«Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ի աշխատակիցը հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ Արմինե Կոլյանի կողմից իր անձի վերաբերյալ կատարված սուտ մատնության մասին։
Խնդրո առարկան 2026 թ․ հունիսին «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ի հաշվապահության դեմ ներկայացված հաղորդումն է։
Փաստաթղթում մասնավորապես նշվում է․ «Այդ հաղորդման հիման վրա ծնված մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ իբր տարիներ շարունակ սովորողներից վերցրել եմ ուսման վարձավճար ու դրանց մի մասը յուրացրել։
Այնուհետեւ նշվել է, թե իբր 2022-25 թթ. վճարված ուսման վարձերի պատկերը չի արտացոլվել հանձնման-ընդունման ակտում։
Եվ իբր հափշտակել եմ 3 մլն 175 հազար դրամ գումար։
Պարտքս եմ համարում Ձեզ տեղեկացնել՝ ... ներկայացրած այդ տեղեկատվությունը, որը ծանրագույն մեղադրանք է իմ հանդեպ, ամբողջապես չի համապատասխանում իրականությանը եւ սուտ մատնություն է։
Մատնիչների այն պնդումը, թե սովորողների նախորդ տարիներից կուտակված ուսման վարձի պարտքերը չեն ընդգրկվել հանձնման-ընդունման ակտում՝ մեծագույն սուտ է։
Իրականում՝ լուծարված «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակի հանձնում-ընդունում չի կատարվել։ Ու չի կատարվել բացառապես Արմինե Կոլյանի կամայականության ու չցանկանալու եւ, ինչպես հիմա է պարզվում, նախապես ծրագրված դավադիր մտքեր ունենալու պատճառով։
Ուրեմն եւ՝ գոյություն չունի նման հանձնման-ընդունման ակտ, եւ գոյություն չունեցող հանձնման-ընդունման ակտի մեջ չէր կարող արտացոլված լինել լուծարված քոլեջի ֆինանսական պատկերը։
Ինչպես նշեցի՝ սուտ տեղեկություն է հաղորդվել, թե իբր հափշտակել եմ 3 մլն 175 հազար դրամ։
Հաղորդման օրվանից անցել է երկու ամիս, բայց մատնիչներն այդպես էլ չեն կարողանում ի ցույց դնել գոնե մեկ փաստ՝ իմ կողմից ենթադրաբար հափշտակված գոնե 1 դրամի մասին։
Տնօրենի՝ անթույլատրելի ու դեռեւս չուսումնասիրված եւ իրավական առումով չգնահատված մեթոդների ու գործողությունների արդյունքում իբր ծնված բողոք-դիմումներից (ուսանողների կողմից) ամեն մեկին հիմնավոր պատասխան տալու կամ դրանց իսկությունը ստուգելու-ճշտելու համար մեր առջեւ փակվել են բոլոր տրամաբանական, ողջամիտ եւ լեգիտիմ ուղիները։
Մասնավորապես՝ մինչեւ հիմա չի կատարվել իմ պատասխանատվության ներքո գտնվող հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում, թեեւ ինձ ապօրինաբար աշխատանքից ազատել է 2026 թ․ հունիսի 29-ին, որի օրինականությունը ներկայումս վիճարկվում է դատարանում (Գործ N ՍԴ3/0344/02/26 եւ Գործ NՍԴ 3/0355/02/26)։
Իմ պատասխանատվության ներքո գտնվող հաշվապահական փաստաթղթերի հանձնված-ընդունված չլինելու փաստի վերաբերյալ գրավոր դիմումով տեղեկացրել եմ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Հովսեփյանին եւ խնդրել նրան՝ կազմակերպել հանձնում-ընդունում, սակայն մինչեւ հիմա հաշվապահական փաստաթղթերը շարունակում են մնալ Արմինե Կոլյանի ապօրինի տնօրինության ներքո։
Ընդ որում՝ միայն հաշվապահական այդ փաստաթղթերի հիման վրա է հնարավոր օբյեկտիվորեն պատասխանել բողոքներից յուրաքանչյուրին։
Մինչդեռ՝ տնօրենի կամայականության պատճառով զրկված եմ այդ հնարավորությունից, ինչն էլ օգտագործելով՝ հորինել են սուտ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ անձիս վերաբերյալ։
Ավելին՝ տնօրենը մինչեւ ս.թ. հունիս (մինչեւ տեսչական խմբի այցը քոլեջ) չի հանձնել կամ չի արխիվացրել լուծարված քոլեջի կնիքը։ Նույնիսկ ակտիվ են պահվել լուծարված քոլեջի բանկային հաշիվները։
Ու դեռեւս չի ուսումնասիրվել, թե այդ կնիքով եւ չհանձնված հաշվապահական փաստաթղթերով՝ հետին թվով, ինչ գործողություններ է կատարել Արմինե Կոլյանը. միգուցե ինչ-որ թղթե՞ր են անհետացել կամ ինչ-որ նոր թղթե՞ր հորինվել՝ իրավիճակն աղավաղելու եւ սուտ մատնության հիմքերն ավելի ամրապնդելու համար։
Մատնիչների պնդումը, թե իբր լուծարված քոլեջի տնօրենի որոշմամբ են սովորողներն ուսման վարձն առձեռն տվել ինձ՝ քոլեջի հաշվապահիս, նույնպես մեծագույն սուտ է։
Վերջին 30 եւ ավելի տարիներին ուսման վարձը սովորողները վճարել են ե՛ւ առձեռն՝ քոլեջի հաշվապահություն մուծելով, ե՛ւ փոխանցումով՝ բանկային կառույցների միջոցով։
Ու այդ գործելակերպը շարունակվել է ոչ միայն լուծարված «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, այլեւ նորաստեղծ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ այն էլ Արմինե Կոլյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ։
Այո, համաձայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ 2024 թ. հուլիսի 1-ից մենք չէինք կարող կատարել անկանխիկ գործառնություններ։ Սակայն այդ մասին չենք իմացել, այդ մասին պաշտոնական որեւէ իրազեկում կամ հրահանգավորում չի եղել, ուստի եւ աշխատել ենք այնպես, ինչպես հետխորհրդային բոլոր տարիներին։
Կարեւորը՝ դրա արդյունքում քոլեջը ոչ մի դրամի վնաս չի կրել։
Իսկ եթե հաշվապահական փաստաթղթերով հիմնավորվի որեւէ գումարի պակասորդ, ապա պատասխանատու ենք ամեն մի լումայի համար։
Ոչ պակաս մեծագույն սուտ է հաղորդված այն տեղեկությունը, թե իբր ենթադրյալ խնդիրները բացահայտվել կամ պարզվել են քոլեջի գանձապետական հաշիվների ուսումնասիրման արդյունքում։
Իրականում ինքս եմ նորընտիր տնօրենին ի պաշտոնե տեղեկացրել առ այն, որ նախկին քոլեջի լուծարման ու նոր քոլեջի հիմնադրման գործընթացում, երբ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել՝ նախորդ տարիների օրինակով նախահաշվում կատարել անհրաժեշտ և թույլատրելի փոփոխություններ, քանզի կատարվել են ծախսեր՝ քոլեջի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է այդ ամենը սահմանված կարգով (և՛ մուտքերը, և՛ ծախսերը) փաստաթղթավորել։
Նորընտիր տնօրենն առերևույթ ըմբռնումով է մոտեցել իմ՝ ի պաշտոնե ներկայացված առաջարկություն–զեկույցին։ Սակայն՝ մի քանի օր հետո, սովորական–ավանդական այդ իրավիճակն արհեստականորեն գունավորելով, աղավաղելով՝ փոխանցել է ոստիկանության բաժին, այնուհետև հաղորդում մոգոնել՝ իբր կատարած հանցագործությունների մասին։
Այնպես որ՝ ոչ մի բացահայտում էլ չի եղել ու չէր էլ կարող լինել, բացահայտման նյութ էլ չի եղել։ Ամբողջն անբարո հորինվածք է…
Հարգելի պարոն Նահապետյան
Հիմք ընդունելով վերը շարադրվածը, կրկին պնդում եմ՝ … անձիս հանդեպ կատարել են սուտ մատնություն՝ ինձ մեղադրելով ծանր հանցանք կատարելու մեջ՝ այդկերպ մեծ վնաս հասցնելով պատվիս ու արժանապատվությանս։
Չեմ կարող ասել, թե ում հանձնարարությամբ, ում համակարգմամբ կամ ինչ ընդհանուր շահով են ոստիկանն ու տնօրենը եկել հանցավոր համաձայնության եւ անձիս հանդեպ սուտ մատնություն կատարել։
Առայժմ փաստ է միայն, որ կատարվածն Արմինե Կոլյանի կողմից ամիսներ շարունակ իրականացվող շանտաժն առարկայացնելուն կամ իր ապօրինի պահանջները չկատարելու համար վրեժխնդիր լինելուն միտված քայլ է եղել, ինչի վերաբերյալ քրեական վարույթ է ներկայումս իրականացվում։
Ակնհայտ է մեկ բան՝ … ներկայացված հաղորդումն ամբողջապես սուտ է և հիմնազուրկ, ինչով փորձել ու փորձում են ինձ մեղադրել հանցանքներ կատարելու մեջ»։