Սեյրան Բալասանյանը 80 տարեկան է

19.06.2025 10:02
923

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն (1997-2012թթ), «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Շամիրի Բալասանյանը 80 տարեկան է։

Ծնվել է 1945թ. հունիսի 19-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Կաղնուտ գյուղում: 1963թ. ոսկե մեդալով ավարտել է Ղափանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել  ԵրՊԻ-ի «Ավտոմատիկա ու հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի ավտոմատիկայի եւ հեռուստամեխանիկայի բաժինը: 1968թ. գերազանցության դիպլոմով ավարտելով ինստիտուտը` անցել է գիտամանկավարժական աշխատանքի «Ավտոմատիկա եւ հեռուստամեխանիկա» ամբիոնում:

1968-1970թթ. խորհրդային բանակում լեյտենանտի զինվորական կոչումով ծառայության ավարտից հետո Ս. Բալասանյանը վերադարձել է ԵրՊԻ, որտեղ եւ անցել է նրա ողջ աշխատանքային ուղին: Աշխատել է «Ա եւ Հ»., այնուհետեւ 1978թ կազմավորված «Ավտոմատացված կառավարման համակարգեր» («ԱԿՀ») ամբիոններում ասիստենտի եւ ավագ դասախոսի պաշտոններում:

Ասպիրանտական տարիներին ուսումնասիրել է բարդ տեխնիկական համակարգերի մոդելավորման հիմնահարցերը, որոնց նվիրված թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1983թ. եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա դոցենտի գիտական կոչում: 1992-1997թթ. ղեկավարել է ՀՊՃՀ «ԱԿՀ» ամբիոնը:

1997 թվականից ՀՊՃՀ-ի նոր կազմավորվող Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում սկսվեց Ս. Բալասանյանի աշխատանքային գործունեության մի նոր փուլ՝ լի արարման հաճելի եւ դժվարին  պահերով: Բուհական ավանդույթներ չունեցող Կապանում ձեւավորվեց մասնաճյուղի վեց ամբիոն, որոնք համալրվեցին մետալուրգիայի, քոմփյութերային, սխեմատեխնիկայի լաբորատորիաներով, հեռավար ուսուցման եւ տեխնոլոգիական կարողություններով լսարաններով: Սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելով ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ` Ս. Բալասանյանին հաջողվեց կոմբինատի ֆինանսական աջակցությամբ կազմակերպել գլխավոր եւ ուսումնալաբորատոր մասնաշենքերի հիմնանորոգումը, վերականգնել ջեռուցման համակարգը, քայքայումից փրկել մյուս մասնաշենքերը։ Անգնահատելի է Ս. Բալասանյանի ավանդը  բարձր ճնշման մայրուղային ջրատարի վթարի հետեւանքով լրջորեն վնասված գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման գործում: Նա կարողացավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության շուրջ 46 մլն դրամ միջոցներն ուղղել վթարված մասնաշենքի հիմնանորոգմանը:

Մեծ է Ս. Բալասանյանի ավանդը Սյունիքի մարզում ինֆորմատիկայի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման ու տարածման ասպարեզում: Նրա ղեկավարությամբ «Եվրասիա» հիմնադրամի միջոցներով մասնաճյուղում կազմակերպված համակարգչային դասընթացներում 1998-2002 թթ. վերապատրաստվել եւ վերաորակավորվել է Սյունիքի մարզի շուրջ 250 ունկնդիր՝ նախկին ճարտարագետներ, տեխնիկներ, ուսուցիչներ եւ բանվորներ: Նրա նախաձեռնությամբ հիմնադրված  ՏՏ ոլորտի «Սյունի-քոմ» ՍՊ ընկերության եւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ջանքերով համացանցը (Ինտերնետը) 2000թ. հունվարին մուտք գործեց Սյունիքի մարզ՝ մեծապես նպաստելով մարզի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ ՏՏ ոլորտի ճարտարագետների պատրաստմանը:

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնավարման ողջ ընթացքում Ս Բալասանյանի մշտական ուշադրության կենտրոնում էին մասնաճյուղի դասախոսական կազմի, աշխատողների եւ ուսանողության ոաումնաաշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը: 2006 թվականից մասնաճյուղի դասախոսական կազմի աշխատավարձերը հավասարեցվեցին Երեւանի կրթահամալիրի դասախոսական կազմի աշխատավարձերին, իսկ 2012թ. 15%-ով գերազանցվեց այդ ցուցանիշը:

Ս. Բալասանյանի անմիջական ղեկավարությամբ եւ գործուն մասնակցությամբ է 1998թ. կազմավորվել մասնաճյուղի կառավարման ավտոմատացված համակարգերի եւ ինֆորմատիկայի (հետագայում՝ («ՏՏ եւ Հ») ամբիոնը, որը հասարակական հիմունքներով ղեկավարել է մինչեւ 2013թ.: Ամբիոնի լաբորատորիաները հագեցվել են ինտերնետին լծորդված արդիական քոմփյութերներով, տեղեկատվության արտապատկերման ու հեռատեսակապի ժամանակակից սարքավորումներով:

Ս. Բալասանյանը կարողացել է դասախոսական եւ գիտամեթոդական աշխատանքը հաջողությամբ զուգակցել տնօրենի, իսկ 2012-2019 թվականներին` տնօրենի գիտական գծով տեղակալի վարչական աշխատանքների հետ: Ս. Բալասանյանը 2019թ հունվարից նշանակվել է մասնաճյուղի «ՏՏ եւ Հ» ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Նա հրատարակել է շուրջ 30 ուսումնամեթոդական աշխատանք, այդ թվում՝ 7 ուսումնական ձեռնարկ եւ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հաստատված մեկ բուհական դասագիրք, որն արժանացել է ՀՊՃՀ-ի 2009թ. հրատարակված «Լավագույն ուսումնական ձեռնարկի» մրցանակաբաշխության 1-ին մրցանակին:

Արգասաբեր է Ս. Բալասանյանի գիտահետազոտական գործունեությունը: Նրա ղեկավարությամբ գործող գիտական խումբը 2001-2003թթ. Գյումրու մասնաճյուղի եւ Երեւանի կրթահամալիրի գիտական խմբերի հետ համատեղ մասնակցել է մոլիբդենի հանքանյութի ֆլոտացման տեխնոլոգիական գործընթացի ԱԿՀ-ի մշակմանը նվիրված, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) կողմից ֆինանսավորվող  նախագծին: 2012-2014թթ. ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ս. Բալասանյանի ղեկավարությամբ գործող խումբը հաջողությամբ կատարել է «Մոլիբդենի հանքանյութի ֆլոտացման տեխնոլոգիական գործընթացի հավանականային կառավարման մոդելի մշակումը» թեմայով գիտահետազոտական նախագիծը, որի արդյունքները ներկայումս գտնվում է ներդրման փուլում:

2015թ. Ս. Բալասանյանը պաշտպանել է «Բարդ տեխնոլոգիական համակարգերի ստրատիֆիկացված մոդելավորման հիմունքների մշակում՝ հուսալիության հաշվառմամբ»  թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2016 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում:

Նա հեղինակ է 100 հրապարակված գիտամեթոդական աշխատանքի, այդ թվում` Գերմանիայի Դաշնությունում հրատարակված մեկ գիտական մենագրության: Արժանացել է ՀԱՊՀ-ի 2011-2012թթ. հրապարակված «Լավագույն գիտական հոդվածաշար» մրցանակաբաշխության 1-ին մրցանակին: Շնորհիվ արտերկրում հրապարակված գիտական հոդվածների,  Ս Բալասանյանը ձեռք է բերել միջազգային ճանաչում այսպես, ըստ Research Gate գիտնականների միջազգային ցանցի՝ Ս Բալասանյանի գիտական հոդվածներն արժանացել են արտերկրի շուրջ  300 հայտնի գիտնականների ուշադրությանը։ 2024թ արտերկրում   հրատարակված գիտական հոդվածի հեղինակ  ՍԲալասանյանը  արժանացել է ՀԱՊՀ–ի ղեկավարության պարգևավճարին։

Ս. Բալասանյանը հնարավորինս օժանդակել է դասախոսների գիտահետազոտական գործունեությանը: 2007-2017 թթ. ընթացքում մասնաճյուղի 6 դասախոս եւ 7 ուսանող պաշտպանել են թեկնածուական, իսկ մեկ դասախոս՝ դոկտորական ատենախոսություն: Նա ղեկավարել է շուրջ 20 մագիստրոսի եւ 4 ասպիրանտի ատենախոսություն, որոնցից 2-ը հաջողությամբ պաշտպանել  են:

Ս. Բալասանյանը զգալի աշխատանք է կատարել մասնաճյուղի միջազգային համագործակցության ոլորտում: Նա 1999-2009 թթ. գործուն մասնակցություն է ունեցել ՀՊՃՀ-ի կողմից իրականացվող Tempus-Tacis միջազգային ծրագրերին, որոնք նվիրված են եղել համալսարան-արդյունաբերություն համագործակցության զարգացմանը, ՀՊՃՀ-ի ստրատեգիական պլանի մշակմանը, եվ կրեդիտային համակարգի ներդրմանը:

2012–2025 թթ մասնաճյուղն առաջին անգամ, որպես ինքնուրույն կատարող, մասնակցել է «Արդյունաբերական համագործակցություն եւ ստեղծագործ ճարտարագիտական կրթություն` հիմնված հեռավար ու վիրտուալ գործիքակազմի վրա» (530278-TEMPUS-1-2012-1-DE-TEMPUS-JPHES) նախագծին: Ս. Բալասանյանը նախագծի տեղային համակարգողի կարգավիճակով`  իր փոքրաթիվ թիմով, հաջողությամբ իրականացրել է այն: Այդ նախագծի շրջանակում ձեռքբերված 27000 եվրո արժողությամբ GOLDI հեռավար հիբրիդային լաբորատորիան նրա ջանքերով 2018 թվականից հաջողությամբ ներդրվել է մասնաճյուղի «ՏՏ եւ Հ» ամբիոնի ուսումնական գործընթացում:

Ս. Բալասանյանը 2011-2014թթ. եղել է ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ:

2016 թվականից ՀԱՊՀ-ում գործող դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության «Կառավարում եւ ավտոմատացում» 032 մասնագիտական խորհրդի անդամ է:

Երիտասարդական ավյունով լի Ս. Բալասանյանն առանց ջանք ու եռանդ խնայելու «ՏՏ ևՀ» ամբիոնի ղեկավարի պաշտոնում շարունակում է իր պատասխանատու գիտամանկավարժական գործունեությունը` ապահովելով մասնաճյուղի հետագա առաջընթացը:

Ս. Բալասանյանի բազմամյա, անբասիր աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել: Նա պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2008թ),  ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալով (2007թ.), ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով (2003թ.), ԼՂՀ «Մայրություն» կոմիտեի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով (2009թ.), Կապան համայնքի «Կապան» մեդալով (2024թ.)։

Հմուտ, բանիմաց եւ գործունյա անձնավորություն է պրոֆեսոր Ս. Բալասանյանը: Պարկեշտ է, օրինավոր, օժտված է բարձր բարոյակամային հատկանիշներով, մասնաճյուղում պահպանում եւ տարածում է պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները: Պահանջկոտ է իր, գործընկերների եւ ուսանողների հանդեպ: Անհաշտ է բացասական երեւույթների նկատմամբ:

Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները եւ ուսանողությունը սրտանց շնորհավորում են Սեյրան Բալասանյանին` 80-ամյակի եւ աշխատանքային գործունեության 55-ամյակի առթիվ, մաղթում են ամուր առողջություն և համատեղ բեղմնավոր աշխատանք ։

 

Հերմինե Գեւորգյան

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ

եւ համակարգեր» ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու

 

 

 

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06