Թանգարանը պատրաստ է աննախադեպ ցուցադրության, եթե միջոցներ լինեն...

20.10.2014 14:30
3713

Սյունիքը 1-ին աշխարհամարտում


Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, պատմաբան Գրիշա Սմբատյանի հետ զրուցում ենք Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության, մեր պատմության մեջ դրա ունեցած հետեւանքների ու հատկապես աշխարհամարտի սյունիքյան առնչությունների մասին:

– Պարո՛ն Սմբատյա՛ն, նախ ընթերցողին հիշեցնենք` երբ ասում ենք Առաջին աշխարհամարտ, ո՞ր ժամանակների մասին է խոսքը:

– Առաջին աշխարհամարտն սկսվեց 1914թ. օգոստոսի 1-ին եւ ավարտվեց 1918թ. նոյեմբերի 11-ին, բայց, կարծում եմ, որ մեր ժողովրդի համար այն ավելի ուշ ավարտվեց, որովհետեւ Օսմանյան Թուրքիան շարունակեց պատերազմն Արեւելքում, եւ մենք դեռ ունեցանք Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ Ապարան եւ շատ հաճախ մոռացվող Զանգեզուրի գոյամարտ:

 

– Ի՞նչ ընդգրկվածություն ուներ պատերազմը, քանի պետությո՞ւն էր մասնակցում դրան, քանի՞ մարդ այն ընդգրկեց:

– Պատերազմին մասնակցում էր 34 պետություն, 1.5 մլրդ մարդ, իսկ զոհերի թիվը (տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են նշվում)` ավելի քան 10 մլն մարդ: Պատերազմի ավարտն ազդարարվեց Կոմպիենյան անտառում մարշալ Ֆոշի սալոն-վագոնում կնքված զինադադարի պայմանագրով, որով Գերմանիան իրեն ճանաչեց պարտված պետություն. Եվրոպայում դադարեց պատերազմը:

– Ի՞նչ գլոբալ հետեւանքներ ունեցավ պատերազմն աշխարհի քարտեզի վրա:

– Կործանվեցին կայսրություններ` Օսմանյան, Գերմանական կայսրությունները, Ավստրոհունգարիան: Ռուսական հզոր կայսրության փլուզման հետեւանքով նաեւ նոր պետություններ ստեղծվեցին, այդ թվում` Հայաստանի առաջին հանրապետությունը, որոնք հետագայում` Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, դարձան ԽՍՀՄ մաս: Այսինքն` աշխարհը վերաբաժանվեց, նոր քարտեզ ստեղծվեց, բայց կարծում եմ, որ այդ պատերազմից ամենաշատ վնասը կրել է հայ ժողովուրդը:

– Ինչպե՞ս էին հայերը մասնակցում պատերազմին, ի վերջո, այդ ժամանակ Հայաստանը բաժանված էր երկու մասի` Արեւելյանը գտնվում էր Ռուսաստանի կազմում, Արեւմտյանը` Օսմանյան կայսրության, եւ, ըստ էության, հայ ժողովրդի երկու մասերը գտնվում էին պատերազմի տարբեր բեւեռներում:

– Արեւմտյան Հայաստանում մինչեւ 50 տարեկան տղամարդիկ զորակոչվեցին ռազմաճակատի տարբեր հատվածներ եւ ոչնչացվեցին, բայց նրանց մի մասը կռվեց: Արեւելյան Հայաստանի մասին կոնկրետ թվեր կան. Ռուսական կայսրության բանակում 250 000 հայ կռվեց տարբեր ռազմաճակատներում: Բացի դրանից, ունեինք ավելի քան 10 000 հայ կամավոր, որոնք կռվում էին Օսմանյան պետության դեմ, կամավորական խմբերը ղեկավարում էին մեզ հայտնի Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին, Վարդանը եւ այլն: Հայկական կամավորական ջոկատները ստեղծվեցին ինքնաբուխ, դրանց կազմավորմամբ զբաղվում էր Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ստեղծվեց Ազգային բյուրո` հայտնի մտավորականների մասնակցությամբ` Լեո, Հ.Արղության, Նիկոլ Աղբալյան, Ստեփան Լիսիցյան, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Խատիսյան եւ այլ… Իսկ եթե արդեն մոտենանք Սյունիքին, կամավորական շարժումը ղեկավարում էր Ազգային բյուրոյի պատվավոր նախագահ, կապանցի Մեսրոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանը, ով ակտիվորեն զբաղվում էր ե՛ւ հայկական հարցով, ե՛ւ ռուսական պետության հետ հարաբերությունների կարգավորմամբ:

– Ինչպե՞ս արձագանքեց հայ քաղաքակական միտքը 1914-ին սկսված պատերազմին, մանավանդ երբ Հայաստանի երկու մասերը գտնվում էին հակառակ բեւեռներում:

– Կային քաղաքական ուժեր, որ համոզված էին` կամավորական շարժումը պետք չէ, դա ավելի շատ է գրգռում թուրքերին: Պատմագրության մեջ կա այդ կարծիքը, որ եթե չլիներ կամավորական շարժումը, Հայոց մեծ եղեռնը չէր լինի: Բայց նման բան մտածելը, կարծում եմ, անհեթեթ է: Դեռ այն գլխից` 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում (այսինքն` Հայկական հարցը միջազգային հարց դառնալուց հետո)` Թուրքիան հայերի նկատմամբ բռնեց բացասական, չհանդուրժող դիրք: Եվ, բնականաբար, մեր քաղաքական միտքն էլ միաբեւեռ լինել չէր կարող: Այդ ժամանակ գլխավոր քաղաքական ուժը` Դաշնակցությունը, համարում էր, որ պիտի ամեն ինչ անել Արեւմտյան Հայաստանն ազատագրելու համար: Հետին թվով պետք չէ իմաստուն լինել… Հավանաբար դա ժամանակի պահանջներից էր բխում, եւ, միեւնույն է, ցեղասպանությունը պետք է լիներ, պատերազմն ընդամենը հարմար առիթ էր…

– Իսկ ի՞նչ էր այդ ժամանակ կատարվում Արեւելյան Հայաստանում:

– Միշտ էլ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, բացառությամբ 1826-28թթ. պատերազմի, երբ Թուրքմենչայի պայմանագրով շատ բան ստացանք, Ռուսաստանը որպես կայսրություն շարժվել է ի՛ր եւ ոչ թե հայ ժողովրդի շահերով: Կարսը մի քանի անգամ հանձնել է թուրքերին, չի ասել, թե հայերն արյուն են թափել: Նույն բանը տեղի ունեցավ նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ռազմաճակատը, եւ ողջ ծանրությունն ընկավ հայերի վրա:

– Եվ ի՞նչ արդյունք ունեցանք մենք` հայերս, Առաջին աշխարհամարտի ավարտին:

– Ունեցանք 1,5 մլն զոհ, դատարկված Արեւմտյան Հայաստան, հսկայական քանակությամբ գաղթականներ, կորսված ազգային հարստություն եւ Հայկական հարցի նոր դեգերումներ: Բայց մենք դրա արդյունքում ունեցանք նաեւ անկախ Հայաստան, որի ժառանգորդը (անկախ նրանից` ինչպես է դա գնահատվում) դարձավ Խորհրդային Հայաստանը: Մոտ 600 տարի հետո վերականգնվեց հայոց պետականությունը: Բայց այնքա՜ն շատ էր նաեւ մեր կորուստը… Եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարներն այդքան բարձր չգնահատեին արեւմտյան կողմնորոշումը, Խորհրդային Ռուսաստանի հետ նորմալ բանակցությունները կարող էին դեպքերն այլ ուղղությամբ տանել… Եթե ժամանակին խորհրդայնացում լիներ, մենք կփրկեինք 20 000 քառ. կմ-ից ավելի տարածք: Իհարկե, հակասական ժամանակահատված է. վերականգնեցինք մեր պետականությունը, բայց կորցրինք նաեւ ազգի ծաղիկը:

– Պարո՛ն Սմբատյան, այդ ժամանակվա հերոսամարտերում, երբ արդեն մեր երկիրն էինք պաշտպանում, հայկական սպայակազմը հիմնականում 1-ին աշխարհամարտի ռազմաճակատներից վերադարձածներն էին: Մենք հատկապես հաջողություն ունեցանք Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Զանգեզուրի գոյամարտում: Ովքե՞ր էին այստեղ կռվողները:

– Խորհրդային պատմագրությունը տվյալ թեմայի եւ ընդհանրապես այդ սպայակազմի, ցարական բանակի նկատմամբ այլ վերաբերմունք ուներ: Պատճառներից մեկն այն էր, որ ցանկանում էին ողջ հաղթանակը վերագրել գյուղացիությանը, բանվորներին, աշխատավորներին, քարոզել, որ նրանք ինքնաբուխ գնացին, առանց զենքի, գյուղգործիքներով կռվեցին… Այս հարցում փառք ու պատիվ հայտնի պատմաբան, մեր հայրենակից (Կապանի Արծվանիկ գյուղից) Աշոտ Հարությունյանին: Առաջինը նա հանդես եկավ այդ հարցի լուսաբանմամբ եւ հոդված ունի «Ճշմարտությունը Սարդարապատի ճակատամարտի մասին», որտեղ ասում է, որ Սարդարապատում կռվել են սպաները, հրետանավորը, ռուսական ցարական բանակի պրոֆեսիոնալ զինվորականությունը: Իսկ խորհրդային պատմագրությունն անընդհատ խուսափել է տալ այդ մարդկանց անունները: Պատճառը ոչ միայն այն էր, որ ցարական բանակից էին, այլեւ նրանց բացարձակ մեծամասնությունը կա՛մ դաշնակցականներ էին, կա՛մ դաշնակցության գաղափարներ էին կրում:

– Եվ ե՞րբ փոխվեց այդ փաստերի հանդեպ վերաբերմունքը:

– Այնպես չէ, որ այդ հարցի հանդեպ վերաբերմունքը փոխվեց անկախ Հայաստանում: Դեռեւս խորհրդային տարիներին եղան մարդիկ, որ ներկայացրին ճշմարտությունը, բայց, իմ կարծիքով, իսկական պրոֆեսիոնալ պատմագրության մեջ Աշոտ Հարությունյանի հոդվածը սառը ցնցուղ էր. ամենքին իր տեղն էր դնում: Ի վերջո, պետք էր գնահատել այդ գործողություններում Արամ Մանուկյանի դերը, որ գնահատված չէր, Մովսես Սիլիկովի, Դանիել-Բեկ Փիրումյանի եւ մյուսների դերը… Եթե բերենք Զանգեզուրի գոյամարտի օրինակը, այդտեղ էլի կռվեցին ոչ միայն Զանգեզուրի գյուղացիությունը, բանվորները… Ես, իհարկե, հավաքել եմ միայն Կապանին վերաբերող տեղեկություններ, այստեղ նույնիսկ գյուղական ծագումով ցարական բանակի զինվորների ցուցակներ ունեմ, բոլոր գյուղերում վաշտապետերը եղել են ցարական բանակի սպաներ:

– Ինչպե՞ս նրանք հայտնվեցին այստեղ. արդեն զորացրվե՞լ էին, թե՞ հատուկ եկան հայրենիքը պաշտպանելու:

– 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական բանակը նահանջում էր, եւ հայերի մի մասը նահանջեց դեպի Արարատյան դաշտ, դեպի Ղարաքիլիսա, այդ զինվորականությունը կռվեց այնտեղ: Մեծ մասը, հատկապես ղարաբաղցիներ եւ զանգեզուրցիներ, եկան իրենց բնակավայրեր` իրենց երկրամասը պաշտպանելու, եւ բազմաթիվ են օրինակները:

– Ի՞նչ էր կատարվում Սյունիքում այդ տարիներին, ի՞նչ անդրադարձ ունեցավ Առաջին աշխարհամարտը սյունիքյան կյանքին:

– Ինչպես ռուսական կայսրության մյուս հատվածներում, այստեղ էլ եղավ զորակոչ: Զորակոչվածների քանակը հայտնի չէ, ունենք հակասական տեղեկություններ, դժվար է հաշվարկել: Ազգային արխիվի մեր ուսումնասիրություններից կարողացել ենք պարզել հետեւյալ թիվը. Սյունիքից (առանց Մեղրու) զոհվել կամ անհայտ կորել է 750 հոգի, վիրավոր եւ հաշմանդամ դարձել` 50: Իսկ Կապանում կատարած ուսումնասիրություններից հայտնաբերել եմ ողջ մնացած եւ պատերազմից վերադարձած 241 հոգու: Արխիվի թվերը վերջնական ու ճշգրիտ լինել չեն կարող, որովհետեւ մարդիկ 1-ին աշխարհամարտի մասնակից էին ներկայանում տարբեր պատճառներով` օրինակ թոշակավորվելու: Իսկ Կապանում ինքներս ենք շրջել գյուղերով, հավաքել, հաշվել: Բայց կարծում եմ` քիչ է, կլինեն մարդիկ, որոնց մասին վկայություններ չեն պահպանվել:

– Իսկ ինչպե՞ս էին այդ ժամանակ ապրում թիկունքում:

– Բաքվի «Արեւ» թերթն է մեզ հիմնականում տեղեկություններ տալիս այդ ժամանակվա Սյունիքի կյանքի մասին. հրաշալի պատկերված են 1914-17թթ. Սյունիքը, թիկունքի մարդկանց կյանքը, հանքերը, գյուղերը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Հայտնի է, որ այդ ժամանակ հանքերը գործում էին, դադարեցին 1918թ., երբ ազգամիջյան բախումների ժամանակ նոր իրավիճակ ստեղծվեց, հույներն ու ֆրանսիացիները հեռացան, սկսվեց քաղաքացիական պատերազմը: Ասեմ` ոչ միայն Բաքվի «Արեւից» ենք տեղեկություններ ստանում, ինքներս ունենք վկայություններ այդ ժամանակների մասին: Ինձ հաջողվել է հավաքել կապանցիների հիշողություններ ոչ միայն ռազմաճակատի, այլեւ թիկունքի մասին: Այդ ժամանակին բնորոշ են տնտեսական քայքայումը, համաճարակները, ամենասարսափելին 1916թ. անբերրիությունն էր, որը հասցրեց թշվառության ու սովի, սարսափելի էր նաեւ 1918թ. խոլերայի համաճարակը: Բայց մի հետաքրքիր փաստ էլ կա. այդ ժամանակ գործում էին դպրոցները, մարդիկ պայքարում էին, որ դպրոցները չփակվեն, երեխաներն ուսում ստանան: Հետագայում դպրոցներից շատերը դադարեցին գործել, որովհետեւ ուսուցիչները բանակ զորակոչվեցին:

– Ի՞նչ դեր ունեին այդ դժվարին պահին հայ եկեղեցին, հայ հոգեւորականը:

– Միշտ էլ նման օրհասական պահերին հայ հոգեւորականը զինվորի կողքին է եղել, նաեւ ինքը հայրենիքի զինվոր դարձել: Պատահական չէ, որ հետո նրանք 1937-ի զոհեր դարձան: Մինչդեռ եկեղեցական գործիչները ոչ միայն ազգամիջյան թշնամանք չէին հրահրում, այլ բազմաթիվ դեպքեր կան, երբ խաղաղ ժողովրդի արյունահեղության դեմ են կանգնել: Բայց երբ որ պաշտպանության հարկ է եղել, զենք են վերցրել ու պայքարել…

– Պարո՛ն Սմբատյան, կարողացե՞լ է մեր պատմագրությունը ճշգրտորեն արտացոլել 1-ին աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցությունը, նաեւ ձեռքբերումներն ու կորուստները, թե՞ քաղաքական, գաղափարական նկատառումներով շատ բաների մասին չի գրվել:

– Շատերն են այս թեմայով հանդես եկել: Ամենաուշագրավը համարում եմ Ջոն Կիրակոսյանի անդրադարձը: Մեր հայրենակից պատմաբան Աշոտ Հարությունյանի մասին արդեն նշեցի, այլ պատմաբաններ եւս անդրադարձել են թեմային` Ռիչարդ Հովհաննիսյան, Հրաչիկ Սիմոնյան, Հայկ Ղազարյան, Ծատուր Աղայան: Միշտ մոռանում են, բայց հայերը դեր են ունեցել նաեւ ռազմական գործողություններում: Աշխարհամարտի մասնակիցների ու հերոսների մասին քիչ է գրվել, շատերի գործունեությանը ծանոթ չենք: Այդ զինվորականներից շատերը հետո դարձան բոլշեւիկներ, կոմունիստական ղեկավարներ, բայց նրանց կենսագրությունից (որպես իմպերիալիստական պատերազմի մասնակից) հանվում էր 1-ին աշխարհամարտը: Ընդամենն ասվում էր, որ մասնակցել է 1-ին համաշխարհային պատերազմին, եւ պարտադիր նշվում էր, որ այնտեղ տարվել է բոլշեւիկյան գաղափարներով:

Իսկ թեմայի ամբողջական արտացոլում չէր կարող լինել, որովհետեւ դեռ նոր ենք խորհրդային ժամանակներից դուրս եկել: Հայաստանի ազգային արխիվն է հիմա այդ ուղղությամբ զգալի աշխատանք տանում:

– Այդ պատերազմի մասնակիցները հետագայում ոչ միայն պատշաճորեն չգնահատվեցին, զոհերի հիշատակը չհավերժացվեց, նրանց ցուցակներն իմի չբերվեցին` հաջորդ սերունդներին ի պահ տալու համար, այլեւ լուրջ հալածանքի ենթարկվեցին: Ինչո՞ւ էին վտանգ տեսնում այդ մարդկանց մեջ:

– Եթե դիտարկենք զուտ Սյունիքի օրինակը, Առաջին աշխարհամարտի զինվորականությունը կանգնեց նաեւ հայրենի երկրամասի պաշտպանության դիրքերում: Նրանք հետագայում խորհրդային իրավակարգի կողմից գնահատվեցին որպես ազգամիջյան թշնամանք հրահրողներ, ազգայնամոլներ, դաշնակցականներ... 1930-ականների աքսորականների ճնշող մեծամասնությունը 1-ին աշխարհամարտի զինվորականներ էին` մտավորականներ, ազգային պայքարի առաջամարտիկներ, ռազմաճակատի հրամանատարներ: Չմոռանանք` Զանգեզուրի գոյամարտում բոլոր գյուղերի վաշտապետերը եղել են Առաջին աշխարհամարտի զինվորականներ: Շատ օրինակներ կարելի է բերել, երբ ճակատամարտի հաղթանակը նրանք են ապահովել:

Իհարկե, մերոնք գոնե նրանց հետ չվարվեցին այնպես, ինչպես Ռուսաստանում, որտեղ անգամ պղծեցին նրանց աճյունները:

Նրանցից շատերի մասին պիտի որ գաղափար կազմենք, եթե փորփրենք խորհրդային ժամանակվա ազգային անվտանգության արխիվները: Բայց երբ ընթերցում ես հարցաքննությունների արձանագրությունները, նրանց քիչ հարցեր են տվել 1-ին աշխարհամարտին իրենց մասնակցության մասին, ո՞ր ռազմաճակատում են կռվել, ինչպե՞ս են կռվել… Անգամ «Գեորգիեւյան խաչ» են ստացել, բայց հայտնի չէ` ինչի համար: Այդ պատճառով նրանց մասին շատ բան չգիտենք: Ազգային անվտանգության արխիվն անհասանելի է:

– Ինչո՞ւ ողջ Հայաստանում 1-ին աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող գոնե մեկ հուշարձան չկա…

– Դե, դա արգելված թեմա է եղել… Հետո, գիտե՞ք, պատմագրության մեջ մի միտում էլ կա. շատ դեպքերում պատմական մի իրադարձություն գալիս-ծածկում է մյուսին: Առաջին աշխարհամարտը մոռացնել տվեց 1906թ. հերոսամարտը: Եկավ քաղաքացիական պատերազմը, բոլշեւիկներին հերոսացրինք, մոռացանք նախկիններին: Հայրենական մեծ պատերազմը մոռացնել տվեց հեղափոխականներին, հիմա էլ Արցախյան պատերազմը մոռացնել է տալիս Հայրենական մեծ պատերազմի հերոսներին…

Առաջին աշխարհամարտը, ի դեպ, դպրոցական ծրագրերում էլ ինչպես հարկն է չի լուսաբանվում…

– Դուք Կապանում բավականին գործ եք արել այս թեմայով, շրջել ու տեղեկություններ եք հավաքել, փաստաթղթեր ու վկայություններ ունեք, լուսանկարներ եւ այլն. տեղյա՞կ եք` մարզի այլ քաղաքներում այդ գործն անողներ կա՞ն: Ի վերջո, եթե դեռ կան հուշեր ու տեղեկություն ունեցողներ, վաղն այդ տեղեկատվությունը հավաքելն անհնարին կդառնա: Գոնե Սիսիանի եւ Գորիսի երկրագիտական թանգարաններում կա՞ն նման նյութեր:

– Դիմել եմ երկուսին էլ, խնդրել եմ նյութեր, ասել են` չունենք:

– Սյունիքը նաեւ Առաջին աշխարհամարտի մեկ այլ ուղղակի հետեւանքի առնչվեց. գաղթականությանը: Քանի՞ գաղթական հաստատվեց այստեղ:

– Գաղթականության ամենամեծ խումբը Սյունիք մտավ Անդրանիկի հետ, ըստ Արամ Սիմոնյանի` 10 000 հոգի: Բայց սա նվազագույն թիվն է, որովհետեւ ուրիշ խմբեր էլ եկան, Գողթանի դեպքերից հետո Ագուլիսից սարերով անցան, ու մինչեւ Անդրանիկն էլի որոշ զինվորականներ իրենց հետ գաղթականներ են բերել, հատկապես որբ երեխաներ: Այսինքն` Սյունիքն իր վրա կրեց նաեւ Առաջին աշխահարմարտի այդ ծանր բեռը: Այսօր Կապանի տարբեր գյուղերում կան ընտանիքներ, որոնք կոչվում են Գաղթուց ցեղեր, դրանք գաղթականների սերունդներն են: Մենք շատ անվանի սյունեցիներ ենք ունեցել այդ տարիներին. մեկը ռազմական գործողություններում, մյուսը քաղաքական եւ այլ դեր են ունեցել: Բայց ունենք նաեւ գաղթականության հարցերով զբաղված հայտնի սյունեցիներ: Նրանցից է արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանը, ով այս տարածաշրջանում կենտրոնացած է եղել գաղթականության հարցերի վրա: Իսկ Արարատյան դաշտավայրում հայտնի կապանցի Մեսրոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանն էր զբաղվում գաղթականության խնդիրներով ու փրկությամբ:

– Պարո՛ն Սմբատյան, սյունեցի կամ սյունիքյան ծագումով ի՞նչ քաղաքական խոշոր դեմքեր ունենք, որ այդ օրերին դեր են ունեցել ազգի ճակատագրի մեջ:

– Չեմ կարող ասել, թե ողջ ազգի ճակատագրի մեջ դեր ունեին, բայց կարող եմ անուններ թվել, որոնք արժանի են հիշվելու, եթե անգամ միայն կերակրել ու փրկել են մարդկանց, իրենց նյութական միջոցները ներդրել ազգի փրկության համար: Ն.Մելիք-Թանգյանին արդեն հիշատակել եմ, կապանցի Արամ Մանուկյանին ողջ ազգը գիտի` Առաջին աշխարհամարտում Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, որին հետո վիճակվեց դառնալ Երեւանի ազգային խորհրդի նախագահ, ե՛ւ հայոց անկախ պետություն ստեղծել, ե՛ւ գաղթականությանը փրկել, ե՛ւ ռազմաճակատ ղեկավարել: Մեղրեցի Խաչատուր Մալումյանը` ՀՅԴ անդամ Ակնունին, ով «Մշակի» խմբագիրն էր, հայտնի հռետոր, նա է հիմնել Հայ օգնության միությունը, բայց ինչպես շատերը, միամտություն ունեցավ հավատալու երիտթուրքերին: Հնչակյան կուսակցության անդամ մեղրեցի Փարամազը, ով հանդուրժողականության ու խաղաղության կոչ էր անում, կախաղան հանվեց Սուլթան Բայազետի հրապարակում: Նորից նշեմ Մեսրոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանին, Վորոնցով-Դաշկովի մտերիմն էր, հայ կամավորական շարժման ղեկավարներից մեկը, Դիլմանի ճակատամարտից առաջ զինվորներին հաղորդություն տվողը, ելույթով քաջալերողն ու ճակատամարտի մասնակիցը, նրա մասին անչափ շատ բան կա ասելու… Ագարակ գյուղի խմբավորման հրամանատար կապիտան Սմբատ Թորոսյան,Ղարաքիլիսայի ճակատամարտում հրետանու հրամանատար Գուրգեն Տեր-Մովսիսյան, Դիլմանի ճակատամարտի մասնակից Պողոս Տեր-Դավթյան, Զանգեզուրի հերոսամարտի կազմակերպիչներից շինուհայրցի Արշակ Շիրինյան… Թիկունքում իրենց ունեցվածքը ներդնողներից հիշենք մեղրեցի Ասծատուր Վաչյանին, շրվենանցցի մեծահարուստ Գասպար Տեր-Մարգարյանին, ով մեկ երեխայի համար մեկ ոսկի փրկագին էր տալիս հայ մանուկներ գնելու-փրկելու համար, Գեղանուշից Մանուչար Ավագովին, ով միջոցները չէր խնայում գաղթականությանը կերակրելու համար, ի վերջո, Սմբատ Մելիք-Ստեփանյանի ղեկավարությամբ բնականոն աշխատում էին հանքերը: Որպեսզի այս հերոսական էջերից չբացակայեն կանանց անունները, նշեմ մեկին. մենք ունենք Վարսենիկ Մելիք-Ստեփանյան` Սմբատ Բեկի քույրը, ով թողեց ուսումն ու եկավ Էջմիածին` որբերին խնամելու եւ մահացավ տիֆից…

– Մեր պատմության մեջ այս դժվարին էջը, փաստորեն, ինչպես հարկն է, լուսաբանված ու քննված չէ պատմաբանների կողմից` ԽՍՀՄ գաղափարախոսության, անկախ հանրապետության պարագայում արդեն` պատմաբանների անտարբերության ու ծուլության պատճառով. ինչի՞ց պետք է սկսել այսօր:

– Ցավոք, մեր ակադեմիական պատմագրությունը տարվում է հանրահայտ ճշմարտությունները նորից ու նորից գրի առնելով, նույն բաներն արտագրելով… Օրինակ, Սյունիքի պատմության մեջ մեծ ու բացառիկ դեր ունեցող առասպելական կերպար ունենք, 1918-20թթ. ինքնապաշտպանության կազմակերպիչներից Խաչատուր Մալինցյանը. այսօր վայոցձորցի Աշոտ Սիմոնյանը զբաղվում է այդ գործով` արխիվներում աշխատելով, հարազատների հետ զրուցելով, մամուլի հրապարակումներին հետեւելով… Պետք է գնալ բոլոր այդ մարդկանց ճակատագրի ուսումնասիրության հետեւից, նրանց մեր հիշողությունից չպետք է դուրս թողնել: Մենք ունենք սյունեցիներ` սովորական զինվորներ, ովքեր Առաջին աշխարհամարտի ռազմական գործողություններում մեծ դեր են ունեցել. օրինակ` Բեգլար Բեգլարյան, Աբգար Մկրտչյան, Նավասարդ Վեզիրյան, Դօրթգյոզ(չորսաչքանի) Արշակ, Ալեքսան Կոստանդյան, Բագրատ Հարությունյան, Սուլթան Մելիք-Փարսադանյան, Սիմոն Մելքումյան եւ այլն, նրանց մեջ «Գեորգիեւյան խաչեր» ստացողներ կան:

– Իսկ գոնե հիմա` 100 տարի հետո, մարզում ինչպե՞ս կարող ենք հավերժացնել այդ մարդկանց հիշատակը:

– Իսկապես ժամանակն է, եթե ոչ ուշացած… Հիմա հաճախ լինում են հիշատակների հավերժացման այնպիսի առաջարկներ, որոնք որեւէ առնչություն չունեն Սյունիքի հետ կա՛մ վիճահարույց են, կա՛մ ժամանակավրեպ… Ու դա այն դեպքում, երբ ունենք հիշատակման արժանի նման հերոսներ, նահատակներ: Առաջին աշխարհամարտի հայ զինվորները կռվեցին իրենց հայրենիքի համար, նրանց մի մասը կամավոր էր. կարող էին փախչել 1917թ., երբ ցարական բանակը զենքը թողած հեռանում էր, բայց 1918-19թթ. եկան, հայրենիքը փրկեցին: Նրանց հիշատակը պե՛տք է հավերժացնել, ցուցակները պիտի անպայման կազմել ու ամբողջացնել: Այդ ուղղությամբ իմ կարծիքով առաջին քայլը ես էի ցանկանում անել` Կապանի երկրագիտական թանգարանում ցուցադրություն դնել (դա էլ հիշատակի հավերժացման մի դրսեւորում է), բայց միջոցների սղության պատճառով չկարողացա… Նյութը կա, բավականին աշխատանք է արվել, կան վավերագրեր, հուշագրություններ, լուսանկարներ, օրագրեր, փաստաթղթեր, հետաքրքիր ինը հիշողություն, նույնիսկ Առաջին աշխարհամարտի զինվորների անձնական իրեր, բայց միջոցներ են պետք ցուցադրանքը կազմակերպելու համար: Այն, կարծում եմ, իր տեսակով այս թեմային առնչվող առաջին ցուցադրությունը կլինի:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10