Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումն ԱՄՆ-ի նկատմամբ չի փոխվել՝ ամերիկյան սպառնալիքները որակելով որպես «ամերիկացիների հուսահատության նշան», գրում է Al Jazeera-ն։
«Մեր դիրքորոշումը մնում է այն, ինչ նախկինում հայտարարել ենք․ որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի, քանի դեռ Իրանի յոթ պայմանները չեն կատարվել։ Բացի այդ՝ մենք պատրաստ ենք վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած թշնամական գործողության և, եթե թշնամին սխալ հաշվարկ կատարի, փոխել հակամարտության աշխարհագրությունը»,- Իրանի գլխավոր բանակցողին է մեջբերում ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող Fars գործակալությունը։
Ղալիբաֆն ասել է, որ իր հայտարարությունը պատասխան է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին «անհեթեթ հայտարարություններին և սպառնալիքներին»։
Բեսենթը X-ում կատարած գրառման մեջ հայտարարել էր, որ իր գերատեսչությունը կշարունակի քանդել Իրանի ապօրինի ֆինանսական ցանցերը՝ «մինչև չթաղեն օձի գլուխը»։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավելի քան երկու տասնյակ տարադրամի փոխանակման կետերի, կեղծ ընկերությունների և առանցքային անձանց նկատմամբ՝ «Իրանի ստվերային բանկային համաշխարհային ցանցերը խաթարելու լայնածավալ ջանքերի» շրջանակում։
Հավելենք, որ Իրանի պայմանների թվում են՝ իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացումը, պատժամիջոցների մեղմացումը, սառեցված իրանական միջոցների ազատումը, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը և պատերազմի ավարտի պաշտոնական հայտարարումը։
© factor.am