Արցախի ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի պատմական ողբերգությունը չէ։ Այն չի կարող «քնել» քաղաքական հայտարարությունների և անավարտ դիվանագիտական բանակցությունների փոշոտ արխիվներում։ Արցախի ցեղասպանությունը միջազգային իրավունքի, պետական պատասխանատվության և մարդկության դեմ գործված հանցագործությունների քննության առարկա է։
Վերջին օրերին հրապարակված լրագրողական բացահայտումները կրկին ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի հետ առնչվող ֆինանսական հոսքերի, միջազգային բանկային համակարգի և քաղաքական ազդեցությունների վրա։
Մասնավորապես, գերմանական ZDF հեռուստաընկերության frontal հաղորդման՝ «Inside Deutsche Bank» հետաքննությունը, որը հիմնված է Deutsche Bank-ի միլիոնավոր ներքին փաստաթղթերի ուսումնասիրության վրա, բարձրացնում է մի շարք լուրջ հարցեր՝ ֆինանսական վերահսկողության, փողերի լվացման հնարավոր մեխանիզմների և բանկային նախազգուշացումների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։
Միջազգային լրագրողական հրապարակումներում ներկայացված են նաև Ադրբեջանի հետ կապվող ֆինանսական գործարքների հետքեր, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առնչվող ընկերությունների շուրջ առաջացած հարցեր։
Այս հրապարակումները բավարար հիմք են՝ պահանջելու փաստերի անկախ, համակողմանի և իրավական քննություն։ Ո՞վքեր, ի՞նչ միջոցներով, ի՞նչ քաղաքական և ֆինանսական հովանավորությամբ են նախապատրաստել, իրականացրել կամ հնարավոր դարձրել Արցախի հայաթափումը, և ո՞վքեր են պատասխանատվություն կրելու դրա համար։
Արցախի հայաթափումը չի կարող քննվել՝ կտրված տարածաշրջանի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական իրողություններից։ Այդ քննությունը պետք է ընդգրկի նաև հայկական տարածքների ու իրավունքների ճակատագրի վերաբերյալ մեծ տերությունների որոշումները՝ Լենինի, Աթաթուրքի և Ստալինի ժամանակներից մինչև մեր օրերը։
Հայկական հարցը չի ավարտվել այդ որոշումներով։ Այն չի վերացել նաև միջազգային պայմանագրերի ու չիրացված իրավական վճիռների էջերում։
Հետևաբար, միջազգային քննության օրակարգում պետք է լինեն ոչ միայն Արցախի ցեղասպանությունը, այլև Նախիջևանի, Կարսի, Սուրմալուի և Վիլսոնի իրավարար վճռի հետ կապված պատմական ու իրավական հարցերը։
Սրանք տարբեր ժամանակաշրջանների և տարբեր իրավական հիմքերի հարցեր են, բայց բոլորը պահանջում են փաստաթղթային, պատմական և միջազգային իրավական գնահատական։
Միջազգային իրավական գործողության մեկնարկը․ ուղերձ աշխարհի հայ իրավագետներին
Գորիսից անկախ լրագրող Վաչե Մկրտչյանի այս հրապարակմամբ դիմում է հղվում աշխարհի տարբեր երկրներում գործող հայ իրավագետներին՝ միջազգային իրավունքի մասնագետներին, քննիչներին, դատախազներին, դատավորներին, փաստաբաններին, մարդու իրավունքների պաշտպաններին և անկախ փորձագետներին։
Ժամանակն է, որ հայ մասնագիտական ներուժը միավորվի ոչ թե հերթական հայտարարության, այլ միջազգային իրավական գործընթացի նախաձեռնման շուրջ։
Առաջարկում ենք ձևավորել անկախ հայ իրավաբանների և միջազգային փորձագետների նախաձեռնող խումբ, որի առաջին գործը պետք է լինի փաստերի հավաքագրումը, իրավական գնահատումը և միջազգային իրավասու մարմիններին ներկայացվելիք միասնական գործի նախապատրաստումը։
Առաջարկվող քննության հիմնական ուղղություններն են՝
1. Արցախի ցեղասպանություն
2020–2023 թվականների իրադարձությունների, 2022–2023 թվականների շրջափակման, սովի կիրառման, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակման և ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանման ամբողջական քննություն։ Պետք է պարզվեն հրաման տվողները, իրականացնողները, քաղաքական պատասխանատուները և հնարավոր հանցակիցները։
2.Մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները
Քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները, սպանությունները, խոշտանգումները, գերեվարումները, անհետացումները, մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, ռազմագերիների և պատանդների նկատմամբ վերաբերմունքը։
3. Պետական և միջազգային պատասխանատվությունը
Ադրբեջանի պետական մարմինների, քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև հնարավոր օժանդակողների, հանցակիցների և միջազգային պարտավորությունները խախտած այլ դերակատարների պատասխանատվության իրավական քննություն։
4. Ֆինանսական և քաղաքական հովանավորչության հնարավոր մեխանիզմները
Ադրբեջանի հետ կապվող ֆինանսական հոսքերի, միջազգային բանկային գործարքների, լոբբիստական ցանցերի, կոռուպցիոն հնարավոր կապերի և քաղաքական ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն։ ZDF-ի և միջազգային լրագրողական գործընկերների հրապարակած փաստաթղթերը պետք է դիտարկվեն որպես քննության համար ստուգման ենթակա հնարավոր աղբյուրներ, այլ ոչ թե պատրաստի դատավճիռ։
5. Մեծ տերությունների որոշումները հայկական հարցի վերաբերյալ
Լենին–Աթաթուրք և ստալինյան ժամանակաշրջանների որոշումների, դրանց իրավական ու քաղաքական հետևանքների, Նախիջևանի, Կարսի և Սուրմալուի հարցերի փաստաթղթային ուսումնասիրություն։
6. Վիլսոնի իրավարար վճիռը
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի իրավական բնույթի, դրա միջազգային իրավական նշանակության և մինչ օրս առաջադրվող հետևանքների ուսումնասիրություն։
7. Արցախահայության վերադարձի իրավունքը
Արցախի բնիկ հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և միջազգային երաշխիքներով վերադարձի իրավական հիմքերի, սեփականության իրավունքների վերականգնման, փոխհատուցման և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի մշակում։
8. Միջազգային իրավական հետապնդման մեխանիզմները
Պետք է ուսումնասիրվեն ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին, միջազգային և ազգային դատարաններին, իրավասու քննչական կառույցներին դիմելու հնարավորությունները, ինչպես նաև անհատական քրեական և պետական պատասխանատվության գործիքակազմը։
9. Ապացույցների միասնական արխիվ
Ստեղծել անկախ փաստահավաք շտեմարան՝ վկայություններով, տեսագրություններով, լուսանկարներով, պաշտոնական փաստաթղթերով, փորձագիտական եզրակացություններով, ֆինանսական տվյալներով և դրանց իսկությունը հաստատող նյութերով։ Ապահովել ապացույցների պահպանման, ծագման և ստուգելիության միջազգային չափանիշները։
10. Միջազգային դատական գործընթացի նախապատրաստում
Յուրաքանչյուր բացահայտված փաստ պետք է վերածվի իրավականորեն հիմնավորված նյութի՝ կոնկրետ հանցագործության, պատասխանատու անձի, իրավասու մարմնի և կիրառելի իրավական ընթացակարգի հստակեցմամբ։
Նախաձեռնող խումբը պետք է սահմանի աշխատանքի առաջին փուլը, կազմի առաջնահերթ ապացույցների ցանկը, որոշի միջազգային իրավասու մարմիններին դիմելու հերթականությունը և հրապարակի իր առաջին իրավական զեկույցը։
Այս նախաձեռնության նպատակն արդարադատությունն է։ Ոչ մի պետություն, ոչ մի պաշտոնյա, ոչ մի քաղաքական առաջնորդ և ոչ մի ֆինանսական կառույց չպետք է գտնվի միջազգային իրավունքի պատասխանատվությունից վեր։
Մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար միջազգային իրավունքը նախատեսում է վաղեմության ժամկետի չկիրառման սկզբունք։ Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների իրավական քննությունը չի կարող մերժվել միայն դրանց պատմական վաղեմության պատճառաբանությամբ։ Ոչ ոք չպետք է կարողանա ապաստանել արդարադատությունից խուսափելու համար։
Արցախի ցեղասպանության դահիճները պետք է բացահայտվեն և պատժվեն։ Արցախը պետք է վերադարձվի արցախցիներին։ Հայ ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանվեն։ Հայ ժողովուրդը չպետք է դառնա պատմական որոշումների, ուժի կիրառման և միջազգային քաղաքական առևտրի զոհ։
Մենք կոչ ենք անում աշխարհի հայ իրավագետներին՝ միավորվել, ստանձնել մասնագիտական պատասխանատվություն և սկսել այս գործընթացը։
Սա միջազգային իրավական աշխատանքի մեկնարկի առաջարկ է՝ ուղղված նրանց, ովքեր ունեն գիտելիք, իրավասություն, մասնագիտական հեղինակություն և կամք՝ պատմական անարդարությունն իրավական քննության վերածելու և հայ ժողովրդի արդար իրավունքներին վերատիրանալու համար։
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՈՐԻՍ