Սյունիքում չկա «Զանգեզուր TV», կա «Սոսի» հեռուստաընկերություն, որը զավթել ու անվանափոխել է Վահե Հակոբյանը՝ իր տիկնոջ՝ Էլիզաբեթի հետ (Նամակ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին)

17.05.2018 14:51
2392

    Հարգելի պարոն Բունիաթյան

    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն 2011 թվականին անցկացված մրցույթում (Սյունիքի մարզում) հաղթող է ճանաչվել եւ հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա ստացել «Սոսի» հեռուստածրագիրը (հիմնադիր՝ «Ձագեձոր» ՍՊԸ): 

    Լիցենզիան տրվել է տասը տարով, ասել է թե՝ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականը:

    Սակայն, որքան էլ տարօրինակ է, մի քանի ամիս առաջ, «Սոսի» հեռուստածրագրի փոխարեն եթեր է հեռարձակվում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ նրա տիկնոջ՝ Էլիզաբեթի, ընտանեկան «Զանգեզուր TV» հեռուստածրագիրը:

    Այդ հարցը, որի վերաբերյալ մինչեւ հիմա որեւէ բացատրություն չի տրվել, ամիսներ շարունակ եղել ու մնում է քննարկման առարկա Սյունիքում:

    Ուզում ենք Ձեր օգնությամբ պարզել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

    Տեսականորեն չենք բացառում, որ «Սոսիի» հիմնադիր «Ձագեձոր» ՍՊ ընկերության սեփականության իրավունքն անցել է Վահեին ու Էլիզաբեթին կամ նրանց դրածոներից մեկին:

    Ենթադրում ենք, որ հենց այդպես էլ կլինի Ձեր պաշտոնական պատասխանը: Սակայն դա այլ հարց է, եւ մենք կփորձենք պարզել, թե ինչպես է, այնուամենայնիվ, սեփականատիրոջ փոփոխություն կատարվել «Սոսիի» հիմնադիր կազմակերպությունում: Առաջ անցնելով ասենք, որ, ըստ Սյունիքում շրջանառվող խոսակցությունների, «Սոսիի» հիմնադիր ընկերությունը բռնազավթվել է օրինական տիրոջից, ինչը Դուք, մեղմ ասած, «չեք նկատել» կամ նկատել ու կարեւորություն չեք տվել:

    Բայց Ձեզ հետ կապված այլ հարցեր ունենք:

    «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը սահմանում է (հոդված 46, 2-րդ կետ), որ «Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով՝ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների մրցույթից հետո…»:

    «Զանգեզուր TV»-ն 2011-ին չի մասնակցել հեռուստաընկերությունների մրցույթին՝ հետեւաբար՝ եթերային հեռարձակման լիցենզիա չունի եւ չի կարող ներկայումս ունենալ:

    Իսկ «Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որ թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում…» (վերը նշված օրենքի հոդված 46-ի 1-ին կետ):

    Եվ ուրեմն՝ ինչպե՞ս հասկանալ իրողությունը, որ  «Զանգեզուր TV»-ին հեռարձակվում է Սյունիքում, այն էլ՝ «Սոսիի» փոխարեն:

    Մենք տեղյակ ենք, որ թվային հեռարձակման միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում եւ Երեւան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն:

    Մի պահ անտեսենք իրականությունը եւ ենթադրենք, որ Վահեն ու Էլիզաբեթն օրինական ճանապարհով են տիրացել «Ձագեձոր» ընկերությանը:

    Այդ դեպքում… Արդյո՞ք գործող օրենքը հնարավորություն է տալիս, որ այդ ընկերությունը եթերային հեռարձակում իրականացնի «Զանգեզուր TV» ծրագրով:

    Պարզագույն ճշմարտություններ են ֆիքսված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, որն ակնհայտորեն անտեսվել է այս դեպքում:

    Տեսեք՝ «Զագեձորը» մրցույթի է ներկայացել «Սոսի» հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությամբ, սեփական արտադրության հաղորդումների, հայրենական արտադրության հաղորդումների գերակայության երաշխիքներով ու ծրագրով: Եվ «Ձագեձորը» մրցույթում հաղթող է ճանաչվել հենց «Սոսիի» ներկայացրած ծրագրի համար: 

    Հենց այդ ծրագրի համար էլ տրվել է լիցենզիա:

    Մինչդեռ այլ բան է ստացվում. «Ձագեձորին» տրվել է լիցենզիա՝ «Սոսի» հեռուստածրագիրը եթեր հեռարձակելու համար, իսկ եթեր է սփռվում «Զանգեզուր TV»-ի ծրագիրը, որը չի ներկայացվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, որը չի մասնակցել մրցույթի, որը լիցենզիա չի ստացել, որը հեռարձակվում է միայն այն պատճառով, որ Վահեն ունի հովանավորներ եւ Էլիզաբեթ կին-տանիք, ինչպես եւ Քաջարանի կոմբինատ ստնտու…

    Մի քանի կարեւոր հիշեցում ենք ուզում անել:

    Նախ՝ «… թվային հեռարձակման ցանցը Հայաստանի Հանրապետության սեփականություն է» (վերը նշված օրենքի հոդված 47-ի 2-րդ կետ):

    Եվ փաստորեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն այս դեպքում տնօրինվել է քմահաճորեն:

    Երկրորդ՝ իրականում տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի, որը լիցենզիայի գործողության դադարեցման հիմք է (նշված օրենքի հոդված 61-ի 5-րդ կետ):

    Երրորդ՝ հայտնաբերվել է կեղծ կամ խեղաթյուրված հանգամանք՝ լիցենզիան օգտագործելու համար էական նշանակություն ունեցող:

    Վերեւում արդեն նշեցինք, թե որն է կեղծ կամ խեղաթյուրված հանգամանքը:

    Պարզված չէ, թե ինչպես է փոխվել «Սոսիի» հիմնադիր «Ձագեձորի» սեփականատերը: Իսկ մենք պնդում ենք՝ Սյունիքում շրջանառվում է տեսակետը, որ Վահեն ու Էլիզաբեթն այդ ընկերությունը զավթել են օրինական տիրոջից, հանգամանք, որը չի ուսումնասիրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

    Եվ ի՞նչ ունենք այդ ամենի հետեւանքով:

    Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, նրա նախագահ Գագիկ Բունիաթյանի ակնհայտ թողտվությամբ Սյունիքի մարզը զրկվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային մեկ հեռուստաընկերություն ունենալու հնարավորությունից, որի իրավունքն ուներ եւ ունի մարզը՝ համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 47-ի 7-րդ կետի:

    Սյունիքի մարզի բնակչությանն է հրամցվում ինչ-որ «Զանգեզուր TV»-ի ծրագիր, որը, իրավական որեւէ հիմք չունենալուց զատ, քիչ աղերս ունի տարածքի բնակչության իրական հետաքրքրությունների հետ, ինչը նույնպես կարեւոր պայման է՝ սահմանված օրենքով: 

    «Զանգեզուր TV»-ին ապօրինաբար եթեր մտնելու առաջին իսկ օրվանից սպասարկում է բացառապես Վահե-Էլիզաբեթ զույգի ընտանեկան շահը, ինչը կապ չունի ո՛չ Սյունիքի, ո՛չ Հայաստանի Հանրապետության շահերի հետ:

    Ստեղծված իրավիճակն ունի պարզագույն եւ անսակարկելի ելք՝ ա)Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ծառայողական հետաքննություն է սկսում՝ պարզելու, թե ինչպես են Վահե Հակոբյանն ու Էլիզաբեթը տիրացել Սյունիքի մարզային «Սոսի» հեռուստատեսությանը, բ)անհապաղ դադարեցվում է «Զանգեզուր TV» չլիցենզավորված ծրագրի եթերային հեռարձակումը, գ)Սյունիքի մարզում վերականգնվում է գործող օրենսդրությամբ անցկացված մրցույթում հաղթող ճանաչված «Սոսի» հեռուստածրագրի հեռարձակումը: 

    Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պետք է քննություն նախաձեռնի՝ պարզելու, թե ինչպես են Վահեն ու Էլիզաբեթը (կամ նրանց դրածոներից մեկը) դարձել «Ձագեձոր» ՍՊ ընկերության սեփականատեր:

    Հարգելի պարոն Բունիաթյան

    Ահա այն, ինչ որ կամեցա Ձեզ ասել հրապարակավ՝ ակնկալելով կոնկրետ քայլեր Սյունիքում մարզային եւ օրինական հեռուստահաղորդումը վերականգնելու գործում:

    ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

    «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

    17 մայիսի 2018թ.

    Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհն արդեն կառուցվում է. Ալիև

    10.04.2025 12:46

    Թրամփը չի բացառել Իսրայելն առաջնորդությամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

    10.04.2025 12:45

    Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

    10.04.2025 11:51

    Եթե Իրանի պարագայում ռազմակшն գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. Թրամփ

    10.04.2025 11:49

    ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերшզմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%

    10.04.2025 11:47

    Խնածախում այսօր գիշերը կրկին կրшկnցներ են լսվել. գյուղացիներն անհանգստացած են. վարչական ղեկավար

    10.04.2025 11:46

    Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այցելել են Արցախ

    10.04.2025 11:45

    Շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա, որոնք վերաբերում են 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններին. Վարդան Օսկանյան

    10.04.2025 11:44

    Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

    10.04.2025 11:43

    Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

    10.04.2025 11:42

    Մենք չենք կարող նստել և սպասել. Իրանի հետ պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ. Ալիև

    10.04.2025 11:39

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՇՐՋԱՅՑԵՐԸ

    10.04.2025 10:56