Մեծն Հովհաննես Թումանյանը հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-եվրոպական հարաբերությունների մասին

06.04.2023 11:16
1679

Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։

Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են 35 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից։

Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով

էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների։

Սակայն եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։

Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա։

Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-Ստեֆանոյից է սկսվում, և ռուսներն են առաջին անգամ հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը։

Էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք։

Հայկական հարցը շատ է հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեոք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը-հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի։ Եվ էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես. կյանքի, գույքի պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն։

Թե հայոց հարցը քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական, էդ լավ գիտեն թե Եվրոպայում, թե Տաճկաստանը և թե Ռուսաստանը, և հայոց սեպարատիզմի առասպելին լուրջ մարդիկ չեն հավատամ։ Ռուս հայտնի գեներալ Ֆադեևը իր «Армянская народность» աշխատության մեջ հերքելով հայկական սեպարատիզմը, որպես քաղաքական ուղղություն, ասում է՝ եթե մինչև անգամ դրսից էլ օգնություն ստանա, դարձյալ անիրագործելի բան է դա։

Եվ էսպես ամենքի համար նա է և մնում է կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովության պահանջ։

Արդ, ո՞րտեղ և ո՞ր օրից գոյություն ունի հայկական հարցը իր ներկա բնավորությամբ։

-Էն օրից, ինչ որ վտանգվել է հայ ժողովրդի կյանքը, գույքը, պատիվն ու կուլտուրական զարգացումը։ Եվ գոյություն է ունեցել Պարսկաստանում, գոյություն է ունեցել և ունի Տաճկաստանում։ Գոյություն չունի և չի ունեցել Ռուսաստանում, թեկուզ իշխան Գալիցինի օրերում։ Ընդհակառակը, հայ ժողովուրդը միշտ նայել է Ռուսաստանի վրա որպես իր խնդրի ավանդական պաշտպանի վրա։

Դեռ 18 դ. սկզբում Օրին, հայոց բարձր հոգևորականությունն ու մելիքները բանակցության մեջ էին Պֆալցի գերմանական կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի հետ և, առաջարկելով Հայաստանի իշխանությունը, խնդրում էին նրան ազատել իրենց երկիրը պարսկական բռնակալությունից, գերեվարություններից, կոտորածներից, կեղեքումներից ու առևանգումներից։

Ուրեմն էն ժամանակ գոյության ուներ հայկական հարցը Հայաստանի պարսկական մասում և կոչվում էր պարսկահայկական հարց։ Եվ դեռ էն ժամանակ էր, որ գերմանական կուրֆյուրստը,  թեև  ցանկանում էր օգնել հայերին, հայտնեց, թե եվրոպական պետությունները հակամարտ շահեր ունեն Արևելքում―Պարսկաստանում ու Տաճկաստանում, չեն միաբանել հայկական հարցի վրա, վերջը՝ թե հայ ժողովրդի փրկությունը չի կարող գլուխ գալ առանց Ռուսաստանի։ Խորհուրդ տվեց դիմել Ռուսաստան Պետրոս Մեծին։ Շատ շուտով փորձն ու գործն էլ ցույց տվին, որ միայն Ռուսաստանը կարող էր վճռել խնդիրը։ Եվ թե Օրին ու հայ հոգևորականությունն ու մելիքները, թե հայ ժողովուրդը էն օրվանից երեսներն արին դեպի Ռուսաստան։ Եվ ընդմիշտ դեպի Ռուսաստան։ Մինչև էսօրվան օրը։

Ռուսաստանը էն միակ մեծ պետությունն էր, որ, անվերադառնալի վճռած, իր պատմական հարվածներն ուղղել էր Պարսկաստանի, բայց մանավանդ Տաճկաստանի վրա, և ուզում էր մի կողմից Ցարգրադի դարպասի ճակատին կախել իր վահանը, մյուս կողմից իջնել դուրս գալ Պարսից ծոցը։ Էսպես. ճանապարհն ուղիղ Կովկասի վրով, այլև քրիստոնյա ու անհամեմատ ավելի բարձր իր քաղաքակրթությամբ։ Եվ հայ ժողովուրդը բազմատանջ Վրաստանի հետ միասին ապավինեց նրան։ Իսկ Կովկասը իր բարեկամ քրիստոնյա ժողովուրդներով Ռուսաստանի համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից հանդիսանում էր միակ ու հաստատուն կռվանը Արևելքում։ Էսպեսով էլ երկուստեք դաշն ու հավատարմությունը ապահովված էին վերին աստիճանի կենսական ու հաստատուն երաշխիքներով։

Եվ ահա

«От Урала до Дуная,

До большой реки

Колыхаясь и сверкая

Движутся полки…

……….

Идут все полки, могучи,

Шумны, как поток,

Страшно — медленны, как тучи,

Прямо на восток.

(Лермонтов)

Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհքի էս մասում, կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին։

Մնաց տաճկահայկական հարցը։

1829, 55 և 78 թվականների պատերազմներով էլ իր ձեոքի տակը բերելով Ալեքսանդրապոլն ու Ղարսը և այլ շրջաններ- էդ մասերում էլ լուծեց հայ ժողովրդի կյանքի, գույքի և պատվի հարցը։ Սակայն սրանով լուծվեց տաճկահայկական հարցի մի մասը, իսկ մնացած մասում, ինչ որ մնաց թուրքի ձեռքի տակ- Էրզերում, Վան, Մուշ և այլ տեղեր, մնացին ու շարունակվեցին նույն կոտորածները, նույն գաղթականությունները, նույն բռնաբարությունները ու առևանգումները- մի խոսքով նույն հին հայկական հարցը։

Եվ պարբերաբար եվրոպական պետությունների շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքվող սրտի դիմաց ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը։ Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ։ Ի՞նչպես պետք է վճռվի նա և էդ մնացած մասում։

Առաջին պատասխանը, որ բխում է գործի հիմնավոր ծանոթությունից, ասում է.

-  Էս օրվան մնացածն էլ պետք է վճռվի էնպես, ինչպես որ վճռվել է մինչև այժմ։

Բայց էստեղ մի մեծ հարց։

- Ո՞վ կուզի դրա առաջն առնի և ո՞վ է կարող։

Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է մինչև այժմ, կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մակու։ Եվ ահա սահմանի մյուս կողմը թյուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներին- խաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա։

Էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ թե… ռուսն անց կկենա։

Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը։ Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը։

Եվրոպական մեծ պետությունները կուզենան։

Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն։

- Արդյոք թուրքի սիրո՞ւց։

- Ոչ։

- Գուցե հայերին մարդավայել օր ու կյանք տալու համա՞ր։

- Երբե՛ք։

Իրենց շահերի և հատկապես Ռուսաստանի հզորացման առաջն առնելու համար։

Ռուսաստանը հյուսիսից դեպի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազդեցությունները վաղուց են իրար դեմուդեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում։ Եվ Անգլիան ամեն կերպ աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ռուսաստանին թշնամի ամեն մի ուժ, սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար։

Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով։ Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաստանում և հայտնվել ռուսի ճանապարհին։ Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաստանը իր ամեն մի զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ։ Սրանց հետ միասին եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որ հունա-սլավոնականության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում։

Դեռ 16 դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կռիվների օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ։ Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան։ Բայց կանոնավոր կերպով ամեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները ու կանգնեցրել են պատերազմի դաշտում.-Ո՛չ, Տաճկաստանը պետք է ապրի և դու չպետք է զորանաս նրա հաշվին։ Թեև իրենք էս միջնորդությունների համար միշտ զորացել են Տաճկաստանի հաշվին, և ռուսին տարել են մի որևէ կոնգրես կամ կոնֆերանս։-Անատոմիա կամ ավտոնոմիա,-պահանջ է դրել Ռուսաստանը վեհաժողովներում։

- Ո՛չ, Տաճկաստանի ամբողջությունը պիտի մնա անձեռնմխելի,  և ամեն մի բարենորոգում իր երկրի մեջ նորին մեծություն սուլթանի փադիշահության ներքին գործն է, և նա արդեն ազնիվ արքայական խոսք է տալիս, և ահա հրատարակում է էս ինչ կամ էն ինչ թուղթը վճռել են ամեն անգամ եվրոպական մեծ պետություններն ու փակել իրենց վեհաժողովները։

Ահա թե որտեղ է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, էնպես էլ հայկական հարցի դժբախտության պատճառը, և ահա թե ինչու և ինչպես է ապրել Թյուրքիան։

Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։ Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ։ Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։

Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։

Եվ տեղ չկա խուսափելու։

«Հորիզոնի» նախանցյալ № 9-ում մեր խոսքը նրանով վերջացավ, թե Եվրոպական պետություններից որը եղել է Ռուսաստանի ծավալման դեմ―նա դեմ է եղել և հայկական հարցին, էսպես է հայկական հարցը իր ներկա բնավորությամբ, որպես գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր, կապված Ռուսաստանի առաջխաղացության հետ։

Հաստատ կարելի է ասել―բոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան ու Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը։

Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները։

Ինձ թվում է մեզ էս քաղցր մոլորության մեջ գցելեն Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության։ Իսկ իրենց պետությունները, որ միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արևելքում, դրա հետ միասին միշտ էլ դեմ են եղել հայկական հարցին։

Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններն ու սկսեց իր պարսկական պատերազմները։ Էդ պատերազմները թե Գուգարք ու Սյունիք, թե Շիրակ ու Արարատյան երկրում՝ ազգային սրբազան պատերազմի նշանակություն ունեին հայերի համար։ Վճռվում է պարսկահայկական հարցը։

Հայ ժողովուրդն ազատվում է պարսկական դժոխքից։ Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում էր ռուսաց զորքի առաջին։ Հայոց ինքնապաշտպանության խմբերը, որ կամավորներ էին կոչվում, կռվում էին ռուսաց զորքի շարքերում կամ ապահովում էին նրա ճանապարհը թշնամու հարձակումներից։ Հայ ժողովուրդը իր ամբողջությամբ ոտի էր կանգնել։

Եվ էդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում էր Պարսկաստանին։ Իհարկե, նա չէր էլ մտածում հայ ժողովրդի մասին, և միայն մի ցավ ուներ―կտրել ռուսի առաջխաղացության ճանապարհը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները։ Եվ էդպեսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ։ Թե 1804―1807, թե 1810―13, թե 1826―28 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած՝ ռուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի Անգլիական կոմպանիան։ Ղարաբաղի ամրությունների ու Էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների թագավորից-Շահերի Շահին պարգև»։

Սակայն վերջ ի վերջո հաղթվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը. այսինքն, պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը։

Հերթն եկավ տաճկահայկական հարցին։

Տեսնում ենք դարձյալ Անգլիան Տաճկաստանի հետ Ռուսաստանի դեմ և միաժամանակ դեմ հայկական հարցին։

Թե 1829 թվականի, թե 1855 թվականի, թէ 1878 թվականի ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Անգլիան Տաճկաստանին։ Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզերում և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել ու ետ են տրվել սուլթանին։ Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ էդ պատերազմներում իր համակրանքն ու սերը բաց ցույց էր տվել ռուսներին-Անգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության ու ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը։

1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան, միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեոքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը։

1878 թվականին էլ, երբ կրկին <սկսեց> ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում։ Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան։

Մենք զարմացանք Բեռլինում կատարված էս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61, ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետության հոգածության առարկա ու Բեռլինից գնացինք Լոնդոն, էնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում…

Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի թե փոքրի, թե ռուսի թե հայի։

Եվ ահա վրա հասան 1894―96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունն և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում․․․

Եվ ի՞նչ․․․

Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը-Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը-«Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»։

Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համիդը նստում էր ոչ թե հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը։

Էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս։

Իսկ Ֆրանսիա՞ն։

Տասնվեցերորդ դարից սկսած սուլթանի հետ կապած պայմանագրերով ձեռք բերելով Թյուրքիայում բացառիկ դեր ու դիրք, Ֆրանսիան դարձավ Արևելքում պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք նույնիսկ ֆրանկ կոչվեցան անխտիր, եղան Թյուրքիայում արտոնյալ ու ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզրյա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամուտներից տեսան հայերի կոտորածը։ Եվ հայերը երբեք չնկատվեցին քրիստոնյա ու չտեսան Արևելքում քրիստոնեության մեծ հովանավորի հովանին, որովհետև տաճկահպատակ էին ու ռայա։

Եվ հենց Փարիզում էր (1856 թվին), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ եղած վեհաժողովում, որ առաջին անգամ Տաճկաստանն ընդունվեց եվրոպական քաղաքակիրթ մեծ պետությունների շարքը, միջազգային երաշխավորությամբ ապահովեց նրա հողային, անձեռնմխելիությունը, սուլթանի անկախության սկզբունքը, նրա՝ իր հպատակ քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրն անվանվեց Տաճկաստանի ներքին գործ և նրանց բարօրության համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը։

Էստեղ, Փարիզում ստեղծվեց էն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը, իսկ նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդները -դժբախտ ու տառապում էին՝ օրհասական, մաքառումներով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը։

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի, ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը:

«Եվ էսպես,-ասում է,-քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց հանդեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանը-եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարել իր պետական պաշտոնը։ Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել-արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гсльмольдта)։

Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։

Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։

Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար։

Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թյուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան՝ հասնելով իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա թե Բալկաններում և թե Արևելքում։ Իսկ եվրոպական մեծ պետությունները աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը։ Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ։

Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ պետությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացմանն Արևելքում―պետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին։

Եվ էսօր, եթե հայկական հարցը, ինչ ձևով ուզում է լինի-մի լուծում է առնելու, դա լինելու է Ռուսաստանի հաղթանակը կամ նրան փոխադարձաբար արած մի զիջում։ Եվ հավանորեն փոխադարձ զիջում է լինելու, քանի որ Անգլիան ու Ֆրանսիան էսօր հաշտ ու համերաշխ են Ռուսաստանի հետ։ Եվ էդ հաշտությունը, եթե կա, զարհուրելի է Տաճկաստանի համար, որ ապրել է նրանց անհաշտության պատճառով, հետևաբար կլուծվի և հայկական խնդիրը, և կլուծվի Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Էսպեսով 35 տարվան շեղումից հետո՝ մեզ պատմության ընթացքը բերում է դարձյալ նույն տեղը։

Դարձյալ հայկական հարցը Ռուսաստանի պաշտպանությանն ապավինած և Ռուսաստանի հետ։

Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը, և դարձյալ ռուսական զորքն է կանգնած էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը։

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին, բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,-պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն։

Հովհաննես Թումանյան,

«Հայկական հարցն ու իր լուծումը», 1913

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06