Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանը հրաժարվել է ՀՀԿ անդամակցությունից

05.05.2018 16:31
2861

Ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը ՀՀԿ-ին: Անշուշտ, հանրապետությունում տեղի ունեցող ճակատագրական իրադարձությունների եւ մեր բազում հայրենակիցների անկոտրում ու հերոսական պահվածքի համայնապատկերին սա թերեւս ոչինչ չարժեցող, բավականին ուշացած քայլ է, նույնիսկ տեղական կամ անձնային մակարդակով: Ինչեւէ:

Ստացվեց այնպես, որ մոտ երկու տարի առաջ ակամայից կանգնեցի երկընտրանքի առաջ` կամ մեզ հետ ես եւ դեպի ՀՀԿ, կամ….

Սա, իհարկե, թույլ փաստարկ է արդարացնելու լռելյայն կայացրած իմ ընտրությունը ոչ «կամ…»-ի օգտնին, առավել եւս մի մարդու համար, ով 88-ից հանուն մեր ազատության ու անկախության պայքարող առաջամարտիկներից էր հայրենի Կապանում, ով չի ընկրկել խորհրդային կայսրության ռեպրեսիվ մեքենայի ճնշումներից: 

Ընդունվելով ՀՀԿ-ի շարքերը՝ չեմ փորձել ինքնաարդարացման համար ինքս ինձ հուսադրել, որ կարող եմ մասնակիցը դառնալ եւ դրական նպաստ բերել նրա բարձրագոչ ծրագրային դրույթների իրականացմանը. ինձ համար միշտ էլ ՀՀԿ-ն եղել է մեր առաջընթացի, մեզանում ժողովրդավարական եւ համամարդկային արժեքների սերմանման եւ ամրապնդման գլխավոր խոչընդոտներից մեկը` սկսած այն պահից, երբ հաշված ժամերի ընթացքում հանրային կյանքում նվազագույն ազդեցություն ունեցող քաղաքական ուժը վերածվեց սուպերկուսակցության: 

Ես ուղղակի տեղի տվեցի. աշխատանքը կորցնելուց ընտանիքիս առջեւ ծառանալիք խնդիրներին, եւ ապագայի անորոշություններին դեմ առ դեմ առնչվելու վախն ինձ ստիպեց կատարել իմ սկզբունքներին հակառակ քայլ. ես երբեք ինձ այդքան նվաստացած չեմ զգացել: Հայտնի կինոհերոսի խոսքերով ասած՝ այդ օրը ես ինքս ինձ հետ էլ հետախուզության չէի գնա:    

Այսօրվա իրադարձությունները, անշուշտ, ունենալու են հանրապետության բնակչության եւ աշխարհասփյուռ հայության բացարձակ մեծամասնության համար ցանկալի հանգուցալուծում` շնորհիվ ժողովրդի հավաքական կամքի եւ Նիկոլ Փաշինյանի նպատակասլացության, ճշգրիտ ու մինչեւ վերջին դետալը հաշվարկված մարտավարության: Մայիսի 8-ից մեկնարկ է տրվելու բոլորիս համար բաղձալի նոր Հայաստանի հաստատուն ընթացքին: Այդ ընթացքի անշրջելիությանը նպաստելու համար նոր ձեւավորվելիք Ազգային Ժողովի եւ կառավարության առջեւ մի խնդիր եմ ուզում բարձրացնել, ինչն անչափ կարեւոր է պետական ծառայողներիս համար:

90-ականների կեսերին, որի վկան եմ ես, սկսվեց պետական ծառայողների ՀՀՇ- ականացման գործընթացը, ինչը, իհարկե, համեմատելի չէ 2000-ականների սկզբից սկսված համատարած հանրապետականացման հետ: Չնայած միշտ էլ պետական ապարատում մի ստվար հատված ընտրությունների ժամանակ առաջնորդվել է ոչ թե նվաստացնող պարտադրանքով, այլ խղճի մտոք եւ սեփական պատկերացումներով (վկան բոլոր նախագահական ընտրությունների արդյունքները Կապանում` սկսած 1996 թվականից):

Պետական կառավարման համակարգում 27 տարվա իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ պետական կառույցի կուսակցականացումը բացառապես բացասական ազդեցություն է ունեցել նրա գործունեության օբյեկտիվ եւ արդյունավետ կազմակերպման վրա:     

Ուղղակի իմ ծառայակիցների եւ բազմաթիվ գործընկերների անունից խնդրում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով եւ ապագա հայոց վարչապետ, ազատեք քաղաքացիական ծառայողներին պետական մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը զուգահեռ կամ փոխարեն այս կամ այն քաղաքական ուժին ծառայելու ստորացուցիչ գործառույթից:   

Ինչպես հատուկ ծառայության, այնպես էլ քաղաքացիական ծառայության ոլորտում օրենքի ուժով անթույլատրելի համարեք քաղաքացիական ծառայողների կուսակցական պատկանելությունը եւ քաղաքական գործունեությունը:     

Համոզված եմ՝ այս դեպքում էապես կփոքրանա ժողովրդի եւ պետական կառույցների միջեւ առկա վիհը, իսկ մենք էլ մեկտեղված ջանքերով կկարողանանք բարեկարգել դեպի տաճար տանող մեզ բաժին հասած ճանապարհը:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի 

ղեկավարի տեղակալ Գ. Թադեւոսյան

mamul.am

5 մայիսի 2018թ.

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24