«Զանգեզուր» մասնաճյուղին նոր հեռանկարներ են սպասվում

11.12.2019 16:15
1809

Հաճախ չէ, որ կարողանում ենք անդրադառնալ բնակչության կենսապահովումն իրականացնող ծառայություններին: Տարեվերջին որոշեցինք ներկայացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Զանգեզուր» մասնաճյուղը: Այն  միջանկյալ օղակ է էներգիա արտադրող  կայանների եւ բաշխիչ ցանցերի միջեւ, եւ սպասարկում է  մոտ 136,5 կմ երկարությամբ  220/110 եւ 6 կվ լարման «Մեղրի – 1,2», «Ահար-1,2», «Դավիթ Բեկ» եւ (ՍԿ-1,2) (սեփական կարիքներ) օդային գծերը: «Զանգեզուր» մասնաճյուղը եւս մի օղակի գործառույթ է կատարում՝  իրականացնելով  էլեկտրաէներգիայի փոխանցումն Իրանի Իսլամական Հանրապետություն, ընդ որում` Հայաստան-Իրան միջանկյալ տարածքում գտնվող 7.4 կմ օդային գիծը նույնպես սպասարկվում է «Զանգեզուր» մասնաճյուղի կողմից։

Հիմնարկի մասին պատմող  հակիրճ տեղեկատվությունից իմանում ենք, որ մասնաճյուղի հիմնական խնդիրները ներառում են 220/110 ԿՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը եւ տեխնիկական  վերազինումը, ինչպես նաեւ օդային գծերի եւ ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքների ու պահանջվող  բեռնվածություն կրելու պարտավորվածության ապահովումը: Մասնաճյուղի գործունեության առաջին պլանին է  անձնակազմի անվտանգ աշխատանքի  ապահովումը, նրանց պատրաստման եւ մասնագիտական որակավորման աշխատանքների կազմակերպումը:

Մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Կոստանդյանից նախ հետաքրքրվում ենք, թե ի՞նչ ընդգրկվածություն ունի մասնաճյուղի սպասարկման տարածքը:

«Գյազբելից մինչեւ Իրանի սահման», - կարճ կապում է, նաեւ  հավելում, որ մասնաճյուղի հաշվեկշռում է գտնվում «Ագարակ-2» փոխանջատման կետը, որ տեղակայված է Մեղրու տարածաշրջանի Կարճեւան բնակավայրում: Հընթացս տեղեկանում ենք, որ  մասնաճյուղը 47 աշխատակից ունի, մասնաճյուղի կազմում են ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի, էլեկտրասարքավորումների նորոգման եւ սարքավորումների, արտադրատեխնիկական եւ բարձր լարման օդային գծերի բաժինները:

Յոթ-ութ ամիս առաջ մասնաճյուղը համալրվել է  վթարային ծառայություն իրականացնող «Կամազ» մակնիշի մեքենայով, որ հագեցած է վթարներն օպերատիվ վերացնելուն միտված անհրաժեշտ  սարքավորումներով (էլեկտրազոդման ապարատ-գեներատոր, այլընտրանքային  էներգիայի աղբյուր (движок), ամբարձիչ եւ այլն): Նաեւ պայմաններ են ստեղծված գիշերելու համար (երեք-չորս հոգի): Որքանով տեղեկացանք, մասնաճյուղը տեխնիկական զինվածության առումով խնդիրներ չունի, համալրվել է նոր սարքավորումներով, արդիական հեռադիտակներով, իսկ ռելեական լաբորատորիայի չափիչ սարքերի միջոցով 5-10 վայրկյանում կարելի է իմանալ, թե  որտեղ է տեղի ունեցել վթարը:

Ռոբերտ Կոստանդյանը մասնաճյուղը ղեկավարում է 2018 թվականի հուլիսից։

Ավարտել է Կապանի N 2 միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն ստացել գյուղատնտեսական ինստիտուտում՝ մեխանիկ-ճարտարագետ:  Նախընտրած մասնագիտությամբ երկար ուղի է անցել` բանվորից մինչեւ տնօրեն՝  Սյունիքի խորհտնտեսությունում` գլխավոր ճարտարագետ, Կապանի լուսատեխնիկական գործարանում՝ արտադրամասի պետ, Կապանի կոմունալ տնտեսության տնօրեն: 2014 թվականից «Բարձրավոլտ էլեկրացանցեր» ՓԲ ընկերությունում է, որպես` ճարտարագետ,  2016 թվականից տեղափոխվել է «ԲԷՑ» ՓԲԸ «Զանգեզուր» մասնաճյուղ` տնօրենի տեղակալ, որից հետո` տնօրեն։

Նկարում՝ տնօրեն Ռոբերտ Կոստանդյան

 

Լրագրողներս հերթապահ հարց ունենք. ի՞նչ նորություն կա մասնաճյուղում: Պարզվում է, որ կառուցվում է  400 ԿՎ լարման նոր գիծ, որի շահագործումը նախատեսված է 2021 թվականին: Այն սպասարկելու համար Սիսիանի տարածաշրջանի Նորավան բնակավայրում կառուցվում  է նոր ենթակայան:

Դրա կառուցմանը նպաստող աշխատանքները «Զանգեզուր» մասնաճյուղն  է իրականացնում (դեպի հենասյուներ տանող ճանապարհների անցկացում, ծառահատման աշխատանքներ եւ այլն):

Ի դեպ, ինտենսիվորեն արդիականացվում է վերը նշված «Ագարակ-2» փոխանջատման կետը՝ վերածվելով ենթակայանի: Այն միջազգային նշանակություն ունի, կապող օղակ է Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրահամակարգերի միջեւ, ինչպես նաեւ բարելավում է Սյունիքի մարզի էլէներգիայի մատակարարման հուսալիությունը` ապահովելով օղակաձեւ սնուցում: «Ագարակ-2»-ում տեղադրված բոլոր սարքավորումներն արտասահմանյան արտադրության են: Օպերատիվ շղթաների սնուցումն իրականացվում է շվեդական արտադրության կուտակիչ մարտկոցի օգնությամբ, որի լիցքավորումը կատարվում է առանձին տեղադրված ուղղիչներով:

- Մեր սպասարկման գործում դժվարությունն այն է, որ հեղեղները, ձնհալոցքի ջրերը քանդում են դեպի հենասյունները տանող ճանապարհները,- զրույցին միանում է մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը, - այդ ճանապարհները ոչ միայն մեզ են սպասարկում,- ասում է եւ փորձում կատակել, - այլեւ ապօրինի ծառ հատողներին ու որսագողերին: Նույնիսկ անտառտնտեսության հետ պայմանավորվել ենք մի քանի տեղ ուղեփակոցներ տեղադրել: Եթե այդ ճանապարհները պարբերաբար չմաքրվեն` դառնալու են դժվար անցանելի եւ անանցանելի:  Մինչդեռ վթարային ծառայության մեքենան հնարավորինս պիտի մոտենա հենասյունին:

Մասնաճյուղի գլխավոր ճարտարագետը տեղեկացնում է, որ «Զանգեզուրի» տարածքը բարդ ռելիեֆ ունի, բարձրավոլտ օդային գծերը հիմնականում անցնում են լեռներով ու ձորերով (եւ սկսում է թվարկել դրանք): Ձմռան ամիսներին ավելի է դժվարանում սպասարկման գործը…

Տնօրենն այս ամենին ավելացնում է  իրենց սպասարկմանն առնչվող մի  ցավոտ խնդիր: Խոսքը գողությունների մասին է: Այդ գործում «մասնագիտացած» անձինք կտրում-տանում են հենարանների ստորին հատվածի անկյունակները: Նույնիսկ նրանց հետ չեն պահում այն զգուշացում-ցուցանակները, որ կյանքի համար վտանգավոր է մոտենալ այդ հենասյուներին: Խնդրի առնչությամբ մի քանի անգամ դիմել են ոստիկանությանը, որոշ դեպքում վերականգնվել է պատճառված  վնասը, բայց ինչպես ասում են՝  գողի ձեռքն ամեն տեղ հասնում է…«Մի ձեռքը  ծափ չի տա, բոլորով պիտի պայքարենք այդ արատավոր երեւույթի դեմ», - պատկերավոր արտահայտությամբ է խոսքն ավարտում զրուցակիցս:

Ինչեւէ, չենք ուզում բացասական շեշտադրումներով ավարտել հրապարակումը:  Մանավանդ որ տնօրենը  ցանկացավ մոտալուտ  Ամանորի եւ Սուրբ ծննդի առթիվ թերթի միջոցով  իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել հայ ժողովրդին՝ մայր հայրենիքում եւ ի սփյուռս համայն աշխարհի, մաղթել քաջառողջություն, արեւշատություն, բոլոր բարի եւ նվիրական ցանկությունների իրականացում:

Ի դեպ, դեկտեմբերի 22-ը էներգետիկի օրն է։ Խորհրդային տարիներին նշվում էր այդ տոնը, այժմ էլ ավանդույթի ուժով շարունակվում է։ Հրաժեշտից առաջ մասնագիտական տոնի առթիվ Ռոբերտ Կոստանդյանն իր գործընկերներին, բոլոր էներգետիկներին  ամուր առողջություն եւ ամենայն բարիք մաղթեց։

 

 

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24