Սիսիանը` Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաք

13.09.2013 17:15
2627

Սիսիանը դարձավ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը: Այդ տիտղոսը Սիսիանը կկրի ողջ 2014թ. ընթացքում: Իսկ դա ենթադրում է երիտասարդական կյանքի աշխուժացում, հանրապետական մասշտաբի տարաբնույթ միջոցառումների կենտրոնացում հենց այստեղ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված «2014թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող քաղաքն ընտրվել է առցանց քվեարկության եւ փորձագիտական գնահատականների համադրմամբ:

Մեկ ամիս շարունակ` օգոստոսի 1-ից 31-ը, երիտասարդ իրավաբան Արկադի Հովհաննիսյանը հետեւում էր առցանց քվեարկության ընթացքին, արձանագրում, որ հայտատու երկու քաղաքի` Սիսիանի եւ Էջմիածնի օգտին ձայները գրեթե հավասարապես են աճում: Տոկոսային 50-50 հարաբերակցությունը երբեմն փոխվում էր 49-51-ի` հօգուտ այս կամ այն քաղաքի: Վերջին օրերին միայն Սիսիանի օգտին քվեարկողների թիվն ակնհայտորեն մեծացավ, եւ առցանց քվեարկության արդյունքով հաղթող ճանաչվեց Սիսիանը. Էջմիածին քաղաքը հավաքեց 8416 ձայն (48%), Սիսիանը` 9246 (52%): Արկադի Հովհաննիսյանի կարծիքով` նշված արդյունքը սիսիանցիների համախմբվածության արդյունքն էր: Իրականում «Դարձնե՛նք Սիսիանը երիտասարդական մայրաքաղաք» կոչի շուրջ համախմբվել էին ոչ միայն սիսիանաբնակ, այլեւ Սիսիանից եւ Հայաստանից դուրս բնակվող սիսիանցիները: Սրտացավությունը զգալի էր նաեւ Սյունիքի մարզի երիտասարդության, մարզի ու Սիսիանի հետ որոշակի թելերով կապված մարդկանց շրջանում:
Առցանց քվեարկության արդյունքները, սակայն, բավարար չէին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման համար: Մրցույթի կազմկոմիտեն եւ փորձագիտական խումբը եւս պետք է տային իրենց գնահատականները: Ճիշտ գնահատելու համար մրցույթին մասնակցող քաղաքների հնարավորությունները, ներկայացված հայտերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովը եղավ այդ երկու քաղաքում: Մեկ տարի շարունակ երիտասարդական մայրաքաղաքը պետք է դառնա երիտասարդական նախաձեռնությունների եւ միջոցառումների անցկացման կենտրոն: Հետեւաբար կարեւորվել են ոչ միայն մշակութային ու մարզական օջախների հնարավորությունները, երիտասարդության ներուժը, այլեւ ժամանցի կազմակերպման եւ հյուրանոցային պայմանները:

«Երկու քաղաքում էլ տպավորությունները դրական են, բնականաբար Էջմիածինն իր առավելություններն ունի, Սիսիանը` իր, – երկօրյա սիսիանյան այցի տպավորություններն ամփոփելով նշեց «Համահայկական երիտասարդական շարԺում» ՀԿ նախագահ, վարչապետին կից ազգային երիտասարդական խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանը: - Կցանկանայի շեշտել, որ շատ ոգեւորիչ է, որ Սիսիան քաղաքի երիտասարդությունը մղում ունի, ուզում է ակտիվանալ, ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին»: Կառլեն Խաչատրյանի համոզմամբ` յուրաքանչյուր տարի մեկ երիտասարդական մայրաքաղաք ընտրելով` հնարավորություն կտրվի մարզերում ակտիվացնել երիտասարդական կյանքը: Դա, փորձագետ Բարեղամ Մնացականյանի կարծիքով, կկանխի նաեւ արտագաղթը. «Եթե փիլիսոփայորեն մոտենանք, ապա` եթե կրակի վրա փայտ չես դնում, մարում է: Քաղաքն ինքնին երիտասարդներով է հարուստ, ինքնին կրակը վառվում է երիտասարդներով: Աջակցենք, որ երիտասարդները մնան, որ կրակը վառվի, իսկ եթե կրակը վառվի, քաղաքն էլ կծաղկի»: Բարեղամը Սիսիանով տպավորված էր, հատկապես` պատմամշակութային կոթողներով: Բայց եւ այնպես նշեց. «Եթե ինձանով լիներ, ես նախապատվությունը կտայի երկու քաղաքին էլ, որ չնեղանային, այսինքն երկու քաղաքում էլ կուզենայինք զարգացնել երիտասարդությունը, բայց ըստ կանոնադրության` պետք է ընտրենք մեկին»:

Այդ մեկի ընտրության մասին պաշտոնապես հայտարարվեց սեպտեմբերի 3-ին` մրցույթի կազմկոմիտեի եզրափակիչ նիստում: Պարզվեց, որ փորձագիտական հանձնաժողովի գնահատականները եւս հօգուտ Սիսիանի են. Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը 705 միավոր էր, Սիսիանինը` 845: Փորձագիտական գնահատման եւ առցանց քվեարկության հանրագումարի արդյունքում էլ Էջմիածինը ստացավ 835 միավոր, իսկ Սիսիանը` 988:
Այսպիսով` Սիսիանը հռչակվեց 2014 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք:

Նիստի ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն ընդգծեց, որ երիտասարդական մայրաքաղաք ունենալու գաղափարը միայն սկիզբն է. երիտասարդական պետական քաղաքականությունն առաջիկա տարիներին ուղղված է լինելու դեպի մարզեր: «Մարզերում բնակվում են շատ երիտասարդներ, ովքեր այսօր ունեն մեր հոգածության, ուշադրության կարիքը», – նշեց նա: Այնուհետեւ շնորհավորելով Սիսիանի համայնքի ղեկավարին` տեղեկացրեց. «Մենք առանձնացրել ենք որոշակի գումար` երիտասարդական քաղաքականությունը հաղթած քաղաքում որոշակի միջոցառումների տեսքով իրականացնելու համար: Տարվա կտրվածքով մեր նախարարությունը միջազգային մի քանի միջոցառում է ունենում` Եվրախորհրդի կամ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Բնականաբար, այդ ծրագրերն առաջնահերթ հանգրվանելու են տարվա երիտասարդական մայրաքաղաքում»:

«Հաղթեց Սիսիանը, բայց ընդհանուր առմամբ հաղթեց ՀՀ ողջ երիտասարդությունը: Շնորհավորում եմ բոլորիդ եւ հրավիրում Սիսիան», – ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Սիսիանում գիտակցում են այս հաղթանակի կարեւորությունը: Սա հնարավորություն է, որի ճիշտ օգտագործման դեպքում քաղաքը նաեւ հետագայի համար շատ օգուտներ կարող է քաղել: Դեռեւս Սիսիան կատարած այցի ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը նշել էր. «Երիտասարդական մայրաքաղաքում կկենտրոնանան ոչ միայն մեր նախարարության կողմից երիտասարդական ոլորտում իրականացվող ծրագրերի գերակշիռ մասը, այլեւ մյուս նախարարությունների կողմից երիտասարդության ոլորտին առնչվող ծրագրերը: Ըստ էության մեկ տարվա ընթացքում հաղթող քաղաքը կդառնա կապող օղակ ինչպես Հայաստանի տարբեր տարածաշրջանների, մարզերի երիտասարդության համար, այնպես էլ միջազգային համագործակցության ոլորտում:

Երիտասարդական մայրաքաղաք դառնալով` Սիսիանը նոր շունչ կստանա` համոզված է Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանը: Վստահ է` գոհ կմնան նաեւ բոլոր այցելուները. «Մեր տարածաշրջանում են այնպիսի եզակի վայրեր, ինչպիսիք են Ուղտասարը, Զորաց քարերը, բնության հրաշք Շաքեի ջրվեժը, հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ: Սիսիանը նախ պատմամշակութային եւ տուրիզմի առումով է հետաքրքիր, բացի այդ այստեղ կան բոլոր ռեալ հնարավորությունները միջոցառումների, ազատ ժամանցի կազմակերպման համար»: Սլավիկ Դադաշյանի խոսքով` Սիսիանը վերջին տարիներին որոշ առումներով անտեսված է եղել: Հույս ունի, որ «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսն այստեղ շատ բան կփոխի:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.Գ. Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն այս օրերին շնորհավորական բազմաթիվ հեռագրեր եւ ուղերձներ է ստանում` Սիսիանը երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ: Ահա շնորհավորագրերից մեկը` ստացված Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանից. «Հայաստանի հարավային սահմանի պահապան Մեղրի քաղաքը, որ ուշի ուշով հետեւում էր մրցույթի ելած Սիսիանին, անթաքույց հպարտությամբ շնորհավորում է պարոն Աղասի Հակոբջանյանին եւ Սիսիանի ողջ հասարակությանը` Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ: Սիսիանը, հիրավի, դարձավ Սյունյաց աշխարհի հպարտությունը: Մեղրին ձեզ հետ է ձեր ծրագրերի, մտահղացումների իրագործման ճանապարհին: Սիսիան մայրաքաղաքին` երիտասարդական նոր թռիչք եւ բեղմնավոր գործունեություն»:

Խմբագրության կողմից

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին` Սիսիանը 2014թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ: Կարծում ենք, որ դա պատահական հաղթանակ չէ, այլ Սիսիանում վերջին տարիներին իրականացված երիտասարդական ու հոգեւոր-մշակութային քաղաքականության արդյունք: Միաժամանակ վստահ ենք, որ 2014 թվականը Սիսիանում կնշանավորվի երիտասարդական նոր նախաձեռնություններով ու արարումներով:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25