1992 թ. հունիսի 4-6-ը Գորիսում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որի հետ հարցազրույց է ունեցել «Զանգեզուր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:
- Պարոն նախարար, ինչպե՞ս եք բնութագրում օպերատիվ կացությունը սահմանագծում։
- Զուտ պաշտպանական իմաստով դրությունը որոշ չափով թեթեւացել է` Լաչինի վտանգի սպառման հետեւանքով։ Փաստորեն մեր մի ձեռքն ազատվեց: Մյուս՝ հարավային ուղղությամբ վտանգն առկա է, եւ մենք կարող ենք հանկարծակիի գալ, եթե այսօր ինտենսիվորեն չնախապատրաստվենք հնարավոր հարձակումների դիմակայմանը։ Անհրաժեշտ է բոլոր oղակներում բարձրացնել կարգապահության, կազմակերպվածության մակարդակը, որը վերջին օրերին, հայտնի իրադարձություններից հետո, բավականաչափ խարխլվել է։ Անհրաժեշտ է բարձրացնել զգոնությունը, ուժեղացնել սպառազինությունը, վերջին հաշվով` պաշտպանվածությունը։ Այս խնդիրներն իրականացնելու համար էլ գտնվում եմ Գորիսում:
- Փաստորեն չհայտարարված պատերազմ է։ Պետական ո՞ր կառույցն է ղեկավարում շրջանի պաշտպանությունը, կոորդինացնում զինյալ ստորաբաժանումների գործողությունները: Այս հարցում անորոշությունն այնքան ընդգծված է, nր վերջին մեկ-երկու ամսում տարբեր օղակներում փորձ է կատարվում ստեղծելու ինքնապաշտպանության խորհուրդներ, զինյալ միավորումներ:
- Ոչ մի նորաբույս կառույց, առավել եւս ինքնապաշտպանության խորհուրդ ու կոմիտե, ում կողմից էլ որ ստեղծված լինեն, չեն կարող իրականացնել շրջանի պաշտպանությունը։ Ցանկացած կառույց իր ստեղծման պահից օրենքից դուրս է:
Գորիսում եւ սահմանային մյուս շրջաններում պաշտպանությունն իրականացնում է սահմանապահ պարետատունը` իր հրամանատարությամբ, ներքին օղակներով` ուղեկալներով, պահակակետերով։ Պաշտպանական խնդիրներ իրականացնելուց պարետատան պարետի ենթակայությամբ են գործում նաեւ զինվորական կոմիսարիատը, պահեստազորայինների գումարտակը, շրջանային միլիցիայի աշխատակիցները: Դրսից գործուղված ռազմական բոլոր ջոկատները նույնպես մտնում են պարետատան ենթակայության տակ: Կարծում եմ՝ այս ուժերն ի զnրու են պաշտպանելու սահմանների անվտանգությունը։ Իրավիճակի կտրուկ բարդացումների դեպքում գործողության մեջ կդրվեն պաշտպանության նախարարության ցամաքային ուժերի չորu գնդերը:
- Հաճելի է լսել, որ տարածաշրջանի պաշտպանությունն իրականացվում է եւ կիրականացվի պետական մակարդակով, պետական կառույցների միջոցով։ Այդ դեպքում ինչպես ե՞ք մտադիր օգտագործել այն երիտասարդների ուժերը, ովքեր գիտակցելով հայ ժողովրդին սպառնացող վտանգը, իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցելու երկրամասի պաշտպանությանը:
- Նման երիտասարդները, անշուշտ, կարող են իրականացնել իրենց ցանկությունը: Գորիսի սահմանապահ պարետատանը պահանջվող զինվորների հաստիքաքանակը մոտ 300 է։ Մինչդեռ ծառայողների թիվը երկու հարյուրից չի անցնում:
Ինչպես տեսնում եք, պարետատան հաստիքացուցակը հեռու է լրացված լինելուց: Մինչեւ 33 տարեկան բոլոր երիտասարդները, ովքեr ցանկանում են ընդգրկվել պաշտպանության գործում, այդ հնարավորությունն ունեն։ Ի դեպ, խոսքս իսկական զինվորական ծառայության, ազնիվ մղումով հայրենիքին ծառայելու մասին է եւ ոչ թե սեփական անձը ռեկլամելու, դեպքից դեպք թեժ կետերում երեւալու մասին։ Ասել եւ ասում եմ, յուրաքանչյուր հայ մարդ, ով կարող է եւ ուզում է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը` չունի եւ չի ունենա կառույցի, զենքի, զինամթերքի, աշխատավարձի պրոբլեմ։ Կան պետական կառույցներ, որոնք ոչ ոքի առաջ իրենց դռները չեն փակում:
- Իսկ ի՞նչ կարգավիճակով են օժտված երկրապահ ջոկատները։
- Երկրապահ ջոկատները, որոնցից ծնունդ առան այսօրվա պետական ռազմական կառույցները, հանդիսանում են զինվորական կոմիսարիատում կազմավորվող պահեստայինների կորիզը: Երկրապահ ջոկատների շրջանային շտաբերի պետերը ծառայության են անցնում պահեստազորային գումարտակում՝ անձնակազմի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ։ Ժամանակավորապես պահեստազորայինների գումարտակի hրամանատար է նշանակված շրջանի զինվորական կոմիսարը:
Թվարկածս կառույցներից դուրս որեւէ ռազմական կառույց, որեւէ ջոկատ օրինական համարվել չի կարող եւ պատժելի են քրեորեն:
Մենք պետք է հասնենք այն վիճակին, որ պետական կառույցից դուրս, չգրանցված որեւէ զենք անգամ չմնա մարդկանց մոտ, քանզի հսկողությունից դուրս գտնվող զենքը չարիք է հասարակության համար։ Եվ դա վերաբերում է բոլորին, առանց որեւէ բացառության։
-Գորիսեցիներս պակաս մտահոգված չենք Գորիս–Կապան ավտոխճուղու անվտանգության ապահովման հարցով։
- Թույլ տվեք այդ մասին խոսել մի քանի oր հետո:
- Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Լաչինի միջանցքը։
- Այդ հարցը կլուծվի կլոր սեղանի շուրջ: Իրավիճակից դուրս գալու համար շատ ճկուն, բազմապլան քաղաքականություն պետք է իրականացնել, ինչով եւ զբաղված են ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարները: Կարող եմ շեշտել, որ դա հավասարազոր է, եթե ոչ ավելի դժվար, ռազմական գործողություններին: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ մենք պայքարի այս փուլից նույնպես պատվով դուրս կգանք:
- Թեև ռազմական հաջողություններն առկա են, բայց անհնարին է չնկատել, որ իրավիճակը մնում է ծանր շրջանի սահմանամերձ գյուղերում, նկատի ունեմ նախևառաջ Կոռնիձորը, Ներքին Խնձորեսկը, Շուռնուխը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ բնակավայրերի պաշտպանության ուժեղացման առումով։
– Մենք, ի վերջո, պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ պատերազմող ժողովուրդ ենք։ Այդ գյուղերի պաշտպանությունն ուժեղացվել է և կուժեղացվի, խուճապի մատնվելու կարիք չկա։ Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի։ Գյուղերի հրետակոծումը, ինչով զբաղվում են ազերիները, ավաղ, հերոսություն չի պահանջում։ Բայց ռմբակոծումները պետք է լռեցնել ռմբակոծությամբ՝ մինչև պատերազմի հաղթական ավարտ, մինչև հարցի քաղաքական կարգավորում։ Փառք Աստծո, մենք այսօր հաղթանակած վիճակում ենք։ Սակայն եթե կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, խուճապի չմատնվելու կարողությամբ չամրապնդենք մեր հաղթանակը, ամեն ինչ կարող է շուռ գալ մեր դեմ։
Գորիսի հերոսական ժողովրդին ցանկանում եմ հաստատակամություն, պետական բարձր մտածողություն և առաջին հերթին՝ միաբանություն։ Մեզանից յուրաքանչյուրն առաջին հերթին հայ է, Հայաստանի քաղաքացի, հետո նոր գորիսեցի, ամենավերջում՝ որևէ կուսակցության անդամ։ Մենք կհաղթենք, եթե առաջնորդվենք այդ սկզբունքով։
Հայրենիքը չի սկսվում և չի ավարտվում որևէ գյուղով, քաղաքով, եթե անգամ դա իմ սիրելի Գորիսն է։ Եվ պատմության մեջ հաճախ ենք պարտվել, երբ հայրենիքի պաշտպանությունը վեր ենք ածել գավառի, մելիքության, շենի պաշտպանության։ Այդ սխալները չկրկնենք։ Ռուսի նման հզոր ժողովուրդը 1812 թ․ պատերազմում անգամ Մոսկվան հանձնեց, բայց հայրենիքը պաշտպանեց։ Դրա շնորհիվ էլ կա Ռուսաստանը և կարողանում է վճռորոշ ազդեցություն ունենալ համաշխարհային քաղաքականության վրա։
– Այդուհանդերձ, յուրաքանչյուր հայի համար թանկ է ամեն մի թիզ հողը, և տրամաբանական կարելի է համարել, երբ գյուղական համայնքը հայրենի երկրամասը պաշտպանելու համար դիմում է տարբեր քայլերի։ Հենց այդ միտումով էին մի խումբ խնձորեսկցիներ ապրիլի կեսերին մեկնել Երևան՝ ՀՀ պաշտպանության նախարարություն։ Սակայն նրանց, ըստ մեզ հասած տեղեկությունների, Դուք չեք ընդունել։ Խնձորեսկցիներին ընդունել է սահմանապահ զորքերի վարչության պետը, պարոն Գրիգորյանը։
- Ես չեմ հիշում այդ դեպքը, հավանաբար զբաղված եմ եղել առավել կարևոր գործերով։ Չեմ կարող չհավատալ նաև Ձեր ասածին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պետք է մեկնընդմիշտ հիշել, որ պաշտպանության, ռազմական հարցերը չեն կարող լուծվել լայն զանգվածների հետ։ Ժողովրդավարությունը լավ բան է, բայց ոչ պաշտպանության հարցերում։ Ես հասկանում եմ մարդկանց ցավը, սիրում, հարգում բոլորին, ինքս էլ գյուղացի եմ, բայց խորհուրդ չէի տա, որ ինչ–ինչ հարցերի լուծման խնդրով գյուղական համայնքների ներկայացուցիչները նախարարություն գային։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար կան համապատասխան անձինք, օղակներ։ Իհարկե, այդպիսի ընդունելություններով, հանդիպումներով, էժան, կեղծ, սուտ խոստումներով չափազանց հեշտ է հեղինակություն ձեռք բերելը։ Ես, սակայն, գործի մարդ եմ, և իմ մասին խնդրում եմ դատել իմ արած գործերի արդյունքներով։
«Զանգեզուր», թիվ 43, 10 հունիսի 1992 թ.
Հ․ Գ․
Հոդվածը լույս է տեսել հետևյալ վերտառությամբ «Վազգեն Սարգսյան․ «Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի»»