Չորս տասնամյակ առաջ՝ այս օրը, Վահրամ Օրբելյանը Կապանի շրջանային «Ղափան» թերթում սկսեց լրագրողական գործունեությունը։
Քառասունից մոտ 30 տարին աշխատել և աշխատում է տարածաշրջանային կամ մարզային լրատվամիջոցներում։
Շնորհավորելով մեր գործընկերոջը՝ այդ հոբելյանի առթիվ, նաև մի քանի հարց ուղղեցինք նրան։
– Ինչպե՞ս եղավ, որ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած Վահրամ Օրբելյանը վերադարձավ ծննդավայր և նախընտրեց լրագրողի մասնագիտությամբ աշխատելն ու ընդգրկվեց Կապանի շրջանային թերթի ստեղծագործական թիմում։
– Երբ ավարտեցի Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը և վերադարձա հայրենի քաղաք, շրջանային «Ղափան» թերթում գրական աշխատողի թափուր տեղ կար. այդտեղից էլ սկսվեց աշխատանքս լրագրության ասպարեզում:
Մի բան էր համալսարանական կրթությունը, բոլորովին այլ բան՝ գործնական լրագրությունը:
Հիշում եմ՝ առաջին թղթակցությունս Ղափանի պահածոների գործարանի առօրյայի մասին էր՝ «Պահածոյագործների մոտ» վերնագրով։ Ամառ էր, մրգերի և հատապտուղների պահածոյացման շրջան․․․
Ասեմ, որ պարտադրված և «սեզոնային» թեմաները բնորոշ էին խորհրդային ժուռնալիստիկային:
Լրագրողական աշխատանքիս սկիզբը համընկավ անցումային ժամանակաշրջանի հետ. փլուզվեց Խորհրդային Միությունը, և հայտնվեցինք միանգամայն նոր իրականության մեջ: Քաղաքական կյանքում էլ դարակազմիկ իրադարձությունների պակաս չկար՝ Ղարաբաղյան շարժում, Արցախյան գոյամարտ, իշխանափոխություն հանրապետությունում, որի հետևանքով ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը:
Լրատվության ոլորտում էլ անդառնալիորեն փոխվեցին ընկալումներն ու մոտեցումները:
– Ու՞մ եք համարում լրագրության ոլորտի Ձեր ուսուցիչը կամ ո՞վ էր այն լրագրողը, որին ուզում էիք ընդօրինակել կամ նմանվել։
– Լրագրության ոլորտի իմ ուսուցիչը, ավելի ստույգ՝ ուսուցիչներս համարում եմ իմ խմբագիրներին, որոնց հետ բարեբախտություն եմ ունեցել ճանապարհ անցնել՝ Էդվարդ Սարդարյան, Վաչե Եփրեմյան, Գագիկ Դավթյան, Սամվել Ալեքսանյան: Բոլորից, անկասկած, մի բան սովորել եմ: Առաջին խմբագիրս Էդվարդ Սարդարյանն էր, ում պարտական եմ, նախևառաջ, գրավոր տեքստի խմբագրման հմտություններ ձեռք բերելու առումով:
– Չորս տասնամյակի ընթացքում շատերի հետ եք աշխատել։ Ո՞ւմ կուզենայիք Ձեր գործընկերներից այսօր հիշել։
-Հիմա կարոտով եմ հիշում «Ղափան» թերթի ժամանակները, իմ գործընկերներին՝ Արթուր Իսրայելյան, ով նաև իմ համալսարանական կուրսընկերն է եղել, Արտյոմ Սարգսյան, Սլավիկ Նավասարդյան, Սիլվա Սահակյան, որոնց հետ հին ու բարի ժամանակների չխամրող հուշեր կան կապված:
Օգտվելով առիթից՝ առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում «Սյունյաց երկրի» խմբագրակազմի իմ սիրելի գործընկերներից յուրաքանչյուրին։ Նրանք ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլև Սյունյաց աշխարհի նվիրյալներ և, իհարկե, լավ մարդիկ, լավ գործընկերներ։ Երբ, առիթի դեպքում, հետադարձ հայացք եմ ձգում մեր գործունեությանը, զարմանք եմ ապրում՝ այս փոքրաթիվ կոլեկտիվով ինչպե՞ս ենք հասցրել այսքան մեծ ու մնայուն գործեր ստեղծել։
– Ի՞նչ է լրագրությունը Ձեզ համար։
– Թող վերամբարձ չհնչի՝ լրագրությունն ինձ համար կենսակերպ է, աշխարհին հաղորդակցվելու փիլիսոփայություն: Եվ ամեն Աստծո օր ես խմբագրության ճամփան եմ բռնում․․․ Այլ կերպ աշխատանքային օրվա սկիզբս չեմ պատկերացնում:
Ինձ բախտավոր եմ համարում, որ մասնակից եմ եղել ու կամ «Սյունյաց երկրի» հատուկ համարների, «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի նյութերի պատրաստմանն ու հրատարակմանը։ Առանց չափազանցության՝ դրանցից յուրաքանչյուրը հանրագիտարանային և սկզբնաղբյուրային նշանակություն ունի։ Եվ նման համարներ, թող ինքնագովություն չլինի, միայն մեր կոլեկտիվը կարող էր հրատարակել։
Հպարտություն եմ ապրում, երբ իմանում եմ, որ հանրակարթական դպրոցների շատ-շատ երեխաներ, բուհերի ուսանողներ, նույնիսկ դասախոսներ և մանկավարժներ՝ հայագիտական առարկաների ուսումնասիրության ընթացքում փնտրում և ծանոթանում են «Սյունյաց երկրի» բացառիկ համարներին։
– Եթե հրաշք կատարվեր ու պատմության անիվը հետ շրջվեր և նորից աշխատանքային գործունեությունդ սկսելու հնարավորություն ունենայիր՝ արդյո՞ք նորից կընտրեիք լրագրողի մասնագիտությունը։
– Լրագրությունն այնպիսի հաստատուն տեղ է գրավել իմ մեջ... Չեմ պատկերացնում, որ եթե նորից սկսվեր աշխատանքային գործունեությունս, մի այլ մասնագիտություն ընտրեի:
– Ձեր լրագրողական գործունեության ընթացքում բազմաթիվ նշանավոր մարդկանց եք հանդիպել, զրույց վարել կամ նրանց մասին ակնարկներ պատրաստել։ Ո՞վ կամ ովքե՞ր են նրանցից առավել շատ տպավորություն թողել կամ մնացել Ձեր հիշողության մեջ։
– Մանավանդ «Սյունյաց երկրում» աշխատելիս՝ ժամանակ առ ժամանակ Սյունիքի նշանավոր մարդկանց և կարևոր իրադարձություններին հատուկ թողարկումներ ենք ունեցել՝ որոշներն ամսագրային տարբերակով: Եվ հնարավորություն եմ ունեցել մայրաքաղաքում հարցազրույցներ ունենալ հանրաճանաչ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի, աստղաֆիզիկոս Պարիս Հերունու, ճանաչված երգիչներ Ռուբեն Մաթևոսյանի, Օֆելյա Համբարձումյանի, գրականագետներ Դավիթ Գասպարյանի, Սամվել Մուրադյանի, պատմաբան Ամատունի Վիրաբյանի, հանրապետության գրական, մշակութային շատ ու շատ գործիչների հետ:
«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբի կազմում՝ տարիների ընթացքում, բազմիցս եղել եմ և՛ Արցախի առաջնագծում, և՛ Հայաստանի Հանրապետության սահմաններում՝ հայոց զինվորների կողքին։ Այդ այցելություններից և ոչ մեկը հնարավոր չէ մոռանալ։
– Լրագրողական գործունեությունը, հատկապես մեր օրերում, հնարավոր չէ պատկերացնել առանց փորձությունների, լարված կամ հակասական իրավիճակների։ Կարո՞ղ եք նման մեկ–երկու դեպք հիշել։
– Ոչ միայն մեր օրերում, այլև բոլոր ժամանակներում լրագրողի համար փորձություններ լինում են:
«Սյունյաց երկիրն» իր ծննդյան օրվանից՝ 2003 թվականից, բազում փորձությունների միջով է անցել, աներևակայելի իրավիճակներում հայտնվել և խոչընդոտների հանդիպել ճիշտ է՝ իրադարձությունների կենտրոնում Սամվել Ալեքսանյանն էր, նա էր թիրախավորվում (մինչև հիմա՝ նույնպես) բայց կոլեկտիվի անդամներով չէինք կարող անմասն մնալ այդ ամենից, չէինք կարող թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ կանգնեցնեն մեր լրագրի ստեղծարար ընթացքը։
– Թեև բազմաթիվ առումներով համեմատելի չեն խորհրդային շրջանի և այսօրվա ժուռնալիստիկային ներկայացվող պահանջները, բայց և կան ընդհանրություններ։ Որո՞նք են, ըստ Ձեզ, լրագրողին ներկայացվող պահանջները բոլոր ժամանակներում։
– Հիմա նոր լրատվական դաշտ է ձևավորվել, սոցիալական կայքերը, էլեկտրոնային լրատվամիջոցներն ինչ-որ տեղ դուրս են մղել տպագիր մամուլը (խորապես համոզված եմ՝ ժամանակավոր): Ցավալի է տեսնել, թե ինչպես են արժեզրկվում բառը, խոսքը, միտքը: Լրագրողին ներկայացվող ամենաառաջին պահանջը բոլոր ժամանակներում հայոց լեզվին տիրապետելն է, քանզի այն իր աշխատանքի հիմնական գործիքն է: Լրագրողներին առիթ է լինում գրել քաղաքական, սոցիալական, մշակութային, մարզական թեմաներով, և որպեսզի նրա գրածն արժանահավատություն ունենա, անընդհատ պիտի հարստացնի իր գիտելիքները: Մի խոսքով, լրագրողի գործունեության մի անբաժանելի մասը պիտի լինի ընթերցանությունը, առանց որի հնարավոր չէ գիտելիքներ ձեռք բերել և զարգացնել հայեցի լեզվամտածողություն:
– Լրագրությունը մեր օրերում (և ոչ միայն) նաև նեղ մասնագիտական ուղղվածություն է ենթադրում՝ թեմատիկ և ժանրային առումով։ Հատկապես ո՞ր ոլորտների լուսաբանումն է Ձեզ հաճելի և սրտամոտ։
– Գուցե մեր ժամանակների հասարակական-քաղաքական լարված իրավիճակն է թելադրում, որ ինձ վերջին ժամանակներս ավելի հոգեհարազատ են դարձել մարզամշակութայի թեմաները: Այն էլ ասեմ, որ սպորտը և մշակույթը մեր ազգի այցեքարտերն են աշխարհում:
– Ի՞նչ խորհուրդ կտայիք բոլոր այն դպրոցականներին, ուսանողներին կամ բուհերի շրջանավարտներին, ովքեր որոշել են զբաղվել լրագրությամբ։
– Այս հարցին վերևում համարյա պատասխանել եմ՝ տիրապետել հայոց լեզվին և որքան հնարավոր է՝ գիտելիքներ ձեռք բերել տարբեր ոլորտների մասին:
– Չե՞ք կարծում, որ օրերից մի օր Ձեր հեղինակած հոդվածները կամ դրանց ընտրանին պետք է ի մի բերեք և մեկ ժողովածուով հրատարակեք։
– Այդ մասին առանձնապես չեմ մտածել, բայց գիտության, մշակույթի վերը նշված գործիչների հետ հարցազրույցներս, դիմանկարները, հոդվածները, եթե հավաքեմ, մի հատորյակ, անշուշտ, կկազմի:
– Պարոն Օրբելյան, կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ լրագրողական գործունեության 40-ամյակի կապակցությամբ և ստեղծագործական նորանոր հաջողություններ ցանկանում։ Հավատացեք, ընթերցողն ամեն օր սպասում է Ձեր խոսքին։
– Անչափ շնորհակալ եմ:
Հարցազրույցը՝
Արմինե Մարգարյանի