- գրեթե բոլորը չէին ուզում զբաղվել Ղարաբաղի հարցով կամ զբաղվում էին ահաբեկված, կիսատ-պռատ: Ավաղ, Հայաստանի այդ օրերի ղեկավարները ոչ թե մտահոգված էին Կարսի, Նախիջևանի ու Ղարաբաղի փրկության հարցերով, այլ «բոլշևիկորեն» միմյանց միս էին ուտում, իրենց լղարիկ զենքերն ուղղում ոչ թե հայությանը Նախիջևանում ոչնչացնող թուրքերի, այլ դաշնակցականների դեմ»10:

 Հայ պատմության խորքից եկող և մինչև մեր օրերը հասնող նույն ախտն է, որ Խանզադյանի գրչին փոխանցում է տխուր պարտականությունը արձանագրելու, պախարակելու խորհրդային ղեկավարների որդեգրած այդ այպանելի կեցվածքը, «պետական ու կուսակցական անզորությունը», որ կրկնվեց նաև շարժման տարիներին: «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը վախկոտաբար ժամանակին չարձագանքեց ԼՂԻ մարզի որոշմանը՝ մտնել Հայկ. ԽՍՀ-ի կազմի մեջ, որ կայացավ 1988-ի փետրվարի 20-ին: Այդ խնդարնքի քննարկումը հետաձգվեց ամբողջ չորս ամիս, մինչև Ադրբեջանի նարիմովականները կարողացան Մոսկվայում իրենց արյունոտ գիծն անցկացնել»11,- եզրակացնում է Խանզադյանը:

Արտաքին վտանգների ու դրանց պատճառների դեմ ընդվզող, ըմբոստացող Խանզադյանը հաճախ նույն վերաբերմունքն է արտահայտում ներքին վտանգների և նրանց հետևում թաքնվող պատասխանատուների դեմ:

Գրողը հրաշալի ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, փաստական նյութի առատ գործածությամբ էլ ներկայացնում է Արցախի ազատագրական պայքարի նախադրյալները: 20-րդ դարասկզբի ներքաղաքական վիճակի մանրակրկիտ նկարագրությունը մի նպատակ ունի՝ ի ցույց դնել նորօրյա իրականության կենսահիմքերը՝ պատմության փորձին առերեսվելու ճակատագրականությամբ:

Խանզադյանի համար հստակ է՝ «Ստալինի գռեհիկ միջամտությամբ որոշվեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում»12: Հայ ժողովրդի դեմ կատարված նոր ոճրագործության, պետական ու կուսակցական ուրացության պատասխանատուն հենց Նարիմանով-Ստալին երկյակն էր՝ Օսմանյան Թուրքիայի թելադրանքով: Նույնն արեց նաև Բրեժնև-Սուսլով սև լծասարքը՝ քանիցս մերժելով ԼՂԻՄ-ի՝ տարեցտարի նոսրացող հայ բնակչության կամավոր սկզբունքի դրսևորումները. ժողովուրդը նախ՝ 1966-ին 45.000 ստորագրությամբ, ապա 1977-ին՝ 70.000 ստորագրությամբ, հայրենիքին միավորվելու պահանջով դիմեց Մոսկվա՝ կրկնակի մերժվելով և շարունակելով ենթարկվել անօրինակ հալածանքների: 1977-ին, երբ ընդունվում էր նոր Սահմանադրությունը, ավելի քան մեկ միլիոն հայերի խնդրանքը Բրեժնևին, որ գոնե ԼՂԻ մարզի պաշտոնական անվանն ավելացվի «հայկական» տերմինը, ինչպես երկրի բոլոր մյուս ինքնավար մարզերն ունեին, ևս դեն նետեցին: Մեծագույն ցավով է Խանզադյանը երկրորդում պատմական այդ ցավալի փաստերը, ոգեսթափության կոչ անում՝ տալով համարձակ գնահատականներ:

Ներազգային բարդ իրադրության մեջ տեսակետների, դիրքորոշումների հստակ բանաձևումներով Խանզադյանը լուսաբանում է համազգային շարժման նպատակը, ձևավորում, ուղղորդում է հայ զանգվածներին, ստեղծում հանրային կարծիք: Իր համամիութենական հեղինակությամբ, գրչի ուժով, կոնկրետ գաղափարական աշխատանքներով Խանզադյանը մեծապես նպաստեց, որ շարժումը վերածվի համաժողովրդական պայքարի: Նա օրվա տագնապների մեջ էր, վերահաս իրադարձությունների, հանդիպումների ու քննարկումների կենտրոնում, որոնց մասին օրագրային ճշգրտությամբ ներկայացնում է իր մատյանում: Այսպես, օրինակ, «Դեպքերը նոր թափ են առնում: Գրողների տանն եմ: Ասացին՝ Մոսկվայից ժամանել են Դոգիխն ու Լուկյանովը: Մարդկային վիթխարի հոսանք է բարձրանում Բաղրամյան պողոտայով: Ես, Սիլվան, Հենրիկ Իգիթյանն ու Վարդգես Պետրոսյանը ևս միացանք ցուցարարներին: Հզոր, վեհ ցույց է Կենտկոմի շենքի առաջ»13 (23.08.88թ.),«Ժամը 12-ին գրողների ժողով կայացավ: Լսեցինք հայ ժողովրդին հղած Գորբաչովի ուղերձը: Իմ խոսքը սա է: - Ղարաբաղը Հայաստանին միավորելու շարժումը նոր չէ: 1965-ին ևս ծագեց: Մոսկվայից հանձնաժողով եկավ՝ Սեմիչաևսկու գլխավորությամբ: Ես ու Էդուարդ Թոփչյանը նրա հետ զրույց ունեցանք յոթ ու կես ժամ: Ասացի, որ Գորբաչովը ճիշտ չի դիրքորոշվում ազգային հարցում: Սխալ է, երբ միտինգներ անելը ոմանք որակում են իբրև վնասակար: Ասում են՝ ամրացնել մեր երկրի ազգերի բարեկամությունը: Այո, ամրացնել, բայց ոչ մեր՝ հայրերիս հաշվին: Մեր Կենտկոմում ոմանք մեզ մեղադրում են իբր մենք մթագնում ենք հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունը: Սա պրովակացիա է: Բայց ԼՂԻՄ-ի հարցը շուտափույթ պետք է քննարկվի Մոսկվայում՝ Հայկ.ԽՍՀ-ին վերադարձնելու որոշումով: Հայաստանի կառավարությունը պետք է իր բողոքը ներկայացնի Միութենական կառավարությանը և պաշտպանի ժողովրդի պահանջը: Սակայն Հայաստանի կառավարությունը վախկոտ է ու ոչինչ չի անում»(27.02.88թ.):

Պատմական փաստերի վկայակոչումներին զուգահեռ գրքում բերվում են «արյունոտ դեպքերի» նկարագրություններ, որպեսզի «շատ միամիտ հայերի համար պարզ լինի, թե ինչ դժոխային վիճակում է ապրում հայը հայի Ղարաբաղում: Ուզում եմ «ինտերնացիոնալիստ» կոչված քողով կուրացած շատերի աչքը բաց անել: Կհաջողվի՞, չգիտեմ»14: Խանզադյանն իրավունք ուներ այդքան հոռետես լինելու, գալիք օրերը գուշակելու: Եվ այդ բոլոր նախատեսությունները տարիներ անց շոշափելի իրականություն պիտի դառնային: Կյանքն ու իրականությունը ցույց տվեցին, որ այն, ինչ համարվում էր հոռետեսություն, իրականում հեռատեսություն էր ու հստակատեսություն: Հայ ժողովրդի տառապանքների ու տխուր ճակատագրի թիվ մեկ պատասխանատուն, Խանզադյանի համոզմունքով, խորհրդային վարչակարգն է, որ հաճախ թիրախ է դառնում նրա նոթագրումներում: «Օ՜, դժոխք, որիդ անունը «Խորհրդային է»15: Խանզադյանը, մատնանշելով պատմության չարաղետ փորձը, սուր քննադատություններ է ուղղում պետական ու կուսակցական հայ վերնախավին, որ «պարզապես անպետք զանգված է մեզ համար»։ Հայի գլխով անցնող սոսկալի իրողություններից հետո գոռալ, թե «մեր երկրում մարդու ազատություն է, ազգերի կատարյալ եղբայրություն, պարզապես անբարոյական սրտխառնուք է»,- գրում է Խանզադյանը: Ինչպես կարելի է համակերպվել հայի անարդար ճակատագրի հետ, «համակերպվելու հիմնական կողմնակիցներն ու քարոզիչները կուսակցական փափուկ աթոռների ու պետական լիքը ախոռների վրա նստածներն են»16:

Հայի փորձառությունը, գրողի ու մտավորականի առողջ բնազդը, ազգային խնդիրների լուծման համառ պարտավորվածությունը թելադրում էին Խանզադյանին՝ սթափ հետևելու իրադարձություններին, ժամանակին ու տեղին արձագանքելու կուսակցական հայավնաս ու պառակտիչ որոշումներին, Ադրբեջանի ղեկավարների պրովակացիոն ելույթներին, մամուլի հրապարակումներին, որոնց նպատակը բոլոր հնարավոր միջոցներով պատմական ճշմարտության պարտակումն էր: Հատկանշական են Զիա Բունիաթովի հայտնի կեղծաշարադրանքների վերաբերյալ Խանզադյանի կոշտ դիրքորոշումները, ժխտողական ելույթներն ու բաց նամակները: Գրքում նա առատ մեջբերումներ է անում իր ելույթներից՝ անխնայորեն մերկացնելով «խորհրդային ակադեմիկոսի սքեմ հագած», բարբարոս, ցեղասպան ու աշխարհաքանդիչ տարրերին նոքարի պես երկրպագող, «փորձված ու մոլի կողոպտիչ», պատմության ստոր կեղծարար Զիա Բունիաթովին: «Կամենա, թե չկամենա Բունիաթովը, հայ ժողովուրդը ավելի քան երեք հազար տարի շարունակ իր պետական կազմակերպված էությունն ու բովանդակությունն ուներ և ունի իր հայրենիք Հայաստանում: Կարծես թե հենց նրան նկատի ունենալով է ասվում՝ շունը հաչում է, իսկ քարավանը գնում է»17:  Արցախցիների ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով Խանզադյանն անընդհատ իր մտահոգություններն է արտահայտել խորհրդային ղեկավարներին ուղղված նամակներում ու դիմումներում: Վավերագրության մեջ Խանզադյանը զետեղել է Ղարաբաղի հարցի շուրջ տեղական ու միութենական մամուլին հղած իր բոլոր խնդրադիր գրությունները, որոնցից շատերը չեն հրապարակվել կամ հրապարակվել են զգալի կրճատումներով: «Երևանի «Կոմունիստը» իմ խոսքը չտպագրեց: Դե, պարզ է, «Կոմունիստը» ևս հայի թերթ չէ, իմ թերթը չէ»18: «Խորհրդային մամուլը կեղծում է ամեն ինչ: Այդ կեղծիքը ևս ուժ է ստանում պետությունից»19: Խանզադյանը քաղաբերումներ է արել նաև արտասհամանյան թերթերից, որոնք արձագանքել են օրվա իրադարձություններին և ավելի ճշգրիտ լուսաբանել Ղարաբաղյան հարցի էությունը՝ առանց տուրք տալու սովետական մտակաղապարներին:

Պատմական մեծ հնչեղություն ունեն հատկապես Բրեժնևին, Գորբաչովին Խանզադյանի հասցեագրած նամակները, որոնք ժամանակին լայն, կարելի է ասել ոչ միայն միութենական, այլև միջազգային արձագանքներ ունեցան: Վավերագրելով Ղարաբաղյան շարժման ծավալման գրեթե ամբողջ ընթացքը՝ Խանզադյանը մանրամասնորեն ներկայացնում է նաև այդ աղմկահարույց նամակների գրության շարժառիթներն ու կենսահանգամանքները:

Առաջին նամակը հասցեագրվել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին՝ 1975 թվականի մայիսի 13-ին: Ազդակը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի զեկուցումն էր մարզկոմի պլենումում, որ «հակահայկական, հակամարդկային, պանթուրքիստական հայհոյանքների կույտ էր»20: Զեկուցումը տպագրվել էր նաև «Խորհրդային Ղարաբաղ» թերթի 1975 թվականի մարտի 23-ի համարում, որից հետո հակահայկական նույն վտանգավոր կրակը բորբոքել էին նաև մարզի շրջանների բոլոր թերթերը: Կևորկովի վարքագծի մասին Խանզադյանը նախ հեռագրել էր Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին, որը չէր արձագանքել: Խանզադյանը կենտկոմի ղեկավարությանը մեղադրում է բացահայտ հայահալած քաղաքանություն վարելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը Ադրբեջանի ճիրաններում խեղդելու համար: Այնինչ «թե՛ ազգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նկատառումներով Ղարաբաղի Հայկական Ինքնավար Մարզը պետք է մտնի Հայկական Հանրապետության կազմի մեջ»: Նա Բրեժնևի ուշադրությունն է հրավիրում Ղարաբաղի պատկանելության հարցը հանկարծագյուտ վճռելու՝ Կևորկովի ապօրինի կեցվածքին և պատասխան ակնկալում՝ հորդորելով զսպել զազրախոսին: Խանզադյանը համոզմունք է հայտնում, որ «Խորհրդային պետության ստեղծման առաջին օրերից օրակարգի մեջ մտած Ղարաբաղի հարցը կլուծվի, այն կվերադարձվի Հայկ. ԽՍՀ-ին, դրանով իսկ կամրապնդվի հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև եղած բարեկամությունը, ինչ-որ չափով կբարձրացվի մեր սոցիալաիստական կարգերի վարկաբեկված հեղինակությունը»21: Խանզադյանը ցավով նշում է, որ նամակի պատասխան չստացավ, ավելին՝ բոլոր փորձերը՝ այն մամուլում հրապարակելու, ապարդյուն անցան:

Երկրորդ բաց նամակը Բրեժնևին Խանզադյանը հասցեագրել է 1977 թվականի հուլիսին: Նոր նամակի առիթը «Проблемы мира и социализма» ամսագրի 1977 թվականի թիվ 6 համարում հրապարակված մի հոդվածն էր, որում հերթական անգամ աղավաղվում էր Ղարաբաղի պատմությունը: 32 լեզվով տպագրվող և աշխարհի 145 երկրներում տարածվող պարբերականի հրապարակումը ստիպում է Խանզադյանին՝ կրկին դիմելու ԽՍՀՄ ղեկավարին՝ պահանջով. «Մեր միասնական հզոր պետության սահմաններում գտնվող զուտ հայկական մարզը, ավելի քան 8 տոկոս հայ բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում»22: ԽՍՀՄ առաջին դեմքը պարտավոր է լուծել մի հարց, որ «ավելի քան կես դար անարդարություն է մարմնավորում» և որի արդարացի լուծումը «կգնահատվի որպես ազգային քաղաքականության հաղթանակ»:

Խանզադյանը նույն ընթացքում նամակ է հղել նաև ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Ե.Տյաժլնիկովին և գրքում քաղաբերումներ արել նաև այդ նամակից: Նա հիշեցնում է, որ Ղարաբաղի խնդիրը գոյություն ունի 1921-1923 թվականներից, երբ հայկական մարզը ապօրինի մտցրին Ադրբեջանի կազմի մեջ: Նամակում խոսում է նաև Նախիջևանի մասին՝ որպես նույն անարդարության դրսևորում: Ժամանակն է արդարամտությամբ ու սկզբունքայնությամբ նայելու ճշմարտության աչքերին և Ղարաբաղը վերադարձնել Հայկական ԽՍՀ-ին:

Խանզադյանը խստադատ մի նամակ էլ հղել է «Проблемы мира и социализма» ամսագրի խմբագրությանը՝ մասնավորապես նշելով. «Ձեր հրապարակած ռեպորտաժի շատ երզարակցություններ ու վկայություններ պարզապես հրեշավոր են: Դուք մի ամբողջ ժողովրդի ամենից սրբազան զգացմուքներն եք վիրավորել»23: Երկու նամակներն էլ անպատասխան են մնացել: Եվ քանի օր «Проблемы мира и социализма» ամսագիրը տպագրվում էր Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում, Խանզադյանը մի նամակ էլ հասցեագրում է այդ երկրի ղեկավար Հուսակ Գուստավին, հորդորում արձագանքել հայ ժողովրդի արդար պահանջին և դատապարտել շրջանառվող կեղծիքը: «Համոզված եմ, որ շուտ թե ուշ, Ղարաբաղյան հարցը պետք է որոշվի: Չի կարելի հանդուրժել այն, որ Հայկական Ինքնավար Մարզը անջատված է իր մայր հայրենիքից»24:

Բրեժնևին հղած երկրորդ նամակը վիթխարի արձագանք ունեցավ աշխարհասփյուռ հայության շրջանում: Առաջինն այն տպագրեց սփյուռքի «Զարթոնք» թերթը(1977թ., հոկտեմբերի 20), հետո աշխարհի գրեթե բոլոր հայկական թերթերը: Այն թարգմանվեց ու հրապարակվեց նաև այլ լեզուներով, հաղորդվեց հեռուստացույցով, ռադիոյով:

Նամակի առաջ բերած աղմուկից հետո Խանզադյանին իր մոտ է կանչել նաև Կարեն Դեմիրճյանը, պարզաբանումներ պահանջել: «Այսպես՝ մի ամսվա ընթացքում ութ անգամ ինձ կանչեցին Կենտկոմ»,-հիշում է Խանզդայանը25: Նամակի առնչությամբ վավերագրության մեջ նա քաղաբերումներ է անում նաև սփյուռքահայ մամուլի ոգեշունչ արձագանքներից: «Հայ ազգի արժանագույն զավակներից մեկի» սխրալից քայլին բանտից շտապել է գնահատական տալ նաև Գուրգեն Յանիկյանը, որ, Խանզադյանի վկայությամբ, «մինչև իր հերոսական գործը կատարելը մեկ տարի առաջ եղել է իմ տանը(Նորքում)»: Խանզադյանի հանրահռչակված նամակին 1978 թվականին արձագանքել է նաև Բեյրությում Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ լույս տեսնող «Սփյուռք» շաբաթաթերթը՝ «Ղարաբաղ և անոր պաշտպանները» վերտառությամբ հոդվածով, որին ամենայն հավանականությամբ Խանզադյանը ծանոթ չի եղել և չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ ազատախոհ «Սփյուռք»-ը բառիս բուն իմաստով մերժված էր Հայաստանում, որովհետև հանդգնել էր 1958 թվականից արդեն Ղարաբաղի հարցը արծարծել՝ դառնալով հիմնախնդրի բարձրաձայնման առաջամարտիկը ոչ միայն Սփյուռքի, այլև հայ մամուլի պատմության մեջ ընդհանրապես: Հոդվածի հեղինակ Լևոն Երկաթը, ողջունելով հայրենի գրողին համահայկական շահեր հետապնդող բաց նամակի համար, զուգահեռ մեղադրում է արտասահմանի հայ քաղաքական կուսակցություններին, որոնք քար լռություն են պահպանում հայկական հողերի հարցի վերաբերյալ: Վավերագրության մեջ Սերո Խանզադյանի արտահայտած այն համոզմունքը, թե «միջազգային մասշտաբով Հայ Դատը առաջ է մղվում նաև Բրեժնևին գրածս իմ նամակ-պահանջի շնորհիվ», փոքր-ինչ ինքնագովություն է, որովհետև հարցին միջազգային հնչեղություն տվեց «Սփյուռք» պարբերականը՝ ի դեմս խմբագրապետ Սիմոն Սիմոնյանի, որ 1960 թվականին առաջին բաց նամակը հասցեագրեց Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ հրապարակելով հենց «Սփյուռք»-ում:

Վավերապատումի երկրորդ ասքը՝ վերնագրված «Մարտը տալիս է ձնծաղիկ», գրեթե եղեռնապատում է: Խանզադյանը նկարագրում է Սումգայիթյան դեպքերը, փաստավավերագրական ճշգրտությամբ ներկայացնում Սումգայիթում հայերի նկատմամբ կատարված բռնությունները՝ հենվելով ականատեսների վկայությունների, փաստական հարուստ նյութի վրա: «Սումգայիթի հայերի կոտորածը նման է 1915-ի Կ. Պոլսի հայերի նախնական ջարդին»,- դառնորեն եզրակացնում է Խանզադյանը և պատում առ պատում բացում այդ զարհուրելի օրերի երակները: «Մեր ձնծաղիկները, սակայն, սպիտակ չեն, այլ կարմիր՝ հայի արյամբ ներկված»:

Ամփոփենք. Խանզադյանի «Ղարաբաղը կրակների մեջ» գեղարվեստական վավերագրության մեջ ներկայացված է Ղարաբաղյան շարժման ամբողջ ընթացքը՝ հիմնականում օրագրային ու փաստագրական եղանակով, ինչը հնարավորություն է տալիս բոլոր նրբերանգներով պատկերացնելու ժամանակին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները, Արցախյան ազատամարտի պատմաքաղաքական նախադրյալները, ժողովրդի հերոսական ոգու թռիչքը, միահավքվելու, մեկտեղվելու զորընդեղ կամքը՝ հանուն Արցախի գոյահաստատման: Գրող-վավերագրի գրչի տակ հմտորեն ու բազմակողմանիորեն, հաճախ պատմաքննական լուսաբանման են ենթարկվել Արցախյան համազգային շարժման ծավալման բարդ ու ոչ միանշանակ գործընթացները, օբյեկտիվորեն երևակվել հիմնահարցի հետագա զարգացումներն ու հնարավոր բոլոր ելևէջները, որոնց կենտրոնում հենց ինքն է՝ Արցախյան շարժման նախանձախնդիրներից ու դրոշակակիրներից մեկը, ազատագրության դարավոր երազի օրհներգուն: Խանզադյանը հաճախ պատմագետի հայացքով է փորձում բացահայտել Ղարաբաղյան հարցի առաջացման խորքային պատճառահետևանքային կապերը, թե ինչու՞ և ինչպե՞ս այն դուրս մղվեց դիվանագիտական ակտիվ գործառույթների քաղաքական դաշտից՝ պարզապես տեղափոխվելով խորհրդային հանրապետությունների շահադիտական հարաբերությունների ոլորտ: Գրողն անընդհատ վերակոչում է պատմության դասերը, որովհետև Արցախյան հիմնախնդրին վիճակված էր առերեսվել պատմության դառը փորձի հետ:

 

 Ծանոթագրություն

1.         Խանզադյան Ս., Ղարաբաղը կրակների մեջ, Ե., 2006, էջ 3:

2.         ՀՀ ԱԱ,ֆ. 875, g. 16, գ.152, թ. 8, տպագիր, բնագիր:

3.         ՀՀ ԱԱ, ֆ.798, g. 1, գ. 1009, թ.161, տպագիր, բնագիր:

4.         ՀՀ ԱԱ, Ֆ. 798, g.1, գ.1013, թ. 24-26, տպագիր, պատճեն:

5.         Նույն տեղում, էջ 16:

6.         Նույն տեղում, էջ 4:

7.         Նույնտեղում, էջ 4: 

8.         Նույն տեղում, էջ 4:

9.         Նույն տեղում, էջ 6

10.       Նույն տեղում, էջ 7:

11.       Նույն տեղում, էջ 7:

12.       Նույն տեղում, էջ 8:

13.       Նույն տեղում,էջ 109:

14.       Նույն տեղում,էջ 29:

15.       Նույն տեղում, էջ 66:

16.       Նույն տեղում, էջ 67:

17.       Նույն տեղում, էջ 60:

18.       Նույն տեղում, էջ 145:

19.       Նույն տեղում, էջ 165:

20.       Նույն տեղում, էջ 37:

21.       Նույն տեղում, էջ 39:

22.       Նույն տեղում, էջ 42:

23.       Նույն տեղում, էջ 44:

24.       Նույն տեղում, էջ 45:

25.       Նույն տղում, էջ 46:

 

 

 

 

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն

16.07.2024 10:35

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն

15.07.2024 23:50

Մեր աղոթքներն Արցախի համար են, հայացքները` դեպի Արցախ․ Դադիվանքի վանահայր. Տեսանյութ

15.07.2024 21:42

«Հյուսիս-Հարավը» ռազմաքաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար․ ԱԶԲ ներկայացուցիչները Սյունիքում են

15.07.2024 21:40