Վահե մարզպետի անգործության մեկ հետեւանք եւս. երկու տարում մարզում 13 հազար հեկտարով կրճատվել է աշնանացանի ծավալը

27.02.2018 15:23
1731

Սյունիքի մարզը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական խոշոր մարզերից մեկը, ավելի ճիշտ՝ գյուղական տնտեսության եզակի ռեսուրսներով օժտված տարածաշրջան: Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ Սյունիքի տեսակարար կշիռը մոտ յոթ տոկոս է:

Ամեն տարվա այս օրերին, երբ հրապարակվում են նախորդ տարվա վերաբերյալ վիճակագրական տվյալներ, Սյունիքի գյուղաշխարհին հետաքրքրում է հատկապես հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի վիճակը, հետաքրքրում է, թե մարզի 43 600 հա վարելահողից որքա՞ն է դրվել աշնանացանի տակ. հիշեցնենք՝ հացահատիկային մշակաբույսերի աճեցման ու կայուն բերքատվության ապահովման գլխավոր գրավականն աշնանացանն է: 

2011 թվականից մարզում աշնանացանի ծավալներն աճել են. 2015 թվականին, ըստ Սամվել Թանգյանի, կատարվել է մոտ 23.5 հազար հա աշնանացան. գարնանացանի հետ մեկտեղ դա կազմում էր վարելահողերի մոտ 80 տոկոսը:

2016-17թթ. աշնանացան-գարնանացանի ցուցանիշերը կտրուկ իջել են. մարզում մշակվել է վարելահողերի 60 տոկոսը:2016-ին աշնանացան է կատարվել 17309 հա-ի վրա:

2017-ին այդ ցուցանիշն ավելի է իջել՝ հասնելով 10183 հա-ի:

Եվ չնայած այդ նահանջին, 2017թ. հուլիսի 28-ին մարզպետը խաբել է Սիսիան այցելած վարչապետին՝ զեկուցելով, թե Սյունիքում մշակվում է վարելահողերի 85 տոկոսը: Ու քանի որ վարչապետն էլ ուզում էր, որ իրեն խաբեն ու բարձր, չեղած թվերով կերակրեն հայ հանրությանը, իբրեւ ճշմարտություն ընդունեց մարզպետի հերթական սուտը եւ նույնիսկ բարձր գնահատեց Սյունիքի մարզպետի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում՝ հայտարարելով, որ շատ շուտով Սյունիքն Իսրայել է դառնալու:

Իրականում, սակայն, արտառոց բան է տեղի ունեցել Սյունիքի գյուղական տնտեսության մեջ՝ երկու տարում (Վահե Հակոբյանի պաշտոնավարման ընթացքում) մոտ 13 հազար հեկտարով պակասել է հացահատիկային մշակաբույսերի աշնանացանը:

Գրեթե սենսացիոն այդ իրողությունը վաղ թե ուշ, համոզված ենք, քննարկման առարկա կդառնա պետական մակարդակով: Չէ՞ որ Արցախյան պատերազմի տարիներին անգամ, երբ մարզի մի հատվածը ռազմական գործողությունների թատերաբեմ էր, աշնանացանի տապալման նման օրինակ չենք ունեցել:

Թե ինչու է աշնանացանը Սյունիքում 2017-ին ձախողվել, դա առանձին ուսումնասիրության հարց է, եւ, ինչպես նշեցինք, երբեւէ կդառնա քննարկման առարկա:

Բայց մտահոգիչ մի փաստ՝ խնդրո առարկային առնչվող, արդեն իսկ ունենք:

Տաթեւ համայնքում, մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ եւ համայնքապետի ու նրա դիմակավորված օգնականների ջանքերով, կեղծվել է պետֆոնդի վարելահողերը վարձակալությամբ տալու համար 2017-ին անցկացված մրցույթը: Դա խոստովանում է ինքը՝ համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:

Համայնքի ղեկավարի առջեւ մրցույթից առաջ խնդիր էր դրվել մի քանի անցանկալի անձանց զրկել հողեր մշակելու հնարարավորությունից, ինչը եւ կյանքի կոչվեց:

Ընդ որում՝ հողերի մշակման հնարավորությունից զրկվեցին այն ֆերմերները, ովքեր մոտ 3-4 անգամ ավելի գումար էին առաջարկում մեկ հեկտարի վարձակալության համար, քան Մուրադի բարեկամներն ու մերձավորները:

Եվ միայն այդ «մրցույթի» արդյունքում համայնքային բյուջեն զրկվեց տարեկան մոտ հինգ մլն դրամ գումարից:

Դա էլ ոչինչ, մանավանդ որ այդ ֆերմերներն ազատագրված տարածքներում ձեռնամուխ են եղել ավելի շատ հող մշակելու գործին: Արտառոցն այն է, որ վարելահողերի մոտ 60 տոկոսն անմշակ դարձած Սյունիքում մարզպետը խոչընդոտում է ֆերմերներին, ովքեր ուզում են հող մշակել:

Այդ ամենին զուգահեռ խմբագրությանը հայտնի է դարձել, որ Տաթեւ համայնքի ղեկավարը, Տաթեւի գյուղապետ աշխատելու վերջին շրջանում, ակնհայտ սխալներով է անցկացրել համայնքային ինչ-որ գույքի աճուրդ կամ վարձակալության մրցույթ, ինչի առիթով ժամանակին քրեական գործ է հարուցվել:

Խմբագրությանը հայտնի է դարձել նաեւ, որ պետֆոնդի հողերի 2017թ. «մրցույթը» մարզպետի սրտով կազմակերպելուց անմիջապես հետո կարճվել է Մուրադ Սիմոնյանի աճուրդային (մրցութային) խաղերի հետ կապված քրեական գործի նախաքննությունը:

Հիմա պարզագույն մի հարց է հետաքրքրում մարդկանց՝ հայտնի քրեական գործի կարճումը որքանո՞վ է առնչվում Մուրադ Սիմոնյանի կողմից հողերի 2017թ. մրցույթի արդյունքներն աղավաղելու հետ: Արդյո՞ք դրանով մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել Մուրադին: Չէ՞ որ մարզպետն է տեղի-անտեղի հայտարարում, որ ինքն է Սյունիքում քրեական գործեր հարուցում, քրեական գործեր կարճում, նախաքննության ժամկետներ երկարաձգում…

Տեղեկացնենք նաեւ, որ աշնանացանի վիճակը մեզ հետաքրքրել է դեռեւս 2017-ի նոյեմբեր-դեկտեմբերին:

Թվերը չենք կարողացել վերցնել ո՛չ մարզպետարանից, ո՛չ էլ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալությունից:

Խորհուրդ են տվել սպասել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հաղորդագրությանը: Եվ ահա մի քանի օր առաջ հանրությանն է ներկայացվել այդ տեղեկանքը: Ու ի՞նչ է պարզվել:

Պետական վիճակագրական ծառայության տեղեկությունները միեւնույն հարցի վերաբերյալ հակասական են: Եվ չի բացառվում նույնիսկ, որ մեր իսկ կողմից ներկայացված թվերն էլ իրականության ստույգ արտացոլանքը չեն:

Հացահատիկ եւ հատիկաընդեղեն 2017-ին մշակվել է 16674 հա-ի վրա, 2016-ին՝ 26341 հա-ի վրա (դրա մեջ մտնում է ե՛ւ աշնանացանը, ե՛ւ գարնանացանը):

2017-ին մարզում կատարվել է 10 183 հա աշնանացան:Մեկ այլ տեղեկության համաձայն՝ 2016-ին կատարվել է 17309 հա աշնանացան:

Մեկ ուրիշ տեղեկությամբ՝ 2017-ի աշնանացանը կազմում է 2016-ի աշնանացանի 91,7 տոկոսը, որը պետք է լինի 11105 հա:

Մեկ այլ տեղեկությամբ՝ 2017-ին Սյունիքում կատարվել է, ինչպես նշեցինք, 10183 հա աշնանացան, որը 2016-ի ցուցանիշի ոչ թե 91.7 տոկոսն է (ինչպես պաշտոնապես հայտարարվում է), այլ 58.83 տոկոսը:

Կարդում ենք, նորից կարդում, նորից հաշվում ու այդպես էլ չենք կարողանում ստույգ իմանալ, թե որքա՞ն աշնանացան է կատարվել  Սյունիքում 2016 եւ 2017 թվականներին: Իսկապես, 2016-ին մարզում 11102 հա աշնանացա՞ն եք կատարել, թե՞ 17309 հեկտար:

Նաեւ չենք կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն աղավաղում պարզագույն այդ թվերը:

Սյունիքի գյուղատնտեսության մեջ 2017-ին նահանջ է արձանագրվել նաեւ հացահատիկի եւ հատիկաընդեղենի արտադրության ոլորտում: Տարվա ընթացքում արտադրվել է մոտ 307 հազար ցենտներ հացահատիկ եւ հատիկաընդեղեն. 2016-ին այդ ցուցանիշը եղել է մոտ 745 հազար ցենտներ: Գրեթե նույն վիճակն է արձանագրվել կարտոֆիլի եւ բանջարեղենի արտադրության ոլորտում: 

Ի՞նչ անել:

Վիճակագրությունը ճշտել եւ ճշմարտամոտ դարձնել՝ ոչ ոք չի կարող Հայաստանում:

Իսկ անմշակ ու խոպան վարելահողերը…

Գարնանացանի հաշվին միգուցե եւ մի փոքր շտկենք վիճակը, եթե գյուղացուն չխանգարեն մարզպետն ու համայնքապետերը:Գարնանացանի լավագույն արդյունքների դեպքում անգամ, ըստ գյուղմասնագետների, մարզում անմշակ կթողնենք վարելահողերի մոտ 50 տոկոսը: Այնպես որ՝ Սյունիքի առջեւ ծառացած հիմնախնդիրներից մեկը վարելահողերի մշակման խնդիրն է: Քանի դեռ այդ հարցը չենք լուծել՝ խոսք չի կարող լինել մարզի գյուղատնտեսության զարգացման եւ առհասարակ գյուղապահպանության մասին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10

Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

26.12.2024 16:04

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

26.12.2024 14:50

ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է

26.12.2024 14:39

Ագարակում անցկացվեց շոտոկան կարատեի Մեղրիի գավաթ ակումբային փակ մրցաշարը

26.12.2024 14:32

Ի՞նչը կործանեց ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը՝ թռչնի՞, թե՞ հրթիռի հարվածը

26.12.2024 14:18

Հատված «Բուն TV» հեռուստաընկերության՝ Ակսել Բակունցի 125-ամյակին նվիրված ֆիլմից՝ «․․․ Եվ բառերի համար քո մարմարյա»

26.12.2024 12:40