Սյունիք, Արցախ, մեկը մյուսին՝ զորավիգ

10.05.2016 14:59
2913

Մայիսի 9-ին գորիսեցիները մեծով-փոքրով հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվին կառուցված հուշարձանի մոտ, ուր հիմա վեր է խոյացել նաեւ Արցախի համար զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Եկել էին մասնակցելու հուշակոթողի բացմանը, եկել էին մեկ անգամ եւս իրենց հարգանքը  մատուցելու հերոս ազատամարտիկներին ու նաեւ ասելու` շնորհակալություն, մենք երախտապարտ ենք ձեզ:

Այստեղ է նաեւ գորիսեցի Դաջունցների գերդաստանի երեք սերունդ` Արամայիս Դաջունցը, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Կռվել է Բելոռուսիայում, եղել հետախույզ եւ երկու անգամ «լեզու» բերել, որոնց հայտնած տեղեկությունների շնորհիվ զորամասի հրամանատարությունը հարձակման ճիշտ պլան ընտրեց: Իսկ Արամայիսի թոռը` Արմանը, զինվորական  է: Ծոռն էլ՝ Արամայիսը, ով պապի  անունն է կրում, աթոռ է բերել, որ պապը նստի: Աթոռին հարմար տեղավորվելուց հետո Արմայիս պապն ասում է` այսօրվա հերոսը հայ զինվորն   ու սպան են, նրանց երակներում մեր արյունն է հոսում: Ուրախ եւ հպարտ եմ, որ այսպիսի քաջազուն հետնորդներ ունենք: Էլ դարդ չունեմ. մեր հողը հուսալի ձեռքերում է: Քիչ լռելուց հետո ասում է` ափսոս, կորուստներ էլ ունեցանք, քաջարի տղաներ կորցրինք…

Այդ քաջարի մարտիկների շնորհիվ է, որ այսօր ունենք ազատ, անկախ Արցախ աշխարհ: Իսկ ապրողները չեն մոռանում նրանց: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Գորիսում վեր է խոյացել Արցախի ազատագրության համար զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթող: Հուշակոթող, որ հաղթողների պատմությունն է, նրանց սխրանքի խոսուն վավերագիրը, հուշակոթող, որ այսօրվա հայ զինվորի ու սպայի արիության եւ խիզախության խորհրդանիշն է նաեւ, ու նաեւ գալիք հաղթանակների ու լուսավոր ապագայի առհավատչյան:

Հուշակոթողի մոտ ծաղկեպսակներ են` ՀՀ վարչապետից, Սյունիքի մարզպետից, Գորիսի քաղաքապետարանից... Ու ծաղիկներ, ծաղիկներ, դարձյալ ծաղիկներ:

Հուշակոթողի բացումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, Սյունիքի մարզպետը, Սյունիքի մարզի համայնքապետեր, ազատամարտիկներ, զինվորներ ու սպաներ…

Հուշակոթողի բացման ժամանակ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասում է.

- Իմ եւ կառավարության անունից շնորհավորում եմ այս հուշարձանը, որը նվիրված է Արցախում զոհված ազատամարտիկների հիշատակին:

Այս եռատոնը եւս մեկ օր է մեզ համար, որ համախմբվենք բոլորս, ինչպես համախմբվեցինք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Շնորհավորում եմ, սիրելի գորիսեցիներ, այս հուշարձանի առիթով եւ ցանկանում, որ մենք Հայաստանում, Արցախում, Սփյուռքում տոնենք հայ ժողովրդի միասնական հաղթանակները:

Ամբիոնին է մոտենում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը.

- Մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Հայրենական մեծ պատերազմին  մասնակցած գորիսեցիների դաստիարակության արդյունքն է, որ գորիսեցի քաջերը  եւս կարողացան մասնակցություն ունենալ Արցախի ազատագրմանը: Իսկ քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորն ու սպան իրենց մարտունակությամբ  կրկին հավաստեցին, որ հայի ոգին ամուր է, որ իրենց պապերի ու հայրերի արժանի հետնորդներն են եւ նրանց արյամբ սրբագործված հողում միայն հայն իրավունք ունի ապրելու, իսկ հողն այդ իրենց հայրենիքը:

Այս վայրում վեր են խոյացել երկու սերնդի սխրանքների վկաները: Եվ այս վայրը կդառնա սուրբ, կդառնա սրբատեղի բոլորիս համար:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն էլ ասաց, որ Հայրենական մեծ պատերազմի օրերին մեր դյուցազունների կողմից դրսեւորված հերոսությունները ողջ աշխարհին ներկայացրին ամրակուռ ու առյուծասիրտ ՀԱՅ տեսակին, ՀԱՅ մարդուն եւ ՀԱՅ հերոսին: Երկրորդ համաշխարհային պատերազմում մոտ 600 հազար հայ աչքի ընկավ իր քաջությամբ, նվիրվածությամբ ու հավատարմությամբ: Այդ տարիներին մեր կտրիճները կռվեցին՝ բարձր պահելով հայ զինվորի անունն ու պատիվը: Դեռ այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ խորհրդային մեծ տերությունն անհաղթ պահող մի ժողովուրդ տարիներ անց պետք է սեփական հայրենիքին տեր կանգնելու իրավունքով եւ իր իսկ խաղաղության համար ոտքի կանգնի, մեջք մեջքի տա ու քայլի առաջ: Մեծ հայրենականի մասնակից հայազգի գնդապետներից ու գեներալներից այդ հատկանիշները ժառանգել են մեր հայորդիները, որի մասին պատմում են նորօրյա հաղթանակները: Նրանց շնորհիվ 1992թ մայիսի 8-ին Շուշիում իրականացված մարտական գործողությունները հաջողությամբ պսակվեցին: Մայիսի 9-ի առավոտը հաղթական էր, Շուշին՝ ազատ: Մեր հաջորդ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումն է, որի արդյունքում հիմա հայոց սահմաններն ամուր են: Հայաստանում եւ Սփյուռքում գտնվող հայերի համատեղ ջանքերով Արցախ աշխարհը ներկայանում է ողջ մոլորակին՝ որպես ազատ, անկախ եւ զարգացող հանրապետություն: Այսօր էլ կանգնած ենք ճակատագրական մեծ փորձության առջեւ: Հաղթահարելու ենք նաեւ այս դժվարին ու պատասխանատու ուղին, ու մեկ անգամ եւս պետք է ապացուցենք աշխարհին, որ ասպետորեն հաղթանակելը հայի գենի մեջ է: Այս օրհասական պահերին բռունցքվել ենք` մի կողմ դնելով անձնական ու ներքին տարաձայնությունները: Ոտքի ենք կանգնել ազգովի, ոտքի է կանգնել ՀԱՅԸ ողջ աշխարհում, ոտքի է կանգնել` ապացուցելու, որ հարյուրամյակներ էլ անցնեն՝ չի մարելու հայկական ոգին, չի փոխվելու հայի երակներում հոսող արյան բաղադրությունը, եւ չի ծնկելու սահմանում կռվող զինվորը: Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի եւ Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ բոլորիս արարել, ստեղծագործել ու շենացնել մեր երկիրը խաղաղ երկնքի տակ: Ու նաեւ խոնարհվում եմ Հայրենական մեծ պատերազմը եւ Շուշիի փառապանծ հաղթանակը կերտած մեր պապերի ու հայրերի առջեւ` հավաստիացնելով, որ մեր որդիներին կտակելու ենք նրանց կյանքի գնով ձեռք բերված խաղաղությունը:

Միաժամանակ ուզում եմ իմ եւ բոլոր գորսեցիների անունից շնորհակալանքի խոսքս ուղղել հարգարժան մարզպետին՝ այս հրաշալի կոթողը կառուցելու համար: Մարդու, ով, ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ պաշտպանության բնագավառում եղել է եւ կա բոլոր սյունեցիների առաջնորդողն ու ոգեշնչողը:

Փառք հայ ժողովրդին, փառք Հայաստանի Հանրապետությանը:

Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ Գորիս աշխարհը միշտ էլ զորավիգ է եղել Արցախին, եւ այսօր գորիսեցին հաղթանակած պետության քաղաքացին է, որի որդիները  հաղթանակած բանակի զինվորներ են : Եվ այսօր նրանք  Արցախը պաշտպանում են ադրբեջանական արկածախնդրություններից: Մենք Արցախի պաշտպանության բոլոր ժամանակներում նվիրյալներ կորցրինք: Փառք ու պատիվ նրանց: Քառօրյա պատերազմի ժամանակ էլ կորցրինք` Նարեկ Մկրտչյանին: Մեր խոնարհումը բոլոր ժամանակների նահատակներին:

Արցախյան պատերազմի ժամանակ իր որդուն է կորցրել նաեւ գորիսեցի Անժիկ Հակոբյանը: Նրա որդին` Փոքր Սոսը,  հայոց հերոսների շարքում է: Անժիկ Հակոբյանը եւս խոսք ունի ասելու: Եվ խոսքն այդ բխում է  մոր սրտից, այն մայրական խոսք է` թող այսուհետեւ էլ հայ մայրերն առյուծ տղաներ պարգեւեն հայոց աշխարհին…

Հուշարձանի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

- Հայ ժողովուրդը մեծ դերակատարություն ունի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում: Հայ ժողովուրդը միասնական կերպով հաղթանակ է տարել Արցախյան պատերազմի ժամանակ: Եվ այդ ամենում երեւում է նաեւ Սյունիքի ուժը: Սյունյաց արծիվները, սյունյաց մարտիկները կարողացել են այս լեռներից իջնել, այս ժայռերից իջնել եւ իրենց ամբողջ ուժը ներդնել մեր հայրենիքի պաշտպանության գործին, - ասաց պաշտպանության նախարարը:

Սյունիք: Նշանակում է Արցախ: Արցախ: Նշանակում է նաեւ Սյունիք:  Արցախի սրտի բաբախյունը  Սյունիքում լսում են: Երբ Սյունիքի զարկերակը խփում է, Արցախում լսում են:  Երբ Սյունիքում հաց են թխում, լավաշ հացի բույրն Արցախ է հասնում, երբ Արցախում ժանգյալով հաց են թխում, բուրմունքը  Սյունիք է հասնում: Իսկ զուռնա-դհոլի ձայնից պարում են Արցախի ու Սյունիքի լեռները: Ու մեկը մյուսին զորավիգ, մեկը մյուսին  հենված` գնում են ու գնալու են լուսավոր դարեր…

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06