ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին
Հարգարժան պարոնայք
Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց` Հայաստանը (մասնավորապես Սյունիքի մարզը) եւ Իրանը (մասնավորապես Արեւելյան Ադրբեջան նահանգը) պատրաստվում են ստորագրել ինչ-որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արեւելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:
«Օրեր» Եվրոպական անկախ ամսագիրը եւ Asbarez.com-ը հունվարի 16-ի իրենց համարներում նշում են, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեյգի կողմից արդեն ստորագրվել է ինչ-որ հուշագիր:
Սոցիալական ցանցերը ողողված են այս նյութով, ծավալվել են լայնածավալ քննարկումներ: Մեր եւ հանրության լայն շերտի շրջանում առաջացել է դժգոհություն եւ մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում. եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին, միանշանակ առանց հետեւանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:
Անհասկանալի է նաեւ, թե ինչու ձեր ղեկավարած կառույցները մինչ օրս չեն անդրադարձել սույն հարցին եւ չեն հայտնել իրենց դիրքորոշումը կնքվող հուշագրի վերաբերյալ:
Ողջունում ենք հայ-իրանական տնտեսական համագործակցությունը, սակայն միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ նախեւառաջ պետք է հայ գյուղացու համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր գործով զբաղվելու համար, հետո նոր մտածել Իրանի կամ այլ պետության հետ համագործակցության մասին:
Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը. արդյո՞ք այս հուշագրի ստորագրումը չի սպառնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Եթե ոչ, ապա խնդրում ենք հիմնավորել:
Եթե միանում եք մեր մտահոգություններին, ապա առաջարկում ենք անհապաղ հանդես գալ հայտարարությամբ եւ կտրուկ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու համար:
Միեւնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը` ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նմանատիպ ցանկացած որոշում կայացնելուց, առավել եւս` առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու եւ առանց նրա գիտության: Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու եւ խնդիրը լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրելու, որեւէ հուշագիր կամ պայմանագիր չպետք է կնքվի ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստույգ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2012թ. դեկտեմբեր ամսին դիմել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարին եւ ՀՀ Սյունիքի մարզպետին, սակայն նրանցից ստացել ենք անորոշ եւ ոչ հստակ պատասխաններ:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն