Հարգելի՛ գրադարանավարներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առիթով։
Դարեր ի վեր գիրքն ու գիրը հայ ժողովրդի համար եղել են գիտելիքի, կրթության և մտավոր զարգացման կարևորագույն աղբյուր։ Այս արժեքավոր ժառանգության պահպանման, շարունակական փոխանցման և նոր սերնդին հասանելի դարձնելու գործում առանձնահատուկ դեր ունի գրադարանը, իսկ այդ կարևոր աշխատանքն իր ամենօրյա նվիրումով իրականացնում է գրադարանավարը։
Գրադարանավարը պարզապես գրքի պահապանը չէ։ Նա իր աշխատանքով նպաստում է գիտելիքի և մշակույթի տարածմանը, ընթերցանության նկատմամբ սիրո ձևավորմանը՝ յուրաքանչյուր ընթերցողի համար բացելով նոր գաղափարների և բացահայտումների ճանապարհ։ Գրադարանավարի ամենօրյա աշխատանքի շնորհիվ գրադարանը շարունակում է մնալ այն առանձնահատուկ միջավայրը, որտեղ հանդիպում են գիրքը, մարդն ու գիտելիքը։
Վստահ եմ, որ մեր համայնքի գրադարանները շարունակելու են պահպանել իրենց կարևոր դերը՝ որպես հոգևոր-մշակութային կենտրոններ՝ հասանելի ու բաց յուրաքանչյուրի համար։
Սիրելի՛ գրադարանավարներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, մասնագիտական նոր ձեռքբերումներ։ Թո՛ղ տարեցտարի շատանան ձեր ընթերցողները, իսկ գրքի ու ընթերցասիրության հանդեպ սերը շարունակաբար աճի ու փոխանցվի սերնդեսերունդ։