«Հիգեա» բժշկական կենտրոն․ պահանջված բժշկական հաստատություն Կապանում

23.04.2025 17:49
3071

Հարցազրույց բժիշկ–սրտաբան, «Հիգեա» բժշկական կենտրոնի համահիմնադիր Սերոբ Սմբատյանի հետ

— Բժիշկ, մեր զրույցը սկսենք մի առօրեական հարցով ինչպե՞ս ընտրեցիք սրտաբանի մասնագիտությունը։

­— Նախ շնորհակալ եմ մեր բուժկենտրոնի գործունեությամբ հետաքրքրվելու համար։ 2011 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո ուսանեցի Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության  գիտական կենտրոնի օրդինատուրայում։ Ի դեպ, նույն այդ օրդինատուրայի «քուրայով» են անցել մեր կենտրոնի երկու բժիշկը՝ Սերոբ Մանուկյան, Արմեն Ստեփանյան՝ երկուսն էլ ինտերվենցիոն սրտաբաններ։ Օրդինատուրան «Սրտաբանություն» մասնագիտացմամբ ավարտելուց հետո մեկ տարի աշխատել եմ նույն կլինիկայում, ապա վերադարձել հայրենիք։

Անցել եմ զինվորական ծառայության Արցախում՝ Քրիստափոր Իվանյանի անվան զինվորական հոսպիտալում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։

— Ե՞րբ հիմնադրեցիք «Հիգեա» բժշկական կենտրոնը, որ արդեն հաստատուն տեղ ունի մարզի բուժհիմնարկների քարտեզի վրա։

­— Ծառայությունից հետո ընկերոջս`Էդգար Զաքարյանի  հետ, 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմը սկսելուց 2-3 ամիս առաջ հիմնեցինք այս կենտրոնը, որ հունական դիցաբանությունում առողջության աստվածուհի Հիգեայի անունն է կրում։ Հինգ տարի է՝ կլինիկան գործում է։

Նախ կլինիկայում գործում էին ամբուլատոր սրտաբանական և էնդոկրինոլոգիական ծառայություններ, այնուհետև ավելացրինք լաբորատոր ծառայությունները։ Ի դեպ, լաբորատորիան հագեցած է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս անալիզները կատարել տեղում։ Լաբորատորիան ստեղծելուց հետո ձեռնամուխ եղանք մեր հիմնական նպատակի իրագործմանը՝ բացեցինք ինտերվենցիոն  սրտաբանական, ստացիոնար սրտաբանական ծառայության բաժանմունքներ։ Եվ ահա վեց ամիս է՝ գործում են ստացիոնար ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքները, այսինքն՝ մեզ մոտ իրականացվում է  կորոնար զարկերակների ստենտավորում։

— Եթե չեմ սխալվում, Ձեր կլինիկան նախկինում Ռոմանոս Մելիքյան փողոցում էր։ Հիմա այստեղ եք, ինչո՞վ է պայմանավորված տեղափոխությունը։

— Այդպես է, Ձեր նշված հասցեում աշխատեցինք երեք տարի, և քանի որ գնալով ծառայություններն ավելանում էին, տեղափոխվեցինք ներկայիս հասցեն՝ Մելիք–Ստեփանյան 6/1։ Այստեղ հնարավորություն ունենք էլ ավելի ընդլայնելու ծառայությունների շրջանակը։ Այս պահին կարելի է փաստել, որ կապանցին, քաջարանցին, մեղրեցին սուր սրտային հիվանդության դեպքերում «Շտապ օգնության» մեքենայով երկար ճանապարհ կտրելու կարիք չունեն, ընդ որում՝ իրենց ռիսկի ենթարկելով։ Պլանային բոլոր ինտերվենցիոն միջամտությունները՝ ժամանակավոր ստենտավորում, բալոնային անգլիոպլաստիկա, կորոնարոգրաֆիա, ժամանակավոր ռիթմավար սարքերի տեղադրում, ստացիոնար բուժում՝ այդ ամեն ինչը կարող են ստանալ տեղում, բարձր որակով և մատչելի գներով՝ ընդհանուր շուկայական գների համեմատ։

Բուժման արդյունավետությունը պայմանավորված է վաղաժամ ախտորոշումով, մեզանում արատավոր մի սովորություն է արմատավորվել, մինչև, ինչպես ասում են՝ դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում բժշկի, ի՞նչ վիճակով են մարդիկ դիմում սրտաբանին։

­— Ցավոք, խնդիրն ամբողջ աշխարհում է  առկա։ Նույնիսկ զարգացած երկրներում։ Հոգեբանական խնդիր կա մարդը երբեք հաճույքով չի դիմում բժշկի, ենթագիտակցորեն չի ուզում ընկալել, որ ինքը կարող է հիվանդանալ, առողջական խնդիրներ ունենալ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե մարդը դեռ հիվանդ չէ, գանգատ չունի, չի դիմում բժշկի։ Մանավանդ սրտային հիվանդությունների դեպքում մարդ կարող է երկար ժամանակ գանգատ չունենալ, մինչև ուղտը չի չոքում դռանը։ Կանխարգելիչ միջոցառումները՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, լաբորատոր որոշակի քննություններ, որոշակի ռիսկային խմբերում պիտի անցկացվեն։ Դրանք հենց այն նպատակն են հետապնդում, որ ժամանակին հայտնաբերվի հիվանդությունը։ Այն էլ ասեմ, որ նկատելի է մեր մտածողության մեջ որոշակի դրական տեղաշարժ, մարդիկ սկսել են ավելի կարևորել իրենց առողջությունը, եթե նախկինում եզակի մարդիկ էին, որ ասում էին՝ պարզապես եկել ենք հետազոտվելու, հիմա հետազոտվել ցանկացողների թիվն ավելացել է, ինչն ավելի արդյունավետ կդարձնի վերջիններիս բուժումը։

Յուրաքանչյուր  հիվանդության դեպքում որքան վաղ ախտորոշվի այն, այնքան արդյունավետ է լինում բուժումը։

Ինչպե՞ս է լուծվում կադրերի հարցը, սրտաբանությունը նեղ մասնագիտություն է, այդքան կարևոր կադրեր Կապանում չես գտնի։

— Ամենակարևոր հարցը տվեցիք, որքան տեխնիկապես հագեցած լինի կլինիկան, մարդկային գործոնն իր նշանակությունը չի կորցնում։ Արդեն նշեցի, երկու վիրաբույժը, ովքեր ստենտավորում են կատարում, ինձ հետ օրդինատուրայում են եղել Մոսկվայում՝ Սերոբ Մանուկյան, Արմեն Ստեփանյան: Սերոբը Երևանում է աշխատում, մեզ մոտ համատեղությամբ է։ Ամսվա կտրվածքով մեկ շաբաթ մեր կլինիկայում է լինում, իսկ Արմեն Ստեփանյանը մեր հիմնական ինտերվենցիոնիստն է՝ 24 ժամ հասանելիությամբ։ Մենք ունենք երեք սրտաբան, ովքեր հիմնականում զբաղվում են հոսպիտալացված հիվանդներով։ Նրանցից երկուսը «Էրեբունի» բժշկական կենտրոնում են աշխատում՝ Վահագն Սարգսյան, Արգիշտի Քրիստոստուրյան, մյուս բժիշկը՝ Օֆելյա Գարեգինյանը, աշխատում է հանրապետական հիվանդանոցի սրտային բաժանմունքում։ Այս երեք բժիշկը համատեղությամբ են աշխատում մեզ մոտ։

Շատ կարևոր է միջին բուժանձնակազմի դերը։ Բժշկի աշխատանքը կարող է խաթարվել, եթե միջին բուժանձնակազմը թերանա։ Այս պահին 21 բուժքույր ունենք, լաբորատորիայում լաբորանտներ, ովքեր մինչև մեզ մոտ աշխատելը մի քանի վերապատրաստում են անցել, նույնիսկ բուժքույրերը տարբեր կլինիկաներում վերապատրաստումներ են անցել։ Բուժքույրերից զատ երկու տեխնիկ ունենք, որոնց աշխատանքն անչափ կարևոր է ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում։ Նրանք ևս վերապատրաստում են անցել, նոր միայն մեզ մոտ սկսել աշխատել։

Ժամանակակից բուժսարքավորումներ է պահանջում սրտաբանությունը, ինչպիսի՞ն է «Հիգեայի»  տեխնիկական հագեցվածությունը։

Այն սարքը՝ անգիոգրաֆ, որով կատարվում է կորոնար զարկերակների ստենտավորում, 2024 թվականի ամերիկյան «Ջի» ընկերության արտադրության է։ Սարքը թույլ է տալիս կատարել ցանկացած անոթային միջամտություն, օգնելով հիվանդներին խուսափել ավելորդ բարդություններից։ Ունենք նոր, կարելի է ասել՝ վերջին սերնդի էխոկարդիոգրաֆ՝ նույնպես 2024 թ արտադրության։ Շատ չեմ թվարկի, տեխնիկական հագեցվածության ոչ մի խնդիր չունենք։

— Իսկ սրտաբանությունը  բաժանվու՞մ է նեղ մասնագիտացումների։

­— Սրտաբանության մյուս ճյուղը բաց սրտային վիրաբուժությունն է՝ կարդիովիրաբուժությունը։  Կարդիովիրաբուժության ենթակառուցվածք ձևավորելու համար շատ ավելի մեծաթիվ  բնակչություն է անհրաժեշտ, շատ ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք։ Հայաստանի նման փոքր երկրում՝ 3 մլն բնակչությամբ, լրիվ բավարար է երեք կարդիովիրաբուժական կլինիկայի առկայությունը, որ այս պահին Երևանում գործում է՝ «Նորք–Մարաշ» սրտաբանական կենտրոնը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Բեստ–լայֆ» կլինիկան։

Կարդիովիրաբուժությունը մեծ մասամբ հրատապ դեպքերով չի զբաղվում, այլ՝ պլանային խնդիրների լուծմամբ։ Եթե ունենում ենք հիվանդ, ով կարդիովիրաբուժական խնդիր է ունենում, մենք ինքներս կազմակերպում ենք նրա տեղափոխումը նշված կլինիկաներից մեկը։ Ունենալ կարդիովիրաբուժության կենտրոն 40-50 հազար բնակչության համար, ոչ մի առումով արդարացված չէ։

Համագործակցություն կա՞ մայրաքաղաքային մյուս սրտաբանական բուժկենտրոնների հետ։

— Բոլորի հետ արդյունավետ գործընկերային համագործակցություն ունենք։ Բոլորի մեջ տեսնում եմ մեզ աջակցելու պատրաստակամություն։ Նկատում եմ, որ նրանք էլ զգում են «Հիգեայի» նման կենտրոնի կարևորությունը Կապանում։ Մինչ մեր կլինիկայի բացումը, եթե հիվանդը սուր ինֆարկտ էր ունենում, Գորիս էին տեղափոխում։ Մեր պրակտիկայում այսպիսի մի հասկացություն կա՝ ոսկե ժամանակ։ Որքան շուտ հիվանդի անոթը բացվի և ստենտ տեղադրվի, այնքան մեծանում է նրա փրկվելու հավանականությունը վաղ շրջանում։

Եվրոպական երկրներում, ինտերվենցիոն կենտրոնների հետ կապված, դրական օրինակ է Չեխիան՝ 30-35 հազար բնակչության համար 25-30 րոպե հասանելիության մի կենտրոն են ստեղծում։ Փաստացի Կապանում ունեցանք մի կլինիկա, որտեղ քաջարանցին կամ կապանցին 20 րոպե հետո կարողանում է ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։

­— Շաբաթներ առաջ պաշտոնական այցով Կապանում գտնվող Ֆրանսիայի Օվերն–Ռոն–Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքի պատվիրակությունը եղել է «Հիգեա» բժշկական կենտրոնում։ Որևէ պայմանավորվածություն եղե՞լ է։

— Նախաձեռնությունը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանինն էր: Քույր քաղաք Սենտ Էթիենի պատվիրակությունը համոզվեց, որ այստեղ էլ ժամանակակից չափանիշներին համապատասխան կլինիկա կա։ Եվ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն, որ մեր կլինիկայի անձնակազմը փորձի փոխանակման նպատակով լինի Սենտ Էթիենում, որտեղ կա բավականին խոշոր համալսարանական կլինիկա՝ գիտական մեծ ներուժ ունեցող։ Սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ Ֆրանսիան աշխարհում սրտաբանության ոլորտում  առաջատար երկրներից մեկն է։

Տեղափոխվենք անձնական ոլորտ սրտաբան Սերոբ  Սմբատյանն ազատ ժամանակ ունենո՞ւմ է։

— Իհարկե, լինում են հանգիստ օրեր, բայց դրանք հազվադեպ են։ Մեր դեպքում հանգիստ կարելի է համարել, երբ առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 6-ն ենք աշխատում, այլ ոչ թե շուրջօրյա։ Սրտաբանը 24-ժամյա գրաֆիկով  պիտի աշխատի, օրվա յուրաքանչյուր ժամի պիտի հասանելի լինի և հիվանդին անհապաղ օգնություն ցուցաբերի։

— Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչի՞ն եք նախապատվություն տալիս։

— Սիրում եմ ֆուտբոլ, և՛ խաղալ, և՛ դիտել։ Երեք-չորս տարի է՝ մի նախասիրություն է ինձ «այցելել» իմ հայրենի Շիկահող գյուղում երկու այգի եմ հիմնել և դրանց մշակմամբ եմ զբաղվում։

— Որպես սրտաբան, ի՞նչ կփոխանցեիք մեր թերթի ընթերցողներին, Կապանի հասարակությանն ընդհանրապես։

— Ֆիզիկապես առավելագույնս ակտիվ լինել, եթե սպորտով չեք զբաղվում, յուրաքանչյուր օրվա մեջ ժամանակահատված ընտրեք և գոնե մի քանի կիլոմետր քայլեք, խուսափեք շաբաթական մի քանի անգամ տոնախմբություններից, կերուխումերից։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ առաջնային նպատակն ուտել–խմելն է, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի՝ իր անցանկալի հետևանքներով՝ բարձր զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ և այլն․․․ Եվ առավելագույնս խուսափել վնասակար սովորություններից, ծխելուց, ալկոհոլի չարաշահումից։ Եվ որքան հնարավոր է հաճախակի լինել բնության գրկում։

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15