ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կապանի քաղաքապետ
Սիրելի՛ համաքաղաքացիներ
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլեւ ամենահին տոնն է: Չնայած այն տարբեր ազգեր տարբեր կերպ են նշում, սակայն, Ամանորի խորհուրդն ամենուր նույնն է` այն ավետում է նորի սկզիբը, իսկ հին տարին իր հետ տանում է անցանկալին ու անհաջողությունը: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին եւ գալիք տարվա համար ասել բարեմաղթանքներ, ունենալ հույսեր ու ակնկալիքներ: Անցնող տարում եղան ակնհայտ ձեռքբերումներ, ինչը մեր քաղաքի համար առաջընթացի ու բարեկեցության սկիզբ է, ունեցանք նաեւ բացթողումներ: Սակայն, մի կողմ թողնելով չիրականացված ծրագրերը, որոնք միասին, ստեղծագործ աշխատանքով իրականացնելու ենք գալիք տարում, ուրախությամբ նշեմ, որ 2013-ին Կապանում ծնվել է ավելի քան 430 երեխա, կազմվել 235 ընտանիք, Հայոց բանակի շարքերը համալրել մոտ 110 կապանցի երիտասարդ: Լիահույս եմ, որ եկող տարի այս թվերը նկատելիորեն աճելու են:
Սիրելի՛ կապանցիներ
Համոզված եմ, որ գալիք` 2014 թվականը, Կապանի ու կապանցիների համար լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք` ամուր կապերով հայրենի քաղաքում ապրելու եւ արարելու համար: Թող ձեր օջախներում մշտապես թեւածեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն, բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա, միշտ ժպտան մեր մայրերը: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։
ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Սիրելի հայրենակիցներ
Նոր տարին եւ հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս` անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին: Ի վերջո, դրանք տոներ են, որոնցից հույս է ճառագում, մարդեղություն բխում, միմյանց հանդեպ սեր եւ հանդուրժողականություն ծորում: Այնպես որ` ե՛ւ Ամանորը, ե՛ւ Սուրբ ծնունդը մեզ համար նվիրական տոներ են, յուրաքանչյուրիս համար սպասված տոներ:
Ես շնորհավորում եմ բոլոր սյունեցիներին` Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոնի առիթով: Դժվարությունները, որոնց բախվել է մեր ժողովուրդը, պետք է հաղթահարվեն օր առաջ, քանզի դրանք թանկ են նստում հայ մարդու եւ առհասարակ հանրապետության վրա:
Մեր միասնական ջանքով թող այդ դժվարությունները գոնե մասնակիորեն հաղթահարվեն 2014 թվականին:
Թող լինի այնպես, որ յուրաքանչյուրիս վաղվա ծրագրերը կապված լինեն Հայաստան աշխարհի հետ, եւ հայ մարդը երբեք ջերմություն ու ապահովություն չփնտրի օտար ափերում:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:
ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ
«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրենը
Սիրելի կապանցիներ,
Շնորհավորում եմ Ձեր Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:
Ցանկանում եմ, որ 2014 թվականը մեր հայ ժողովրդի համար լինի նոր հաղթանակների, նվաճումների եւ սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի:
Թող որ խաղաղությունն ու համերաշխությունը, առողջությունն ու երջանկությունը ձեր օջախների անբաժան մասը կազմեն:
Թող որ Աստված օրհնի ձեր ընտանիքները:
Ուրախ եւ անվտանգ Նոր տարի բոլորին:
Իմ ընտանիքից ձեր ընտանիքին՝
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
ՍԵՐԳԵՅ ՊՈԼՈՎԻՆԿԻՆ
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Ինձ համար հաճելի է այս հնարավորությունը` շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասելու տարվա ամենաբաղձալի տոների` Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով:
Ես տնտեսության ներկայացուցիչ եմ եւ կյանքի ու հասարակության ընթացքի հանդեպ իմ պատկերացումներն ու չափանիշներն ունեմ:
Ուզում եմ, որ 2014 թվականը, նախեւառաջ, խաղաղության, զարգացման ու կայունության տարի լինի Հայաստանի Հանրապետության համար:
Ուզում եմ, որ հանրապետությունում եւ մասնավորապես Սյունիքի մարզում ու Մեղրու տարածաշրջանում մարդկանց զբաղվածության խնդիրը հնարավորինս լուծվի, որ յուրաքանչյուր ոք իր մասնագիտությանն ու կարողություններին համապատասխան իրեն դրսեւորելու հնարավորություն ու ասպարեզ ունենա, որ սոցիալական ապահովության եւ աղքատության մասին խոսելու առիթ այլեւս չունենանք, ինչի ուղղությամբ, ի դեպ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն իրենից կախված ամեն ինչ անում է: Ուզում եմ, որ ամեն մի հարկի տակ երջանկություն, փոխըմբռնում ու համաձայնություն տիրի, որ ամեն մի օջախում մանկան ճիչ ու բերկրանք լինի:
Ուզում եմ, ի վերջո, որ Հայոց աշխարհում թագավորի հույսը, հավատը եւ սերը:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:
ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆ
1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ
1-ին զորամիավորման փառահեղ տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով: Արժեւորելով անցնող տարին, կարող եմ հպարտությամբ ասել, որ ի հեճուկս հակառակորդի, զորամիավորման ենթակա ստորաբաժանումները հաջողությամբ են կատարել 2013թ. համար նախատեսված բոլոր ծրագրերը: Մասնավորապես` բարձր արդյունքներով անցկացվեցին մի շարք հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ` ենթակա զորամասերի, զորախմբերի մասնակցությամբ:
1-ին զորամիավորումը Սյունիքի մարզի անբաժանելի մասն է դարձել, համախումբ եւ միասնական է նրա ժողովրդի հետ, եւ 2013 թվականին ձեռք բերած բոլոր հաջողություններն էլ ընդհանուր են: Հնարավոր չէ դիտարկել սյունեցուն եւ նրա զինվորին առանձին-առանձին: Նրանց միասնականությունը դարերն են կնքել: Մարզն իրենով արդեն իսկ հզոր է` իր առանձնահատուկ զինվորասիրությամբ, զինվորանվիրվածությամբ, իր տարածքով ու ժողովրդով, իր անցյալ ու ներկա հերոսական տարեգրությամբ, քաջ որդիներով, իր հայրենապաշտ իշխաններով, ազգանվեր գիտնականներով ու մշակույթով, ի վերջո, իր հոգեւոր-մշակութային արժեքներով, Տաթեւ հոգեւոր համալիր-կենտրոնով: Հպարտ եմ եւ ուրախ, որ մեր զորամիավորումը տեղակայված է Սյունիքի մարզում, որի արմատները հերոսական Սյունիքի դարերի մեջ են մխրճված, իսկ սաղարթները թրծվել են Արցախյան գոյամարտում: Այսօր` զորամիավորման առկայությամբ, Սյունիքի հզորությունը կրկնապատկվել է, եւ, Աստված մի արասցե, եթե մի նոր պատերազմական փորձություն պատուհասի, համոզված եմ, Սյունիքի ժողովուրդը նորից ոտքի կելնի եւ կկանգնի իր զինվորի կողքին: Ուրախությամբ պետք է ասեմ, որ ողջ զորամիավորման յուրաքանչյուր զինծառայողի եւ մարզի բնակչության միջեւ հաստատված սերն ու նվիրվածությունը փոխադարձ է: Մենք բոլորս` հրամանատարից մինչեւ շարքային, սիրում ենք քաջերի այս հողը, նրա ժողովրդին եւ պատրաստ ենք հակառակորդի կողմից արվող յուրաքանչյուր ոտնձգություն կանխել, արժանի հակահարված տալ, սրբորեն պաշտպանել Սյունիքը` մեր երկրի կարեւորագույն հարավ-արեւելյան դարպասը, նրա հպարտության ու հարստության շտեմարանը:
Սյունիքի ողջ ժողովրդին, որի անբաժանելի մասն ենք նաեւ մենք` զորամիավորման զինծառայողներս, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան աստվածապարգեւ տոների կապակցությամբ բարեմաղթում եմ իրեն միանգամայն արժանի խաղաղություն, ամուր առողջություն եւ բարեկեցություն:
Թող իր հպարտ լեռների պես մշտապես անսասան եւ ամուր մնա սյունյաց դարպասը, սյունեցին հարատեւ լծվի խաղաղ եւ շինարար կյանքի: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմելով զինվորներին, ասել է. «Այսօր խաղաղություն է միմիայն այն պատճառով, որ դուք հիմա գտնվում եք շարքում: Բացի այդ, թշնամին գիտե, որ դուք պատրաստ եք ցանկացած պահի պատասխանել ցանկացած ոտնձգության, վստահ է, որ ստանալու է արժանի հակահարված»:
Թող մեր մարտունակ զորամիավորումն իր մարտական պատրաստությամբ ու պատրաստակամությամբ էլ ավելի զորեղանա, նրա ամեն զինվորը, որ նվիրյալ եւ հայրենիքին ցմահ որդեգրված է, դառնա Սյունյաց անառիկ բերդ-լեռներից մեկը եւ սրբորեն պահպանի Սյունյաց հողի խաղաղությունն ու անդորրը:
Թող բոլորս մշտապես գտնվենք շարքում:
Շնորհավոր բոլորիս Ամանորը:
ՄԵՐՈՒԺԱՆ ԱԹԱՅԱՆ
Քաջարանի մարզադպրոցի տնօրեն
Քաջարանի մարզադպրոցը, համագործակցության նոր հորիզոնների ակնկալմամբ, Ամանորի ողջույն ու շնորհավորանք է հղում Սյունիքի մարզի մարմնակրթական բոլոր հաստատությունների գործընկերներին: Երկբայելու չէ, որ սպորտի առաջընթացը ներառում-պայմանավորում է պետականության կայացման ու հասարակական կյանքի առաջընթացի չափորոշիչները: Թող նորամուտ 2014-ը լինի մարզաշխարհի աննախընթաց համերաշխության, նոր բարձունքների նվաճման, մանկության եւ պատանեկության առողջության կազմակերպման սիրառատ տարի:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:
ԱՌՈՒՍՏԱՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Սյունիքի մարզի Գոռհայք համայնքի ղեկավար
Անցնող տարին մեր համայնքի համար եթե շատ բարեբեր էլ չէր, ապա անհաջողներից մեկը չի կարելի համարել: Գյուղապետարանին հաջողվել է ապահովել հարկերի հավաքումը, ամրապնդվել է համայնք-գյուղապետարան կապը: Առաջին անգամ նշել ենք համայնքի տոնը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում բնակչության, այդ թվում՝ երիտասարդության համար:
Գալիք տարվա համար համայնքում շատ ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում նախատեսել ենք նորոգել ջրամատակարարման ներքին ցանցը, երիտասարդների զբաղմունքի կենտրոնը:
Մենք հպարտությամբ, ապագայի հանդեպ հույսով ու հավատով ենք ոտք դնում նոր տարվա շեմին, եւ այդ ակնկալիքով էլ շնորհավորում եմ գյուղի աշխատողների, ամբողջ Սյունիքի բնակչության եւ հայ ժողովրդի Նոր տարին, ցանկանում բեղմնավոր աշխատանք եւ գոհացնող արդյունքներ: