Ողջունում ենք Ռուդիկ Գրիգորյանի հիշատակին (80-ամյակի կապակցությամբ)՝ թերթային հատուկ համարով պսակ ձոնելու նախաձեռնությունը, որ կատարվում է նրա հարգելի ընտանիքի ձեռնարկմամբ և, անշուշտ, հանրային պահանջով։
Նախաձեռնությունը համահունչ է մեր լրատվամիջոցի՝ երկրամասի արժանավոր զավակների արած-դրածը գնահատելու-արժևորելու և սերունդներին փոխանցելու ի սկզբանե որդեգրած առաքելությանը։
Նախաձեռնությունն ախորժելի է նաև մեզ համար, քանզի 1996 թվականից ականատես ենք եղել նրա պետական ու հասարակական գործունեությանը։ Եվ կարծում ենք՝ նրա անունն ու թողած հետագիծը չեն կարող ու չպետք է գրի չառնված մնան Սյունիքի նորագույն շրջանի պատմության էջերում։
***
Պատմագիտության մեջ մեթոդաբանական մի սկզբունք կա՝ մարդկանց գործերը և իրադարձությունները դիտարկել իրենց ապրած ժամանակի մեջ, այլապես ամեն ինչ կաղարտվի։
Ռուդիկ Գրիգորյանը խորհրդային էպոխայի վերջին շրջանի, այնուհետև նորանկախ Հայաստանի առաջին երկու տասնամյակի դատախազական համակարգի պատասխանատու դեմքերից էր, 1999-2007 թվականներին՝ Սյունիքի մարզի դատախազը։
Առհասարակ իրավապահ մարմինների ու հատկապես դատախազության աշխատակիցներն աշխարհը (այս դեպքում՝ մարզը) արդար ճանապարհի բերելու մեծ առաքելություն են ունենում։
Այդպիսին էր նաև Ռուդիկ Գրիգորյան դատախազի գործունեության հիմնական նպատակը։
Իսկ թե որքանով հաջողեց կյանքի կոչել այդ առաքելությունը՝ առանձին ուսումնասիրության նյութ կարող է լինել երբևէ։
Մի հանգամանք, սակայն, ակնհայտ է ու անվիճելի՝ նա (ինչպես և իր գործընկերները՝ վերևից ներքև) չէին կարող իշխող համակարգին և բարքերին հակառակ գործել։
Ու, այդքանով հանդերձ, Ռուդիկ Գրիգորյան դատախազին բնորոշ էր մի ընդգծված հատկանիշ, որն առայսօր փայլ է բերում նրա դիմանկարին, ինչի համար նրա հիշատակը վառ է մնում ճանաչողների սրտերում։
Այդ հատկանիշը նրա՝ խորունկ մարդկայնությամբ շնչող վարքագիծն էր, որի ուժով կարողանում էր հաղթահարել իրավապահ կառույցների և հանրության միջև ի բնե գոյություն ունեցող ջրբաժանն ու, մարզի դատախազ լինելով հանդերձ, լինել ժողովրդի մեջ ու ժողովրդի կողքին, ապրել մարդկանց հոգսերով ու մտահոգություններով։
Մարդկային ու քաղաքացիական այդ նկարագիրն էր, որ նրան շահեկանորեն տարբերում էր իր համքարության շատ-շատ աստիճանավորներից։
***
Սյունիքյան հանրությունն ավանդաբար առանձնահատուկ ակնածանքով է վերաբերվել այն գործիչներին, ովքեր հաղորդակից են եղել երկրամասի հոգևոր-մշակութային և ազգային-քրիստոնեական արժեքներին։
Դա պայմանավորված էր և է մեր պատմությամբ։ Իզուր չէ հայագետներից շատերի համոզմունք-տեսակետը, որ Սյունիքի լինելիության գաղտնիքը՝ զինական հզոր ներուժի հետ մեկտեղ, հոգևորի և մշակույթի հանդեպ առանձնահատուկ հավատամքն է եղել։
Այսօր էլ այդպես է, և մեր պետական, քաղաքական, հասարակական, անգամ տնտեսական գործիչների մեջ նախևառաջ այդ որակը կամ հատկանիշն ենք փնտրում։
Ռուդիկ Գրիգորյանը, առանց չափազանցության, հոգևոր Սյունիքի զավակ էր կամ ներկայացուցիչ, ինչը վկայող բազմաթիվ փաստեր կարելի է հիշատակել։
Կապանում, օրինակ, դժվար թե տեղի ունենար հոգևոր-մշակութային՝ շատ թե քիչ ուշագրավ միջոցառում կամ իրադարձություն, որին ինքը ներկա չգտնվեր, որքան էլ զբաղված լիներ պաշտոնի բերումով։
Եվ դա սոսկ ֆիզիկական ներկայություն չէր, այլ ակտիվ մասնակցություն, քանզի լավատեղյակ էր մեր պատմությանն ու գրականությանը, մեր մշակույթի ամենատարբեր ոլորտներին։
Ու, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա պիտի խոստովանենք՝ հենց այդ որակն է, նախևառաջ, նրա հիշատակի կենսունակության աղբյուրը։
Ու եթե իսկապես անկեղծ լինենք, ապա պիտի խոստովանենք նաև՝ բախտորոշ ժամանակներ ապրող Սյունիքում, երբ անդեմության շքերթը կուլ է տալիս հազարավորների, մարդու այդ տեսակի կարիքն է ամենից շատ զգացվում։
***
Օրերից մի օր՝ մարզպետարանի ձևավորման-հիմնադրման առաջին փուլում, երբ տողերիս հեղինակը ևս որոշակի հանձնառություն ուներ նորահիմն պետական այդ կառույցի հոգևոր-մշակութային-լրատվական գործունեության ոլորտում, երկար զրույց ունեցանք Ռուդիկ Գրիգորյանի հետ։
Ողջամիտ մի գաղափարի վրա ուշադրություն հրավիրեց՝ առանց մեր նշանավոր համերկրացիների մասին տեղեկությունների հանրայնացման՝ չենք կարող լիարժեք և գործնական արդյունքներ ակնկալել աճող սերնդի հայրենասիրական-հայրենագիտական դաստիարակության հարցում։
Բերելով մի քանի նշանավոր սյունեցիների օրինակ, կանգ առավ հատկապես Կավարտ գյուղի զավակ, Շուշիի ռեալական ուսումնարանի շրջանավարտ Անուշավան Արզումանյանի վրա, ով աշխարհի մասշտաբով ճանաչված մասնագետ էր էկոնոմիկայի ոլորտում, ով 1956-65 թթ․ գլխավորել է Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտը՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կազմում։
Նրա կողմից կարևորված այդ գաղափարը մեզ էլ սրտամոտ էր, որի պատճառով էլ այդ զրույցը մնացել է հիշողությանս խորքերում։
***
Ռուդիկ Գրիգորյանի դիմանկարին՝ մի ուշագրավ շտրիխ ևս․․․
Կար ժամանակ, երբ Սյունիքի մարզպետարանն ապրում էր երկրամասի հոգսերով, խնդիրներով։
Եվ աշխատանքների խելամիտ կազմակերպման համար պահանջված էին ազատ խոսքն ու բազմակարծությունը։
Այդ տրամաբանությամբ էլ մարզպետարանում ստեղծեցինք մի՝ այնքան էլ ոչ ստանդարտ հարթակ՝ տարածքային իշխանության ամենատարբեր օղակների պատասխանատուների ու լրագրողների չմիջնորդավորված շփումների համար։
Եվ, այդուհանդերձ, ոչ բոլոր ղեկավարներն էին կամենում գալ ու առերեսվել լրագրողների հետ։
Բայց առաջիններից մեկը, ով ողջունեց բացախոսության այդ հարթակի ծնունդը՝ Ռուդիկ Գրիգորյանն էր։
Տարիների հեռվից հիշում եմ՝ հետաքրքիր հարցազրույց կամ ասուլիս ստացվեց:
Ինքը, իսկապես, բաց էր լրագրողների հետ շփումների համար։
Մտքի կարգապահություն, ասելիքի մատչելի մատուցում, դատողությունների և վերլուծական մտքի շողարձակումներ, որ բնորոշ էին նրան։
Ու երբ հիմա թերթում ենք մարզային պարբերականների («Սյունիք», «Սյունյաց աշխարհ», «Սյունյաց երկիր») էջերը, տեսնում ենք, թե քանի-քանի անգամ է հարցազրույցներ տվել, հոդվածներ հեղինակել։
Հանուն ճշմարտության ասենք՝ երբեմն մեր ջրերը միևնույն առվով չէին հոսում և տարաձայնություններ էին լինում լրատվամիջոցի ու մարզի դատախազության միջև, ինչը ևս բնական պետք է համարել։ Օրինակ, ավելի շատ աջակցություն-պաշտպանություն էինք ակնկալում մարզի իրավապահ կառույցներից, երբ ինչ-որ մի փուլում մեր լրատվամիջոցը հայտարարվեց հետապնդումների թիրախ՝ ամենաստոր դրսևորումներով։
Բայց նման հանգամանքները երբեք չեն խաթարել այն ողջամիտ համագործակցությունը, որ կար Ռուդիկ Գրիգորյանի ու մարզային լրատվամիջոցների միջև։
***
Համայնքային կյանքով ապրելը նրա տարերքն էր․․․
Եվ դա չէր դրսևորվում միայն հոգևոր-մշակութային կյանքում, ինչին արդեն անդրադարձանք։
Սակայն դա, Ռուդիկ Գրիգորյանի պարագայում, պահանջված էր նաև տեղական իշխանությունների կողմից։ Ասել է՝ համայնքային իշխանությունն էլ նրա հեղինակության, իմացության, փորձի, աջակցության կարիքն ուներ։
Դրա վառ օրինակներից մեկը Կապանի համայնքապետին կից Հանրային խորհրդի կառավարումը նրան վստահելն էր։
Հասարակական հիմունքով գործող այդ կառույցը յուրօրինակ կամուրջ էր համայնքային իշխանության ու բնակչության միջև, ինչը, խոստովանենք, շնորհիվ Ռուդիկ Գրիգորյանի կայացավ և ծառայեց իր նպատակին։
Համայնքային կյանքում ունեցած անուրանալի դերակատարության համար է, որ նրան շնորհվեց Կապանի պատվավոր քաղաքացու կոչում։
Մեր օրերում, իհարկե, վերացվել-վերացվում են պետական կոչումներն անգամ։ Բայց դա չի նշանակում, որ հանրությունը, ի դեմս համայնքապետարանի, իր երևելի զավակներին գնահատելու հնարավորությունից զրկված է։
Այնպես որ՝ Կապանի պատվավոր քաղաքացու կոչումն այսօր էլ ընկալում ենք իբրև համայնքի բնակիչների կողմից Ռուդիկ Գրիգորյանին տրված գնահատանք, իբրև սիրո և հարգանքի արտահայտություն՝ արժանավոր այդ մարդուն, քաղաքացուն, հայրենի եզերքի նվիրյալին։
Եվ առաջարկվող թերթային համարը նրա նկարագրին նորովի անդրադառնալու և նրա հիշատակը երիցս հավերժացնելու լավագույն հնարավորություն է։
Սամվել Ալեքսանյան