ՍՈՒՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Համայնքների խոշորացմամբ վերջնականապես կործանվելու են փոքր համայնքները»

15.05.2014 18:15
2973

Քաղաքագետներից մեկն է ասել. «Կայսրությունները կարկանդակների նման ծայրերից են ուտվում»: Մեր սահմանամերձ գյուղերը հայտնի ասացվածքի հանգույն փշրվում են՝ հայտնվելով քարտեզի երեսից ջնջվելու իրական վտանգի առջեւ: Մեղրու տարածաշրջանի Կուրիսը սահմանամերձ (ասել է թե՝ սահմանապահ եւ սահմանադուռ) ծերացող-մարվող համայնք է: 1970 թվականից հետո (գյուղի բնակչության թվաքանակի մասին տվյալներ կան 1828 թվականից) հալվող ձնագնդի նման գյուղի բնակչությունը սկսել է նվազել, ավելի ստույգ՝ այդ թվականին եղել է 297, 1979թ.՝ 234, 2011թ.՝ 112, այժմ՝ 79, հիմնականում տարեցներ: 74 առանձնատուն ունի Կուրիսը, որից 42-ն է բնակեցված, մյուսները` պատկերացրեք՝ հանգած փեթակներ: Գյուղամիջով անցնելիս հանդիպում ենք երկհարկանի, պատշգամբով առանձնատներ, բայց արդեն աստիճանաբար փլուզվող, անտերության մատնված: Մեկուսի մի տեղ Մեծ հայրենականում ընկած կուրիսեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանն է: Եթե դժվար է ասել, թե գյուղից քանիսն է մեկնել երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտեր, ապա ստույգ կարող ենք նշել մարտերում ընկածների թիվը՝ 38, որոնց անունները քանդակված են հուշակոթողին: Պատվանդանին ծաղիկներ չկային (գյուղ այցելեցինք ապրիլի 30-ին), բայց ահա հուշակոթողի շուրջբոլորը փարթամորեն ծաղկել էին եղրեւանիները (յասաման)՝ շուրջբոլորը տարածելով հաճելի բուրմունք:

Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը պաշտոնավարում է 1996 թվականից, մարզի երկարակյաց գյուղապետերից է: Բանակից զորացրվելուց հետո վարորդ է աշխատել Ագարակի կոմբինատում, հանքաշինական մասնագիտացված վարչությունում: Համագյուղացիները ցանկացել են, որ ինքը ղեկավարի համայնքը: Քանի որ տվյալ պահին անգործ է եղել, համաձայնել է՝ կարծելով` հետո ավելի արժանավոր թեկնածու կհայտնվի: Բայց քանի որ թեկնածու չի հայտնվել, մինչ այժմ գյուղապետ է:

Ցավով է նշում, որ վերջին հիսուն տարում գյուղում նշանակալի որեւէ գործ չի արվել: Կնշանակի գյուղի հանդեպ անտարբեր են եղել թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները: Բայց նշաններ կան, որ սայլը տեղից կարող է շարժվել: Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը համայնքից հողեր է վարձակալել ընդերքօգտագործման նպատակով: Միայն վերջերս է փոխվել այդ հողերի կատեգորիան, ինչի շնորհիվ անցած տարվանից, որպես հողի վարձակալական վճար, կոմբինատից տարեկան ստանում են 15 մլն դրամ, ինչով արդեն կարելի է համայնքում որեւէ նշանակալի գործ ձեռնարկել: Նախկինում կոմբինատից տարեկան ստանում էին 500-700 հազար դրամ, որով ոչ մի վերք չէիր բուժի: Գյուղապետը նշում է, որ նախ անհրաժեշտ է գյուղի կենտրոնից մինչեւ գերեզմանոց ընկած ճանապարհն ասֆալտապատել, նաեւ գերեզմանոցը ցանկապատել: Խնդրահարույց է ոռոգման ջուրը խողովակաշարով գյուղ հասցնելը: Սարից եկող ջուրը մինչ գյուղ է հասնում, մի մասը ծծվում է հողի մեջ, մի մասն էլ՝ գոլորշիանում: Մայր առուն գյուղովի ամեն գարնանամուտին մաքրում են, բայց, միեւնույն է, ամռանը ոռոգման ջուրն այգի-բանջարանոցներ չի հասնում: Անհամեմատ լուծված է խմելու ջրի հարցը: Համայնքը խմելու ջուր է ստանում Զվար-Ագարակ խողովակաշարից եւ Կուրիսից չորս կիլոմետր հեռու գտնվող աղբյուրից:

Ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի՝ Կուրիսը տարեկան ստանում է 3,5 մլն դրամ դոտացիա (լրավճար), այնքան, որքան նախատեսված է մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքներին: Այս առիթով գյուղապետը մի համեմատություն արեց. պետությունից համայնքը ստանում է այնքան, որքան Ագարակի կոմբինատի «Բելազի» վարորդի տարեկան վաստակն է: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Նաեւ տեղեկացանք, որ համայնքի սեփական եկամուտը 200 հազար դրամ է (եւս մի խոսուն փաստ դատարկվող գյուղի մասին): Հատկացվող լրավճարը բավարարում է միայն գյուղապետարանի ծախսերը հոգալու համար: Կուրիսը նաեւ ազդակիր համայնք է, ինչի համար պիտի բնապահպանական վճար ստանա: Բայց բնապահպանական գումարներն ուղղվում են պետբյուջե: Համայնքում բնապահպանությանը միտված ծրագիր պիտի կազմես, որը հաստատվելուց հետո միայն նախատեսված գումարը հատկացնում են: Իրողությունն այն է, որ մինչ այժմ համայնքը բնապահպանական գումար չի ստացել:

Սուրիկ Գրիգորյանից ցանկացանք իմանալ կարծիք համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման մասին, ըստ որի ընդհանուր վարչական սահման ունեցող համայնքները միավորվում են, ավելի ստույգ՝ փոքրերը ձուլվում են խոշորներին: Մեր զրուցակիցն այն համոզմանն է (եւ միանգամայն տրամաբանական), որ այդ քայլը վերջնականապես կործանելու է փոքր համայնքները (խոսքը բնակչության թվի մասին է): Ըստ նրա, միավորվելու դեպքում ներդրումներ արվելու են խոշոր համայնքներում՝ անտեսելով փոքրերը: Մանավանդ իրենց սահմանամերձ գյուղը ոչ թե շահելու, այլ մեծապես տուժելու է: Մասնավորապես, նման ծրագիր իրականացնելու դեպքում փոքր համայնքներում լուծարվելու են գյուղապետարանները, ինչի հետեւանքով հաստիքներ, ասել է թե՝ աշխատատեղեր կկրճատվեն, իսկ այսօրվա դրությամբ Կուրիսի գյուղապետարանն ունի ութ հաստիք: Իմացանք նաեւ, որ սահմանամերձ այս գյուղը ոչ մի արտոնություն չունի, ավելի ստույգ՝ մեր այդ հարցին, թե ինչ արտոնությունից են օգտվում, գյուղապետը փորձեց կատակել՝ երբ սար են բարձրանում, զգույշ են լինում:

Ընթերցողին հիշեցնենք՝ 2012 թվականի պետբյուջեով 12 մլն դրամ էր հատկացվել Կուրիսի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ ապամոնտաժելու եւ Ագարակ քաղաք տեղափոխելու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով: Ինչին հետեւել էր հնագետների կողմից եկեղեցու տարածքում պեղումներ կատարելը եւ պատմական հուշարձանի չափագրումը: Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե պատմական հուշարձանի տեղափոխման հարցն ինչ ընթացք է ստացել: Ս. Գրիգորյանի փոխանցմամբ՝ հնագետների գնալուց հետո ոչ մի նոր բան չի կատարվել, իսկ իր համոզմամբ՝ լավագույն տարբերակն է ամրացնել եկեղեցին, ճանապարհ հարթել դեպի տարածք, քանզի նրա ապամոնտաժումից եւ տեղափոխումից հետո հազիվ թե հնարավոր լինի պահպանել կառույցի նախաստեղծ տեսքը, իսկ խնդրին լուծում տալու համար Ագարակում կառուցել նոր եկեղեցի:

Մարտի 30-ին եւ 31-ին տեղացած ձյունն ու դրան հաջորդած ցրտահարությունը քիչ վնաս են հասցրել համայնքին: Պարզվում է, որ առավել տուժել են հոնին եւ ընկուզենին, նաեւ նորատունկ ցանքսերը: Մանավանդ ընկույզի սպասված բերքը չի լինի: Բնական տարերքի հասցրած վնասի մասին տեղեկանք է ներկայացվել Սյունիքի մարզպետարանի գյուղվարչություն: Փոխհատուցում կլինի՞, թե՞ ոչ: Առայժմ դժվար է ասել:

Հրապարակման մեջ նշեցինք, որ վերջին մի քանի տասնամյակում Կուրիսում նշանակալի ոչ մի բան չի արվել: Փոքրիկ շտկում պիտի մտցնենք: Մի քանի տարի է, ինչ բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհով գյուղը կապված է Քաջարան-Մեղրի մայրուղուն, որով էլ բռնեցինք տունդարձի ճամփան: Շրջադարձերից մեկում սողանքն իր սեւ գործն արել էր: Մեր ուղեկիցը տեղեկացրեց, որ ճանապարհաշինարարները վերացրել էին սողանքի հետեւանքները, նույնը կրկնվել է: Ընդհանրապես Մեղրու տարածաշրջանի այդ կողմի գյուղերի (Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար) բնակիչները մեկ անգամ չէ, որ գոհունակությամբ են խոսում Մեղրու «Ճանապարհների շինարարություն եւ շահագործում ձեռնարկություն» ՍՊ ընկերության (տնօրեն՝ Ազատ Գասպարյան) ճանապարհաշինարարների մասին, որոնց շնորհիվ դյուրին է դարձել հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մեր բոլոր կարողություններն ի սպաս դնենք Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը

03.11.2024 00:35

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

01.11.2024 22:26

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է. Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է

01.11.2024 22:23

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք

01.11.2024 22:06

1967 թվականի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

01.11.2024 21:39

Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր. Սուրենյան

01.11.2024 19:57