Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա

23.03.2023 10:52
2465

Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։

Ինչպես կաթնաշոռի փորձաքննության ժամանակ, այս անգամ ևս նախքան լաբորատորիա հանձնելը, թթվասերները տարել ենք Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (թթվասերը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։

Ուսանողները գնահատել են թթվասերի համը, հոտն ու որակական հատկանիշներն ու վերջում քվեարկել են իրենց հավանած մեկ նմուշի օգտին։

Ջերմային ռեժիմը չխախտելու համար թթվասերները հենց գնման նույն օրը լաբորատորիա ենք տեղափոխել հատուկ սառնարանով։

Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։

Թթվասերը լայն սպառում ունեցող կաթնամթերք է։

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար ապրանքը պետք է ստուգվի և համապատասխանի ընդունված բոլոր տեխնիկական կանոնակարգերին և նորմերին։ Սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։ Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում․ փաստում է, որ այն անվտանգ է, փորձաքննվել է, համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին։

Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման՝ կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է, ներմուծվող կաթնամթերքի ռիսկայնության միավորը՝ 30, ինչպես մսամթերքինը, ձկնեղենինը և այլն։

ՄՄ ՏԿ 033/2013 նորմերի համաձայն՝ թթվասերի մեջ բորբոսասնկերի և խմորասնկերի թիվը չպետք է գերազանցի 50ԳԱՄ/գ-ն, կաթնաթթվային մանրէները պետք է լինեն >10^7 ԳԱՄ/գ-ից։ Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (ԱՑԽՄ) պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներ են, և դրանց առկայությունը կաթնամթերքում անթույլատրելի է։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ թթվասերում չեն կարող լինել, քանի որ դրանք աղտոտվածության ցուցանիշներ են, որի հիմնական պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է՝ հումքի հավաքման կամ արտադրական պրոցեսի ընթացքում։ Հետևաբար, դրանք չեն կարող առաջանալ երկրորդային օղակում, տեղափոխման ժամանակ կամ պահման սխալ պայմաններից։

«Աղիքային ցուպիկն առաջանում է մարդու ներգործությունից կամ արտադրական պրոցեսի ստերիլությունից»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։

Իսկ խմորասնկերի և բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։

«Եթե տարածքը լինի բորբոսնած, դա օդի միջոցով կարող է տարածվել ու հայտնվել արտադրանքի մեջ։ Արտադրանքն ինքն իրենով բազմացման համար միջավայր է, օդից ընկած ցանկացած բան կարող է հեշտությամբ բազմանալ»,- ասում է Կ. Դարբինյանը։

Ամեն դեպքում, խմորասնկերի բարձր թիվը ցույց է տալիս, որ ապրանքն ավելի արագ կփչանա և կունենա փոփոխված համ, և, ամենայն հավանականությամբ, նման արտադրանքը կարող է առաջացնել փքվածություն և մարսողության խանգարում։

Նմուշ № 1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը (01.03.2023-12.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «սերուցք նորմալացված, կաթնաթթվային մանրէներից պատրաստված մակարդ»։ 

Թթվասերի յուղայնությունը՝ 18%։ Այն ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիաննա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։

Նմուշ № 2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության «Tamara» թթվասերը (27.02.2023-09.03.23՝ արտադրության

Ինչպես նշված է թթվասերի մակնշման մեջ, բաղադրությունը՝ «անարատ կաթ», պարունակում է «սերուցք նորմալացված, քաղցրասերուցքային կարագ, չոր յուղազերծ կաթ, թթվասերի մակարդ (կաթնաթթվային ստրեպտոկոկեր)»։

Թթվասերի յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC, ISO 9001-ՄՍ նշան։

«Tamara» թթվասերում կա մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Թամարա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։

Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս տարվա փետրվարին փորձաքննության էր ներկայացրել «Թամարա» թթվասերը և պարզել, որ այն պարունակում է նորմայից ավելի խմորասնկեր։ ՍԱՏՄ-ն որոշել էր կասեցնել ընկերության արտադրական առանձին գործառույթը։

Նմուշ № 3

Երրորդ համարի տակ փորձաքննվել է «Արբան» ՍՊԸ-ի «Աշտարակ կաթ» թթվասերը (01.03.2023-10.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «կաթի սերուցք, չոր յուղազերծ կաթ, բակտերիալ մերան»։ Ըստ մակնշման՝ թթվասերն առանց կոնսերվատների և հակաբիոտիկների է։

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC, ISO 22000 նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ այս թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին։

Միևնույն ժամանակ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) այս տարվա սկզբին վարույթ է հարուցել «Արբան» ընկերության նկատմամբ, քանի որ «թթվասեր» մակնշմամբ ապրանքի մեջ հայտնաբերվել է բուսական յուղ, ինչը թթվասերի արտադրության մեջ չի թույլատրվում։

Չորրորդ համարի տակ փորձաքննվել է «Չանախ» ընկերության թթվասերը (02.03.2023-09.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը՝ «կաթի սերուցք նորմալացված, պաստերացված, բակտերիալ մերան»։ 

Յուղայնությունը՝ 18 %։

Մակնշման մեջ նշված է, որ այն պատրաստված է բնական կաթից և առանց կոնսերվանտների է։ Ունի EAC նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ» թթվասերում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այսպիսով, «Չանախի» թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նշենք, որ վերջերս «Հետք»-ի իրականացրած կաթնաշոռի փորձաքննության ժամանակ «Չանախ» ընկերության կաթնաշոռի մեջ նույնպես աղիքային ցուպիկի խմբի մանրէներ էին հայտնաբերվել։

2020թ. իրականացված վերահսկողության ժամանակ ՍԱՏՄ-ն նույնպես աղիքային ցուպիկի խմբի մանրէներ էր հայտնաբերել «Չանախ» կաթնամթերքի գործարանում և ժամանակավորապես կասեցրել էր թթվասերի և կաթնաշոռի արտադրությունը։

 Նմուշ № 5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մարիլա» ընկերության «Marila» թթվասերը (01.03.2023-06.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը կազմված է նորմալացված կաթի սերուցքից և բակտերիալ մերանից։

Մակշմամբ՝ այն 100% բնական է, չի պարունակում հակաբիոտիկներ և հավելումներ։ 

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC նշան։

«Մարիլա» թթվասերում կա մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Մարիլա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին։

 Նմուշ № 6

Վեցերորդ համարի տակ փորձաքննվել է «Արզնի կաթնամթերք» ընկերության «Արզնի կաթ» («Սերով») թթվասերը (02.03.2023-11.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը` «կաթի սերուցք նորմալացված, պաստերացված, բակտերիալ մերան»։

Յուղայնությունը՝ 20%։ Ունի EAC նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման՝ 350 ԳԱՄ/գ է, ինչը նորմերի խախտում է։

Այսպիսով, «Արզնի կաթ» թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նշենք, որ «Հետք»-ը վերջերս փորձաքննության էր ներկայացրել նաև ընկերության արտադրած կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. դրա մեջ հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ այս տարվա սկզբին վարույթ էր հարուցել «Արզնի կաթնամթերք» ընկերության նկատմամբ, քանի որ «թթվասեր» մակնշված ապրանքում հայտնաբերվել էր բուսական յուղ, որի կիրառումը թթվասերում չի թույլատրվում։ Իսկ փետրվարին ՄՊՀ-ն «բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և հասարակությանը մոլորեցնելու համար» տուգանել է «Արզնի կաթնամթերք» ընկերությանը։

 Նմուշ № 7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ընկերության «ANI» թթվասերը (25.02.2023-08.03.23՝ արտադրության

Բաղադրությունը` «կովի կաթի սերուցք, կովի անարատ կաթ, չոր յուղազրկված կաթ, կարագ սերուցքային, թթվասերի մակարդ (թերմոֆիլ կաթնաթթվային ստրեպտոկոկերի և լակտոկոկերի խառնուրդ)»։ 

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC նշան։

«Անի» թթվասերն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ (ANI) պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Անի» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։

 Նմուշ № 8

Ութերորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության թթվասերը (01.03.2023-06.03.23՝ արտադրության

Բաղադրությունը` «կովի անարատ կաթի սեր, թթվասերի մակարդ (մեզոֆիլ, կաթնաթթվային կուլտուրա)»։

Ըստ մակնշման՝ այն 100% բնական է և կոնսերվանտներ չի պարունակում։

Յուղայնությունը՝ 18%։ Ունի EAC, ISO 22000։2005 նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Բիոկաթ» ընկերության թթվասերի մեջ կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այսպիսով, «Բիոկաթ» թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նշենք, որ վերջերս փորձաքննության էինք ներկայացրել նաև ընկերության արտադրած կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռում առկա էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Իսկ դեռևս 2021թ․ ամռանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը հետ էր կանչել իրացման ցանցից և մատակարարման վայրերից, քանի որ այնտեղ նույնպես հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, բորբոսասնկերի բարձր քանակ, ինչպես նաև՝ ՄԱՖԱՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ։

 Նմուշ № 9

Իններորդ համարի տակ փորձաքննվել է «Բոնիլաթ» ընկերության «Bonilat» թթվասերը (27.02.2023-08.03.23՝ արտադրության)։ Բաղադրությունը կազմված է «նորմալացված, պաստերացված կաթի սերից և բակտերիալ մերանից»։

Ըստ մակնշման՝ այն 100% բնական է, պատրաստված է անարատ սերից, առանց ԳՁՕ (հավելում)։

Յուղայնությունը՝ 17%, ունի EAC նշան։

«Բոնիլատ» թթվասերն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անվանումը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Բոնիլատ» ընկերության թթվասերը պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այսպիսով, այս թթվասերը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

«Հետք»-ի վերջերս արված փորձաքննության համաձայն՝ «Բոնիլատ» ընկերության կաթնաշոռը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռի մեջ դարձյալ հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։ 

 Նմուշ № 10

Տասներորդ համարի տակ փորձաքննվել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Yeremyan products» («Երեմյան փրոդաքթս») թթվասերը (01.03.2023-07.03.23՝ արտադրության

Բաղադրությունը` «նորմալացված կաթի սերուցք, բակտերիալ մերան»։ 

Յուղայնությունը՝ 25%։ Ունի EAC նշան։

Այս թթվասերն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ «Yeremyan products»՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Yeremyan products» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործման համար։

Այսպիսով…

Փորձաքննված 10 նմուշից 4-ը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Չանախ», «Արզնի կաթ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքատեսակները։

Նմուշներից 3-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. դրանք են՝ «Չանախ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքանիշերի թթվասերները։

Նմուշներից մեկում՝ «Արզնի Կաթ» թթվասերի մեջ, հայտնաբերվել է խմորասնկերի` թույլատրելիից 7 անգամ բարձր քանակ՝ 350 ԳԱՄ/գ։

Նմուշներից 5-ն ունեն մակնշման խախտումներ. դրանք են՝ «Marila», «Ani», «Bonilat» և «Yeremyan products» թթվասերները. ապրանքների անվանումն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

«Չանախ» ընկերության ինչպես թթվասերում, այնպես էլ կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

«Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման, իսկ փորձաքննված կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բիոկաթ» ընկերության թթվասերում, ինչպես նաև՝ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռում հայտնաբերվել էին նաև մեծ քանակությամբ (այնքան շատ, որ այլևս չեն հաշվումբորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բոնիլատ» (Bonilat) ընկերության թե՛ թթվասերում, թե՛ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էին նաև մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։ 

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի 9 ուսանող մասնակցել է կույր համտեսին, ընտրել և քվեարկել իրենց նախընտրած միայն մեկ նմուշի օգտին։ Բացի այդ, ուսանողները բնութագրել են թթվասերի համն ու հոտը։

Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներն է ստացել «Հայր և որդի Երեմյաններ ընկերության «Երեմյան փրոդաքթս» (Yeremyan products) թթվասերը (ձայն), 2 ձայն ստացել է «Բոնիլատ» (Bonilat) ընկերության թթվասերը, մեկական ձայն՝ «Մարիաննա» և «Մարիլա» (Marila) թթվասերները։

  Նշենք, որ համի, հոտի այս և հետագայում ներկայացված բոլոր բնութագրիչները սուբյեկտիվ են, համտեսի մասնակիցների անձնական գնահատականն է։  

Չնայած «Բոնիլատ» ընկերության թթվասերը քվեարկությամբ ստացել էր 2 ձայն՝ փորձաքննությամբ պարզվել է, որ այն պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ մեծ մասամբ որպես թթու համ ունեցող են բնութագրել «Թամարա»«Աշտարակ կաթ», «Արզնի կաթ» ապրանքանիշերի թթվասերները, որպես վատ՝ «Մարիաննա»-ն և «Անի»-նմիաժամանակ վատ և թթու՝ «Մարիլա»-ն։

Համտեսի ընթացքում միաժամանակ որպես թթու, դառը և քաղցր են բնութագրել «Չանախ» թթվասերը։ Որպես լավ և թթու համ ունեցող համտեսի մասնակիցները նշել են «Բոնիլատ» թթվասերը, քաղցր՝ «Բիոկաթ»-ը, որպես լավ և քաղցր` «Երեմյան փրոդաքթս» (Yeremyan products):

Որպես թթու հոտ ունեցող թթվասեր համտեսի մասնակիցները նշել են «Մարիաննա», «Աշտարակ կաթ» թթվասերները, վատ հոտ ունեցող՝ «Թամարա»-ն և «Անի»-ն։

Որպես ոչ շատ սուր և վատ հոտ ունեցող բնութագրել են «Չանախ» թթվասերը, վատ և սուր՝ «Բիոկաթ»-ը, վատ և նորմալ՝ «Արզնի կաթ»-ը, նորմալ՝ «Մարիլա»-ն (Marila), լավ և թթվաշ՝ «Բոնիլատ»-ը, լավ՝ «Երեմյան փրոդաքթս»-ը (Yeremyan products):

Կաթնամթերքի շուկայում ՍԱՏՄ հայտնաբերած խախտումները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2023թ․ մարտի 17-ին որպես ահազանգ է գրանցել «Հետք»-ում հրապարակված կաթնաշոռի լաբորատոր փորձաքննության արդյունքները և հայտնել, որ իրականացնելու են վերահսկողական միջոցառումներ։ Արդյունքները դեռևս հայտնի չեն։

Ընդհանուր առմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2022թ. հունվարից մինչև 2023թ. փետրվարը կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացրել է 69 ստուգում։

Ստուգված արտադրողների 26%-ի կամ 18-ի նկատմամբ կայացվել է արտադրական գործընթացի կամ առանձին գործառույթների կասեցման որոշում։ Հետագայում նրանցից 17-ի նկատմամբ կասեցման որոշումը հանվել է, 1 տնտեսվարող էլ դադարեցրել է գործունեությունը։

22 տնտեսվարող (32%) վերացրել է ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները, 9 տնտեսվարողի (13%) տրվել է թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական, որոնք կատարվել են։ 20 տնտեսվարողի կամ նրանցից 29%-ի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։

Կրկնակի խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Ըստ Տեսչական մարմնի՝ մեկ տարվա ստուգումների արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական խախտումները՝ 

  • Օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն,
  • մաքրման գույքը և լվացող ու ախտահանիչ նյութերը չեն պահվել արտադրական տարածքից դուրս,
  • կենցաղային շենքն ապահովված չի եղել հանդերձարանով,
  • անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,
  • միջոցներ չեն ձեռնարկվել՝ կանխելու կենդանիների, կրծողներ, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ,
  • արտադրական տարածքներն ապահովված չեն եղել փակ աղբարկղերով,
  • բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել,
  • փաթեթավորումները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը,
  • սննդամթերքի փոխադրամիջոցը չունի սանիտարական անձնագիր, 
  • արտադրությունը չի իրականացվել տեխնոլոգիական հրահանգին և արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան,
  • առկա են եղել մակշման անհամապատասխանություններ։

 

«Անվտանգ սնունդ/Հետք» խմբում 2022-ից մինչ օրս կաթնամթերքի վերաբերյալ նույնպես ստացել ենք ահազանգեր. 12 գրառում է կատարվել։ Խմբի անդամները հիմնականում բողոքել են կաթնամթեքրի վատ համից ու հոտից։

Եթե սպառողներն ունեն բողոքներ այս կամ այն տեսակի սննդի որակի, անվտանգության, պահման պայմանների և այլնի վերաբերյալ, կարող են գրել մեր խմբում։

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ։

https://hetq.am/

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31