Սիսիանում նշվեց երիտասարդության միջազգային օրը

19.08.2015 13:04
2501

1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ առաջարկվեց նշել Երիտասարդության օրը: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր, իսկ աշխարհում առաջին անգամ պաշտոնապես այն նշվեց 2000թ. օգոստոսի 12-ին:

Սիսիանում Երիտասարդության օրը մեծ շուքով նշում են արդեն 6-րդ տարին: Միջոցառման մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Այս տարի եւս երիտասարդների համար ուրախ ժամանց ապահովելուց, տարաբնույթ խաղեր-մրցույթներ կազմակերպելուց զատ մատուցվեցին արդեն ավանդական դարձած խաշլամա ու հարիսա:

Ամերիկայի Տեխասի նահանգում բնակվող Թոյլեր Յանգը Սիսիանում է, որպես զբոսաշրջիկ: Իր երկրում երիտասարդության միջազգային օրը չի նշվում: Նա եւս միացել է 100-ավոր երիտասարդների եւ Շաքեի ջրվեժ հասել: «Շատ գեղեցիկ ու տպավորիչ միջոցառում է: Շատ կուզենայի, որ մեզ մոտ էլ նմանատիպ միջոցառում կազմակերպվեր: Այն, ինչ ես այստեղ տեսա, անպայման կպատմեմ իմ ընկերներին», - ասում է Յանգը:

Մինչ Շաքեի ջրվեժ այցելելը երիտասարդները Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ ծաղիկներ խոնարհեցին Համո Սահյանի արձանին, այնուհետեւ ոտքով հասան մինչեւ Արցախում նահատակված ազատամարտիկների պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու:

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեր Ընծա քահանա Միրզոյանը հորդորեց՝ սիրեցեք հայրենիքը, ուշադիր ու հարգալից եղեք միմյանց նկատմամբ: Ապա ավելացրեց. «Աղոթքով առ Աստված մաղթում եմ, որ հոգով ու մարմնով լինեք առողջ, արիասիրտ ու նվիրված հայրենիքին, բարոյական սկզբունքներին, արդարությանը, ճշմարտությանը, ազնվությանը: Մաղթում եմ, որ ձեր կյանքում լինեք իմաստուն, իսկ դրա համար պետք է առաջնորդվեք Աստվածաշնչյան պատգամներով, Ավետարանական Տերունապատվեր, Քրիստոսաավանդ պատվիրաններով»:

Միասնական աղոթք անելուց հետո երիտասարդներն իրենց նպատակների իրականացման եւ Հայաստան աշխարհի խաղաղության համար մոմեր վառեցին:

Շաքեի ջրվեժի հարակից տարածքում Նելլի Արսենյանը ցուցադրում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված իր լուսանկարչական 15 աշխատանքը: Դրանք ցուցադրվում են արդեն 2-րդ անգամ: «15 թիվը պատահական չի ընտրված, դա խորհրդանշում է հենց 1915թ.: Լուսանկարները նայելով՝ բոլոր երիտասարդները մեկ անգամ եւս հիշեն ու դառնան պահանջատեր: Այս գաղափարն եմ դրել իմ ցուցահանդեսի հիմքում: Լուսանկարները, որ արվել են տարբեր ժամանակներում, արտացոլում են հայի ցավը, հույսը, սպասումը, կամքը, հավատքը, ապրող, ապրեցնող բարեւը», - ասում է Նելլին:

Ժենյա Տեր-Ղուկասյանը մասնակցում է ծաղրանկարների մրցույթին: Ապագա տնտեսագետը համոզված է՝ մտերիմ ընկերուհին, ում ծաղրանկարն է անում, չի վիրավորվի: Երջանկություն երիտասարդության մեջ, այսպիսին է օրվա խորհուրդն աղջկա համար: «Իմ երջանկությունը գտնում եմ երիտասարդ մարդկանց մեջ, հոգով երիտասարդ: Դրա համար ցանկացած մարդու ծաղրանկար կանեմ, որ այդ մարդն իրեն հոգով երիտասարդ զգա, նույնիսկ մեծերին, - նշում է աղջիկը: - Այսօր ուրախ օր է, համոզված եմ՝ նեղացողներ չեն լինի»:

Ավանդական պարերի ուսուցում, երգի եւ ասմունքի մրցույթ, ինտելեկտուալ խաղ... Երիտասարդների օրը տոնի վերածվեց: Սիսիանի քաղաքապետի խոսքով՝ միջոցառման շրջանակները գնալով ընդլայնվում են: Տարեցտարի ավելի շատ մարդ է մասնակցում, եւ նոր գաղափարներ են առաջ քաշում հենց երիտասարդները: Ակտիվ ու նախաձեռնող երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի հզորության գրավականն ու հիմքն է: Առանց մտածող, պատասխանատու եւ նախաձեռնող երիտասարդության անհնար է պատկերացնել վաղվա օրը: «Իմ նախաձեռնություն արտահայտությունն այլեւս օրակարգից դուրս է: Կայծ էր պետք, որ մեր երիտասարդները ակտիվանային: 2-րդ տարվանից սկսած արդեն երիտասարդներն են նախաձեռնություններով հանդես գալիս: Մինչ օգոստոսի 12-ը հավաքվում ենք եւ մի քանի անգամ քննարկում անելիքներն ու պլանավորում միջոցառումները, - ասում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: - Այսօր երիտասարդները մեկ անգամ եւս համախմբվեցին Աստծո տաճարի կամարների ներքո, եւ մեկ անգամ եւս այդ 300-400 երիտասարդը համոզվեց, որ իրենք հզոր են իրենց արմատներով, Հայոց եկեղեցիով, իրենց գաղափարներով եւ իրենց միասնականությամբ: Նրանց մաղթում եմ վճռականություն, կամք եւ նպատակասլացություն»:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ երիտասարդներ Գորիս քաղաքից:

«Գորիսից Սիսիան ենք եկել երիտասարդների հետ անցկացնելու մեր օրը, շատ ուրախ օր ենք անցկացնում, ինչի համար շնորհակալ ենք հրավիրող կողմին», - ասում է Արայիկ Միքայելյանը:

«Ամեն բան շատ գեղեցիկ էր կազմակերպված: Ինձ առավել շատ դուր է եկել Շաքեի ջրվեժը, շատ տպավորված եմ», - նշում է Էրիկ Ավագյանը:

Սիսիանի քաղաքապետարանի՝ այս տարի կազմակերպած Երիտասարդության միջազգային օրվան մասնակցում էին նաեւ տարածաշրջանի մի քանի գյուղական համայնքներ՝ ներկայացնելով իրենց տաղավարները:

Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ միջոցառման կազմակերպիչներին, խաղ-մրցույթներում հաղթած երիտասարդներին:

Երիտասարդության օրն արդեն դիսկոտեկի տեսքով շարունակվեց Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Մինչեւ ուշ երեկո քաղաքի կենտրոնը մարդաշատ էր: Տոնական օրը եզրափակվեց հրավառությամբ:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37