Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

05.03.2019 10:16
1309

Վազգենը

Վազգեն Սարգսյանի հետ իմ առաջին շփումները վերաբերում են իր 30-ամյա եւ իմ 55-ամյա հասակներին։ Երեսուն տարին տղամարդու ամենագեղեցիկ հասակն է, բայց եւ հիսունհինգը չի տգեղ, քանի որ չի մոռացել իր երեսնամյա հասակը, այլեւ անցած ճանապարհի կշռելի վաստակ ունի՝ որ ով գիտի, մարմնավոր ու մտավոր կառույցն ինչքան էլ հաջող եւ ընթացքը ինչքան էլ սլացիկ, ով գիտի ունենալո՞ւ է իր երիտասարդ ընկերը, ամե՞ն ոք է ունենում։

Շարժման ու բախման առաջամարտիկներից մեկի մասին խոսելիս, ուր պիտի որ մատնվելիս լիներ իմ կասկածոտ ու վերապահ վերաբերմունքը այդ մարդուն եւ այդ մարդու այդ տիպին, որ միայն իր խաղն է կարեւորում եւ չի մտածում ծանր ու կործանիչ հետեւանքների մասին, Վազգենը հանկարծ, իր նման միանգամից, մի տեսակ՝ ինձ թույլ չտալով նեղսիրտ ու նեղմիտ լինել եւ թույլ չտալով արատ տեսնել մարդու մեջ, իր նման արագ գլորեց.

- Գիտես ի՜նչ տղա էր... խաբել՝ վրացուն խոսող ոչխար էր ծախել՝ կրկեսի իբր թե կորած ոչխարը։ Գիտես ի՜նչ տղերք կան... Ձեռներիս վրա մեռավ, ական էր փորձարկում։

Ինձ մնում էր հիմա ծիծաղել «խոսող ոչխարի» վրա, հետ քաշվել այդ խոսակցությունից, լռել եւ հետո հասկանալ, որ ես եւ Վազգենը տարբեր մարդիկ ենք, որ մարդկային զանգվածի գլխին ինքը կանգնած է գրկաբաց ու թեւերը պարզած եւ այդ զանգվածի մեջ յուրաքանչյուր անհատի ու անհատականության ինքը տեսնում եւ ընկալում է այնպես, ինչպես նրանք կան՝ մարդկային բոլոր արատներով ու առաքինություններով, իսկ ես՝ ընդհակառակը՝ խորշում, վախենում, ինձանից վանում եմ յուրաքանչյուրի, ով մարդու իմ իդեալից մի քիչ տարբեր է, եւ այդպես է, որովհետեւ Վազգենը իրեն ի զորու է տեսնում նրանց բոլորին գրկել, ընդգրկել, ենթարկել մի կամքի - նրանք Վազգենի համար կառավարելի են։ Կարճ՝ Վազգենը իշխանական, հրամանատարական կոփվածքի ու լիցքերի մարդ էր, եւ ես կարող էի նրա գնդի զինվորը լինել միայն, նրա աշխարհի օրինապահ բնակիչը, իմ ճակատագրի ընթերցումը նրան թողնել եւ ամենքի մեջ ու ամենքի հետ վստահ լինել, որ նրա հայացքի ուղղությունը լույսի եւ հույսի շավիղ է դառնում եւ նրա դրած քայլը՝ ճանապարհի սկիզբ, նրա պարզած ձեռքը թշնամուն բարեկամ է անում եւ սեւ ամայությանը նետված նրա հայացքը բարեկամների բազմություններ է հառնեցնում։

Նա այդ էր, նա սպարապետ էր։

Կովկասյան, համակովկասյան սեւ արջի նրա զորեղ անձն ու ընթացքը վաղվա օրով եթե չվերաճեց սպիտակ ձիավոր սուրբ Սարգիսի, նրա պայծառ լուսավոր ցոլացումը վաղվա օրով իր վրա եթե մի սեւ բիծ ունեցավ - մենք՝ նրա ժամանակակիցներս ենք մեղավոր՝ ես եւ դուք. վաղվա սերունդները իրենց անցյալում, որ մեր այսօրն է, եթե չունեցան այդ սպիտակ ձիավոր սուրբ զորավարին - նրանց երթը շաղվելու ու կանգ է առնելու, ինչպես որ ինքը Վազգենն ու մենք էինք շփոթ խուճապի տրվելու, եթե մեր երթի գլխին չունենայինք Վարդանի ու Նժդեհի լուսեղեն պատկերները։

Ցեղիդ պատմության իմացությունը իհարկե առաքինություն է, առավել եւս՝ եթե այդ վերուվարող հորձանուտների մեջ դու քեզ ես տեսնում ու քոնն ես համարում եւ խրոխտին ու համառին, եւ ընկրկողին ու չքվողին, եւ լուսամիտ եզակիներին՝ յուրաքանչյուրին, բայց մեծ առաքինությունը այսօրը պատմություն տեսնելն է, այսօրվա հերոսին պատմական զրույցներից հյուսված հերոսների չափ մեծ ու անարատ ու լուսավոր ու սիրելի տեսնելը։

Եվ ուրեմն այսօրվա մեր խոսքը՝ իմ եւ բոլորիս խոսքը օրհնանքի ու փառաբանության խոսք է լինելու... փա՜ռք Վազգենին, փառք նրան ծնող ու սնող եւ իր ծնած-սնածին հավատացող ու լուսեղենացնող այս հավատավոր ժողովրդին։

5 մարտի, 2001թ.

Հրանտ Մաթեւոսյան

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12