2015 թվականի Սահմանադրության և նոր նախագծի համեմատությունը ցույց է տալիս, որ էապես ընդլայնվում են կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու իրավական հիմքերը։
Եթե գործող Սահմանադրությամբ կուսակցության գործունեությունն արգելելու հիմք էր բռնության քարոզը կամ կիրառումը՝ սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա նոր նախագծով ավելացվում են նոր հիմքեր
Փոփոխություններ են նախատեսվում նաև կուսակցությունների ներքին կառուցվածքում․ պարտադիր է դառնում կուսակցական մարմինների ձևավորման ընտրական համակարգերի առկայությունը։ Առաջին հայացքից այս դրույթները կարող են ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն, սակայն դրանց լայն մեկնաբանման հնարավորությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում։
Գլխավոր հարցն այն է՝ արդյոք այս փոփոխությունները չեն դառնալու քաղաքական հակառակորդներին սահմանափակելու և իշխանության վերահսկողությունը քաղաքական դաշտի նկատմամբ մեծացնելու գործիք։
Սահմանադրությունը պետք է պաշտպանի քաղաքական բազմակարծությունը, ոչ թե իշխանությանը նոր լծակներ տա այն վերահսկելու համար։
Հիշեցնենք, որ մոտ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 2026 թվականի հունիսի տվյալներով ընտրողների թիվը շուրջ 2,3 միլիոն է, սակայն այդ համեմատաբար փոքր քաղաքական դաշտում գործում է 129 կուսակցություն։ Սա նշանակում է, որ միջին հաշվարկով յուրաքանչյուր 18-20 հազար բնակչին բաժին է ընկնում մեկ քաղաքական կուսակցություն։
Գրանցված 129 կուսակցություններից հանրության զգալի մասը չի կարող հիշել անգամ տասը կուսակցության անուն։ Դրանցից շատերը տարիներ շարունակ չեն մասնակցում ընտրությունների, չունեն քաղաքական գործունեություն, գրեթե չեն երևում հանրային կյանքում և հիշվում են միայն պաշտոնական ցուցակներում։
Ավելին, յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական դաշտում սկսվում է նոր կուսակցությունների ստեղծման հերթական ալիքը։ Հաճախ դրանք ձևավորվում են մեկ անձի շուրջ, չունեն գաղափարախոսական հստակ հենք, կազմակերպական կայուն կառուցվածք կամ երկարաժամկետ քաղաքական ծրագիր։ Ընտրությունների ավարտից հետո նման կառույցների մեծ մասը կրկին անհետանում է քաղաքական օրակարգից։