«Սյունիք» ֆուտբոլային ակումբ. նոր հնարավորություններ և հեռանկարներ

07.07.2022 10:25
4732

Յոթնամյա գործունեությունից հետո «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը նոր անվանում ունի՝ «Սյունիք»: Սա սոսկ անվան փոփոխություն չէ, քանզի  ակումբը նաև նոր ղեկավար ունի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան: «Սյունիք» ակումբի նոր տնօրենը հստակ խնդիր է դրել ըստ ամենայնի ընդլայնել Սյունիքում ֆուտբոլի աշխարհագրությունը՝ ակումբի հովանու ներքո ընդգրկելով մարզի բոլոր բնակավայրերի երեխաներին, նաև նպաստավոր պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան հաճախել ակումբի մարզադաշտ, որ քաղաքի կենտրոնից բավականին հեռավորության վրա է, և այդ ուղղությամբ հասարակական տրանսպորտ չի աշխատում: Իսկ դրանք երեքն են. մեկը՝ ճիմապատ, մյուսը՝ ցանովի խոտածածկով, երրորդը՝ արհեստական ծածկով: Ակումբն այս պահին մոտ 190 սան ունի, ովքեր հանդես են գալիս տարիքային ութ  տարբեր խմբերում: Մի մասն արդեն մանկապատանեկան ֆուտբոլից վստահ քայլեր է անում դեպի մեծ ֆուտբոլ:

«Սյունիք» ակումբի տնօրենի տեղակալ Արթուր Մարգարյանը, ով 17 տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչն էր մարզում, 2004 թվականից «Գանձասար-Կապանի» մանկապատանեկան բաժնի ղեկավար, այնուհետև թիմի պետ, 2014 թվականից ակումբի փոխտնօրեն, նշում է, որ ակումբի ղեկավարությունը՝ հանձին Վարդան Ջհանյանի, մարզում ֆուտբոլը մասսայականացնելու և զարգացնելու նպաստավոր պայմաններ են ստեղծել, ինչը պիտի ճիշտ  և նպատակային օգտագործել:

«Ակումբի տնօրենի շեշտադրումները համընկնում է մեր շեշտադրումներին: Ընդ որում խոսքը ոչ միայն և ոչ այնքան մանկապատանեկան ֆուտբոլին է վերաբերում, որքան կապանյան ֆուտբոլը եվրոպական չափանիշներին  համապատասխանեցնելը,- ասում է  Արթուր Մարգարյանն ու հավելում,- Սյունիքի մարզի բոլոր քաղաքներում մասնաճյուղեր ենք ունենալու՝ հաստիքային մարզիչներով: Կրկնակի ուրախանալին այն է, որ գյուղական բնակավայրերն ընդգրկված են մարզում ֆուտբոլը զարգացնելու ծրագրի մեջ»:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Ասատրյանը, խաղադաշտերի հարակից տարածքները բարեկարգվելու են, մարզադաշտի կողքին կկառուցվի տրիբունա, մարզադահլիճ, որի առաջին հարկում կլինեն հանդերձարաններ, խաղին պատրաստվելու և խաղից հետո հոգնածությունը թոթափելու հարմարություններ: Այս ամենը թույլ կտան, որ այդ խաղադաշտում բարձրագույն խմբի հանդիպումներ անցկացվեն:

- Քանի որ նախապատրաստական շրջանի առաջին շաբաթն է, մանկապատանեկան խմբերից  տեղափոխվող տղաները պիտի հարմարվեն պրոֆեսիոնալ  լիգային: Մեր աշխատանքները, նաև մարզչական շտաբինը, հարմարեցնում ենք նոր պայմաններին: Այս փուլում մենք ավելի շատ պիտի վստահենք պատանիներին, թեկուզև նրանք խաղադաշտում սխալներ թույլ տան: Մեր խնդիրը հենց դրանք շտկելն է: Շատ շնորհալի և օժտված երեխաներ կան մեր մարզում, միայն պիտի նրանց ճիշտ ուղու վրա դնել, - պատմում է առաջին խմբի մարզիչ Տիգրան Գևորգյանը, ով մարզչական PRO  կարգ ունի: Նրա փոխանցմամբ՝  օգոստոսին մեկնարկելիք Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող «Սյունիք» ակումբի թիմը նախնական շրջանում իր կազմում կունենա հանրապետության տարբեր թիմերից հրավիրվածներ: Ակումբի ղեկավարությունը խնդիր է դրել, որ հետագայում «Սյունիք» թիմում հանդես գան միայն տեղացի ֆուտբոլիստներ:

Հունիսի 12-ին ակումբի սաները սկսել են պարապմունքները: Օրեր առաջ ակումբի մարզաբազայում էինք. այսպես ենք անվանում, քանզի, ինչպես նշեցինք, այդտեղ երեք խաղադաշտ կա: Տեսնել էր պետք, թե ամռան տապին ինչպես են պատանի ֆուտբոլիստները հղկում տեխնիկան, կատարում մարզիչ Տիգրան Գևորգյանի հրահանգները: Տասնվեցամյա Դավիթը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին  է, ասում է՝ սովորում ենք, թե ինչպես ճիշտ տեղաշարժվել դաշտում … Արդեն 11 տարի է, ինչ ֆուտբոլ է պարապում, ակումբն իր համար ընտանիքի նման մի բան է դարձել:

Կապանը տասնամյակներ ի վեր հայտնի է ֆուտբոլային ավանդույթներով: Քաղաքի ֆուտբոլի թիմը ստեղծվել է 1950-60- ական թվականներին «Լեռնագործ» անվամբ: Մրցում էր Խորհրդային Միության առաջնության «Բ» խմբում, թիմում հանդես էին գալիս միայն կապանցիներ…, իսկ հանդիպումներն անցնում էին լեփ-լեցուն տրիբունաների ոգևորիչ աջակցության ներքո:

Կապանյան թիմում հանդես են եկել ֆուտբոլիստներ, ովքեր հետագայում հաջողությամբ խաղացել են  հանրապետության առաջատար թիմում՝ Երևանի «Արարատում»՝ Նորայր Դեմիրճյան, Ռուդիկ Ավանեսյան, Հովհաննես Զանազանյան, Արկադի Անդրեասյան և ուրիշներ: Դեռ ավելին՝ կապանյան ֆուտբոլային թիմն իր կադրերն է գործուղել Երևանի «Արարատ»՝ Ալյոշա Անտոնյան, Գագիկ Հովհաննիսյան և ուրիշներ:

Իսկ Կապանի մարզադաշտը միշտ «աչքի է ընկել» բարձր հաճախելիությամբ և մարդկանց գոնե երկու ժամ կտրել առօրյա հոգսերից: Մանավանդ որ կապանցի ֆուտբոլասերը մարզադաշտ հաճախելու և սիրելի թիմին երկրպագելու տասնամյակներով ձևավորված կուլտուրա ունի:

Ուրեմն՝ նոր մեկնարկվող՝ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության առաջին իսկ հանդիպումներից լինենք մարզադաշտում, մեր ներկայությամբ ոգևորենք նորաստեղծ կապանյան թիմին, ինչը նրանց անչափ անհրաժեշտ է: Մանավանդ որ թիմի անդրանիկ խաղից առաջ մարզամշակութային հետաքրքրական միջոցառում է լինելու, նաև այլ անակնկալներ:

Վահրամ Օրբելյան

Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները. Ամստերդամ

21.04.2026 22:05

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

21.04.2026 21:46

Իրանը բանակցություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել․ Բաղայի

21.04.2026 21:21

Ովքեր են ընդգրկված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում

21.04.2026 20:29

Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ

21.04.2026 20:06

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը

21.04.2026 18:54

Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով

21.04.2026 17:21

Կախվածություն կստեղծեն Ադրբեջանի նավթից, հետո կշրջափակեն Ղարաբաղի նման․ քաղաքացի

21.04.2026 16:47

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր՝ միավորելով իրենց ներուժը

21.04.2026 16:23

Թրամփը հայտարարել է, որ Իրանը խախտում է հրադադարը. իրանական կողմն էլ ասում է՝ պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը

21.04.2026 16:11

Հայաստանում կիրականացվի միջազգային ծրագիր՝ նվիրված խորհրդային ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին

21.04.2026 15:30

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում

21.04.2026 15:27