Վերին Խոտանան. կա գյուղապահպանության խնդիր

27.11.2014 23:36
3607

Կապանի Վերին Խոտանան հեռավոր ու սահմանամերձ, պատմական հայտնի դեմքեր ծնած գյուղը, ինչպես հայաստանյան շատ գյուղեր, այսօր ծերացման եզրին է, որի հոգսերի շարանը ձգվում է, ինչպես սյունիքյան մյուս հեռավոր համայնքներում: Գյուղ այցելելիս` ցանկանում ես հակառակ տրամաբանությամբ շրջել ու գործածել Լ.Տոլստոյի հայտնի խոսքը. «Բոլոր դժբախտ գյուղերը նման են իրար, յուրաքանչյուր երջանիկ գյուղ (եթե Հայաստանում կգտնեք այդպիսին) երջանիկ է յուրովի»: Միտումն ամենուր նույնն է. գյուղերը դատարկվում ու մեռնում են, գյուղական դպրոցները` դատարկվում…

Այս տարի լրանում է 20 տարին, ինչ Վ.Խոտանան գյուղը ղեկավարում է Կարեն Հակոբյանը, ու 10 տարին, ինչ գյուղի դպրոցը (կրթօջախի մասին հրապարակումը` թերթի հաջորդ համարում) ղեկավարում է Խաչիկ Բադալյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարեդարձերը հուշում են հենց նրանց հայացքով ու մտահոգություններով ներկայացնել գյուղի այսօրվա ու անհույս վաղվա ցավը: Իսկ այս երկու` բարձրագույն կրթությամբ վերինխոտանանցի անձանց պես մարդկանց, որ բարձրագույն կրթություն ստանալուց հետո, քաղաքի կանչող ապահովությունն ու հեռանկարները թողած, եկել ու հաստատվել են հայրենի համայնքում, այսօրվա հեռավոր հայ գյուղում տեսնելը հիացնող ու զարմացնող է: Մարդիկ, որ նաեւ բազմազավակ ընտանիքի հայր են, որ գյուղում բարեկեցություն ստեղծելու հույսը պետական աշխատանքից զատ նաեւ գյուղատնտեսության վրա են դրել, իրենք իսկ գյուղը պահելու օրինակ են Վ.Խոտանանի համար…

Գյուղը

Գյուղի լավ կամ վատ կյանքի մասին պատկերացումներն սկսվում են համայնք տանող ճանապարհից: ժամանակին` Արցախյան պատերազմի տարիներին, Կապանի համար կյանքի ուղի դարձած եւ միջպետական մայրուղու նշանակություն ձեռք բերած այս ճանապարհն այսօր Շրվենանցի խաչմերուկից հետո քարուքանդ վիճակում է, ու հասկանալի է դառնում, թե ինչու ավտոբուսային կապ, երթուղու համար հայտարարվող մրցույթին ոչ ոք չի համարձակվում մասնակցել:

Վ.Խոտանանն այսօր 102 տնտեսություն ունի, 236 բնակիչ, բայց գյուղապետի ասելով, իրականում բնակվողներն ավելի շատ են` վերջին մարդահամարի տվյալներով` 296 հոգի. շատերը հաշվառված չեն գյուղում: Հիմնականում Արցախյան ազատամարտի տարիներին վերինխոտանանցիներից շատերը վերադարձան ու հաստատվեցին գյուղում, բայց նրանք Կապանում են հաշվառված:

Վերջին ծնունդն այստեղ անցած տարի էր` մեկ երեխա, եւս մեկ մանկան լույս աշխարհ գալուն այս տարի են սպասում: «20 տարի առաջ, երբ սկսեցի աշխատել, համայնքում մոտ 65 երիտասարդ ընտանիք կար, այսօր` մոտ 10: Գյուղի երիտասարդները հիմնականում դուրս են գնում` Կապանի եւ Քաջարանի կոմբինատներում աշխատելու, հաստատվում են ու էլ չեն վերադառնում», – գյուղի ծերացման մասին ցավով ահազանգում է գյուղապետը:

Այստեղ այսօր երեք եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներ էլ կան: «Պետությունն էլ պիտի գյուղ պահող նման ընտանիքներն ուշադրության կենտրոնում պահի, – շարունակում է մեր զրուցակիցը, – թե չէ, ինչի՞ նման է, որ մեր բազմազավակ ընտանիքներից մեկը, որ երկրի համար ապագա հինգ զինվոր է մեծացնում, ամենաաղքատն է…»:

Գյուղի ընդհանուր տարածքը 1527,34 հա էր, վերջերս մարզային ենթակայության հողերը համայնքներին հանձնելուց հետո դարձավ 2320 հա, որից վարելահող է 103,14 հեկտարը, այգի` 9.69 հա, 81.96-ը խոտհարք է: Վերին Խոտանան համայնքն իր մեջ երկու բնակավայր է ներառում` Վ.Խոտանան եւ Նոր Առաջաձոր (Չայզամի) գյուղերը, որտեղ ընդամենը երկու ընտանիք է բնակվում: Բնակավայրերն իրարից 3-4 կմ հեռավորություն ունեն:

Վ.Խոտանանի վարելահողերում ցանքս չի կատարվում, դրանք գլխավորապես թեքություններ են եւ հիմնականում որպես խոտհարք են ծառայում, իսկ Ն.Առաջաձորում մոտ 30 հեկտարի վրա հացահատիկային մշակաբույսեր են ցանվում: Ի դեպ, Ն.Առաջաձորում է գտնվում նաեւ «Դավիթբեկի» ջրամբարը, այդ ջրային հողերը (մոտ 32 հա) եւս համայնքի սեփականությունն են, բայց, գյուղապետի հաղորդմամբ, համայնքին հարկ չեն վճարում` վկայակոչելով «ՀՀ հողային օրենսգիրքը», ինչի համար համայնքի ղեկավարը պատրաստվում է դատարան դիմել:

Գյուղում բերք աճեցնելու եւ դրանով գումար վաստակելու համար բնակլիմայական համապատասխան պայմաններ չկան, ուստի գյուղացիները պարզապես իրենց կարիքների համար տնամերձեր են մշակում` բանջարաբոստանային մշակաբույսերի բերք ստանալու համար: «Մեր անտառներում էլ միրգն ու պտուղը որակյալ չեն, դրանք իրացնել չես կարող», – ասում է Կարեն Հակոբյանը:

Նրա կարծիքով, եթե գյուղում այսօր աշխատատեղ էլ ստեղծես, աշխատող չես գտնի, մարդիկ հետ են վարժվել դրանից. գյուղում հիմնականում տարեց մարդիկ են, որ աշխատել չեն կարող, երիտասարդներն էլ հեշտի հետեւից են ընկնում, նախաձեռնող լինել չեն ուզում. «Հիմա երիտասարդներ կան գյուղից, որ ուրիշի համար ծիծաղելի գումարով ոչխար են պահում, բայց եթե նույն չարչարանքն օգտագործեին իրենց համար, կարող էին այստեղ ոչխարաբուծություն զարգացնել, ավելի մեծ գումար վաստակել»: Իսկ գյուղում, չնայած մանր եղջերավոր պահելու համար եղած լավ պայմաններին, ոչխար բուծող չկար, միայն վերջերս են սկսել քիչ քանակությամբ ոչխար պահել:

Անասունները նվազում են. մթերում չկա

Վ.Խոտանանն իր վարչական տարածքով, բնակլիմայական պայմաններով բարենպաստ պայմաններ ունի անասնապահության զարգացման համար: Բայց այսօր նրա բնակիչների համար լուրջ խնդիր է դարձել մսամթերքի եւ կաթնամթերքի իրացումը, եւ տարեցտարի անասնագլխաքանակը նվազում է: Եթե մի քանի տարի առաջ գյուղում կար 150, ապա այսօր` ընդամենը 92 կով: Անասնապահությամբ զբաղվելու դժվարությունների պատճառներից է նաեւ գյուղի ծերացումը:

«Գյուղից կաթնամթերք կամ մսամթերք չեն տանում, – փաստում է գյուղապետը (ինքը գյուղի ամենաշատ` 10 կով պահողն է), – գյուղացին ինքը պիտի կարողանա դրանք հասցնել քաղաք, տրանսպորտի բացակայության, վատ ճանապարհների պարագայում, դա մեծահասակների համար խնդիր է, իսկ մսի իրացման կետերում էլ միսն իրենց վաճառելիք գնից մի քանի անգամ ցածր գնով են ընդունում գյուղացուց, ինչը ձեռնտու չէ… Կաթնամթերքն էլ չփչացնելու համար պանիր են պատրաստում, էլի դժվարությամբ վաճառում»:

Կաթ մթերող ընկերությունները, եթե Գորիսի տարածքից մտնում են հարեւան Տանձավեր ու Աղվանի, այստեղ չեն հասնում, քանի անգամ դիմել են, պատասխանել են, որ ձեռնտու չէ:

Մի քանի անգամ փորձել են նաեւ դիմել կառավարությանը կամ դոնոր կազմակերպություններին` տեղում կաթի մթերման ու վերամշակման փոքր կետ հիմնելու համար, մերժել են. նման քիչ անասնագլխաքանակը ոչ ոքի չի հետաքրքրում:

Գյուղի հիմնախնդիրները

Վերին Խոտանանը երբեք չի ունեցել եւ այսօր էլ ոռոգման ջուր չունի: Խմելու ջուր էլ տարիներով չեն ունեցել, եւ միայն 1996-ին Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ, հինգ բնական աղբյուրի ջուրը հավաքելով եւ ջրատար կառուցելով, ջուր անցկացվեց, օրվա կարգավորիչ ջրամբար կառուցվեց: Համայնքը ջրի քլորացում կատարելու միջոցներ չունի, բայց տարին մեկ անգամ գարնանը ջրամբարում սանիտարական մաքրում են իրականացնում: Ջրի որակը ստուգել են, նորմալ է: Բայց ներկա երաշտների տեմպը տարեցտարի չորացնում է նաեւ այդ աբյուրները, որոնցից սնուցվում է գյուղի ջրամատակարարման համակարգը: «Կարծում եմ` նաեւ անտառների ոչ ճիշտ շահագործման հետեւանքով են դրանք չորանում, եւ այսօր էլի խմելու ջրի խնդիր ունենք: Ի վերջո, այդ ջրով են նաեւ ամռանը ոռոգվում տնամերձերը: Եվ դա սեզոնում այնքան քիչ է լինում, որ արդեն չի հերիքում բոլորին…», – համայնքի լուրջ խնդիրների շարքը շարունակում է պարոն Հակոբյանը: Խմելու ջրի բավարար քանակ ապահովելու ելքը ջրատարին այլ աղբյուրներ միացնելն է: Անցած տարի նման մեկ աղբյուր «Վորլդ Վիժնի» Կապանի ՏԶԾ օժանդակությամբ միացրել են, բայց խնդիրը հրատապ է մնում. դրամական միջոցներ են պետք… Համայնքային բյուջեն այնքան սուղ է, որ նրանով գյուղում ոչ մի խնդիր չես լուծի: Ավելին, գյուղապետի հավաստմամբ, նույնիսկ աշխատավարձի խնդիր ունեն:

Տարեկան բյուջեն 4մլն դրամ է, որից 3,5 միլիոնը պետական լրավճարն է: 500 հազար դրամի սեփական եկամուտները հավաքում են 100 տոկոսով: «Բյուջեն միայն աշխատավարձին է հերիքում, ծախսային այլ մաս չունենք: Օրինակ, գյուղապետարանի շենքը կառուցված է 1980-ականներին, տանիքը ահավոր վիճակում է, ոչ մի անգամ չի նորոգվել, բայց մեկ ասբոշիֆերի գումար էլ չունենք», – տեղեկացնում է համայնքապետը:

Նա նման գյուղերի խնդիրների չլուծման պատճառներից է համարում «Համահարթեցման մասին ՀՀ օրենքը», որը մինչեւ 300 բնակիչ ունեցող գյուղերին նույն լրավճարն է հատկացնում. մինչդեռ պարզ է, որ ասենք 100 եւ 300 բնակիչ ունեցող գյուղերի ծախսերի ծավալները տարբեր են, տարբեր են նաեւ գյուղերի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Նույն լրավճարը ստացող գյուղեր կան, որոնց տարածքում հանքարդյունաբերական ձեռնարկություններ են գործում, վարձակալությամբ տրվող հողեր ունեն, հետեւաբար հավելյալ մուտքեր եւ լրացուցիչ գումարներ ունեն համայնքում այս կամ այն աշխատանքը կատարելու համար:

Գյուղապետարանը հինգ աշխատող ունի (գյուղապետ, հաշվապահ, քարտուղար, հավաքարար, ակումբի աշխատող), բայց ինը ամիս է` քարտուղար էլ չունեն, որովհետեւ պաշտոնի անձնագիրը դրա համար բարձրագույն կրթություն է պահանջում, իսկ բուհավարտ որեւէ մեկն այս գյուղում աշխատելու ցանկություն չունի:

Ինչպես այլ գյուղերում, այստեղ էլ հողի սեփականաշնորհումից օգտված, բայց հողը չօգտագործող գյուղացիներ կան, որոնց տեղն էլ չգիտեն ու հողի հարկ էլ չեն կարողանում գանձել: 88 հողաբաժնից 31-ում նման փաստի են բախվում: «Կարող եմ վարչական դատարան դիմել ու բռնագանձել, բայց համագյուղացուս դեմ նման քայլի չեմ դիմի…», – ասում է Կ.Հակոբյանը:

Վերջին տարիներին` ջրատարի կառուցումից հետո, գյուղում որեւէ լուրջ աշխատանք ու ներդրում չի կատարվել, միակ համագործակցությունը «Վորլդ Վիժնի» կապանյան գրասենյակի հետ է, որը ժամանակ առ ժամանակ աջակցում է փոքր ծրագրերով:

ժամանակին կյանքի ճանապարհ էր

Գյուղ բերող ճանապարհը հանրապետական նշանակության է: Տարիներով այստեղ աշխատանք չի կատարվել: Գյուղապետը նշում է, որ եթե մարզային նշանակության լիներ, միգուցե տարածքային մարմինների ուշադրությանն արժանանար, գոնե փոսային նորոգումներ կանեին: Մինչդեռ այն ավելի կարճ ճանապարհով է Տաթեւը կապում Կապանի եւ մարզի մյուս հարավային բնակավայրերի հետ, եւ հոգեւոր այս կենտրոն այցելողները ժամանակ խնայելու համար, այնուամենայնիվ, գերադասում են երթեւեկել այս ճանապարհով, քան հասնել Գորիս: Գյուղից տեսանելի են նաեւ հանդիպակաց անտառում կատարված հողային աշխատանքը, փորված ճանապարհը. պատերազմական տարիներին սկսվեց գյուղը շրջանցող ավելի կարճ նոր միջպետական մայրուղու կառուցման աշխատանքը, որն այդպես էլ կիսատ մնաց:

Մի քանի անգամ փորձել են հողով լցնել փոսերը… Միակ հույսը, թե երբեւէ ճանապարհը կնորոգվի եւ գյուղի մեռնող վիճակին վերջ կտրվի, «Հյուսիս-Հարավ» ճանապարհն է, որի մասին խոսակցությունները շատ են, եւ ենթադրվում է, որ այստեղով կանցնի, բայց որի շինարարական աշխատանքներում դեռեւս կոնկրետություն չկա: Մինչդեռ նորմալ ճանապարհի դեպքում գյուղացիներն ավելի հեշտորեն կերթեւեկեին դեպի Տաթեւ` զբոսաշրջային կենտրոնում նաեւ իրենց մթերքի իրացման հարցը լուծելով:

Բնականաբար, անմխիթար վիճակում ոչ միայն մայրուղին է, այլեւ` գյուղամիջյան ճանապարհները: Իսկ գյուղից Կապան հասնելու համար տրանսպորտ չի աշխատում, մարդիկ, մի քանի հոգով հավաքվելով, օգտվում են մասնավոր մեքենաներից:

Ելքը խոշորացումն է

Ի տարբերություն համայնքների խոշորացման հայեցակարգի դեմ պայքարող համայնքապետերի` Վ.Խոտանանի ղեկավարը նման գյուղերի փրկությունը հենց համայնքների միավորումն է համարում. «Դեռ այն ժամանակ, երբ քննարկվում էր «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքը, եւ համայնքներ պիտի ստեղծվեին, ասացի` ամեն ծառի տակ համայնք մի՛ ստեղծեք: Հատկապես նման գյուղերը, որոնք իրենց խնդիրները համայնքային բյուջեով չեն կարող լուծել, առանձնացնելն իմաստ չունի: Ի՞նչ իմաստ ունի այդքան աշխատակազմեր պահելը: Օրինակ` ես 60 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ամաչում եմ. մեր արածն ի՞ նչ է, գյուղում ոչ մի գլոբալ խնդիր չենք կարողանում լուծել… Մի թոշակառու էլ ես եմ: Մինչդեռ եթե մի քանի գյուղի աշխատակազմերին տրվող գումարները կենտրոնացնեն մի տեղ, նորմալ բյուջե կլինի, եւ դրանով ամեն տարի այդ գյուղերից մեկում մի խնդիր կլուծեն»: Գյուղապետը գյուղատնտեսության զարգացման ուղիներից է համարում նաեւ տնտեսությունների միավորումը, նորմալ կոոպերացիան: Բայց քանի որ նման գյուղերում բնակչության մեծ մասը հիմնականում թոշակառու է, նրանք ընդունակ էլ չեն ֆիզիկական աշխատանքի ու գյուղատնտեսությամբ լուրջ զբաղվելու. «Իսկ գյուղում հիմա մնացած քիչ երիտասարդները, եթե անտառտնտեսության համար ծառահատման ժամանակավոր աշխատանքն էլ չլինի, էլի կհեռանան…»:

Գյուղի, ինչո՞ւ չէ` Կապանի ամենահայտնի դեմքերը

Վերին Խոտանանը հայտնի է եւ հպարտանում է երկու մեծ զավակով, որոնք ծնվել են այստեղ` Հայ առաքելական եկեղեցու վերջին սուրբ Մովսես Խոտանանցի (Տաթեւացի) Ամենայն հայոց կաթողիկոս եւ Զանգեզուրի գոյամարտի հերոս Պողոս Տեր-Դավթյան: Մինչդեռ գյուղում պետական հոգածությամբ վաղուց արդեն պիտի հավերժացված լինեին այս երկու մեծ հայի անունները, որոնց մեծարումը ոչ միայն խոտանանցիների, այլեւ համահայաստանյան պարտք է: Գյուղը վաղուց պիտի Սյունիք ժամանող հյուրերի, զբոսաշրջիկների համար ուխտատեղի դարձած լիներ` որպես նրանց հայրենիք: Պողոս Տեր-Դավթյանի արձանի տեղադրման նախնական վայրը որոշված էր այստեղ, հետո որոշեցին Կապանում տեղադրել, այնուամենայնիվ, այս հարցում դեռ որոշակիություն չկա: Գյուղապետը համայնքում նույնիսկ համապատասխան վայր էր բարեկարգել, ու կարծում է, որ արձանն անպայման այստեղ պիտի տեղադրվի. «Եթե Կապանում պետք է մի խուլ տեղ դնեն, ոչ մեկը չայցելի ու չհետաքրքրվի, թող այստեղ դրվի, գոնե իր հայրենի գյուղ կգան դրա համար»: Նույնը` Մովսես Խոտանանցու պարագայում:

Հիմա գյուղի միջնակարգ դպրոցը Պ.Տեր-Դավթյանի անունով կոչելու գործընթացը վերջնական փաստաթղթային ձեւակերպման փուլում է:

Պողոս Տեր-Դավթյանը հանգչում է Վ.Խոտանանի գերեզմանոցում, նրա շիրիմն անցած տարի վերանորոգվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգածությամբ: Մինչդեռ քարուքանդ Ս.Աստվածածին եկեղեցին, որ, համագյուղացիների վկայությամբ, կառուցել է Մովսես Խոտանանցի կաթողիկոսը, դեռ սպասում է… Համայնքապետը քանիցս դիմել է նաեւ Մայր Աթոռ` այն վերանորոգելու, ավերումից փրկելու խնդրանքով, դեռ արձագանք չկա… Միգուցե ժամանակն է Խոտանանցի կաթողիկոսի աճյունը եւս, որ մոռացվել ու անուշադրության է մատնվել Երեւանի Կոզեռնի գերեզմանոցում, վերամփոփել հայրենի գյուղում:

Գյուղի պատմական ակունքները

Սերգեյ Ումառյանը «Սյունիքը դիցարան» գրքում Խոտանան անունը կապում է Վանի թագավորության շրջանի Խուտուինի աստծու հետ: Գյուղի երկարամյա մանկավարժ, դպրոցի նախկին տնօրեն, նաեւ գյուղի պատմությունն ու հետաքրքիր անցքերը գրի առնող Ալմարա Անտոնյանը Վ.Խոտանանի բազում այլ արժանիքներից բացի, այն համարում է նաեւ զինվորականների օրրան (մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան զինվորականներ է տվել), դավիթբեկյան խոշոր ճակատամարտերի վայր` (Լեո «Հայոց պատմություն»), Բալի զորավարի մարտադաշտ («Հցոտ» հանդամաս), մշակութային-պատմական հետաքրքիր վայրերից ու հերոսապատման վկայություններից նշում գյուղից հյուսիս-արեւմուտք` մոտ 2-3 կմ հեռավորությամբ գտնվող պատմական Վանանդաբերդի (Ղալաբոյնի) կանգուն հաստաբեստ պատերը:

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը» հուշում է, որ գյուղը գտնվում է Խոտանան գետի վերնագավառում, Բարգուշատ լեռնաշղթայի հարավային լանջին, մարզկենտրոնից 26 կմ հս.-արմ., ծովի մակերեւույթից 1350մ բարձրության վրա: 1831թ. ուներ 34, 1897-ին` 511, 1926-ին` 645, 1939-ին` 736, 1959-ին` 396, 1970-ին` 393, 1979-ին` 237, 2001-ին` 295, 2004-ին` 183 բնակիչ:

Այն հիշատակվում է 12-13-րդ դարերից, Ստեփանոս Օրբելյանի` Տաթեւի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում, ըստ որի վանքին տալիս էր 12 միավոր հարկ: Մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք-Աճանան գավառի, իսկ 19-րդ դարի վերջերին` Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ: Գյուղի Ս.Աստվածածին կիսավեր թաղակապ եկեղեցին /17-րդ դար/, եղել է գրչության կենտրոն եւ ըստ 17-րդ դարի ձեռագիր հիշատակարանների` այստեղ օրինակվել են Ավետարան ու Կանոնագիրք, եկեղեցու շուրջը կան 14-րդ դարի հուշարձան-դամբարաններ: 19-րդ դարի վերջերում բաժանվում է երկու մասի` Վերին եւ Ներքին Խոտանանի: Եվ ըստ բառարանի` հին Խոտանանը համապատասխանում է Վերին Խոտանանի մեծ կամ հիմնական մասին:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25