Վասակ Սյունի. քաջ, խոհեմ ու հմուտ դիվանագետը

28.04.2019 13:42
8078

    Վասակ Սյունի (387-454 թթ.)՝ Հայաստանի եւ Վրաստանի մարզպան:

    Պատանի տարիքում ապրել է Պարսից Սասանյանների արքունիքում՝ որպես պատանդ:

    Հոր մահից հետո վերադարձել է հայրենիք, տապալել հորեղբորը՝ Վաղինակ Սյունուն, եւ նրանից խլել Սյունյաց տանուտիրությունը:

    420-ական թթ. Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Հայաստանի արեւելյան նահանգներում դպրոցներ հիմնելու եւ լուսավորություն տարածելու գործում:

    440 թ. Վասակ Սյունին նշանակվել է Վրաց, ապա՝ Հայոց մարզպան:

    Պարսից Հազկերտ 2-րդ արքայի՝  հայերին զրադաշտականություն պարտադրելու մասին հրովարտակի մերժողական պատասխանին մասնակցելու համար,  այլ երեւելի նախարարների հետ, կանչվել է Տիզբոն՝ պատասխանատվության:

    Առերես հավատափոխության եւ որդիներին պատանդ թողնելու գնով վերադարձել է Հայաստան:

    449-451 թթ, երկրում ծավալված ժողովրդա-ազատագրական շարժման ժամանակ Վասակ Սյունին վարել է այն կանխելու եւ արյունահեղ կռվից խուսափելու քաղաքականություն՝ գտնելով, որ առանց Բյուզանդիայի ռազմական օգնության հայկական սակավաթիվ ուժերը չեն կարող հաղթանակի հասնել պարսկական մեծաքանակ ուժերի դեմ:

    Չհասնելով արդյունքի, Վասակ Սյունին վճռական պահին լքել է ապստամբներին:

    Ավարայրից հետո Վասակ Սյունին նախ հեռացվել է մարզպանի պաշտոնից, բռնագրավվել է նրա ունեցվածքը եւ կանչվել Տիզբոն, ձերբակալվել եւ տանջամահ արվել մահապարտների բանտում:

    Ստորեւ՝ Վահե Անթանեսյանի «Վասակ Սյունի. քաջ, խոհեմ ու հմուտ դիվանագետը» հոդվածը:

     ***

    Ինչպես ժամանակին արդարացիորեն նշել է Նիկողայոս Ադոնցը, հավանաբար Եղիշեն միտումնավոր է Վասակին վերագրել նրա փեսայի` Վարազվաղան Սյունու արարքները:

    Սյունաց նախարարական տոհմը ամենանշանավորներից է հայոց պատմության մեջ:

    Սյունիքը, գտնվելով հայոց սահմանագլխին, միշտ էլ անմատչելի ամրոցի դեր է կատարել հայոց միջնաշխարհի համար:

    Վասակ Սյունին ծնվել է հայոց համար ողբերգական 387 թ.: Նա Անդովկ Սյունու թոռն էր` Արշակ Բ արքայի աներոջ, որ անձնական վիրավորանքի համար ավերեց Տիզբոնն ու հերոսաբար դիմադրեց պարսից Շապուհ արքայի ոտնձգություններին հայոց դեմ:

    Վասակի հայր Բակուրը ստիպված էր Վասակին պատանդ թողնել Տիզբոնի արքունիքում: Պարսից թագավորները հայ անվանի իշխաններին հնազանդ պահելու համար նրանց պայազատներին պատանդ էին տանում Պարսից մայրաքաղաք:

    Շուտով Բաղաբերդում դավադրության զոհ է դառնում Վասակի հայրը, և նա 410 թ.  վերադառնալով գերությունից` տապալում է հորեղբորը` Վաղինակ Սյունուն, իշխանազրկում նրան և տեր կանգնում հայրական կալվածքներին: Երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը, նրա սենեկապետը,  գալով Տիզբոն, այդ մասին տեղեկացնում է Պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին: Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին հպարտ սյունեցին պատասխանում է, որ ինքն է ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերը,  և արքան չէ, որ իրեն պետք է իր երկրի տերը կարգի:

    Վասակը ժամանակի ուսյալ այրերից էր և որպես իր հայրենիքի, ազգի նվիրյալ, Մաշտոցի աշակերտ Կորյունի մեջբերմամբ, առաջիններից էր, որ աջակցեց Մեսրոպ Մաշտոցին Հայաստանում գրագիտություն տարածելու գործում: Նա իր իշխանությունը հրավիրեց Մաշտոցին, ամեն պայման ստեղծեց նրա անարգել գործունեության համար: Ինչպես ժամանակակից պատմիչն է նշում. «Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ…»:

    Ամեն դեպքում, հաշվի առնելով Վասակ Սյունու պատանդ ժամանակաշրջանը, Պարսից արքունիքը նրան յուրային էր համարում և հաշվի առնելով նրա զբաղեցրած բարձր դիրքը Հայաստանում` 440 թ. նրան նշանակեց նախ Վրաստանի, ապա նաև Հայաստանի մարզպան:

    Վասակ Սյունու կյանքի վերջին շրջանի մասին հիմնական աղբյուրը Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանն է: Ցավոք, բացի Եղիշեից, Սյունաց իշխանի մասին արժանահավատ այլ աղբյուր գրեթե չկա: Իսկ Եղիշեն իր մատյանում, հասկանալի պատճառներով, Վասակի կերպարին անդրադարձել է միակողմանի, կանխակալ կարծիքով. Վասակը ներկայացված է որպես դավաճան: Սակայն անգամ Եղիշեի վերլուծությամբ վեր է հառնում Վասակ Սյունեցու բոլորովին այլ կերպար` հայրենասեր իշխան, քաջ մարտիկ, խոհեմ ու հմուտ դիվանագետ:

    Վերլուծելով 450-451 թթ. իրադարձությունները` նախ պետք է նշել, որ դա զուտ կրոնական պատերազմ էր և համաժողովրդական ապստամբության կամ ազատագրական պայքարի հետ որևէ աղերս չուներ: Կարդալով Եղիշեի մատյանը` հանդիպում ենք երկու մասի պառակտված հայ նախարարների բանակին: Նրանցից առաջինը` Վարդանանք, մտորում էին միայն Հայաստանում քրիստոնեությունը պաշտպանելու և հանուն նրա նահատակվելու մասին: Երկրորդ խումբը` Վասականք, որոնց պատմությունն անարդարացիորեն որպես դավաճան է պիտակել, մտորում էին ազգի և պետության շահերի մասին, Հայաստանում անկախ պետականությունը վերականգնելու դիրքերից:

    Դա պարզ երևում է հենց հայ նախարարների ու հոգևորականների գրած նամակից առ Հազկերտ արքան. «…Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջն են. քո կամքի համաձայն արա, ինչ ուզում ես: Եթե այս հավատքի մեջ թողնես, ո՜չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն, ո՜չ էլ երկնքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն»:

    Պետք է նկատել, որ Պարսից արքունիքը, հավատուրացության հրովարտակը Հայաստան ուղարկելով, կանխատեսում էր հայերի ապստամբությունը: Բնականաբար, նա հայ նախարարներին զուսպ պահելու համար պատանդներ պիտի վերցներ: Եվ պատանդ առավ հենց Վասակ Սյունու զավակներին: Նշանակում է` Պարսից արքունիքը վախենում էր հենց Վասակից, ոչ թե Վարդանից:

    Հատկանշական է, որ Վարդան Մամիկոնյանը, լինելով Մամիկոնյանների տանուտեր և հայոց սպարապետ, մինչ շարժումը ոչ մի էական ճակատամարտում աչքի չէր ընկել և առհասարակ իր դիրքին հասել էր պապի` հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի շնորհիվ: Նա ավելի շատ կրոնավորի կերպար ուներ, քան զորականի:

    Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ: Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին իրենց անելիքը: Ոմանք ուղղակի փախան Բյուզանդիա: Նրանց թվում էր նաև սպարապետը, որ ի պաշտոնե ամենից շատ պիտի ընդդիմանար և մտածեր ժողովրդի մասին, բայց ընտանիքի հետ փախուստի դիմեց:

    Միայն Վասակ Սյունին էր, որ գիտեր իր անելիքը. համընդհանուր ոգևորության հիման վրա ապստամբել, վտարել պարսիկներին Հայաստանից և անկախ թագավորություն հիմնել: Նա վաղուց էր նախապատրաստվել ապստամբությանը: Ինչպես Փարպեցին է նշում, Վասակը փախուստի մեջ գտնվող Վարդանին ուղղված  իր նամակում նշում է, որ ինքը վաղուց երդումներով կապել է շատ հոների, որոնք իր կանչին են սպասում` ասպատակելու Պարսկաստանը: Վասակն այդ արել էր դեռևս վրաց մարզպան եղած ժամանակ: Այդպես կարող էր վարվել միայն հեռատես գործիչը:

    Սակայն նրա ծրագրերին ամենից շատ ընդդիմանում էր հենց սպարապետը, որ  վերադառնալով սկսեց իր ծրագրով առաջ շարժվել, ինչը պառակտեց հայոց աշխարհը:

    Անգամ այդ փաստը չի կարողացել թաքցնել Փավստոսը. «…Սյունաց Վասակ իշխանը հայոց երանելի սպարապետ ու Մամիկոնեից տեր Վարդանին ստիպում էր գնալ զորքով և դիմակայել նրանց»: Մամիկոնյան իշխանը համաձայնում է միանալ ապստամբներին միայն այն պայմանով, որ Վասակն ապստամբության համար օգնության կոչով կդիմի Բյուզանդիային և հոներին: Իսկ Վասակը, Վարդանին հորդորելով, գուցե նաև ստիպելով, հետ կանչեց, որպեսզի չպառակտվի հայոց միաբանությունը:

    Վասակը կատարում է պայմանը, բայց Վարդանը հետ է կանգնում պայմանից: Նա կազմակերպված ապստամբության փոխարեն Հայաստանում անկազմակերպ, տարերային շարժում է սկսում, որի նպատակը և վերջն անիմաստ նահատակությունն էր:

    Մենք տեսնում ենք, որ Վարդանի և Վասակի նպատակներն ու գործելաոճը շատ տարբեր էին: Վարդանանք չունեին հեռուն գնացող նպատակներ, ծրագրեր. նրանց նպատակը ոչ թե ապստամբության հաղթանակն էր և երկրի անկախության վերականգնումը, այլ հապշտապ նահատակությունն ու մարտիրոսացումը, որով պետք էր ամրապնդել եկեղեցու դիրքերը Հայաստանում: Ասել է թե` Վարդանանք սոսկ մասնակի շահեր էին հետապնդում: Այս իմաստով Վարդանին ձեռնտու էր տարերային, անկազմակերպ շարժումը, քաոսի մեջից նա վեր կհառներ իր հերոսական մարտիրոսությամբ:

    Այլ էր Վասակի պարագան: Նա ամենից մոտ էր կանգնած Պարսից արքունիքին և լավ էր հասկանում, որ  Վարդանի ուղին կործանարար է: Նա հեռուն գնացող նպատակներ ուներ, այն է` երկրի անկախացում և իր թագավորության հռչակում: Սրան հասնելու համար միայն ռազմական հաղթանակը քիչ էր, ավելի շատ ճկունություն ու դիվանագիտական հմտություն էր անհրաժեշտ: Վասակը հմուտ դիվանագետ էր և լավ վարչարար: Եվ քանի որ Պարսից արքան հետ էր կանգնել իր ուրացման ծրագրից, ներում էր շնորհել հայերին ապստամբության համար, Վասակը պահը հարմար գտավ կործանարար շարժումը սառեցնելու համար և Վարդանանց ու հայ հոգևորականների կողմից արժանացավ դավաճանի «լուսապսակի»:

    Իսկ Վարդանը մինչև վերջ տարավ իր գործը` նահատակությունը: Նրա գործողություններում բացակայում էր մարտավարությունը: Համաձայն դեպքերին մասնակից և ականատես պատմիչի` նա Ավարայրում փոխանակ ջարդեր մարտին անպատրաստ պարսկական զորքը, հապաղում է և թույլ տալիս թշնամուն, որ ուշքի գա: Բացի այդ, փոխանակ պատվար ծառայեցներ Տղմուտ գետը, նախահարձակ է լինում և իր վատ զինված, հիմնականում գյուղացիներով համալրված զորքը տանում պարսից դեմ կործանման: Վարդանի նպատակը հաղթանակը չէր, այլ նահատակությունը: Մեջբերենք Փավստոսին. «Եվ հայոց երանելի սպարապետ Վարդանը, իր հետ եղած ավագների միաբանությամբ, Ամատունյաց տոհմից մի սեպուհի, որի անունն էր Առանձար, երեք հարյուրի չափ հեծյալներով ուղարկեց հետախուզելու պարսից զորքերի բազմությունը, և եթե հնար լիներ, գրգռելու, որ շուտ գան և մեզ բերեն արքայության պսակներ»:

    Այն, որ Վարդանանք անկախության և ազգային զարթոնքի խնդիր չէին դրել, երևում է նաև մարտից առաջ նրա և իր զինակիցների կոչերից ու ելույթներից: Իր խոսքում Վարդանը որևէ մեջբերում չի անում հայոց պատմությունից ու հայ հերոսներից: Նրա խոսքը համեմված էր Հին Կտակարանի, այսինքն` հրեական հերոսների խոսքով: Բնականաբար, եթե Վարդանի բանակում գերիշխեր հայ ժողովրդի, հասարակ շինականների բազմությունը, նրանց համար դա անհասկանալի կլիներ: Վարդանը միամիտ չէր, նա նման ճառ չէր կարդա: Մնում է ենթադրել, որ Վարդանի բանակը բաղկացած էր միայն այն ազնվականների զորագնդերից, որոնք անմիջականորեն եկեղեցու ազդեցության տակ էին և հռոմեամետ կողմնորոշում ունեին:

    Փաստորեն, Վարդան Մամիկոնյանը մի  անելանելի դրության առաջ էր կանգնած: Եթե Հայաստանում հաղթեր ապստամբությունը` Վասակ Սյունու գլխավորությամբ, Հայաստանում Մամիկոնյանների տոհմը հետին պլան կմղվեր, քրիստոնեությունը կանհետանար երկրից: Եթե հաղթեին պարսիկները, դարձյալ Մամիկոնյանների բյուզանդամետ տոհմը հետին պլան կմղվեր, քրիստոնեությունը արմատախիլ կլիներ: Հետևաբար միակ ելքը դրությունից, որ երկրում և՛ քրիստոնեությունը չզիջեր դիրքերը, և՛ Մամիկոնյան տոհմը չկորցներ ազդեցությունն ու հեղինակությունը, պատերազմին կրոնական երանգ տալն ու նահատակվելն էր հանուն քրիստոնեության:

    Փաստորեն, Հայաստանում սկսվել էր քաղաքացիական պատերազմ: Եվ առանձնակի դաժանությամբ աչքի էին ընկնում Վարդանանք:

    Եղիշեն անթաքույց հրճվանքով է պատմում, ասես խոսքը հայերի տառապանքի մասին չէ. «Գարունը գալուն պես Վարդանը գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիր, առնում ու ավերում էր շատ գավառներ. և այնպես նեղը լծեց Վասակին և նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի և ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես, որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա, որովհետև բոբիկ ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաների քարերին խփելով` սպանեցին-գցեցին ճանապարհների վրա»:

    Եղիշեի ու Փարպեցու հաղորդած տեղեկությունները վկայում են, որ Վարդանի ապստամբությանը կողմնակից չի եղել հայ նախարարական տների գերակշիռ մեծամասնությունը: Նրանք բռնել են Վասակի կողմը: Մասնավորապես, Արտաշատի ժողովին մասնակցած նախարարական 18 տներից 10-ն անցան Վասակի կողմը: Այսինքն` երկրի ազատանու մեծագույն մասը Վասակի կողմնակիցներն էին, սակայն Վարդանը, պատանդներ բռնելով, նենգադավում էր հայոց իշխաններին և ստիպում, որ նրանք իրենց գնդերով միանան իրեն:

    Այս դեպքերը  թելադրում են ենթադրել, որ Ավարայրի դաշտում ամենևին էլ բախում չի եղել հայոց և պարսից բանակների միջև: Բախումը եղել է Վասակի և Վարդանի զորաբանակների միջև, ուղղակի պարսից պետությունը երկրում օրինական կարգը վերահաստատելու համար օգնական զորաջոկատով և փղերով օգնել է Վասակին:

    Այս տեսակետի օգտին  է խոսում փաստը, որ թե՛ պարսկական, թե՛ բյուզանդական մատենագրության մեջ այս պատերազմի մասին ակնարկ անգամ չկա: Այդ մասին գրում է նաև Եղիշեն` նշելով, որ ուրացողների կողմից այն օրը ընկավ երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ: Բնականաբար, ուրացողներ բառը չէր կարող պարսիկներին վերաբերել:

    Ինչևէ, որպես հեռատես գործիչ, Վասակ Սյունին ամեն ինչ արեց եղբայրասպան պատերազմը կանխելու համար: Բայց նրա ջանքերն ապարդյուն անցան:

    Վասակին այնուամենայնիվ հաջողվում է Վարդանի բանակից մի ստվար հատվածի հետ պահել կործանումից. ճակատամարտի հենց սկզբից բանակի մի մասն ուղղակի փախուստի է դիմում մարտադաշտից:

    Ճակատամարտից հետո Վասակն ամեն ինչ անում է, որ երկրում խաղաղություն տիրի: Եղիշեն գրում է, որ նա հորդորում է ամրոցներում թաքնվածներին անձնատուր լինել և հնազանդվել կարգին: Սակայն Վարդանանք չեն ենթարկվում, և Վասակը ստիպված բռնության է դիմում` իր երկրում կարգ ու կանոն հաստատելու համար:

    Չնայած պարտությանը` Վասակի թշնամիները քնած չէին: Նրանք բողոքեցին պարսից արքունիք` ապստամբության ողջ մեղքը գցելով Վասակի վրա: Պարսից արքունիքը, բնականաբար, երկիրը խաղաղեցնելուց հետո պետք է ազատվեր Վասակ Սյունուց: Նախ նա, ըստ էության, ապստամբական շարժման սկզբնավորողն էր և ցանկանում էր երկիրը անկախացնել: Բացի այդ, Վասակին հեռացնելով ասպարեզից, Հազկերտը կսիրաշահեր ոչ միայն հայ կղերականությանը, այլև, որ պակաս կարևոր չէր, Բյուզանդիային:

    Տիզբոնի ճանապարհին Վասակը հոգում է գերյալ հոգևորականների և նախարարների կարիքները և զրույցի ժամանակ ասում, որ եզակի հնարավորություն է բացվել երկրի անկախությունը վերականգնելու համար: Ավաղ, դա չէր մտնում հայ եկեղեցու ծրագրերի մեջ, և ինչպես Փարպեցին է նշում, Ղևոնդ երեցը Վասակի այդ նկրտումներին պատասխանում է. «Դևը… քեզ մտածել է տալիս, թե այժմ Հայոց աշխարհի թագավորությամբ արյաց արքունիքը կարող է անել քո վաստակների արժանի հատուցումը: Նրանք փոխարենը քեզ ոչինչ չեն կարող տալ: Բայց, արդարև, թե որ դու կենդանի գլուխդ ուսերիդ վրա տանես Հայաստան, կնշանակի՝ Աստված ինձ հետ չի խոսել»: Սա ուղղակի վկայություն է այն մասին, որ հայ եկեղեցու հոգը չէր երկրի անկախության վերականգնումը:

    Ամեն դեպքում, արքունիքում Վասակին դիմավորեցին շուքով և մեծարանքով, սակայն նրան վատաբանեցին հայ հոգևորականները: Նրանք իրենց բողոքում նշում են, ի թիվս այլ մեղքերի, որ Վասակը ձգտում էր թագավորական իշխանության, իմա` անկախության:

    Արքան Վասակին զրկում է Սյունյաց տանուտիրությունից, նրա ողջ ունեցվածքը բռնագրավում: Վասակը բանտարկվում է Վրկանաց աշխարհում:

    Տարաբախտ իշխանը մահացավ մոտ 455 թ., հայրենիքից հեռու, գերության մեջ:

    Խմբագրության կողմից

    Ըստ որոշ մասնագետների՝ Քաջ Վասակի աճյունը, այնուամենայնիվ, հողին է հանձնվել Սյունյաց աշխարհի մայրաքաղաք, իր ծննդավայր Շաղատից քիչ հեռու՝ Անգեղակոթի գերեզմանատանը:

    Եվ իբր հենց այս է Վասակ մարզպանի գերեզմանն Անգեղակոթում:

    На данном изображении может находиться: небо, облако, растение и на улице

    Нет описания фото.

    Վասակ Սյունու պլաստիլինե քանդակը՝ Նարեկ Օրդյանի



    Հայտնի են Գյումրիի 82 տեղամասերից 81-ի արդյունքները

    31.03.2025 10:20

    Պատրաստ ենք քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին․ Ռուբեն Մխիթարյան

    31.03.2025 10:14

    Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը

    31.03.2025 00:21

    Թրամփը սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»

    30.03.2025 21:35

    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

    30.03.2025 21:30

    Փարաքարում և Գյումրիում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը

    30.03.2025 21:26

    Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 35.22%-ը

    30.03.2025 17:38

    Գորիսեցի Ալբերտ Գրիգորյանը՝ միջազգային Mix Fight-ի 63 կգ քաշային կարգի հաղթող

    30.03.2025 14:30

    Կմիանամ ցանկացած ընդդիմադրի, որն ինձնից շատ ձայն կհավաքի․ Վարդան Ղուկասյան

    30.03.2025 13:23

    Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան

    30.03.2025 11:41

    Գյումրիի ընտրություններով փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվությունը վերականգնելու հարցը

    30.03.2025 11:26

    Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, այսօր գյումրեցիները դա կհաստատեն․ Մարտուն Գրիգորյան

    30.03.2025 10:22