Վարչապետի պահվածքը լեգիտիմացնում է բռնությունը, որն ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի․ ՀԿ-ների հայտարարությունը

24.03.2026 14:11
113

Հասարակական կազմակերպությունները դատապարտել են մարտի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը։

ՀԿ ներկայացուցիչները` մետրոյում վարչապետի պահվածքն ազդակ են համարում՝ ուղղված ողջ հասարակությանը, որը լեգիտիմացնում է բռնությունը և բևեռացումը, որը, ցավալիորեն, ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի։

Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմել է իր երեխայի հետ երթևեկող կնոջը և երեխային, առաջարկել նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվել է՝ նշելով, որ Արցախից են, ունեն այլ քարտեզ։ Խոսակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ձայնը, կնոջ հետ խոսել մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ վարչապետը նշել է, որ կխոսի այդպես, հանդիմանել է, ասելով, թե Հայաստանի բյուջեից միլիոններ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Ավելին, տեսանյութում լսվում է, որ կինը հայտնում է, որ չի ցանկանում շարունակել խոսակցությունը և խնդրում է՝ իրեն ու իր երեխային չնկարահանել, սակայն ինչպես խոսակցությունը, այնպես էլ տեսանկարահանումը շարունակվել է։

Միջադեպին ներկա են եղել կառավարող ուժի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցներ։

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետը մշտապես հանդես է գալիս ի պաշտոնե, ինչն ընկալվում է որպես հանրային իշխանության հարկադրանքի մարմնավորում և այս վարքագիծը կարող է գնահատվել որպես կնոջ նկատամբ հոգեբանական բռնություն։

Առանձնահատուկ մտահոգիչ է, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ։ Երեխան ոչ միայն ականատես է դարձել մոր նկատմամբ նման վարքագծին, այլև անմիջականորեն ներգրավվել է քարոզչության մեջ, ինչն անընդունելի է, քանի որ ձևավորում է ապագա սերունդների ընկալումները ուժի, խոսքի որակի և հարաբերությունների մասին։

Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։

Ցավալիորեն, Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության ներկայացուցիչների և հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագիծն ազդում է հասարակության տարբեր խմբերի վարքագծի վրա և տարածվում ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հանրային հարաբերությունների այլ մակարդակներում՝ նման վարքագիծը հատկապես անընդունելի և մտահոգիչ է, քանի որ հանգեցնում է հասարակության բևեռացման և համերաշխության բացառման ու բռնի տեղահանված բնակչության կրկնազոհայնացման։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքի երևույթը, հատկապես սոցիալական ցանցերում, լրջագույն խնդիր է, որի դեմ ոչ միայն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում, այլև հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից է նման խոսք ձևավորվում և քաջալերվում։

Հաշվի առնելով բռնի տեղահանված անձանց խոցելիությունը՝ հանրային իշխանության ներկայացուցիչները, հատկապես բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, պարտավոր են հաղորդակցության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և հարգալից վերաբերմունք ու խոսք՝ ապահովելով մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Հիշեցնենք, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք ներառող հրապարակային խոսքը կարող է պարունակել ընդհուպ քրեական հանցագործության տարրեր՝ կախված դիտավորությունից:

Արցախի հայ բնակչությունը Ադրբեջանի կողմից ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանության, ինչը եղել է պետական նպատակային քաղաքականություն և իրականացվել է համապարփակ ռազմավարության հիման վրա՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից։ Այս քաղաքականությունն ուղեկցվել է Արցախի բնակիչների իրավունքների և ազատությունների տևական և լուրջ խախտումներով և ծանրագույն պատերազմական հանցագործություններով։

Արցախի բնակչության նկատմամբ շարունակական ահաբեկման քաղաքականությունը, երկարատև շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակումը այս քաղաքականության գագաթնակետն են եղել՝ անհնարին դարձնելով Արցախի բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորությունը և հանգեցնելով զանգվածային բռնի տեղահանության։ Խախտումները Արցախի տարածքում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով, ներառյալ՝ հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից

Ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերով և փոխկապակցված լրատվամիջոցներով, ինչը հանգեցնում է ինչպես հասարակության բևեացվածության խորացման, այնպես էլ քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,

Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց,

Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները,

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների մոդերացիա,

Եվ առհասարակ՝ երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը։

1.Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

2. «Արդարության նոր մշակույթ» ՀԿ

3. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

4. Հանրային լրագրության ակումբ ՀԿ

5. Երևանի մամուլի ակումբ

6. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

7. Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

8. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

9. «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

11. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

12. Հանուն հավասար իրավունքների ՀԿ

13. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

14. Էկոլուր տեղեկատվական ՀԿ

15. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

16. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։

Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. «Ուժեղ Հայաստան»

24.03.2026 19:22

Արևիք-Մեղրին, որի մասին հիշատակություն կա Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքում, ինչպես և  Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ի ու Ասորեստանի թագավոր Շամսիռամոնի արձանագրություններում

24.03.2026 17:03

Վարչապետի պահվածքը լեգիտիմացնում է բռնությունը, որն ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի․ ՀԿ-ների հայտարարությունը

24.03.2026 14:11

Սաուդյան Արաբիան կարող է միանալ Իրանի դեմ պայքարին․ WSJ

24.03.2026 14:06

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

24.03.2026 11:29

Իրանը դուրս չի գա հակամարտությունից մինչև պատժամիջոցների վերացումը. Խամենեիի խորհրդական

24.03.2026 11:28

Բնակարանային մատչելիության ծրագիրն ու արցախցիների կեցության անմատչելի պայմանները

24.03.2026 10:38

Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև․ Տիգրան Դումիկյան

24.03.2026 10:10

Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյան

23.03.2026 23:12

Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում․ Արցախի ԱԺ

23.03.2026 23:06

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի

23.03.2026 18:45

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

23.03.2026 18:41