Վաշինգտոնում մոտ 2 շաբաթ կթեւածի հայկական շունչը. Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին

20.06.2018 10:46
1608

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տեւող փառատոնի ընթացքում թեւածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա է լինելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագետ, «Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանի մասնակցության գործընթացը համակարգող Լեւոն Աբրահամյանը նշեց, որ նախագահի մասնակցությամբ ընդգծվում է փառատոնին Հայաստանի մասնակցության կարեւորությունը:Սմիթսոնյան հաստատությունը 50 տարի կազմակերպում է այս փառատոնը: Այս տարի արդեն 51-րդն է, որին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Կատալոնիան: Կատալոնիայից նույնպես մասնակցելու է բարձրագույն ղեկավարությունը:

«Ֆոլքլայֆ»-ը սովորական ցուցահանդեսային փառատոն չէ, այն կենդանի ձեւով ներկայացնում է տվյալ երկրի կենցաղավարման կյանքը, արհեստը, խոհանոցը եւ այլն: Ամեն տարի լինում է տարբեր ուղղվածություն ու թեմատիկա: Այս տարի գլխավոր հերոսը վարպետն է, ում միջոցով ցույց է տրվելու այսօրվա արհեստը, ավանդույթները, խոհանոցը՝ կապը պահելով անցյալի հետ: Գաղափարն այն է, թե ինչպես են այդ արհեստները պահպանվել ու փոխանցվել սերունդներին»,-ասաց Լեւոն Աբրահամյանը:

Փառատոնի ծրագիրը հստակ է, այն հագեցած է բազմաթիվ բաղադրիչներով ու միջոցառումներով: Ծրագրի հիմքում հետեւյալ միտքն է ՝ բնությունից դեպի տուն:Փառատոնի շրջանակում ներկայացվելու է խաչքարագործությունը, կավագործությունը, փայտագործությունը,  գորգագործությունը: Եվ այդ ամենը պարզապես չի ներկայացվելու: Խաչքարագործն ամբողջ ընթացքում ցույց է տալու իր աշխատանքը, հենց տեղում վարպետն ավարտելու է խաչքարը: Լեւոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախատեսել են խաչքարի օծման արարողություն:

Տեղում աշխատելու են դարբինները՝ ցույց տալով այս արհեստի հետաքրքիր կողմերը: Քարագործներից, դարբիններից հետ չեն մնալու գորգագործները: Նրանք էլ տեղում գործելու են մի քանի տեսակի գորգեր: Նախատեսվում է իրականացնել բրդից մինչեւ կարպետ ծրագիր՝ ցույց տալով այդ ամբողջ ընթացքը:

Հաջորդ ուղղությունն ասեղնագործությունն է, որը ներկայացվելու է սիրիահայերի միջոցով:  Լեւոն Աբրահամյանն ընդգծեց, որ փառատոնն ինտերակտիվ բնույթ ունի, այդ ամբողջ ծրագրերին ընդգրկվում են այցելուները, տեսնում, թե ինչպես է պատրաստվում այս կամ այն իրը, ունենում են իրենց մասնակցությունը:

«Փառատոնին հայաստանյան մասնակցության ծրագրի կարեւոր բաղադրիչներից  է խոհանոցը:  Ջանք ու եռանդ չենք խնայել հայկական խոհանոցի լավագույն ուտեստները պատշաճ ներկայացնելու գործում: Նախ` տեղում լինելու է թոնիր: Հացթուխներն այդ ամբողջ ընթացքում ցույց են տալու լավաշ թխելու գործընթացը եւ թխելուց հետո հյուրասիրելու են այցելուներին: Ներկայացվելու է փախլավա, թել պանիր, տոլմա, չորացրած մրգեր, քաղցր սուջուխ, Հայաստանի բերքն ու բարիքն, անուշահամ գինին»,-ասաց ազգագրագետը:

Լեւոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ստեղծելու են նաեւ քարանձավային միջավայր, որտեղ երեխաները մասնակցելու են պեղումների: Արդյունքում՝ երեխաները գտնելու են Հայաստանում հայտնաբերված ամենահին կոշիկի հուշանվերային տարբերակը: Լեւոն Աբրահամյանը նշեց, որ գործի են դրել նաեւ տեխնոլոգիական լուծումները:

Այս ամբողջ միջոցառումներն ուղեկցվելու են հայկական երգ ու պարով: Ի դեպ, Լեւոն Աբրահամյանը նշեց, որ ոչ միայն կատալոնացիների հետ շուրջ պար են բռնելու, այլեւ փառատոնի ընթացքում այցելուներին հայկական պարեր են սովորեցնելու:

Փառատոնը տեւելու է մինչեւ հուլիսի 8-ը: Հուլիսի 4-ն ԱՄՆ-ի անկախության օրն է, եւ սովորաբար Վաշինգտոն գալիս է մեծ թվով այցելու: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս փառատոնը միջինում ունենում է 500 հազար այցելու:

«Գալիս են ընտանիքներով, երեխաներով: Զբոսաշրջության, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից շատ կարեւոր միջոցառում է, այն լուրջ խթան կլինի այդ ոլորտի զարգացմանը»,-հավելեց Լեւոն Աբրահամյանը: Փառատոնի ավարտը նախատեսված է հուլիսի 8-ին, եւ քանի որ այս տարի Վարդավառը նշվում է այդ օրը, հետեւաբար եզրափակիչ ակորդը կլինի միմյանց վրա ջուր ցողելը:

Աննա Գզիրյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12