Սյունյաց աշխարհի ճարտարապետական հրաշալիքը եւ «Փղոսկրյա Ավետարանը» «Սյունյաց մշակութայինի» հայաբույր էջերում

04.01.2023 12:49
4101

Մինչ բարբարոս ցեղը ջանում է մերձենալ ու իր արյունոտ եղունգներով չանգռել Սյունյաց աշխարհի անառիկ լեռներն ու ժայռերը, յուրաքանչյուր հայի հպարտություն ներշնչող երկնամերձ մեր այս երկրամասի՝ Դավիթբեկյան ուխտերի եւ նժդեհյան ոգու ժառանգորդ զավակները շարունակում են իրենց վարուցանքն անել արվեստի, գրի ու գրչության անդաստաններում: Այս դաշտում ջահակրի յուրօրինակ առաքելություն է ստանձնել «Սյունյաց երկիր» մշակութային ստվարածավալ թերթը, որի հերթական համարն օրերս է հասել ընթերցողին:  

Ինչպես միշտ, ակնահաճո ու գեղաշուք է առաջին էջը՝ թավշյա անտառների ծոցում Սյունյաց աշխարհի Բղեն գավառի Աստծո տաճարների թագ ու պսակ Նորավանք եկեղեցին է՝ բնությանը համաձուլված, ասես անձեռակերտ մի հրաշալիք՝ հանճարեղ կերտվածքով: Այնուհետեւ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» մեծարժեք աշխատությունից մի հատված է, որում վկայվում է, որ «հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները. «Ամենից առաջ ինձ համար կարեւոր ու չափազանց անհրաժեշտ էր ցույց տալ հենց այս, թե հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները, որոնք սուրբ Ավետարանին հնազանդվեցին Բարդուղիմեոս սուրբ առաքյալի միջոցով, եւ անտեղի չէ այժմ դա շարադրել»: Եվ պատմում է, թե ինչպես է Պարսկաստանից վերադարձող առաքյալն իր աշակերտների հետ գալիս Ատրպատականով եւ անցնելով Երասխ գետը՝ մտնում Սիսականի սահմանները, սկսում քարոզել Որդվատ գյուղում, Արեւիք գավառում, Բաղքում, Գողթնում եւ ժայռի վրա կառուցում Տյառնընդառաջ հրաշագործ եկեղեցին, շարունակում իր առաքելությունը տարբեր վայրերում: Էջի նյութը զարդարում-ամբողջացնում է Դուբայում գտնվող «Թադեւոսի ու Բարդուղիմեոսի մուտքը Հայաստան» շքեղ գեղանկարով՝ որպես խոսուն վկայություն ասվածի: Նաեւ տեղեկանում ենք, որ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանը գտնվում է Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում:

«Աստծո տաճար եւ բնակարան 935 թվականից» խորագրի ներքո Բղենո Նորավանք-հուշարձանի պատկերներն են՝ տարբեր դիրքերից: Ըստ Ստ. Օրբելյանի՝ 10-11-րդ դարերում եկեղեցու հիմնական կառուցումները կատարվել են երկու անգամ: Առաջինը՝ ոմն Ստեփանոս քահանայի կողմից, երկրորդ խումբը, ըստ պատմագրի՝ «յետ սակաւուց» եւ ըստ արձանագրության՝ ավարտվել 1062 թվականին: Ապշեցուցիչ են եկեղեցու գեղեցիկ հորինվածքները, սլացիկ ու նախշազարդ կամարները, վեմերն ու խարիսխավոր սյուները՝ կառուցված սքանչելի վարպետների ձեռամբ:

Գեղաշուք այս տաճարի մասին է թերթի խորիմաց խմբագրի՝ Սամվել Ալեքսանյանի «Հայկական ճարտարապետության գլուխգործոցներից եւ հայ արվեստի պարծանքներից մեկը՝ Բղենու Նորավանքը» խորագրի ներքո հրապարակումը: «Ժամանակն է փառաբանական խոսք ասելու Սյունյաց աշխարհի 48 վանքերից եւս մեկի՝ Բղենու Նորավանքի մասին: Աստծո այդ տաճարը բացառիկ տեղ է զբաղեցնում ոչ միայն Սյունիքի, այլեւ հայոց աշխարհի սրբավայրերի շարքում,- գրում է հեղինակը եւ շարունակում,- սրբավայրը, սակայն, յուրահատուկ ճակատագիր է ունեցել: Դարեր շարունակ անհայտ էր վանքի տեղը, պատմիչներն անորոշ եւ իրարամերժ տեղեկություններ են հաղորդել դրա գտնվելու ճշգրիտ վայրի մասին: Եվ միայն 1932 թվականին եղավ Բղենո Նորավանքի վերահայտնությունը: Այդ վերահայտնությունը, վերին պարգեւումով, եղավ հայոց մեծերից մեկի՝ Ակսել Բակունցի կողմից»: Իսկ թե ինչպես՝ թողնենք, որ ընթերցողն ինքը ծանոթանա «Սյունյաց երկրի» այս համարին: Ու նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող հայ եւ օտարազգի այն գիտնականներին, ովքեր զբաղվել են Նորավանքի ուսումնասիրությամբ: Ուշագրավ են Սեդրակ Բարխուդարյանի, Գագիկ Սարգսյանի, Զարուհի Հակոբյանի գիտական հետազոտությունները՝ նվիրված հանճարակերտ հրաշալիքին: Անչափ հետաքրքիր է Սյունյաց պատմության քաջագիտակ գրողի՝ Սերո Խանզադյանի «Բղենո Նորավանքի տաճարը հրաշք է՝ գեղեցկուհու կորած ջահելություն» վերնագրի ներքո: Չեն մոռացվել վանքին վերաբերող հնօրյա արձանագրությունները ամենայն մանրամասնություններով ու վերլուծություններով:

Սույն հրապարակումից տեղեկանում ենք, որ Բղնենո Նորավանքը միակը չէ. «հայոց մեջ չորս Նորավանք ենք ունեցել»: Եվ մեկ առ մեկ ներկայացվում են նույնանուն այդ վանքերը՝ հառնած տարբեր վայրերում: Նաեւ իրենց պատմություններով: Ինչպես նշում է հրապարակագիրը, հայ գրչության եւ մանրանկարչության եզակի հուշարձաններից մեկը՝ «Էջմիածնի Ավետարանը» կամ «Փղոսկրյա Ավետարանը» 989-ին ընդօրինակվել է Բղենո Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, որն այժմ գտնվում է Մատենադարանում: Այս Ավետարանի էությանն ու ոդիսականին է նվիրված նաեւ Նիկոլայ Քոթանջյանի տարողունակ հրապարակումը՝ հարուստ պատկերավորումներով:

«989 թ. Էջմիածնի Ավետարանի» մանրանկարների ուսումնասիրության հարցի շուրջ» ծավալուն նյութը հեղինակալ է Ստեփան Մնացականյանը: Նույն հեղինակի գրչին է պատկանում «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը»  ընդգրկուն ուսումնասիրությունը: Վերոնշյալ Ավետարանի արվեստին է նվիրված մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի աշխատություններից առանձնացված համապատասխան հատվածը՝ գրված 1936-ին Բրյուսելում: Այս նյութերը ամբողջացված են Ավետարանը շքեղացնող բազմաթիվ մանրանկարչական աշխատանքներով:

Թերթի էջերում հախաճակի հանդիպող սյունեցի պատմագրի՝ Ստեփանոս Օրբելյանի պատմական վկայությունների կողքին նաեւ ամենագիտակ Ղեւոնդ Ալիշանն է՝ մի հատվածով իր «Սիսական» գրքից, սույն գրքի շապիկը՝ հրատարակված 1893 թվականին, Վենետիկում:

Հիսուս Քրիստոսին առաջինը Աստծո որդի վկայած Ստեփանոս Նախավկային նվիրված հրապարակումով է ամփոփվում «Սյունյաց երկրի»՝ թեմատիկ խտությամբ հագեցած նորընծա համարը. «Ստեփանոս Նախավկան անդրանիկ վկան է, որն իր նահատակությամբ նմանվում է Հիսուսին՝ ճանապարհ բացելով հետագա վկաների ու մարտիրոսների համար: …Նրա անունով Հայաստանում վանքեր եւ մատուռներ են կառուցվել, որոնցից նշանավոր են Ջուղայի, Դարաշամբի, Դողսի, Աստապատի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքերը եւ, իհարկե, Բղենո Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին…»:

Ինչպես ամփոփիչ խոսքում նշում է մեծարգո խմբագիրը՝ Բղենո Նորավանքին առնչվող գրականության ամբողջական մատենագիտությունը դեռեւս չի ստեղծվել, եւ ներկայացնում է իրենց հայտնի գրականության ցանկը: «Հանդեսի սույն համարը կառուցելիս,- գրում է նա,- մենք չգնացինք ցանկում նշված բոլոր հրապարակումները ներկայացնելու ճանապարհով: Պատճառն այն է, որ դրանց մեծ մասը, մեղմ ասած, արդիական չեն այլեւս, որ արծարծված հարցերի վերաբերյալ կան նոր դիտարկումներ եւ մոտեցումներ…»:

Իսկ մենք ավելացնենք. այն, ինչ ներկայացված է, հսկայածավալ աշխատանքի ու հայրենի եզերքի հանդեպ նվիրական, անխառն սիրո ու նախանձելի աշխատասիրության արգասիք է: Ճիշտ այնպես, ինչպես եղել է «Սյունյաց երկիր» մշակութայինի նախորդած բոլոր թողարկումների պարագայում:

Նորոգ զորություն մեղվաջան խմբագիր Սամվել Ալեքսանյանին, ողջ աշխատակազմին՝ իրենց հայրենանվեր առաքելության մեջ:

Հակոբ Սրապյան

https://hhpress.am/


 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03