«Սյունյաց երկրի» 2018թ. կայուն գործունեությունը երաշխավորված է. բաժանորդագրությունն ավարտվել է հաջողությամբ

27.12.2017 11:38
1626

«Սյունյաց երկիր» լրագրի եւ syuniacyerkir.am կայքի ընթերցողներին հաճույքով իրազեկում ենք՝ թերթի 2018թ. բաժանորդագրությունը հաջողությամբ հասել է ավարտին:

Թերթն ու կայքը առնվազն ավարտվող տարվա ռիթմով կշարունակեն գործել 2018 թվականի ամբողջ ընթացքում:

Հիմա մենք մտահոգված ենք զարգացման խնդիրներով:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից անկախ, «Սյունյաց երկիրն» իրենցը համարեցին եւ աջակից եղան խմբագրակազմին՝ թերթի կայուն ընթացքն ապահովելու համար:

Նախորդ տարիներին նույնպես կարեւոր է  եղել թերթի տարեկան բաժանորդագրության կազմակերպումը, քանի որ «Սյունյաց երկիրը» եղել ու մնում է հանրապետության բացառիկ լրատվամիջոցներից մեկը, որ գործել ու գործում է լրիվ ինքնաֆինանսավորմամբ եւ առանց հովանավորների:

Այս անգամ, սակայն, բաժանորդագրությունն իրականացվեց հավելյալ խոչընդոտների պայմաններում: Թերթի գործունեությամբ անհանգստացածները կանգ չառան ամենաստոր միջոցների առջեւ անգամ՝ մեր ընթացքը խափանելու համար:

Ուստի եւ ավարտվող բաժանորդագրությունը, առանց չափազանցության, վստահության յուրօրինակ հանրաքվե էր: Եվ ընթերցողն իր վստահությամբ երիցս պսակավորեց մեզ:

Պարբերական մամուլի գոյությունն առաջին հայացքից անհարկի շքեղություն է մեր օրերի համար, նաեւ ջանք ու էլեկտրոնային լրատվամիջոցների հետ մրցակցելու խոհեմություն պահանջող գործ,  սակայն առանց պարբերական մամուլի առայժմ  հնարավոր չէ պատկերացնել մեր ազգային, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքը, ինչում համոզվեցինք երիցս:

Ընթերցողի այս վստահությանը, անշուշտ, կպատասխանենք համարժեք վերաբերմունքով ու երբեք հուսախաբ չենք անի մարդկանց:

Ստիպված ենք կրկին հայտարարել՝ մենք ինչ-որ արհեստական պարտավորություն կամ առաքելություն չենք ստանձնել: Մեր խնդիրը շատ հստակ է՝ լինել Սյունիքի ներկա ընթացքի ճշմարիտ վավերագրողը:

Բայց լրագրությունը, մեր պատկերացմամբ ու համոզմամբ, նախեւառաջ խիղճ է: Հրանտ Մաթեւոսյանի խոսքն ենք դարձյալ հիշում՝ «Սպիտակ թղթի առջեւ ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել»: Պատահական չէ՝ ամեն անգամ նման երկյուղածությամբ եւ պատասխանատվությամբ էլ մոտենում ենք մատուցվող նյութին:

Մյուս կողմից՝ շաղված-շփոթված մեր երթում, անդեմության համատարած թագավորության մեր օրերում փորձում ենք  թերթի եւ կայքի էջերում ապահովել լույսի անընդհատ թրթիռը, ձգտում ենք հնարավորինս ընդլայնել լույսի բացատը:

Եվ դա տաղանդով ու ֆինանսական միջոցներով չէ պայմանավորված սոսկ, դա նախեւառաջ աշխարհայացք է, հետեւողականություն, կամք:

Մեր հարափոփոխ ժամանակը, սակայն, խաղի նոր կանոններ է թելադրում անընդհատ, նոր մարտահրավերների առաջ կանգնեցնում:

Թերթի տպագիր տարբերակի լսարանի կողքին ու նրան զուգահեռ, հուրախություն, ձեւավորվեց  syuniacyerkir.am կայքի՝ անընդհատ ընդլայնվող լսարանը:

Մայրաքաղաքային բազմաթիվ լրատվամիջոցներ սյունիքյան խնդիրները լուսաբանելիս հաճախ սկզբնաղբյուրային նշանակություն են տալիս «Սյունյաց երկրի»  հրապարակումներին:   

Իսկ այդ ամենը, իրոք որ, ավելի է մեծացնում խմբագրակազմի պատասխանատվության չափը:

Այդ բոլորով հանդերձ՝ 2018-ի աշխատանքների ծրագրավորումը վերահաստատեց ցավալի իրողությունը, որ իրականում գործ ունենք երկփեղկված Սյունիքի հետ, երկու Սյունիքի հետ. մեկը տեղական ցեցերի եւ հատկապես Երեւանից բերված ու այս կողմերում ներդրված ասպատակների, նրանց կույր սպասավորների, նաեւ իրավիճակի փոփոխությանն անընդհատ սպասող ծպտվածների, հորթային հրճվանքից ու անդեմությունից արբեցածների Սյունիքն է՝ միանգամայն այլ առաքելությամբ, խոսքի ազատության դեմ միջնադարյան մեթոդներ կիրառելու վճռականությամբ, մյուսը մեր ու ձեր Սյունիքն է՝ մարդկանց ամենօրյա մտահոգություններով, դարերի խորքից եկող արժեհամակարգով, երկրամասի ապագայի վերաբերյալ ստույգ տեսլականով, սյունիքյան ցավերի հանդեպ սրբազան անհանգստությամբ, պատվախնդրությամբ եւ զգայունությամբ:

Երկու Սյունիքը, առայժմ եւ ցավոք, չեն կարող միավորվել, քանզի տարբեր առաքելություն ունեն. մեկի համար Սյունիքն ալպիական մարգագետին է, սովորական արոտավայր, մյուսի համար՝ հայրենիք:

Այս երկփեղկվածության մեջ «Սյունյաց երկիրը» կշարունակի ընթանալ այն ճանապարհով, որ որդեգրել է ի սկզբանե: Դա նշանակում է նախեւառաջ, որ հայոց պետության հանդեպ մեր անսակարկելի հավատամքը երբեք ու ոչ մի պարագայում ճաք չի տա, եւ նեղացած ու խռովյալ չենք լինի, չենք շեղվի երկրի տիրոջ ու մշակի մեր ճանապարհից, որքան էլ օրվա որոշ իշխանավորներ մեզ խնդիրներ հարուցեն:

Խռովյալ ու ապստամբ կարող են լինել իշխանավորները, երբ մի օր հանկարծ զրկվում են աթոռից, նաեւ օլիգարխները, երբ զրկվում են ունեցվածքից. դա է Հռոմի ժամանակներից եկող եւ հայաստանյան իրականության   բազում օրինակներով վերահաստատված բանաձեւը: Իսկ մեզ ու մեզ նմանների համար հայրենի պետությունը հարազատ ծնողի պես սրբություն է, որից սովորաբար զավակները չեն նեղանում: Մանավանդ որ՝ օրվա իշխանավորներին երբեք չենք նույնացրել մեր պետության եւ պետականության հետ, որքան ել այդ իշխանավորները դոշ  են պատռել եւ պատռում:

Ու քանի որ երկու տարվա՝  2017-ի եւ 2018-ի սահմանագծում ենք, շնորհավորանքի եւ բարեմաղթանքի անկեղծ խոսք ենք հղում մեր ընթերցողներին, բարեկամներին ու բոլոր սյունեցիներին՝ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Հիշենք ու երբեք չմոռանանք՝ Հայաստանը մենք ենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35