Ճանաչված գիտնական և բարերար էր նա: Երկու տարի` մինչև Խորհրդային Միության փլուզումը` երկրաբանության նախարար էր (1989-1991 թվականներ)` հայ ժողովրդի բարեկամ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարած կառավարությունում:
Անչափ հետաքրքիր և խորագիտակ անձնավորություն էր նա` ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հանքաերկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, արտասահմանյան թղթակից-անդամ: Հեղինակ է 17 հայտնագործության, 161 գիտական հոդվածի, 8 մենագրության և 3 դասագրքի` նվիրված նավթի և գազի երկրաբանական գիտական հիմունքների մշակման, պաշարների որոնման և հետախուզման հարցերին։
Այս թվարկումներն ինքնանպատակ չեն։ Այսքանից հետո նա վերադարձել էր իր նախնիների հայրենիքը` Արցախ. «Աշխատել եմ տարբեր երկրներում, բայց չէի եղել Ղարաբաղում։ Որպես պրոֆեսիոնալ երկրաբան ու գիտնական` ցանկանում էի որևէ կերպ օգտակար լինել հայրենիքիս։ Կարծում եմ` ինչ-որ բան ստացվեց»:
Հուզմունքով ենք հիշում մեծ գիտնականին, քանզի առնչություն ենք ունեցել նրա հետ: 2021 թ. հոկտեմբերի 28-29-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Ստեփանակերտում էր. հանդիպում ունեցանք Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի , Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի, Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի և մշակույթի ոլորտի այլ գործիչների հետ:
Անմոռաց հանդիպումներից մեկը հենց Գրիգոր Գաբրիելյանցի հետ էր: 13 տարի առաջ Մոսկվայից տեղափոխվել էր Արցախ. հանրապետության նախագահի խորհրդական էր: Նա նաև մեծ բարերար էր, ում ջանքերով Շուշիում ստեղծվել էր երկրաբանական թանգարան, պատկերասրահ և քանդակների թանգարան: Նա նաև հեղինակել է «Ղարաբաղ. պատմական իրադարձությունների քրոնիկոն» գիրքը:
Նրա հովանավորությամբ լույս են տեսել մի շարք հեղինակների գրքեր` բանաստեղծուհի Սեդա Վերմիշևա, Մայքլ Առլեն կրտսեր, Վիլյամ Սարոյան և այլն:
Բնակություն էր հաստատել Շուշիում, բայց 2020 թ. առեղծվածային հանգամանքներում, երբ Շուշին հայտնվեց թշնամու տիրապետության ներքո, հարկադրաբար տեղափոխվել էր Ստեփանակերտ: Այդ պատվական մարդու աչքերում անհուն թախիծ կար. քանզի անչափ սիրով էր կապված Շուշիի հետ, իսկ նրա տնից սքանչելի համայնապատկեր էր բացվում: Ըստ ամենայնի` նա երկրորդ անգամ բնավեր եղավ, քանզի Արցախը ևս հայաթափվեց:
Երկու կարծիք չի կարող լինել, որ բարեգործ գիտնականը խորունկ մի վիշտ սրտում հեռացավ այս անկատար աշխարհից:
Հոգիդ լույսերի մեջ լինի, մեծ հայ և գիտնական:
Վահրամ Օրբելյան