Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2024 09:31
822

Սիրելի հավատացյա՛լ եղբայրներ և քույրեր

Դեկտեմբերի սկզբից շրջելով Սյունյաց աշխարհի բնակավայրերով՝ նկատում էի, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական ոգին այս տարի զարմանալիորեն վաղ է այցելել մեզ և լցրել մեր սրտերը մի թեթևությամբ, որը երկար ժամանակ մեզանում բացակայում էր։ Թերևս այս շտապող ուրախությունը արձագանքն է կարոտի մեր հոգու անդորրի ու ներդաշնակության, որոնք վերջին տարիներին անընդհատ խաթարվում են մեզ վիճակված փորձությունների, զրկանքների և անվերջանալի թվացող դժբախտությունների պատճառով:

Այս տոնական ոգին, սակայն, պարզապես ուրախության կարոտի արձագանք չէ. այն գալիս է հիշեցնելու, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում մենք ունենք ուժ և հույս՝ վերադասավորելու մեր կյանքը և ընթանալու բարեբեր կենսուղով։ Հենց սա է Ամանորի խորհուրդը՝ ընձեռել ինքնաճանաչման ու վերափոխման հնարավորություն՝ դրդելով վերաիմաստավորել անցյալը, գնահատել ունեցածը և կրկին համարձակվել երազել ապագայի մասին։

Վերափոխման գլխավոր քայլը բխում է Սուրբ Ծննդյան պատգամից: Պատգամ, որի իրական, խորքային իմաստը հաշտությունն է։ Պողոս առաքյալը, Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում անդրադառնալով Աստծո մարդացմանը, գրում է. «Քանզի Աստուած էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշուի չառաւ նրանց մեղքերը ու տուեց մեզ հաշտութեան խօսքը» (Բ Կորնթացիներին 5:19)։ Ուստի Սուրբ Ծննդյան տոնը հիշեցնում է, որ Աստված մարդացավ՝ մեզ Աստծո հետ հաշտեցնելու համար։ Միևնույն ժամանակ Աստված պատգամեց իր հետևողներին շարունակել հաշտության առաքելությունը: Հետևաբար այն մեզ դրդում է մտածել նաև, որ երբ մենք գտնում ենք Սուրբ Ծննդյան տոնի իրական իմաստը՝ հաշտությունը, մենք կարող ենք այն ընկալել իբրև ոչ միայն Աստծո հետ վերամիավորվելու, այլև մեր սեփական կյանքում ու հարաբերություններում խաղաղություն հաստատելու հնարավորություն։

Նայելով մեր իրականությանը՝ չենք կարող չնկատել, թե տառապանքներով պայմանավորված՝ որպիսի պառակտված հասարակություն ենք դարձել: Արցախյան պատերազմը և դրա հետևանքով հայրենիքի մի մասի կորուստը, ահռելի թվով զոհերն ու տառապանքները սրել են մեր երկրում եղած քաղաքական ու հասարակական բաժանումները։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որում համերաշխությունը փոխարինվել է անհաշտությամբ, իսկ միաբանությունը՝ վեճերով ու հակասություններով։ Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները, որոնք պետք է լինեին ազգի միավորման ու բարոյական առաջնորդության աղբյուր, այսօր հաճախ հայտնվում են առճակատման և հակասությունների կենտրոնում։

Այսպիսի բաժանումները վնասում են մեզ և դժվարացնում մեր ճանապարհը դեպի վերափոխում և հաշտություն։ Բայց հենց այստեղ է, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը կարող են դառնալ հնարավորություն, որ սկսենք վերագտնել այն ներդաշնակությունն ու խաղաղությունը, որ արդեն երկար ժամանակ է՝ բացակայում է մեր երկրում: Այն հարցը, թե մենք ունակ ենք հաշտվելու և միասին գործելու, կախված է մեր իսկ պատրաստակամությունից:

Այսպիսով՝ թող Ամանորի խորհուրդն ու Աստծո Որդու ծննդյան պատգամը՝ մարդկանց սրտերն ու մտքերը փոխելու, նրանց Աստծուն վերադարձնելու և նրանց միմյանց հետ հաշտեցնելու մասին, բոլորիս պարգևեն սփոփանք, քաջալերանք և հույս՝ միմյանց և մեր երկրին խաղաղություն բերելու համար։

Օրհնություն և խաղաղություն ձեր ընտանիքներին։ Թող Տիրոջ լույսը մշտապես ուղեկցի ձեզ։

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Սյունյաց թեմ / Syunyac tem

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11