Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները Իսրայելի հետ

15.01.2019 11:05
1210

Հայաստանի արտգործնախարարը մոտ ապագայում կայցելի Իսրայել՝ երկկողմ կապերն ամրապնդելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու ծրագրով: Հարցազրույց տալով The Jerusalem Post-ին՝ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պնդել է՝ «Հայաստանն այնքան բան կարող է առաջարկել Իսրայելին` գյուղատնտեսության, գիտության, տոխնոլոգիաների, կրթության ու նորարարության ոլորտներում»:

«Հայերը շատ նմանություններ ունեն հրեա ժողովրդի հետ. երկուսս էլ շատ ենք տարբերվում մեր հարևաններից, բազմադարյա պատմություն ունենք, դիմացել ենք բազում պատերազմների ու ներխուժումների և գիտենք՝ ինչպես հարմարվել տարբեր մշակույթների», - ասել է Մնացականյանը:

«Ջերմանո՞ւմ են արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածում հեղինակն ինքն էլ փաստում է, որ երկու ժողովուրդները ընդհանուր շատ հատկանիշներ ունեն՝ երկուսն էլ բնակչության թվով համեմատաբար փոքր են, սփռված են աշխարհով մեկ, տևական ժամանակ ձգտել են ունենալ անկախ պետություն, շրջապատված են թշնամական, մահմեդական երկրներով, ԱՄՆ-ում ունեն ազդեցիկ լոբբի և վերապրել են խորը ազգային ողբերգություն։ «Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները զարգացած չեն», - փաստում է հոդվածագիրը, պնդելով, թե դրա պատճառը Հայաստանի տարաձայնություններն են Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք Իսրայելի դաշնակիցներն են:

«Ի՞նչ զգացիք, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը Քնեսեթում չեղարկվեց», - հետաքրքրվել է լրագրողը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարից: Ի պատասխան՝ Մնացականյանն ընդգծել է, որ դա ոչ թե զուտ ճանաչման հարց էր, այլ՝ բարոյական դիրքորոշում արտահայտելու: «1.5 միլիոն մարդ է սպանվել։ Իմ նախնիները փրկվել են ցեղասպանությունից ու ապաստանել Թբիլիսիում։ Հարազատներիցս շատերը սպանվել են: Մենք, սակայն, մեզ զոհի կարգավիճակում չենք զգում: Մենք հաղթող ենք, քանի որ շարունակում ենք ապրել», - ասել է Մնացականյանը՝ միաժամանակ ընդգծելով. - «Չէի ասի, որ չենք հիասթափվել քվեարկության ձախողումից: Այս հարցը սակարկման առարկա է դարձել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում, և դա շատ ցավալի է»:

Իսրայելական պարբերականին տված հարցազրույցում արտգործնախարարի պաշտոնակատարն ընդգծել է՝ չնայած հիասթափություններին՝ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է ամրապնդել հարաբերությունները Թել Ավիվի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում: «Հայաստանը չափազանց մտահոգված է իր անվտանգության հարցերով, հատկապես՝ Ղարաբաղի հետ կապված. այնտեղ մարդիկ վտանգի տակ են», - ասել է Մնացականյանը՝ հավելելով. - «Մենք գիտենք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանա զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ներառյալ ռազմական ոլորտում»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ երկու երկրները շուտով կբացեն միմյանց դեսպանատները իրենց տարածքներում: «Մենք ավելի քան ուրախ կլինենք Իսրայելի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար», - ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

Թղթակիցն այս հարցի շուրջ զրուցել է նաև Երուսաղեմի հրեական համալսարանի ավագ գիտաշխատող Չեն Բրամի հետ: «Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ որո՞նք են իր համար հիմնարար արժեքները», - ասել է գիտնականը՝ հավելելով. - «Իսրայելը պետք է կարողանա դիմակայել Ադրբեջանին ու ասել՝ «այո, մենք դաշնակիցներ ենք, բայց ուզում ենք նաև հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, և չենք կարծում, որ սա ձեզ վնաս կբերի»: Ամոթալի է, որ մինչև հիմա Իսրայելը նման ջանքեր չի գործադրել»:

azatutyun.am

 

2027-ից ուժը կորցրած կճանաչվի էլեկտրոնային համակարգերի պահանջները սահմանող որոշումը

12.10.2026 12:35

Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

12.10.2026 11:56

Հայոց ազգային բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ

12.10.2026 10:41

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և 9 մարզերում

12.10.2026 10:32

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40