Տեր Մակար վարդապետ Հակոբյան. «Պայքարենք բոլոր արատավոր երեւույթների դեմ՝ ապրելով բարոյականության ճիշտ նորմերով, իսկ ամենամեծ բարոյականությունը քարոզում է Սուրբ գիրքը»

18.10.2016 18:10
3842

Սյունյաց թեմի գործունեության, եկեղեցաշինության, Հայ առաքելական եկեղեցում առկա որոշ խնդիրների մասին է զրույցը Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ:


 Հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը ծնվել է 1979թ. հուլիսի 23-ին Գյումրիում, քահանայի ընտանիքում: 8-9 տարեկանից ծառայել է Սուրբ Յոթ վերք եկեղեցում: 1994-97թթ. սովորել եւ ավարտել է Շիրակի թեմի Հոգեւոր ընծայարանը: 1997-2003թթ. սովորել եւ ավարտել է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2003թ. դեկտեմբերին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, ձեռամբ Գերաշնորհ տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ: Պաշտպանել է ավարտաճառ՝ «Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը» թեմայով:

2004թ. մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ տեր Աբրահամ եպսիսկոպոս Մկրտչյանի:2004թ. նշանակվել է Մայր Աթոռի Մկրտարանում՝ տեսուչ: 2004-2005թթ. ծառայել է Տավուշի թեմում` Նոյեմբերյանի հոգեւոր հովիվ: 2005-2006թթ. ծառայել է Գոշավանքում՝ վանահայր: 2006-2011թթ. ծառայության է կոչվել Էջմիածնի Սուրբ Գայանե վանք՝ վանահայր:

2011թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Եկեղեցական կանոնները հայ կանոնական իրավունքի հուշարձաններում» թեմայով, եւ ստացել վարդապետական աստիճան ու գավազան:

2011թ. հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տեր Մակար վարդապետ Հակոբյանը նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ:


- Հա՛յր սուրբ, պատմական տարբեր ժամանակաշրջաններում Սյունյաց թեմն իր մեջ ներառել է նաեւ Վայոց ձորը: Շատերը նույնիսկ արհեստական են դիտում Սյունյաց եւ Վայոց ձորի թեմերի տրոհումը: Դա ինչպե՞ս կբացատրեք. ժամանակի՞ հրամայականն էր թեմի տրոհումը, թե՞…: Հնարավո՞ր է, որ հետագայում վերանայվի այդ որոշումը, թե՞ պարզապես իրողություններն են փոխվել:

- Սյունյաց թեմը, որ բավականին ընդգրկուն տարածք է զբաղեցրել, Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի օրոք վեր է ածվել մետրոպոլիտության` իր կազմում ներառելով տարբեր տարածաշրջաններ: Եթե այսօր պատմական իրողությունը վերականգնենք, ապա շատ թեմեր պետք է միավորվեն: 1988թ. Հայաստանում գործում էր երկու թեմ` Արարատյան եւ Շիրակի, 1989թ. երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը ստեղծեց եւս երկու թեմ` Սյունյաց թեմն առանձնացնելով Արարատյան թեմից եւ Գուգարաց թեմը` Շիրակի թեմից: Սյունյաց թեմն այդ ժամանակ ներառում էր Սյունիքի եւ Վայոց ձորի վարչական շրջանները: Հետագայում երջանկահիշատակ Գարեգին Ա Վեհափառը ստեղծեց եւս չորս թեմ, իսկ ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառը Սյունյաց թեմից առանձնացրեց Վայոց ձորի թեմը, ինչպես նաեւ ստեղծեց Արթիկի թեմը: Առհասարակ թեմերը միավորելով կամ առանձնացնելով չենք փառավորվում. թեմի ստեղծման նպատակն է՝ ժողովրդին ավելի մոտ եւ հասու լինել, իսկ երկու մարզի հավատավորներին միաժամանակ ծառայելը հոգեւոր սպասավորներիս համար բավականին դժվարություններ է առաջացնում: Այնպես որ Սյունյաց եւ Վայոց ձորի թեմերի առանձնացումը միանշանակ բխում է հոգեւոր շահերից, այստեղ քաղաքական եւ նյութական որեւէ հարց չի կարող լինել: Ավելին ասեմ` թեմերի առանձնացման դրական արդյունքները տեսանելի են բոլորի համար:

- Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցին դարեր շարունակ եղել է Տաթեւի վանքը: 20-րդ դարասկզբին Ներսես Մելիք-Թանգյան արքեպիսկոպոսը, երբ թեմի առաջնորդ էր, առաջնորդանիստ եկեղեցին տեղափոխեց Գորիս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 1989թ., երբ վերականգնվեց Սյունյաց թեմը, առաջնորդանիստ եկեղեցին կրկին Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձավ: Ձեր նկատառումներն այս հարցի շուրջ:

- Սյունյաց թեմը պատմական տարբեր ժամանակներում առաջնորդանիստ տարբեր եկեղեցիներ է ունեցել: Առաջնորդարաններն ընտրում է վեհափառը, բայց ինձ համար բնավ նշանակություն չունի, թե որտեղ կլինի այն, կարեւոր է, թե ինչպես կաշխատի: Նույն հաջողությամբ կարող են ասել, թե ինչու Կապանի կամ Սիսիանի եկեղեցիներից մեկը չէ առաջնորդանիստը: Ընդհանրապես առաջնորդարանի աշխատանքները կազմակերպելու համար տարբեր լծակներ են հարկավոր: Գորիսը տարբեր տարածաշրջանները միավորող ճանապարհների հանգուցակետում է, եւ թերեւս պատճառներից մեկն էլ դա է եղել, որ ժամանակին Ներսես Մելիք-Թանգյան արքեպիսկոպոսն առաջնորդանիստ եկեղեցի է դարձրել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Բայց դա չի նշանակում, որ Տաթեւի վանքը կորցրել է իր դերակատարությունը. պատմական բոլոր ժամանակներում էլ այն ունեցել է եւ կունենա իր անզուգական տեղն ու դերը մեր հոգեւոր-մշակութային կյանքում:

- Որքանով տեղյակ ենք, հոգեւոր տաճարներն այսօր երկու կարգավիճակով են հանդես գալիս՝ մի մասը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ մյուս մասը՝ ՀՀ մշակույթի նախարարության տնօրինության ներքո: Պարզաբանեք, խնդրեմ, ի՞նչ ասել է Սյունյաց թեմ՝ եկեղեցիների, սրբավայրերի եւ այլ հոգեւոր հաստատությունների ընդգրկման առումով:

- Սյունյաց թեմն ունի գործող 22 եկեղեցի: Կամոք Աստծո, այս տարի մեր ճշմարիտ հավատացյալների շնորհիվ վերաօծել ենք մոխիրներից վեր հառնած երեք եկեղեցի: Ցավում եմ, որ, ՀՀ մշակույթի նախկին նախարարի համոզմամբ, եկեղեցին եւ խաչը զուտ հուշարձան կամ պատմական արժեք են: Մեզ համար եթե խաչ է կամ եկեղեցի, ապա այն առաջին հերթին Աստծո հետ է կապված: Եթե մի տաճարում պատարագ եւ աղոթք չեն հնչում, ուրեմն այն մատնված է կործանման: Հոգեւոր տաճարների մի մասը մշակույթի նախարարության ենթակայությամբ գտնվելը Մայր աթոռը պատճառաբանում է հետեւյալ կերպ. դրանց պահպանման համար հսկայական միջոցներ են հարկավոր, որոնք Մայր աթոռը չունի: Այդ է պատճառը, որ հոգեւոր տաճարների մի մասը ժամանակավորապես հանձնվել է պետության հոգածությանը` նպատակ ունենալով նախեւառաջ կանխարգելել դրանց ճարտարապետական դեմքի աղավաղումը, գանձագողությունը եւ այլն: Այլ հարց է, թե պետությունն ինչպես է իրականացնում դրանց պահպանումը, բայց դա բնավ չի նշանակում, որ աղավաղումներ տեսնելիս Մայր աթոռն իրավունք չունի քննադատելու: Վերականգնողական բոլոր աշխատանքները մշտապես իրականացվում են փոխադարձ համագործակցության պայմաններում: Սյունյաց թեմի տարածքում գտնվող յուրաքանչյուր խաչքար եւ եկեղեցի նախեւառաջ հայ ժողովրդինն է, եւ այնտեղ թույլ տրվող ամեն շեղում պետք է հնարավորինս կանխարգելենք:

- Ունե՞ք մարզում գտնվող եկեղեցիների, խաչքարերի հստակ հաշվառում:

- Թեմում կոնկրետ տվյալներ չունենք, իսկ պատմական հուշարձանների պահպանության համապատասխան կառույցները հաստատ ունեն: Բայց պետք է արձանագրեմ, որ Սյունիքն այդ առումով ամենահարուստ շրջաններից է: Այստեղ յուրաքանչյուր գյուղում մեկ եկեղեցու գոյությունը պարտադիր է, եթե ոչ ավելին: Սյունեցիները պետք է իրենց լավ զգան նաեւ այն առումով, որ ՀՀ տարբեր մարզերի համեմատ այստեղ եկեղեցաշինությունը լայն թափով է զարգանում: Իմ` առաջնորդական տեղապահ նշանակվելուց հետո մարզում ութ եկեղեցի է վերաօծվել, կամոք Աստծո, այս տարի եւս մեկը կվերաօծենք: Այս պահի դրությամբ մարզում վերականգնվում են Տեղ գյուղի Սուրբ Գեւորգ, Մեղրու Սուրբ Անապաստանաց եկեղեցիները, գրեթե ավարտին է հասցվել Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցումը: Վահանավանքում կառուցվում է սուրբ խորանը, հավատացյալների ջանքերով տեղադրվել են դռները, լուրջ ծրագրեր ունենք Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանի հետ՝ Որոտնավանքում վերականգնողական աշխատանքները շարունակելու առումով: Մեկ բարերարի հովանավորությամբ, ով ցանկանում է իր անունը գաղտնի պահել, շուտով կտեղադրվեն նաեւ Որոտնավանքի դռները. պարզապես դիմել ենք մշակույթի նախարարությանը, որ համապատասխան գծագրերը տրամադրեն (հիմա արդեն այլ գերատեսչության տնօրենության ներքո է գտնվում): Նախատեսվում է Խնձորեսկում նոր եկեղեցի կառուցել` պայմանով, որ Հին Խնձորեսկի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին չի անտեսվի:

- Շատերին է հուզում այն հարցը, թե ինչու Վահանավանքը մինչ օրս, վերականգնումից հետո անգամ (այլ հարց է, թե ինչ որակով են իրականացվել աշխատանքները), Մայր աթոռի տնօրինության ներքո չէ: Կամա թե ակամա այն գործող տաճար է հանրության համար:

- Հակառակ իմ կամքի` մոտ վեց ամիս առաջ դիմել եմ Մայր աթոռին` Վահանավանքը մեր հովանու տակ առնելու համար: Ինչո՞ւ եմ ասում հակառակ իմ կամքի, որովհետեւ այստեղ վերականգնողական աշխատանքներն իրականացվել են բազում թերություններով: Աշխատանքներն իրականացնելիս բավականին մեծ գումարներ են «կերել». կարծում եմ` եկեղեցուց «ուտելը» նույնն է՝ Աստծուց գողանալ: Բայց դեռեւս մշակույթի նախարարության հետ այդ հարցի շուրջ համաձայնության չենք եկել. կարծում եմ` նոր կառավարությունն այլ մոտեցում կցուցաբերի: Մշտապես ձգտել եւ ձգտում եմ Վահանավանքի` Մայր աթոռի ենթակայության տակ անցնելու հարցը լուծված տեսնել: Այնպես որ` սա օրակարգային հարց է ոչ միայն թեմի, այլեւ Մայր աթոռի համար: Ավելին` Վահանավանքը նույնպես գտնվում է Մայր աթոռի այն ցանկում, որով նա դիմել է պետությանը` որոշ եկեղեցիներ եւ վանքեր իր հովանու ներքո վերցնելու համար:

-  «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում վանքի տարածքում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել եւ կատարվում: Ծրագրում ներառվել են նաեւ հոգեւոր կյանքի զարգացման հետ կապված մի շարք կետեր: 2010թ.-ից մինչ օրս ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել: Չնայած հաճելիորեն պետք է արձանագրենք, որ վանահայր Միքայելի շնորհիվ հոգեւոր կյանքն այնտեղ բավականին ակտիվացել է:

- Անցյալ տարի Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի, բարերար Ռուբեն Վարդանյանի, Մայր աթոռի եւ մշակույթի նախարարության ճարտարապետական խորհուրդների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 3D տարբերակով վանքի վերականգնման աշխատանքների ներկայիս ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանը, ով բավականին լուրջ արխիվային ուսումնասիրություններ է կատարել, ներկայացրեց վանքի վերականգնման աշխատանքների հետագա ընթացքը: Քննարկումից հետո մեկնարկեցին հնագիտական, ընդերքի ուսումնասիրման աշխատանքները: Բացվեց վանքի իսկական մուտքը, ներկայումս վերականգնողական այլ աշխատանքներ են իրականացվում: Ճեմարան կամ միաբանություն հիմնելու ծրագիր նույնպես կա. որքանով տեղյակ եմ, այստեղ պետք է կառուցվեն շենք-շինություններ, այդ թվում` ճեմարան: Եթե Տաթեւի վանքում ճեմարան բացվի, թեմն ավելի կհզորանա: Վանքի հարակից տարածքում կառուցված աշխարհիկ շինությունները պետք է քանդվեն, քանի որ գտնվում են պատմամշակութային արժեքների գոտում: Հոգեւոր կյանքի աշխուժացման առումով կարող եմ ասել, որ վանքում գործող երգչախումբը տարածաշրջանում լայն ճանաչում է ձեռք բերել, հայր Միքայելի, նաեւ մյուս հոգեւոր սպասավորների ջանքերով բավական ակտիվ գործում են կիրակնօրյա դպրոցները:

- Տաթեւի վանքի հանդեպ մեկ այլ հոգեւոր պարտք ունենք, այն է՝ բացահայտել տարածքում գտնվող մեր նշանավոր հոգեւորականների, Սյունիքի երկու թագավորի, Սյունիքի իշխանների գերեզմանների գտնվելու վայրը: Միգուցե արժե՞ մինչ շինարարական աշխատանքները հիմնավոր պեղումներ իրականացնել, այլապես մեզնից հետո եկող սերունդներն իսպառ կմոռանան դրանց տեղը:

- Պատմական ճշմարտությունը վերականգնելու առումով, բնականաբար, պեղումներն անհրաժեշտություն են, բայց որպես հոգեւորական դեմ եմ գերեզման քանդելուն, առավել եւս սրբերի գերեզմանը: «Մաշտոց» ծիսարանում այդ հարցի պատասխանն այսպես է տրվում. «Անշարժ եղիցի մինչեւ Քրիստոսի երկրորդ այցը»: Վերջիվերջո բնավ պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանանք, շատ բաներ թող միայն Աստված իմանա: Լայն առումով այսօր շատ քիչ սրբերի, շատ քիչ նշանավոր հոգեւորականների, աշխարհիկ գործիչների գերեզմանատեղին է մեզ հայտնի:

- Ներկայացրեք, խնդրեմ, մարզի շատ համայնքներում գործող կիրակնօրյա դպրոցների մասին:

- Կիրակնօրյա դպրոցների ստեղծման առումով բավականին լուրջ առաջընթաց ունենք, եւ գրեթե բոլոր գյուղերում դրանք ակտիվ գործում են: Վերջին շրջանում, նյութական խնդիրներով պայմանավորված, դրանց գործունեությունը մասամբ թուլացել է: Կիրակնօրյա դպրոցների գործունեությամբ ամենաընդգրկունը Գորիսի տարածաշրջանն է, ինչպես նաեւ Սիսիանի: Երբ նշանակվեցի առաջնորդական տեղապահ, իմ պատկերացմամբ, հավատքի տեսանկյունից ամենաբարդ շրջանը Մեղրին էր: Բայց այսօր ամենամեծ առաջխաղացումն այնտեղ ունենք. մոտ 70 երեխա այնտեղ հաճախում է կիրակնօրյա դպրոցի տարբեր դասարաններ` նկարչության, ասեղնագործության, երգի եւ այլն: 11-12 երեխա արդեն եկեղեցում պատարագների ժամանակ երգում է: Մի խոսքով` փոքր ուժերով հաջողությունների ենք հասել, որոնք, իհարկե, ժամանակի ընթացքում ավելի կամրապնդվեն եւ կծավալվեն:

- Վկայակոչելով Սուրբ գիրքը` նշեցիք, որ պետք չէ քանդել գերեզմանները, հոգեւոր տաճարները: Բայց տարիներ առաջ պետական ծրագրով նախատեսվում էր քանդել հին Ագարակի (Հկերակի) Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին եւ տեղափոխել Ագարակ քաղաք: Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է հին եկեղեցին քանդել եւ տեղափոխել, թե՞ նորը կառուցել. չէ՞ որ Ագարակը նույնպես պետք է ունենա իր հոգեւոր տաճարը:

- Թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելուց անմիջապես հետո զբաղվել եմ այդ հարցով, նույնիսկ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ որոշել էինք, թե որտեղ պետք է լինի նորակառույց եկեղեցին` քաղաքի մուտքի մոտ: Կուրիս գյուղի վարչական շրջանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հայտնվել է կղզիացած վիճակում, քանի որ հանքի շահագործման հետեւանքով նրա չորս կողմը փորվել է: Մայր աթոռի եւ մշակույթի նախարարության պատվիրակությունները տեղում ծանոթացել են խնդրին, հանդիպել նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը: Մայր աթոռն ի սկզբանե դեմ է եղել եկեղեցու տեղափոխմանը. քննարկումներից հետո որոշվեց նոր եկեղեցի կառուցել Ագարակ քաղաքի մոտ: Բայց հայտնի պատճառներով կոմբինատը դեռեւս ի վիճակի չէ ֆինանսավորել եկեղեցու կառուցումը: Խնդրենք Աստծուն, որ կոմբինատի ֆինանսական վիճակը կայունանա, որով նախեւառաջ կլուծվի ժողովրդի սոցիալական խնդիրը, այնուհետեւ կմտածեն նոր եկեղեցի կառուցելու մասին, որով կքավեն իրենց մեղքը. չէ՞ որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օդում թողնելով` նրանք արդեն իսկ մեղք են գործել:

- Սյունյաց թեմը քանի՞ հոգեւոր սպասավոր ունի:

- Թեմում ինձ հետ միասին ներկայումս ծառայում է ութ հոգեւոր սպասավոր: Ծնվել եւ մեծացել եմ  հոգեւորականի ընտանիքում, եւ նախնիներս ծառայել են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ հոգեւորականի համար անընդհատ ստեղծվում էին խոչընդոտներ` կապված թե՛ հավատքի, թե՛ ղեկավարության, թե՛ ժամանակի բարքերի հետ: Երբ եկա Սյունիք, առաջին անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցելու ժամանակ եկեղեցում ընդամենը 7-8 հոգի կար, նույնը նաեւ մարզի այլ քաղաքներում: Սա, իհարկե, տխրեցնող, բայց ոչ հուսահատեցնող իրավիճակ էր: Այսօր մեր հոգեւոր հայրերի համառ աշխատանքի շնորհիվ մարզի եկեղեցիներում թե՛ Սուրբ ծննդյան ու Հարության, թե՛ տաղավար տոներին ասեղ գցելու տեղ չկա: Մի խոսքով` մեր հոգեւոր ծառայությունն իր նպատակին հասել է. երբեմնի հավատացյալ ժողովուրդը, որ խորհրդային տարիներին հայտնվել էր խավարում, այսօր զարթոնք է ապրում:

- Ո՞րն էր ապրիլյան պատերազմի օրերին Սյունյաց թեմի եւ առհասարակ հայոց եկեղեցու դերակատարությունը:

- Եկեղեցին լոկ շինություն չէ. ինձ համար եկեղեցին ամեն մի հավատացյալ հայ մարդն է: Ոչ միայն ապրիլյան դեպքերի օրերին… Մեր ամբողջ կյանքը պետք է նվիրենք մեր երկու սրբություններին` հայրենիքին եւ եկեղեցուն: Մարդն ունի մարմին եւ հոգի, եթե մեկը մյուսից առանձնացնեն, ապա կմահանա. մեր մարմինը հայրենիքն է, իսկ հավատքը` հոգին. երկուսն էլ պետք է մաքուր պահենք, չպղծենք: Մարդիկ, ովքեր գիտակցաբար գնում են իրենց կյանքը զոհելու եւ հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին, սրբության ճանապարհն են բռնել, որ նաեւ հավատքի պաշտպանության ճանապարհն է: Եվ եկեղեցին, բնականաբար, պարտավոր է կանգնել նման մարդկանց կողքին, սատարել, ուժ ու կորով տալ նրանց: Ոչ միայն այդ օրերին ազատամարտիկներին մեր օրհնությունը բերեցինք, այլեւ խաղաղ պայմաններում էլ մշտապես նրանց հետ շփվել ենք, շատերին մկրտել. նրանք մեր ժողովրդի փայլուն սերուցքն են: Եկեղեցու սպասավորները պատերազմի ժամանակ զենքը ձեռքին կանգնել են մեր զինվորների կողքին, որ էլ ավելի մեծ զորություն է տվել նրանց: Այդ օրերին այցելել ենք նաեւ հոսպիտալներ, հիվանդանոցներ, հանդիպել մեր վիրավոր զինվորներին, նրանց ծնողներին, փորձել փարատել նրանց վիշտը: 18-20 տարեկան մեր սերունդը դավաճանության, եկեղեցին փնովելու ճանապարհը բռնած շատ-շատերին դաս տվեց` ապացուցելով, որ հանուն հայրենիքի եւ խաչի փրկության պատրաստ է կյանքը զոհել: Ապրիլյան դեպքերից հետո հատկապես զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն ենք ցուցաբերել եւ մշտապես կցուցաբերենք, որ մեր սուրբ պարտականությունն է: Այնպես որ` ապրիլը թող դաս լինի բոլորի համար, հատկապես նրանց համար, ովքեր փախան պատասխանատվությունից: Հայոց եկեղեցին չի կարող փախչել իր հայրենիքից. այնպես որ` ամեն ինչ` հայրենիքի զոհասեղանին…

- Թեկուզ հոգեւոր կյանքը մեզանում բավականին ակտիվացել է, բայց դրան զուգահեռ բավականին աճել է հանցավորության, աղանդավորության եւ մի շարք այլ արատավոր երեւույթների մակարդակը: Ինչպե՞ս կբացատրեք իրարամերժ այս վիճակը:

- Սուրբ գրքում եւս անդրադառնում են այդ հարցին` ինչպե՞ս է լինում, որ մի տեղ բարություն ենք տարածում, իսկ մեկ այլ տեղ չարիքն է շատանում: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հիշի, որ ունի թշնամի, այն է` չար սատանան, որ ամեն ինչ անում է ճիշտ ուղուց շեղելու համար: Պետք է քաջ լինենք, պայքարենք բոլոր արատավոր երեւույթների դեմ` ապրելով բարոյական ճիշտ նորմերով, իսկ ամենամեծ բարոյականությունը քարոզում է Սուրբ գիրքը: Ակամայից հիշեցի Պողոս անապատականի` մեր առաջին ճգնավորի պատմությունը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է սատանան նրան կապելու համար շղթաներ տանում: Ճանապարհին հանդիպում է մի մարդու, ով հարցնում է, թե ում համար են այդ շղթաները: Լսելով պատասխանը` զարմանում է եւ ասում, որ եթե այդ սուրբ մարդու համար նման շղթաներ է տանում, ապա իր նման մեղսավորին կապելու համար ի՞նչ պետք է տանի: Եվ պատասխանը լինում է հետեւյալը. «Անմի՛տ, դու ոտքով-ձեռքով իմն ես, քեզ հաղթելու համար շղթա պետք չէ. Պողոս անապատականի սրբության դեմ կռվում եմ եւ պարտվում, դրա համար շղթայով եմ գնում, որ հաղթեմ»: Ասածս այն է, որ եթե մենք սրբության ճանապարհով ենք ընթանում, ապա պետք է պատրաստ լինենք չար սատանայի դեմ պայքարելու համար: Եվս մեկ օրինակ բերեմ. Հոբ Երանելուն սատանան զրկեց ամեն ինչից` մատնելով նրան աղքատության, տալով զանազան հիվանդություններ, բայց նա պայքարեց, ինչի հետեւանքով Աստված նրան ամեն ինչ վերադարձրեց, դեռ մի բան էլ ավելին: Շատերը հաճախ մտածում են, որ եթե եկեղեցի են կառուցում կամ նորոգում, ապա ազատվում են մեղքերից, բայց իրականում պետք է սեփական գործողություններով հետեւես Սուրբ գրքի պատվիրաններին: Իհարկե, մարդու կյանքում սայթաքումներ կլինեն, բայց ամենակարեւորը բարոյականության հողի վրա հաղթանակ տանելն է:

- Մամուլի հատկապես վերջին շրջանի հրապարակումներից կարելի է արձանագրել, որ երբեմն, առանձին հոգեւոր պետերի վարքով պայմանավորված, ջրբաժան է առաջանում ժողովրդի ու եկեղեցու միջեւ:

- Ոչ մի ջրբաժան էլ չկա ժողովրդի եւ եկեղեցու միջեւ, պարզապես եկեղեցին ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ այսօր, ունի թշնամիներ: Եկեղեցին զուտ նյութական իմաստով չի կարելի  ընկալել՝ դրանով հակառակվելով նրան: Իհարկե, հոգեւորականի կեցվածքը կարելի է ճիշտ քննադատել, եթե դրան արժանի է: Բայց բամբասել եկեղեցուց, նրա գումարները հաշվել, նույնիսկ առաջարկել հարկային դաշտ բերել, սա անթույլատրելի է: Ցավոք, եկեղեցին շատ հաճախ փորձում են դարձնել քաղաքական ամբիոն, եկեղեցու սուրբ խորանը՝ քաղաքականություն՝ մոռանալով, որ Քրիստոսի խաչի առաջ բոլորը հավասար են: Այն ժամանակ, երբ պետականություն չունեինք, եւ եկեղեցին զբաղվում էր նաեւ քաղաքական հարցեր լուծելով, շատ է թուլացել, բայց անկախություն ձեռք բերելիս կրկին հզորացել է, քանի որ զբաղվում է միայն դավանաբանական խնդիրներով: Փառք Աստծո, այսօր ունենք պետականություն, եւ եկեղեցին միայն զբաղվում է հոգեւոր ծառայություն մատուցելով, որ երբեմն խոչընդոտների է բախվում:

- Վերջին շրջանում համազգային նշանակության հետաքրքիր հոգեւոր իրադարձություններ կատարվեցին, որոնցից հատկապես նշանակալի էր Հռոմի պապի այցը: Եվ ոգեւորիչ էր, որ ծագումով սյունեցի սրբազանների անունները նույնպես հնչեցին՝ Հովհան ՈՐոտնեցի, Գրիգոր Տաթեւացի, Մովսես Խոտանանցի… Միգուցե տեղական սնապարծություն թվա, բայց կուզեինք, որ Հայ առաքելական եկեղեցու երբեմնի նախաթոռ Սյունյաց թեմն ի դեմ Ձեզ ունենա ոչ թե առաջնորդական տեղապահ, այլ առաջնորդ:

- Շնորհակալ եմ՝ իմ անձի, հոգեւոր ծառայության նկատմամբ նման սրտացավ վերաբերմունք ունենալու համար, բայց Վեհափառ հայրապետն է որոշում այդ հարցը, իսկ մենք բոլորս նրա զավակներն ենք, ուստի կլինի այնպես, ինչպես մեր հայրը կորոշի: Իհարկե, Հռոմի պապի այցելությունը կարեւոր պատմական իրադարձություն էր մեզ համար, բայց մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ Հայ առաքելական եկեղեցին էլ տիեզերական եկեղեցիների շարքում պակաս դիրք եւ դերակատարություն չունի: Մեր եկեղեցին առաքելական աթոռ է, որ օրհնել է անգամ Աստվածամայրը: Իսկ Քրիստոսի խաչելությունից առաջ ասաց. «Երանի  նրանց, որ չեն տեսնի, բայց կհավատան», եւ հայ մարդը դարձավ առաջին քրիստոնյան: Ուստի ուրախ լինենք, որ ժամանակին մեր սրբերի շնորհիվ կարողացել ենք դավանաբանական վերլուծություններով հասնել մինչ երկինք՝ Աստծո դուռ:

- Մարզից ունե՞նք երիտասարդներ, ովքեր սովորում են կամ ցանկանում են սովորել հոգեւոր ճեմարանում:

- Այդ առումով մարզում, կարելի է ասել, մտահոգիչ իրավիճակ է: Տաթեւից մեկ հոգի այժմ սովորում է Շիրակի թեմի Ընծայարանում, մեկն էլ՝ Մայր աթոռի Քահանայից լսարանում, ինչը շատ քիչ է: Մանավանդ Գորիսում մինչ այժմ չեմ կարողացել վերացնել մի վատ երեւույթ. երբ երեխային բերում ես եկեղեցի՝ որեւիցե արարողակարգի ընթացքում հոգեւորականին օգնելու համար, ապա ծնողներն ընդդիմանում են: Մինչդեռ, օրինակ, Գյումրիում թե՛ ղեկավարները, թե՛ հասարակ քաղաքացին ձգտում են իրենց զավակներին եկեղեցուն մոտ կանգնեցնել. չէ՞ որ եկեղեցու խորանին մոտ կանգնելով՝ Աստծո ներկայությունից մարդ ձգտում է ավելի լավ ու բարի արարքների: Սուրբ Յոթ վերք եկեղեցում ծառայելիս շատ տղաների փողոցից կտրելուն եմ նպաստել, ովքեր հիմա բարձունքների են հասել տարբեր բնագավառներում: Այնպես որ՝ ինձ համար զարմանալի եւ անհասկանալի է, երբ ծնողը միտումնավոր իր երեխային փորձում է հեռացնել Աստծո տաճարից:

- Վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդումը բավականին բարձրացրել է մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակության մակարդակը, բայց, կարծեք, դպրոցներում մասնագետների խնդիր կա:

- Ոչ միայն այդ առարկայի դասավանդումը գիտելիքներ է հաղորդում մեր երեխաներին, այլեւ ասեմ, որ նրանց ամենասիրելի առարկաներից մեկն է: Իհարկե, ուսուցիչների վերապատրաստման խիստ կարիք կա, բայց դրանց համար լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր, որ չկան: Սյունիքը Մայր աթոռից բավականին հեռու է, ինչը նույնպես լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Վարդան սրբազանին դիմել եմ ուսուցիչների վերապատրաստման հարցով:

- Ձեր խոսքը մարզի նորանշանակ մարզպետին:

- Սյունիքում եկեղեցու եւ պետության միջեւ երբեւիցե պատնեշ չի առաջացել: Նախեւառաջ շնորհակալ եմ իմ ժողովրդից, այնուհետեւ` նրան ծառայելու կոչվածներից: Նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն իշխանության ողջ ժամանակահատվածում ամեն ինչ արել է մարզում հոգեւոր կյանքի զարգացման համար` ձեւավորելով հետաքրքիր ավանդույթներ: Նրա նախաձեռնությամբ ամեն Նոր տարվա նախօրեին Տաթեւի վանքում հավաքվելով` իշխանավորները կարծես ժողովրդի եւ Աստծո առաջ հաշվետվություն են ներկայացրել: Բոլոր եկեղեցական կարեւոր տոներին, եկեղեցիների եւ խաչերի վերաօծմանը Սուրեն Խաչատրյանը մշտապես մասնակցել է` այդկերպ եւս եկեղեցու շուրջը հավաքելով շատերին: Նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին կարճ ժամանակ եմ ճանաչում, բայց արդեն մտերիմ ընկերներ ենք. եկեղեցու հանդեպ նրա բարեխիղճ վերաբերմունքն ու հայրենասիրությունն արդեն տեսանելի արդյունքներ են տալիս: Նրա եւ նրա ընկերների շնորհիվ է թեմը հոգում իր նյութական կարիքները: Վերջերս Սեւաքարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վերակառուցվեց նաեւ Զանգեզուրի ՊՄԿ-ի միջոցների շնորհիվ: Իմ բյուր օրհնությունը մարզպետ Վահե Հակոբյանին, թող Աստված նրան տա Սողոմոն Իմաստունի իմաստնությունը, որ կարողանա մեր ժողովրդին տանել դեպի բարեկեցիկ կյանք: Վստահ եմ` մեր երկրամասը զարգացնելու համար Վահե Հակոբյանն ունի համապատասխան ներուժ, գիտելիք, փորձ եւ կազմակերպչական ունակություններ:

- Ձեր օրհնանքը մեր ժողովրդին:

- Թող Աստված օրհնի ամեն մի հայ մարդու, ամեն սյունեցու, թող մեր երկրում խաղաղություն լինի, հիվանդություններ, հանցագործություններ, արատավոր այլ երեւությներ չլինեն, եւ մեր ազգը գնա դեպի Աստված, դեպի խաղաղ եւ բարեկեցիկ կյանք: Մեր ազգը խաղաղասեր է, որ Սուրբ հոգու շնորհն է, իսկ մեր թշնամիներն անհավատներ են, ուստի միշտ փորձում են մեր անդորրը խանգարել: Թող Աստված նրանց հեռու քշի մեր սահմաններից, եւ անդորրություն իշխի հայոց աշխարհում, որ կարողանանք մեր երկիրը հզորացնել, մեր ուրույն տեղը գրավել աշխարհի պետությունների ընտանիքում: Աստծո աջը թող հովանի լինի բոլորիս…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25