«Սյունյաց երկրի» դեմ ֆեյսբուքյան կեղծ էջերով ու անանուն նյութերով պայքարելը նույն էֆեկտն ունի, ինչ կարող է ունենալ մանրիկ մի քարով Կապուտջուղին խփելը

06.06.2018 17:42
2282

Վերջին օրերին անչափ ուշագրավ մի «գործընթաց» է տեղի ունենում Կապանում եւ Քաջարանում:

Ինչ-որ ողորմելիներ՝ թաքստոցից, դիմակավորված, արշավ են սկսել հազարավոր սյունեցիներիս համար պատվի եւ արժանապատվության խորհրդանիշ դարձած «Սյունյաց երկիր» թերթի ու syuniacyerkir.am կայքի դեմ: 

Չարախոսության հորձանքը բաց է թողնվում ֆեյսբուքյան կեղծ էջերով՝ անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութերի տեսքով, հայհոյախոսությամբ, զրպարտությամբ, սուտասանությամբ:

Առաջին հայացքից որեւէ նոր բան չկա դրանում. անցած մեկ-երկու տարում խոսքի ազատության դեմ մարզում այնպիսի արշավ է ծավալվել, որ հիմա զարմանալ, տեղից վեր թռչել չենք կարող: «Սյունյաց երկրի» դեմ արվել է այն, ինչ աշխարհի որեւէ այլ երկրի լրատվամիջոցի դեմ չեն անում մեր ժամանակներում:

Պարզապես ընդդեմ թերթի ձեռնարկված քայլերի նողկալիությունը, ստորությունն այնքան ցցուն են, որ չեմ կարող կողքից հայեցողի դերում մնալ:

Սամվել Ալեքսանյանին ճանաչում եմ 1970-ականներից, երբ կոմերիտմիության Մեղրու շրջկոմի քարտուղարն էին, ինքն էլ՝ Գորիսի:

Եթե խոսենք բարոյականության, մաքրության, ազնվության մասին, ինքն արժեքային այդ դաշտի մշտական բնակիչն է: Եթե խոսենք հայեցիության, քաղաքացիության եւ հայրենասիրության մասին, ինքը դրանց լավագույն կրողներից է: Եթե խոսենք օրինապահության ու պետական մտածելակերպի, պետականամետ գործելակերպի մասին, ինքը բյուրավորների համար ընդօրինակման արժանի է: Եթե խոսենք ինտելեկտի, կազմակերպական, ստեղծագործական ներուժի մասին, ինքը մատնացույց անելու արժանի անձնավորություն է: Եթե խոսենք համարձակության, քաջության մասին, ինքը ցանկացած իրավիճակում մեն-մենակ գնացող է…

Իսկ ի՞նչ մեղք է գործել Սամվել Ալեքսանյանը, որ, այդքան արժանիքներ ունենալով հանդերձ, մի ամբողջ ոհմակի ուշադրություն է գրավել: 

Նա ստեղծել է խոսքի ազատության, բացախոսության մի հարթակ, որ բոլոր սյունեցիներինս է, որ ունի սեփական կարծիք եւ դիրքորոշում սյունիքյան հիմնախնդիրների վերաբերյալ:

Ահա այն «մեղքը», որ գործել է Սամվել Ալեքսանյանը, ինչի համար եւ նրան չեն ուզում հանդուրժել, ներել: Ուրիշ ոչ մի բան:

Եվ շատ լավ ճանաչելով նրան՝ հայտարարում, հիշեցնում եմ ամենքին՝ «Սյունյաց երկրի», նրա խմբագրի դեմ ֆեյսբուքյան կեղծ էջերով, անանուն կամ հնարովի ստորագրություններով նյութերով, մեկ-երկուսի կողմից գրվող ու տասնյակ չեղած անուններով վավերացվող «քոմենթներով» պայքարելը նույն էֆեկտն ունի, ինչ կարող է ունենալ, օրինակ, մանրիկ մի քարով Կապուտջուղին խփելը:

Ստեղծված իրավիճակը, սակայն, ինձ մտահոգությունների ուրիշ տիրույթ է տեղափոխում:

Ֆեյսբուքյան այդ կեղծ էջերը տարածվում են գովազդային խողովակներով, որպեսզի ավելի շատ մարդիկ ընթերցեն: Իսկ դա նշանակում է, որ ընդդեմ թերթի ու խմբագրի հերթական անգամ եւ նորից մեծ փող է դրվել:

Ո՞վքեր  են այն մարդիք, որ ժամանակ առ ժամանակ այդքան գումարներ են ծախսում միայն այն բանի համար, որ Սամվել Ալեքսանյան խմբագրին վնասեն, վարկաբեկեն:

Ուրիշ բան ասեմ. եթե այդ թաքնված մարդիք նմանատիպ փողեր ունեն, եթե իսկապես մտահոգված են Սյունիքով, եթե ի վիճակի են գովազդվող ֆեյսբուքյան էջեր բացել, ապա ինչո՞ւ նման մի էջ էլ չեն բացում ի շահ Սյունիքի եւ բոլորիս հրավիրում մարզային հիմնախնդիրների շուրջ բանավեճի՝ առանց դիմակի:

Մի՞թե այդ ծպտյալներիի համար Սամվել Ալեքսանյանի մասին կեղծիքներ ու ստեր տարածելն ավելի կարեւոր գործ է, քան սյունիքյան հարյուրավոր հիմնախնդիրներից գոնե մեկի մասին հանրային քննարկում սկսելը նույն ֆեյսբուքում:

Չէ, տղերք, դուք զբաղված եք սովորական սրբապղծությամբ եւ անբարոյականությամբ, ինչի համար էլ վարձատրվում եք: Եվ այն, ինչ անում եք հիմա, որեւէ կապ չունի Սյունիքի հետ:

Ու շատ ամոթ է, որ ձեր կեղտոտ «քոմենթներով» փորձում եք խոսել Սյունիքի, սյունեցիների անունից: 

Սյունեցին իր տեսակով անկեղծ մարդ է, սյունեցին խոսքը ճակատին ասող է, սյունեցին քինախնդիր ու վրեժխնդիր չէ, սյունեցին մի քանի կոպեկով ուրիշի ոտքերի տակ պառկող չէ, սյունեցին հայի լավագույն տեսակն է, սյունեցին մատնիչ չէ… Այնպես որ՝ խնդրում եմ՝ ձեր կեղտով մի ապականեք Սյունիք անունը եւ սյունեցի բառը:

Ինչ-որ առումով եւ ցավալիորեն ծիծաղելի իրավիճակ է հիմա մեզանում. թավշյա հեղափոխության պտուղներից ամենաշատը փորձում են օգտվել այդ հեղափոխության հակառակորդները, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զզվանք են պատճառել հանրությանը, որոնց դեմ, ի վերջո, ոտքի ելավ հայ մարդը:

Եթե բանական մարդ եք, եթե իսկապես մտահոգված եք Սյունիքի խնդիրներով, եթե համոզվել եք, որ թերթը վճռորոշ դեր ունի երկրամասում (իսկ դուք համոզվել եք դրանում), ապա Սամվել Ալեքսանյանին հրավիրեք բանավեճի: 

Դրանի՞ց էլ եք խուսափում:

Ուրիշ մի հանգամանք եւս աչք է ծակում՝ իր արհեստականությամբ, զրպարտության հետ շաղախվածությամբ:

Սամվել Ալեքսանյանն իր լրագրողական, նաեւ հանրային գործունեության մեջ երբեք անձնական խնդիրներով չի առաջնորդվել, հարցերին նա սովորաբար նայում է վերանձնական պատուհանից: Մենք՝ նրա ընկերները, հաճախ նույնիսկ մտերմաբար քննադատում ենք նրան, որ անձնական խնդիրները հետին պլան է մղել:

Նրա գրվածքները միայն ու միայն Սյունիքի, մեր պետականության, ազգային մեր երազանքների, ազգային մեր արժանապատվության, վաղվա օրվա մասին մտահոգություններով են համեմված:

Շատ պարզ է երեւում՝ Սամվել Ալեքսանյանին փորձում են վարկաբեկել այն բանի համար, որ սիրում է իր երկրամասը, որ նվիրված է իր փոքր հայրենիքին, որ իր գրչով ջարդում է մեր լեռնաշխարհի արժանապատվությունը տրորողների մռութը, որ երկրի ղեկավարության ուշադրությունն է անընդհատ հրավիրում մարզի հիմնախնդիրների վրա: 

Առանց ակնոցների անգամ երեւում է, որ շոուն նաեւ Սամվել Ալեքսանյանի հանդեպ մասնագիտական խանդի դրսեւորում է: Ինչ-որ մարդիկ իրենց չկայացածության, իրենց պռատության համար տարիներ շարունակ փորձում են վրեժ լուծել խմբագրից:

Ես նրանց անկեղծ խորհուրդ եմ տալիս. հարգելի «լրագրողներ», եթե չեք կայանում, եթե ամաչում եք սեփական ստորագրությունից, եթե խոսքի ոլորտում չեք կարողանում ինքնադրսեւորվել, ապա դրանում մի մեղադրեք որեւէ մեկին: Ձեր չկայացածության, լրագրողական ձեր տկարության պատճառը մի փնտրեք ուրիշների մեջ, մի չարացեք, աշխարհից մի խռովեք, որ տարիների ընթացքում չեք կարողացել դառնալ Սամվել Ալեքսանյանի արժանավոր մրցակիցը:

Չթաքցնեմ՝ այս օրերին լրացուցիչ հետաքրքությամբ եմ հետեւում եւ՛ թերթի, եւ՛ կայքի, եւ՛ խմբագրի պահվածքին:

Եվ ուրախանում ու հպարտանում եմ, որ Սամվել Ալեքսանյանն իրոք իմ իմացած Սամվել Ալեքսանյանն է, որ թերթը ստեղծագործական բուռն առօրյայով է ապրում, նաեւ թերթի տարեդարձին է պատրաստվում, նաեւ զարգացման ծրագրեր է փորձում իրականացնել, նաեւ բոլորիս համար շատ սպասված թեմատիկ համարների վրա է աշխատում:

Հարգելի պարոն Ալեքսանյան, երբեք մի մոռացեք, որ արժանապատիվ Սյունիքը ձեզ հետ է. նույն տեմպով, նույն ուժով, նույն «դուխով» շարունակեք քայլել վաղուց ընտրված ճանապարհով: 

Այդ ե՞րբ է որեւէ հաչոց կանգնեցրել որեւէ քարավանի ընթացք, որ հիմա կանգնեցնի, մանավանդ որ քո քարավանն ընթանում է տաճար տանող ճանապարհով…

ՄԱՐԱՏ ՕՀԱՆՅԱՆ

Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան

18.06.2026 19:24

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը

18.06.2026 19:19

Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդnւմ է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

18.06.2026 19:17

Ռուսաստանը զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինայի զինված ուժերի մարտունակության օբյեկտներին. Լավրով

18.06.2026 19:12

ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը․ Զախարովա

18.06.2026 18:52

Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը

18.06.2026 15:40

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան

18.06.2026 15:33

«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար». Ադրբեջանում չեն հանգստանում

18.06.2026 14:18

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

18.06.2026 12:46

Բագրատ Զաքարյանի պարզաբանումը

18.06.2026 12:29

Ֆիդան. «Պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, երբ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն»

18.06.2026 12:17

Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր խստացումներ է սահմանել միկրոբիզնեսի համար

18.06.2026 12:00